Բելգիայի դաշնային դատախազության ահաբեկչության դեմ հատուկ մասնագիտացված բաժնի հրամանով երեկ ժամը 17:45-ին տասնյակ տնային խուզարկություններ են կատարվել Հալլե Վիլվորդի, Բրյուսելի և Վերվիրսի շրջաններում:
Երեկ երեկոյան Բելգիայի դաշնային դատախազ Էրիկ վան դեր Սիպտը մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ խուզարկությունը կատարվել է Սիրիայից վերադարձած «ջիհադականների» վարքի հետազոտության հիման վրա: Հետազոտությունը ցույց է տվել, որ այս անձինք ահաբեկչական լուրջ հարձակումներ էին նախապատրաստում Բելգիայում: Խուզարկության ընթացքում կասկածյալներն անմիջապես ռազմական և հրաձքային զենքից կրակ են բացել դաշնային ոստիկանության հատուկ ստորաբաժանումների վրա: Ահաբեկիչները չեզոքացվել են: Վերվիրսում ևս երկու կասկածյալներ սպանվել են, երրորդը ձերբակալվել է: Զոհերը Սիրիայից վերադարձած մահմեդական տեռորիստներ են:
Հետազոտությունը ակտիվորեն շարունակվում է: Ելնելով հետազոտության շահերից՝ դատախազը լրացուցիչ տեղեկություններ կտա վաղը նախատեսված դաշնային դատախազության մամուլի ասուլիսի ժամանակ:
Բելգիական լրատվությունը տեղեկացնում է, որ ահաբեկչության այս նախապատրաստությունը ոչ մի կապ չունի մեկ շաբաթ առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած տեռորիստական գործողությունների հետ, քանի որ և՛ տնային խուզարկությունը, և՛ ոստիկանության գործունեությունը Վերվիրսում զետեղված են նույն գործի մեջ, որը Բելգիայում ընթացք է ստացել երկու շաբաթ առաջ:
Բելգիական դաշնային դատախազության տեղեկատվության համաձայն՝ մահմեդական ֆունդամենտալիստները պատրաստվում էին հարձակումներ իրականացնելու Բելգիայի կառավարական շենքերի և ոստիկանության բաժանմունքների վրա:
Դատախազությունը խուսափում է որոշակի տեղեկություն տալուց, քանի որ հետախուզությունները դեռ ընթացքի մեջ են, և լրացուցիչ տեղեկությունները կարող են վնասել, միայն տեղեկացնում են, որ կասկածյալները որոշ շրջաններում փախուստի են դիմել, իսկ Վերվիրսում բոլորը ձերբակալվել են: Վերվիրսի Կոլին փողոցում ոստիկանության տնային խուզարկությունը ուղեկցվել է կատաղի հարձակումով՝ պայթյուններով և կրակոցների հեղեղով, որը տևել է 10 րոպե: Բնակիչները տարհանվել են: Ականատեսները վկայում են որ պայթյունները զուգակցվում էին կրակոցներով: Կապույտ համազգեստավոր զինյալները շրջապատել էին փողոցը երկու կողմից և օգնում էին բնակիչներին տեղանքը լքելու:
Բելգիայում կառավարական և ոստիկանության շենքերի նկատմամբ սպառնալիքի մակարդակը մեծացել է 2-րդից մինչև 3-րդ սանդղակը: Վտանգավոր սանդղակը 4-րդն է: Բրյուսելի Մոլենբեկ, Էթերբեկ և Էլսենեի թաղամասերում ոստիկանության բաժանմունքները փակվել են: Ոստիկանները շրջում են խմբերով:
Բելգիական որոշ լրատվական աղբյուրներ հաղորդում են, որ յոթ երկրներում ընթանում են հակաահաբեկչական գործողություններ, այդ թվում՝ Եմենում:
Կարինե ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ
Բելգիայում մեր հատուկ թղթակից