38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կմահանա՞, թե՞ կանմահանա օլիգարխիան

Կմահանա՞, թե՞ կանմահանա օլիգարխիան
27.02.2015 | 03:45

Հարց. Հայաստանն արժե՞ այդքան մեծամեծ զոհերի։
Պատասխան - Այո՛, Հայաստանն արժե ամենամեծ զոհերի, քանզի նրա մեջ ապրողի կյանքի տևողությունը միջին թվով 75 տարի է, Հայաստանի հողը մշակողին տալիս է 1 ցանած սերմնահատի փոխարեն 40-60 սերմնահատ։ Հայաստանի մեջ վազող աղբյուրների կեսը հանքային բժշկարար ջրեր ունեն, Հայաստանի դիրքը միջազգային է, այսինքն՝ Ասիայի և Եվրոպայի սահմանագլուխներում։
Հայաստանի ժողովուրդը եթե չլինի ազգերի մեջ ամենահզորը, գեթ նա կլինի ամենահարուստն ու ամենաբախտավորը։
«Վարդապետարան Հայաստանի ազատության»,
Ռափայել ՊԱՏԿԱՆՅԱՆ

ՆԱՀԱՆՋ ԵՐԳՈՎ, ԿԱՄ ԿԱՆԱՉ ՎԱՐՈՒՆԳԻ ԱՌԱՍՊԵԼԸ
(մոլորվածների նավահանգստում)
Մինչև այս նյութը հրապարակ կիջնի, իրադարձությունները կարող են թարմ և գունեղ բազմաթիվ անակնկալներ մատուցել մոլորված հայությանը։ Չնայած հավանականությունը չնչին է։ Որովհետև կարծես թե բոլոր հարցերի պատասխանները տրված են, բոլոր կենացները պռնկեպռունկ խմվեցին, և հնարավոր բոլոր քաղաքակրտական որակումները սպառվեցին։ Անշուշտ Սարգսյան-Ծառուկյան դիմակայության լիցքաթափումն ընդունելի մատաղ էր երկրի համար։ Բայց մատաղացու գառների հավերժական կարգավիճակն արդեն վաղուց է մեր տանջահար հոգին մեր ատամաթափ բերանին հասցրել, զի չափազանց դառն են 3-րդ հանրապետության անխտիր բոլոր իշխանությունների կողմից մեզ օրնիբուն և տարեցտարի մատուցվող բաղարջներն ու դժվարամարս են նրանց հրամցրած ջրերը։
Եվ անկախ այն բանից, արտահերթ խորհրդարանական ընտրությունը կբախի մեր դուռը, գործող նախագահը, որպես քաղաքական շախմատի գրոսմայստեր, հերթական անակնկալը կմատուցի մեզ և իր շրջապատին, ասենք թե իր սեփական քաղաքական հենարանի լուծարման ձևով, միևնույն է՝ էական ոչինչ չի փոխվելու մեր կյանքում, երկրի կյանքում, սերնդի ապագայի խնդրում։ Հնարավոր է, որ օլիգարխ-վարչապետին փոխարինի օսլայաժպիտ մի կրթյալ սուբյեկտ, բազմալեզու, բանիմաց, և պատրաստ միմիայն սեփական աշխատավարձով կերակրելու իրեն, իր ընտանիքին, իր տնային կենդանիներին և երկրիս մեծ ու փոքրին։ Չի բացառվում, որ մեկնարկի օլիգարխիատի կազմալուծման հերոսական գործընթացը, որի արդյունքում հանրության աչքը ծակող մի քանի նողկալի և փթթուն փշեր մասնակիորեն ունեզրկվեն, ասենք այսպես՝ կառավարությանը հանձնեն յոթ դղյակից 2-ը, ութ հանքից 1-ը և երեք լճից էլ՝ մի աննշան լճակ։ Նաև տեսանելի է քաղաքական դաշտի բարեկրթումը, որից կհեռանան մականունակիր-բաշիբոզուկները և հանրային դաշտում քիչումիչ կավելանան առվույտի կանաչը և շրջակա օդի թթվածինը։ Հասկանալի է, որ քաղաքատնտեսական միջավայրի ապականումը սոսկալի չափերի է հասել, բնականաբար, իշխանակառավարական («ՀՀԿ ընդ քոմփնի» տարբերակով) ցանկացած դիմահարդարային շրջադարձ մեր կյանքում վիրահատական միջամտության արժեք կունենա առնվազն մի կես տարի։ Եվ մենք կպատրաստվենք հերթական խորհրդարանական ընտրություններին։ Այսինքն, ինքնախաբեության հերթական ականները կտեղակայվեն մեր հնամաշ մաշիկների տակ։
Մի խոսքով, առայժմ նահանջում ենք հուռռա՜-հայրենանվիրական երգով, պարով և ծիծաղով։ Եվ նույն եռանդով, բայց կամա-ակամա, այսինքն՝ հար և նման պտուկը բերանն առնող գառնուկին, խարազանում ենք մեր տկար մարմինն ու տվայտված հոգին։ Որովհետև բավական է, որ պերճախոս մեկը, կամ մեկ այլը՝ հաղթահասակ և ձեռնբաց, կամ մյուսը՝ խրոխտ-խորոզային, վերջապես ա՛յ, էն մեկը, ով բութ է, շատակեր է, համառ է, սակայն նա ի վերջո հույս է ներշնչում (քանզի դրոշ է պարզում)։ Եթե նա Ազատության, իմա՝ զոմբիացման հրապարակում տնկի ձախ ոտքի բութ մատը և վրան ցանի հայրենական արտադրության աղ, համոզված եմ՝ մենք զվարճերես կնետվենք սույն փրկարար «վարունգը» կծելու։ Զի կանաչ և առողջ վարունգը վերջին քառորդ դարում մեզ համար եղել է փրկության փարոս։ Է՜, որը ասենք և որը անտեսենք։ Ճահիճ է, զարհուրելի ճահիճ, որը ոչ թողնում է դուրս պրծնենք, ոչ էլ կլանում, անդունդի խորքն է քաշում։ Է, ետքը՞...

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՏԵՂԱՏՎՈՒԹՅՈՒՆ
(նավաբեկությունը Այղր լճում)
Վերջերս մի քանի հրապարակումներում վարդագույն մտքեր նետվեցին դեպի հանրային մոխրագույն գիտակցություն։ Այն է՝ «Ծառուկյան-ԲՀԿ» ԲԲԸ-ի հնազանդեցումը մեծ նավարկության սկիզբն է, որի ընթացքում քայլ առ քայլ կամորձատվեն օլիգարխիայի բոլոր մյուս, արտաքուստ կրակ ու բոց, ներքուստ սակայն ժավելի սպիրտ պարունակող անդամները։ Ռուսական մի լավ խոսք կա՝ «Ձեր շուրթերով մարդ մեղր խմի»։ Շարունակեք, հույսով լեցուն, մոլորեցնել հանրությանը։ Իսկ ես, երիցս լավատես-ռոմանտիկս, բարձրանալով Աժդահակ լեռան գագաթը, բղավում եմ՝ անհնար է, զի պատմությանը նման բանը անհայտ է, քանզի օլիգարխիան կործանվում է կամ սոցիալիզմի հաստատմամբ, կամ էլ պետական հրանոթը սեփական քունքին դեմ տալով։ (Հասկանալի է, որ օլիգարխի գանգատուփը ատրճանակով ցրիվ չես տա)։ Չմոռանանք, աշխարհակուլ Հռոմին Հաննիբալը ծնկի էր բերում, մնում էր վերջին, կործանիչ մի հարված։ Հաննիբալ Բարկան Հռոմի պարսպի տակ էր։ Սակայն կործանիչ գրոհը խափանվեց, քանի որ բանակը պարենի և զենքի խիստ կարիք ուներ, որոնք, ճիշտ է, առկա էին, բայց անհետացան Կարթագենի մատույցներում, Հաննիբալին դավեց կարթագենյան օլիգարխիատը։
Այսօր օլիգարխիան մասնավորեցրել է պետությունը և վարձ է վերցնում դրա դիմաց։ Այսպես, օլիգարխ X-ը կառուցել է գրավիչ ամբարներ և դրանք վարձակալման հանձնել պետությանը։ Խոսքը ՀՀ մաքսատան ամբարներին է վերաբերում։ Եվ սա էր նաև պատճառը, որ Աժդահակի գագաթից ողբացի հանրապետության վերջնական կորուստը։ Շուրջ 4 կմ բարձրությունից նայեցի աջ, ամբողջովին մասնավորեցված հողեր էին և սեփականացված ջրեր։ Նույնն էր բոլոր կողմերում։ Այսինքն, եթե նկարենք ՀՀ ռազմատնտեսական քարտեզը, ապա ամոթխած կխոստովանենք, որ երկրի ողջ տարածքը մասնավորի ձեռքում է։ Ավելի ստույգ՝ ներբանների ներքո է։ Բայց ավելի լավ չէ՞ հենց այսօր անվանափոխենք երկրի անունը։ Եվ փոխենք երկրի զինանշանը՝ ըստ օլիգարխիկ տների խորհրդանշանների։ Ասենք էսպես. զինանշանի կենտրոնում Արարատ լեռն է՝ հակառակ կողմից, որը շրջապատված է շաքարավազի և գազի խորհրդանշաններով։ Հասկանալի է, որ նոր զինանշանը շրջակալված կլինի կարմիր կանգառային գծերով։

Առհասարակ ապշեցնող է ներկայիս քաղաքական դաշտի ամոթի այնքա՜ն անհրաժեշտ զգացողության իսպառ կորուստը։ Կառավարական նիստում վեհանձն ներշնչանքով հաստատում են սեփական աղետալի անկման առհավատչյան առանց կարմրելու և կարկամելու։ Այնինչ արժե, քանզի կապիտալի ահռելի ներհոսք-արտահոսքի պայմաններում 70 ընտանիքի պարենային օժանդակությամբ աջակցելը առնվազն պետական հոգեխանգարմունքի հետևանք է։ Պարենային օժանդակությո՜ւն։ Կարծես Լենինգրադի բլոկադայում ենք ապրում, կամ էլ 92-ի տանջալից ձմեռն է չոքել մեր դռանը։

Մականունակիր-մենաշնորհատերերի իշխանազրկումը, հավատացեք, դյուրին գործ է։ Ընդամենը անհրաժեշտ է ընդունել տնտեսության ազգայնացման մասին օրենքը և ներկրումները, վաճառատներն ու հանքերը կդառնան պետական, ասել է՝ կպատկանեն ժողովրդին։ Շատ ավելի բարդ է «տողատակի օլիգարխիայի» կազմաքանդումը։ Տեսեք, որոշ մարդիկ, ովքեր ձևավորել են երկրի կառավարությունը և խորհրդարանը, երբևէ գործարարությամբ չեն զբաղվել, սակայն (դարձյալ առանց կարմրելու և դույզն-ինչ չկարկամելով) հայտարարագրում են մի քանի միլիոն դոլարի տարեկան եկամուտ, գույք և կայք։ Միաժամանակ նրանց զավակներն անխտիր ավարտում են արտերկրի լավագույն բուհերն ու անցնում պետական ծառայության, հոր գրասենյակից երկու սենյակ և մեկ ուղեգորգ այն կողմում։ Այնինչ դրանցից շատերն անգամ սեփական անկողինն առանց կողմնակի օգնության անզոր են հարդարելու։ Հավանաբար վերջին այս հանգամանքն է պատճառը, որ դրանց ազգային բանակ չեն զորակոչում։

Մի խոսքով, բախտորոշ ժամանակներ են։ Այսօր չէ, վաղը հյուսիսից մի ուժգին հողմ կփչի և իշխանակույտը պարտադրված կգնա արմատական քայլերի։ Եվ այստեղ տեղին համարեցի նրանց հիշեցնել չինական մի հնագույն ասույթ. «Երբ փչում է փոփոխությունների քամին և ոչինչ անել չես կարող, պատնեշների փոխարեն հողմաղացներ կառուցիր»։
Առաջին հողմաղացը պիտի լինի ազգայնացման մասին օրենքը, որը կընդունի 4-րդ հանրապետության 1-ին խորհրդարանը։ 2-րդ օրենքը, դե, իհարկե, վարչաչինովնիկական ապարատի կազմալուծումն է։ Եվ այսպես շարունակ։

ԱՆՀԱՏՈՒՅՑ ԿԱՌԱՄԱՏՈՒՅՑՆԵՐ
(ամպրոպից առաջ)
Այո, խիստ պատվարժան Ռափայել Պատկանյան, մենք 1 ոսկե հունդ ենք հանձնում մեր սրբազան հողին և ստանում 40-50-60 ոսկեզօծ հունդեր։ Որոնք հափշտակում է օլիգարխիկ ուրուրը։ Բայց հուսով եմ, որ վարդապետությունդ մի օր կիրականանա, և հայ ժողովուրդը կլինի ամենահարուստն ու բախտավորը։ Ամեն։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2437

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ