Հայաստանի ներքաղաքական կյանքի վերջին զարգացումները, ի դեմս ԲՀԿ-ՀՀԿ սուր առճակատման, շատերի համար անսպասելի և անկանխատեսելի էին: Սակայն երբ վերլուծում ենք այս երկու քաղաքական սուբյեկտների գործողությունները հայաստանյան քաղաքական դաշտում, կարծես թե նշմարվում են այս առճակատման ծիլերը: Սույն հրապարակմամբ կփորձենք ներկայացնել ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների զարգացումը, սկսած այն ժամանակից, երբ երկու կոալիցիոն գործընկերների քաղաքական ուղին բաժանվեց:
2012-ին դուրս գալով կոալիցիայից՝ «Բարգավաճ Հայաստանը» իրեն հռչակեց որպես այլընտրանք: Մանրամասն չանդրադառնանք «այլընտրանք» տերմինին, քանի որ այն, որպես քաղաքական ուժի ուղղվածություն, ընդունելի չեղավ նաև մեր հանրության շրջանում (հասարակության մեջ լայն արձագանք են ստացել «Բարգավաճ Հայաստանի» կողմից միայն ընդդիմադրի կեցվածքով արված հայտարարություններն ու քայլերը, և հասարակությունում ԲՀԿ-ն ընկալվեց որպես ընդդիմադիր ուժ, այլ ոչ այլընտրանք): Կոալիցիայից դուրս գալուց հետո Հայաստանում սպասվում էր կարևոր քաղաքական իրադարձություն՝ նախագահական ընտրություն: Այս ընտրական գործընթացներում ԲՀԿ-ի գործողությունները ուսումնասիրելիս հասկանում ենք, որ դրանք լուրջ թեստ էին ԲՀԿ-ՀՀԿ հարաբերություններում: Ենթադրվում էր, որ ԲՀԿ-ն պետք է սատարեր գործող նախագահին, քանի որ, ըստ էության, և՛ ԲՀԿ-ում, և՛ ՀՀԿ-ում գործում են քաղաքական էլիտայի միմյանց հետ սերտորեն կապված ներկայացուցիչներ: Սակայն ամեն ինչ այդպես չեղավ: Այս ընտրություններում, ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն փորձեց առաջադրել իր թեկնածուին՝ հանձին Վարդան Օսկանյանի: Սակայն վերջինիս հետ կապված որոշ իրավական գործընթացների պատճառով ԲՀԿ-ն այդպես էլ չունեցավ իր թեկնածուն: Վարդան Օսկանյանի թեկնածու առաջադրվելու փորձը և ձախողումը կարելի է ԲՀԿ-ին ուղղված հստակ մեսիջ համարել, ըստ որի՝ իշխանություններն ունեն երկրի զարգացման իրենց տեսլականը և կողմ են իշխանական դաշտում տեսնելու միայն համագործակցող ուժերի, փոխարենը դեմ լինելով իշխանությունը այլ քաղաքական ուժի, տվյալ դեպքում՝ ԲՀԿ-ին զիջելուն: Պետք է նշել, որ սա բավականին տրամաբանական գործունեություն է և հակաժողովրդավարական բնույթ չի կրում: Այդ իսկ պատճառով ԲՀԿ-ին համագործակցելու առաջարկ արվեց. նախագահական ընտրություններում պաշտպանել ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին: Բայց իրեն այլընտրանք հռչակած ԲՀԿ-ն թույլ տվեց 2-րդ սխալը. չեզոք դիրք ընդունեց ողջ ընտրական գործընթացում:
Այնուհետև նույն կերպ շարունակելով, «Բարգավաճ Հայաստանը» ավելի սուր բնույթ հաղորդեց ՀՀԿ-ի նկատմամբ իր ոչ գործընկերային քաղաքականությանը: Կուսակցության ներկայացուցիչները, բացառությամբ կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի, յուրաքանչյուր հարմար առիթի դեպքում քննադատում էին ՀՀԿ-ի վարած քաղաքականությունը: Քննադատությունների բովանդակային մասին հետևելով թվում էր, թե ԲՀԿ-ն խնդիր ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի անձի հետ և վարչապետի պորտֆել ձեռք բերելու հայտ է ներկայացնում: Թերևս ՀՀԿ-ի կողմից ևս այսպես էին ընկալվում ԲՀԿ-ի գործողություններն ու դրանց պատճառը հանդիսացող նպատակները: 2014-ի գարնանը փոխվեց ՀՀ վարչապետը, և նոր վարչապետ դարձավ առաջին հայացքից «Բարգավաճի» համար ցանկալի քաղաքական ֆիգուր Հովիկ Աբրահամյանը, որը խնամիական կապերի մեջ է Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն իշխանությունների իրականացրած այս քայլը ևս ցանկալի արդյունք չտվեց. չմեղմացրեց ԲՀԿ-ի կողմից իրականացվող մրցակցային քաղաքականությունը, չնպաստեց հայաստանյան քաղաքական դաշտում համագործակցային միջավայրի ձևավորմանը: Երկրում առկա ներքին անկայուն վիճակը, հասարակության մեջ առկա սոցիալական լարվածությունը և մի շարք այլ հանգամանքներ ԲՀԿ-ի համար պարարտ հող էին ստեղծել ընդդիմադիր դաշտում ակտիվ գործելու, իշխանություններին քննադատելու և հասարակության որոշ զանգվածի մեջ երկիրը թռիչքաձև զարգացման ուղիով տանող ուժ ընկալվելու համար: Նման իրավիճակում ԲՀԿ-ն սկսեց ժողովրդի մեջ իշխանության վարկը գցելու հաշվին սեփական հեղինակությունը բարձրացնելու քայլեր ձեռնարկել: Նման օրինակներից մեկը կարելի է համարել եկամտահարկը 3 %-ից 1 % դարձնելու օրինագծին կողմ քվեարկելը, այնուհետև այդ օրենքի չեղարկման համար ցույցեր կազմակերպելը:
Այս ամենի գագաթնակետը եղավ ԲՀԿ-ի կողմից հստակ իշխանափոխության պահանջ առաջ քաշելը և դրան տանող քայլեր իրականացնելը, ժողովրդին փողոց դուրս բերելով իշխանություններին վախեցնելը: Արդյունքում եղան բոլորիս հայտնի փետրվարյան դեպքերն իրենց տրամաբանական ավարտով:
Իսկ այժմ, դեպքերի մանրամասներին ու հաջորդականություններին անդրադարձ կատարելուց հետո, փորձենք վեր հանել այս ամենի պատճառները.
ա¤ «Բարգավաճ Հայաստանի» ակտիվ ընդդիմադիրի դիրքերից հանդես գալուն ի պատասխան իշխանությունների գործողությունները բավականին զիջումային և կոմպրոմիսային էին: ԲՀԿ-ի սուր քննադատական հայտարարություններին իշխանությունները նույնչափ սուր չէին պատասխանում, և եթե ԲՀԿ-ն իշխանություններին քննադատելիս երբեմն անձնավորված բնույթի քննադատություն էր իրականացնում (բոլորին է հայտնի Տիգրան Սարգսյան անձի նկատմամբ ԲՀԿ-ի վերաբերմունքը), ապա իշխանությունները իրենց հայտարարությունում նման հռետորաբանությունից խուսափում էին:
բ¤ Երկրում ինչ-ինչ հանգամանքների բերումով (պատերազմական իրավիճակ, շրջափակում, հասարակության մեջ անարդարության զգացում և այլն) առկա է սոցիալական լարվածություն, որից օգտվում էր ԲՀԿ-ն՝ այս պարագայում ևս փորձելով գցել իշխանության վարկը:
գ¤ Վերոնշյալ հանգամանքներից ԲՀԿ-ական գործիչները կարողանում էին օգտվել, քանի որ հասարակության մեջ առկա է նաև քաղաքացիական անկրթություն. հայաստանյան հասարակությունը, երկար ժամանակ ապրելով ամբողջատիրական համակարգում, քննադատելով իշխանություններին որպես ամբողջատիրական բնույթ ունեցող իշխանության, միևնույն ժամանակ հավաքվում է առավել ամբողջատիրական բնույթ ունեցող ընդդիմադիր կառույցի շուրջը: Այդ իսկ պատճառով հասարակությանը հեշտ է մանիպուլյացնել և նրանց մեջ իշխանության նկատմամբ ատելություն սերմանել:
դ¤ Երկրի քաղաքական էլիտայի մի մասը գտնվում է ԲՀԿ ճամբարում և ԲՀԿ-ին իշխանության բերելու փորձով նպատակ է հետապնդում ամրապնդել իր դիրքերը քաղաքական (ավելի կոնկրետ՝ իշխանական) համակարգում:
ե¤ Իսկ հակաիշխանական մնացած ուժերը, որոնք երբեք չեն կազմել կոալիցիա ՀՀԿ-ի հետ, լինելով ոչ կենսունակ ՀՀԿ-ի դեմ պայքարում (հիմնականում բավարար ֆինանսական ռեսուրսներ չունենալու պատճառով), վերջին շրջանում համախմբվեցին ԲՀԿ-ի շուրջը:
Թերևս սրանք էին այն հանգամանքները, որոնց արդյունքում ԲՀԿ քաղաքական ուղեգիծը մշակող անհատները ՀՀԿ հանդուրժողականությունը շփոթեցին թուլության հետ, իշխանափոխություն իրականացնելու հստակ հնարավորություններ տեսան և արդյունքում հանդիպեցին ՀՀԿ-ի կողմից 2012-ից հետո առաջին անգամ հասցված քաղաքական ապտակին: Արդյունքում տարիներ տևած քաղաքական գործընթացը մի քանի օրում գահավիժեց:
Ինչ վերաբերում է հետագա քաղաքական զարգացումներին, ապա ԲՀԿ-ն, որն այժմ զրկված է իր գլխավոր հենասյունից, ըստ երևույթին դեռևս կարող է կենսունակ գործունեություն ծավալել ի հաշիվ ներսում ունեցած մի քանի ամուր հիմնաքարերի:
Սուրեն ՀԱԿՈԲՅԱՆ
ՀԺԱՄ կուսակցության խորհրդի անդամ