38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

5-րդ շարասյունը և գարնանային հեղաշրջումը (Բատկայի տարոսը ՀՀ 4-րդ նախագահին)

5-րդ շարասյունը և  գարնանային հեղաշրջումը (Բատկայի տարոսը ՀՀ 4-րդ նախագահին)
06.02.2015 | 00:10

Ընդհատում։ Ի՞նչն ընդհատվեց և ինչո՞ւ։ Երբ անսացինք նրանց։ Ե՞րբ թերթեցինք ու փորձեցինք քաղել Խորենացուց, Լեոյից, Բակունցի Պրովինցիա-ից, Մաթևոսյանի Տեր-ից, Նժդեհի, Դեմիրճյանի Հայ-ից, Թումանյանի Անկեղծ չենք-ից, Երվանդ Լալայանից, Լիսիցյանից, Տերյանի Հոգևոր Հայաստան-ից, Աճառյանից, Վարուժանից։
«Կորսված սերնդի մշակույթը», Արամ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՎՀՈՒԿՆԵՐԻ, ՇՆԵՐԻ ԵՎ ԱՇՏԱՐԱԿՆԵՐԻ ԿՅԱՆՔԻՑ
(իմ մակույկը և ես)
Որպեսզի երկար ապրեմ ու տեսնեմ հանրապետության հաղթանակը, պիտի վազեմ։ Մեկնարկում եմ Հալաբյան փողոցի գետնանցումից և եզրափակում վազքս Արգիշտի փողոցում։ (Հանրապետության հաղթանա՜կը։ Այսինքն, երբ նույն մածնի թանապուրը կուտեն երկրի վարչապետն ու հնակարկատը)։
«Աֆինա» գիշերային ակումբը գետնանցումում է, դռները օրը ցերեկով, իհարկե, զմռսված։ Խո՜ր, ամբողջ հոգով շունչ քաշեցի և սկսեցի վարգարշավս։ Դուք հավանաբար չեք էլ նկատել, թե ի՜նչ արևադարձային է հուշաբլրի մուտքը։ Ձախից «Հավանա» զվարճանքի կենտրոնն է, որի ցուցանակն ազդարարում է՝ «Խաշի մրցաշրջանն սկսված է»։ «Աֆինա» + «Հավանա», բնավ վատ չէ։ Վարգս ընդհատեցի հուշաբլրի կենտրոնում. ձախից հուշակոթողն է և թանգարանը, աջից էլ՝ «Ակոռի» պանդոկ-սրճարանը։
«Աֆինա-Հավանա-Ակոռի»։ Կեցցե հունա-կուբայա-հայկական մերկապարա-լիկյորային եղբայրությունը Ծիծեռնակաբերդի հուշաբլրի ստորոտում և բարձրակետում։

Եհովայի վհուկների ներկայությունը կանխազգում եմ 13 մ հեռավորությունից։ Մորմոններինը՝ 113 մետրից։ «Հաղթանակի» կամրջից մինչև քաղաքապետարանի զբոսայգին վարգս երեք անգամ ընդհատեցին նախ` Եհովայի կարմրաթուշ-փնթի վհուկները, հետո էլ չորս անգամ բարեկիրթ-կատվաչք մորմոնները։ Կեցցե՛ 3-րդ ինքնիշխան հանրապետությունը, որը կանաչ լապտերներ է վառել քաղաքակիրթ աշխարհը պատուհասող աղանդների առջև և կարմիր ուղեգորգեր է փռել ԼԳՏԲ-ական որոմի առաջ։ Դե, բնականաբար, ցորենի ալյուրն էլ երկաթով կհարստացնեն, և հանրապետության սահմանների առաջնագծերում մենք չենք տեսնի որևէ գործչի զավակի։ Նրանք պիտի, այո՛, թիկունքում ծվարեն, նրանք օքսֆորդներում պիտի ուսանեն ու կազմ ու պատրաստ սպասեն գերագույն նպատակին, իրենց հայրենի երկրից իրենց վայրենի հայրերի կողոպտածը վայելելու, դեռ մի բան էլ վրան հավելելու։ Ներող եղեք, հնարավո՞ր է այլ բան սպասել գանձագողերի և քաղաքական հացկատակների հետնորդներից։

Սիրում եմ Արգիշտի փողոցը։ Երեք աշտարակ է զարդարում փողոցը և չորս քարակոփ ժամացույց։ ՈՒշագրավ է, որ արգո Գագոյին պատկանող բազալտակոփ աշտարակը 3,5 մետրով բարձր է քաղաքապետարանի ժամացույցից, ժամանակն էլ առաջ է ընկնում 1,5 րոպեով։ «Խեր լինի», նման դեպքում մրմնջում է մեր տանջված ժողովուրդը։ Ի դեպ, Ծառուկյանի աշտարակից խիստ վիրավորված եմ։ Այսպես, աշտարակի հիմքում ԲՀԿ կենտրոնական գրասենյակն է, ուր ընդունում-ճանապարհում են իշխանադժգոհ և կառավարամերժ խալխին։ Ես գրասենյակին դիմում ուղղեցի։ Դա երկու ամիս առաջ էր։ Ինչպես խոստովանահոր առջև գլխիկոր կանգնած իրազեկում եմ ընթերցողիս, աղերսում էի հարգել յոթնամյա հետաքննությունս, ընդառաջ գնալ ժողովրդի պահանջին և պայքարել հրավառությունների դեմ, որոնք ծանր հետևանքներ են ունենում մարդկանց առողջության վրա։ Եվ ոչ մի պատասխան։ Կեցցե՛ք։
Հենց այդ օրը, մութն ընկնելուն պես, հուշակոթողի առջև ՀՀ վերնախավը հռչակեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական հռչակագիրը։ Շատ առաքինի և առաքելական կլինի, որ օրեր անց նույն խավը հավաքվի Սարդարապատի հուշահամալիրում, հնչեցնի բոլոր զանգերը և հռչակի «Հայաստանը հակահայկական համակարգված տեռորից փրկելու» համազգային ծրագիրը։ Սա երազա՞նք է, թե՞ անխուսափելի գալիք։ Հուսանք՝ վերջինը։ Եվ ժամանակն է, որ ձյութով պատենք մեր մարտական մակույկները։ Իշխանավորական հածանավը ճաքեր է տվել։ Եվ շա՜տ շուտով կսկսվի գերիչ մի գործընթաց՝ քաղաքական առնետավազքը։ Իսկ թե ուր կնետվեն առնետներն ու մյուս կրծողները, բնավ գաղտնիք չէ. կնետվեն դեպի ամենաբուրավետ ճարպի կողմը։ Սաղո՜լ...

ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏԱՆԴՆԵՐԸ
(նավաբեկություն քաղաքական քրեաօլիգարխիայի լոգարանում)
Պատանդ է երկիրը (կառավարությունը տնտեսական պատերազմ է հայտարարել երկրին, իշխանություններն էլ` կառավարությանը, և շրջանը փակվել է), պատանդ է երկրի երկինքը (այս ձմեռ լիարյուն գարուն է, ի՞նչ կլինի երկրում գարնանը), պատանդ է ժողովրդի ոչիշխանական մեծամասնությունը։ Եվ ահա գլուխ եմ կոտրում՝ ե՞րբ մեր գենում պտղակալեց այս հակապետական որոմը։ Այնինչ 1988-ին երազում էինք, որ անկախ հայրենիքում նույն բաղարջը կլինի նախագահի և նախրապանի սեղաններին, և հայոց գեներալն իր կենցաղում կզանազանվի իր զինվորից միայն և միայն ծառայողական վիլիսով։ Այնինչ աշխարհը օր օրի կորցնում է հյուսիսն ու հարավը։ Արևմտյան խորշակը մերկապարանոց լկտիության նորանոր բնագծեր է նվաճում և իր պարտապաններից պահանջում է լինել բարոյական բարձունքի վրա, այսինքն՝ ճիշտ ժամանակին, պայմանավորված վայրում և համաձայնեցված հանձնարարականներով մարել պարտքը։ Եղբա՛յր, պարտք ես վերցրել, մարի՛ր պարտամուրհակներդ, այսինքն՝ բարի եղիր խրախուսել աղանդների վայրագությունը, եղիր ուշիմ, պարտաճանաչ և կանաչ ճանապարհ բացիր ԼԳՏԲ-ական որսագողերի առջև, մի զլանա և սրբանախշ ցորենհացիդ խառնիր երկաթ, ֆոլիաթթու, այլազան աղբ ու մի ողբա. երկիրը եվրակրթուն կլինի և կոկիկ կլայեկված։
Այո՜, «Աֆինա-Հավանա-Ակոռի», նարինջ+սիգար+... Սակայն ո՞րն է Ակոռիի խորհրդանիշը։ Սա գյուղ էր Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում, Մեծ Մասսի վիհի եզրին։ Այստեղ 481-ին է տեղի ունեցել հայ-պարսկական ճակատամարտը։ Իսկ 703-ին Ակոռիի մոտ հայ ապստամբները հաղթել են արաբներին։ Սակայն 1840-ի Մեծ Մասսի ավերիչ երկրաշարժն Ակոռին թաղեց ժայռերի վիհում։ Ահա և այս պանդոկի խորհրդանիշը։

Աշխարհում կան երկրներ, որոնք լրջորեն հակադրվում են Արևմուտքին և արևմտյան դժոխային «քաղաքակրթությանը»։ Օրինակ, Չինաստանը, ուր բանվորն ու գյուղացին ապահով են, երկրում կան նաև մեծահարուստներ, բայց և այնպես Չինաստանի Շենչժեն քաղաքում դատում են 14 չինովնիկի, ովքեր տապակել և լափել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ սալամանդրը։ (Միաժամանակ չինական կրթօջախներից օտարվում են արևմտյան արժեքներ քարոզող դասագրքերը։ Կեցցե՛ք։ Տարոսն էլ մեզ)։
Մեր չինովնիկական վերնակույտի տքնանքի շնորհիվ Կարմիր գրքում են Խոսրովի արգելոցի երեներն ու հավքերը, բայց ինչի մասին եմ խոսում, չէ՞ որ Կարմիր գրքում ենք մենք, ծեր ու մանուկ, այր և կին, ռանչպար և երգահան։ Կարմիր գրքում ենք, զի իշխանակառավարիչների քինոտ հնարամտությունը նորանոր բարձունքներ է հաղթահարում, փոքր բիզնեսը հանձնում է բոշայափաշայական դաշինքի երախը, երկրի զարգացումն էլ նույնականացնում սեփական լայնք-երկայնքի երկրաչափական ծավալների հետ։ Ինչպիսի՜ ողբալի լկտիություն։
Վարչապետ Աբրահամյանը (հիշենք՝ գյուղմթերքների արտադրությամբ մի քանի դղյակ, վաճառատուն և այլ կայք ձեռք բերողը) խրոխտ հայտարարեց, որ ՀՀ կառավարության գործը աշխատատեղեր ստեղծելը չէ։ Միաժամանակ «Նաիրիտ»-ի կործանումը նրա համար նույնքան կարևոր է, որքան հնամաշ երթուղայինի անթրաշ վարորդի համար շարժակազմի հինգերորդ անիվն է կարևոր։ Մի խոսքով, ամեն բան են անում իշխանությունները, զորակցելու ընդդիմությանը (ի՜նչ անուշ է բուրում ճարպը իշխանական խոհանոցում)։ Այսօր չէ, վաղը քաղցից և անարգանքից խենթացած հայությունը կհեղեղի փողոց և հրապարակ, և հանրապետականների ճնշող մասը մի կերպ (այսինքն՝ նամուսախեղդ լինելով) կդիմանա մինչև 2-րդ աքլորականչ, հետո դհոլի ուղեկցությամբ զի՜լ ծուղրուղուներ կլսվեն Օվալաձևում, և նրանք կբարգավաճվեն։ (ՀՀԿ-ում, ամենայն հավանականությամբ, կմնա կուսակցության միակ կենդանի հիմնադիրը՝ Ռազմիկը Զոհրաբյան)։ Եվ ինչպիսի՜ ոխերիմությամբ կկծեն ոմանք (սինլքոր-դասալիքները) ոմանց (նախկին իշխանապետերի) գարշապարը։ Է, կշահե՞նք դրանից, թե՞ կկորցնենք։ Իսկ Բատկան ճառեց 7 ժամ 7 րոպե։ Ճառեց և հիմնավորեց իր երկրի բռնած ճանապարհի ճշմարտությունը, որը Տաճար է տանում, զի Բելառուսը պետություն է, անկախ և արժանապատիվ քաղաքական միավոր։

Հայաստանում իշխանահլու և կեղծ-ընդդիմադիր քարոզչամեքենաներն օրնիբուն ձայնարկում են՝ բանակն է մեր միակ ձեռքբերումը։ Թշվա՜ռ Հայաստան, որ 25 անկախ տարի պետականազրկվում ես, և միակ կայացումդ բանակդ է։ Հզոր բանակ անզոր երկրում։
Մեր ապուպապերի պատգամն է՝ թուրքն անիծած է, նրա խոսքը՝ օրհնած։ Եվ, խնդրեմ, Էրդողանը պատրաստվում է «գին տալու» պատմական մեր հայրենիքի դիմաց։ Ինչ-որ բա՞ն գիտե գենետիկ այս մարդագազանը։ Սակայն ինչո՞ւ եմ վիրավորում նրան։ Վերջին հարյուր տարում ակ-կոյունլու և կարա-կոյունլու ոչխարացեղերի հետնորդները օր օրի պետականություն են կերտում։ Սա բառախաղ մի համարեք, սակայն մենք 70 ոչ անկախ տարիներին պետականակերտվելով, արդեն քառորդ դար է` անկախության պայմաններում երկիր ենք քերթում։ Բայց և այնպես երազում-դարձախորով ենք լինում «Ծովից ծով Հայաստանով»։

ԵՐԲ ԼԱԼԻՍ Է ՀԱՅՐԵՆԻՔԸ
(նավահանգստում երևելիների ուրվականներն են շրջում)
Է՜հ, սիրելի Արամ, ընդհատվեցինք, քանզի Խորենացու և Բակունցի, Տերյանի ու Թումանյանի, Նժդեհի և Կոմիտասի, Չարենցի և այլոց խնկարկելի դասերից փախել ենք գլխապատառ։ Մի պատառ հաց ու երշիկ հայթայթելու վսեմ ակնկալիքով։ Եվ այսպես էր դարերով։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2049

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ