38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երկնագույն վարկերի դեղին վարտիքները (արքայախնձորն ագռավի բերանում)

Երկնագույն վարկերի դեղին վարտիքները (արքայախնձորն ագռավի բերանում)
23.01.2015 | 12:37

Քարավանները տանում են հաշիշ,

կույսեր, ակնեղեն, զենք ու սիրամարգ,

և պատվիրում է մի նոր ծիսակարգ

դերաքրիստոս քարվանբաշին։

«Սոնետների պսակ N-ի համար»,

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

ԽԱՆՁԱՀԱՄ ԲՈԶԲԱՇ

(նավակայանում)

Խոստովանենք, որ տիկին Գրեզետան փնթի կին է։ Նրա ուշքն ու միտքը սերիալներն են և հանգստյան օրերը Անթալիայում։ Գրեզետան ճաշը եփում է խոզանոց-խոհանոցում, մի աչքով բրազիլական սերիալին է հետևում, մյուսով՝ դոլարի կուրսին։ Դրա համար էլ նրա եփած ճաշերն ու թխած գաթաները խանձված բոզբաշի համ ունեն։

Նրա կողակիցը գիտաշխատող Սրապիոնն է, ում ողջ վաստակը չի բավականացնում գրեզետյան վարկերի տոկոսների մարմանը։ Տիար Սրապը ողջ տարին ծոմ է պահում, կիրակի օրերին էլ «քրջի շուկայում» զուգարանի պահակն է։ Այլ կերպ դիմակայելն անհնար է, չէ որ տանը երկու ուսանող զավակներ կան, նաև մեկ հաշմանդամ թութակ։ (Ցավալի է, սակայն զավակներից մեկը աղանդավոր է, թութակն իր հերթին տաղանդավոր քաղաքական գործիչ է)։ 50-ամյա Սրապիոնը հնոտի է հագնում և 70-ամյա ծերունու տեսք ունի։ (Միգուցե նա թքի ամեն բանի վրա և անդամագրվի «Թշվառ Հայաստան» կուսակցությա՞նը։ Ո՛չ, տիար Սրապիոնը խոստովանել է, որ երազում է վերադառնալ ծննդավայրը և Արազի ափին մի քոլիկ սարքել, լոքո բռնել, խաշել-ճաշել և գիշերներն աստղազարդ երկնքով հիանալ։ Նա փորձեց իրականացնել երազանքը, բայց Արազի ափի բոլոր հողերը վաղուց վարկադրված են)։

(60-ամյա Գրեզետան գուրգուրելի թարմ է և 30-ամյա պուտանուհու տեսք ունի։ Նա երազում է ձեռք գցել մի վարկային սիրեկան)։ Սրապին մի բան է մնում անել. անժամկետ հացադուլի նստել Կառավարական տան ժամացույցի տակ, ձեռքին մի դրոշակ, վրան գրված հետևյալը. «Փոխանակում եմ Գրեզետային, թութակիս և ծառայողական հողաթափերս ՌԴ Կոմի մարզի Սիկտիվկար մարզկենտրոնի ծերանոցի մշտական բնակության իրավունքի հետ»։

Ընթերցողը, անշուշտ, գուշակեց` այս հայ ընտանիքը մեր երկրի մանրակերտն է։ Եվ ինչպես Գրեզետան հերթական վարկը հանգուցում է խեղճուկրակ Սրապիոնի տանջահարված պարանոցին, նույն խանդավառությամբ էլ ՀՀ կառավարություններն են վարկեր պոկում համաշխարհային ֆինանսական դժոխքից, վարկի մարումը ագուցում են հայ ոչգաղթյալ ժողովրդի բազմաչարչար մարմնին, իրենք, սակայն, երջանկությունից քիչ է մնում գլուխկոնծի տան Կառավարական տան վարկային միջոցներով ձեռք գցած ուղեգորգերի վրա։

2015-ի հետամանորյան խումարից ազգովին խումարաթող եղանք, Կառավարական տնից ավետեցին՝ 2015-ին շատ և շատ վարկեր են վերցնելու։ Կեցցե՜ք, այլ բան սպասելն այս տնից աններելի տղայամտություն կլիներ։

ՈՒ մի՞թե ժամանակը չէ զինվելու բահով, լինգով ու քլունգով և անվերջ հացադուլի նստելու Կառավարական տան առջև։ Եվ հորդորել կառավարությանը, որ մեծ ամոթ է, երբ հրովարտակում եք աշխարհով մեկ, թե ՀՀ-ն մեկ տարում 402 մլն ԱՄՆ դոլար է ստացել որպես փոխօգնություն աղքատությունը հաղթահարելու համար։ Միաժամանակ մեր երկրի աղքատության հաղթահարմանը էապես նպաստում են ԼԳՏԲ-ականների անձեռնմխելիության ապահովմանն ու աղանդավորների ազատ-անկախ-միացյալ շրջագայությունների համար երկիր ներխուժած վարկերը, դրամաշնորհները և մյուս «բարեսիրական» աղտեղությունները։ Մի խոսքով, հացադուլի ճիշտ ժամանակն է։

ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ,  ՈՐԸ ԽԻՍՏ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է

(նավարկություն «Կարապի լճում»)

ԵԱՏՄ-ին անդամակցելու 13-րդ օրը դարձյալ հիշեցի Արաբացի Լոուրենսին` Թոմաս, այդ աղետալի հակահային, հիշեցի, փորձելով նրա դիվային սահմանումների տողատակերում պեղել հայ էթնոսի մեջ բուն դրած վարկաուզվորության որոնումները։

Ահա մի քանի թլպատումներ.

«Խնայասիրությունը չի պակասում հայերին, նրանք քրիստոնյաներ են, երդվյալ քրիստոնյաներ»։

«Հայերը ամենախելացի, ամենակատարյալ ընտրասերված, ամենաբարձր զարգացած ցեղն են աշխարհում քաղաքակրթվածության տեսակետից»։

«Հրեաները, ճիշտ նույն կերպ էլ հույները, թուրքերը և բոլոր այն մյուս ժողովուրդները, որ երբևէ գործ են ունեցել հայերի հետ, զգում են, որ հայերը բոլորին էլ աշխատանքի կլծեն»։

Առաջարկս հետևյալն է. Թոմաս Լոուրենսին «2» նշանակել «հայաճանաչողություն» առարկայից։ Զի նրա գիտակցության մեջ այդպես էլ չկազմավորվեց էական մեկ բան՝ հայը (հատկապես Ջրհոսի դարաշրջանում) անկախ պետականության պայմաններում բառացիորեն երկփեղկվում է, որպես հասարակ քաղաքացի նա կատարյալ հնազանդություն է և ընտրասերված համբերատարություն։ Սակայն որպես իշխանավոր սեփական երկրում նա կատաղի հնազանդեցնող է։

Արաբացու այս ոխերիմ զառանցանքից անցել է 1 դար։ Հայերն ամենևին չեն փոխել իրենց տեսակարար կշիռն աշխարհում։ Մտովի ճամփորդենք Հասարակածային Գվինեայից մինչև Նորվեգիա, այցելենք Զատկի կղզի, հիանանք և լողանք-սավառնենք ու քայլարշավենք դեպի Շանհայ, Իսթամբուլ, Թիֆլիս և Մոսկով. և պապանձվենք հիացմունքից, հայերն ամենուր փայլուն շանսոնիե են և առաջամարտիկ-մարզիկ, անզուգական զորավար են ու հնարամիտ հնակարկատ, և ամենուր նրանք նախ և առաջ աննման քաղաքացի են, անկեղծ լինենք, տվյալ երկրի աղն են, ո՛չ պղպեղը։ Սակայն սեփական հայրենիքն աղուտների է վերածվում. երեկ՝ օր օրի, այսօր արդեն՝ ժամ առ ժամ։

Հայոց ներկա կառավարիչները, սկսած վարչապետից և վերջացրած բազում այլ պետերով, փայլուն ղեկապետեր կլինեն Երկիր մոլորակի ցանկացած հանրապետությունում, բռնապետությունում և անգամ գնչուական թափառախմբում։ Իսկ մեր արհեստավարժ-ընդդիմադիր այրե՞րը։ Պատկերացնենք. նախ խորհրդային, ապա նաև նորհայկական այլախոհական մտքի հրաբուխ Հայրիկյանը հայտնվում է Հրո երկրում։ Այստեղ, պարզվում է, «Կալաշնիկով» ավտոմատների ներքո բռնապետություն է հաստատվել։ Երկու բոցաշունչ ճառ։ Երեք հանրահավաք Ադամի հագուստով։ Չորս հացադուլ բանանի դիետայով։ Եվ խնդրեմ, Հրո երկրի բնակչությունը անդառնալիորեն ինքնորոշված է։ Սակայն ինչո՞ւ միայն Պարույրը, Արտաշեսն ամենակուլ, Զարուհին ամենակալ, Րաֆֆին՝ աղվորիկ-գերիչ ժպիտների տիրակալ։ Ո՞ր մեկն ասենք և ո՞ւմ շրջանցենք։

Զարմանալի է, մի տասը-տասնհինգ տարի առաջ, երբ ՀՀ որևէ կառավարություն վարկ էր ձեռք գցում, կառավարության անդամների ժպիտներն էին թափառում Կառավարական տան միջանցքներում, երջանիկ և քիչ էլ ամոթխած ժպիտները։ Հետո դրանք, իհարկե, պահածոյացվում էին և ի պահ հանձնվում Հայաստանի պետական արխիվին։ Վերջին կառավարության առաջընթացն ակնհայտ է, 2015-ին հայտարարելով շա՜տ շատ վարկեր ձեռք բերելու եղերալուրը, ՀՀ պաշտոնյան բավականին տառապագին դեմք ուներ։ Ավելի ստույգ՝ տրտմագին-տառապագին, շղարշված ամոթխածությամբ։

Այսպիսով՝ ի՞նչ անել. հերթական վարկային բռնարարքներն են չոքել մեր տան շեմին։ Մեր հայրենակից-կառավարիչների ձեռքով-մտքով-կամքով։ ՈՒ մի՞թե հենց վարկերը չեն թուլացնում երկրի դիմակայությունը։ Սակայն ելքը, այնուամենայնիվ, ուրվագծվում է։ Հայտարարում ենք նրանց Persona non grata։ Նրանց՝ վարկային բռնակեղեքիչներին, դժոխային վարկատու-ֆինանսավորողներին և, ինչու չէ, ՀՀ պետական բանկին։ Պայմանը մեկն է՝ նրանք հանրապետությանն են թողնում իրենց «արյուն-քրտինքի արգասիքները», այսինքն՝ երկրի ընդերքը, անհեթեթ դղյակներն ու անհամար բանկային հաշիվները։ Նրանք փոխարենը լիուլի ազատ են որպես բարոյական փոխհատուցում իրենց հետ սահմանն անցկացնելու հետևյալ իրեղեն ապացույցները.

ա) զանգվածային ընտրակեղծիքները,

բ) մարտնչող լկտիությունը,

գ) համակարգային տկարամտությունը։

Հետաքրքիր է, թե ի՞նչ է քարագրված սույն Թոմասի՝ Լոուրենս, շիրմաքարին։ Հանրահայտ է նրա գաղափարական կնքահոր՝ ՈՒինսթոն Չերչիլի շիրմաքարի քարագրվածքը. «Չմոռանանք ՈՒինսթոն Չերչիլին»։ Չենք մոռանում։ Եվ ահա ես ի խորոց սրտի առաջարկում եմ Հանրապետության հրապարակի նախկին գրանիտակերտ պատվանդանի տեղում մի հուշատախտակ տնկել ահա այս քարագրերով. «Աստ հանգչեն ՀՀ կառավարությունների կողմից գրկաբաց ընդունված և երկիրը պատուհասած վարկերի տոկոսները։ 1991-2015 թթ.»։

ՎԵՐՋՆԱԳԻՐ՝ Ի ՊԵՏՍ ՀՐԱԺԵՇՏԻ

(փոթորիկ է նավահանգստում, հագնենք անջրանցիկ մեր վերարկուները)

Վարկերն այսպիսով հագել են դեղին վարտիք, և նրանց սրտի ցանկությունը ՀՀ զարգացման հանդեպ, վստահ եղեք, երկնագույն է։ Եվ ահա քարավանով են գրոհում մեր օրվա և վաղվա վրա։ Քարվանբաշին էլ վարկային թմրանյութով է լիցքավորել չիբուխն ու իրեն երևակայում է նախաճաշից առաջ՝ Աբու-Լալա-Մահարի, ճաշից հետո՝ Անգեղյան Տորք, և միայն ընթրիքի ընթացքում է համակերպվում իր իրական կերպարին՝ Նազարին Քաջ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 1896

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ