38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ծիածանը անդունդի վրա (կամ` երկրի աղը սուլթանական սեղանի վրա)

Ծիածանը անդունդի վրա (կամ` երկրի աղը սուլթանական սեղանի վրա)
16.01.2015 | 12:24

Մենք` հայերս, կանգնած երկու այս աշխարհների` մշակութային Արևելքի և քաղաքակրթական Արևմուտքի միջև, ինչ կերպով պիտի կարողանանք իրագործել մեր պատմական ճակատագիրը։ Պիտի կրկնե՞նք մեր նախնիների սխալը... Հայոց աշխարհը` արյունի և մահի ողբերգական այդ երկիրը, այլևս հղի է բոլոր կարելիություններով։ Մեր դաշտերը և մեր լճերը մագլցում են դեպի լեռը։ «Հայության կոչումը», Կոստան ԶԱՐՅԱՆ, 20-րդ դար

«ԻԶԳՈՅԻՑ» ՄԻՆՉԵՎ ՊԱՆԹԵՈՆ (նավահանգստային ֆելիետոն)

20-րդ դարում «Հայրենիք» կինոթատրոնը մայրաքաղաքի պարզասիրտ բնակիչների և շրջակա գյուղերից հյուր եկող պարզահոգի մարդկանց նախընտրած վայրն էր. այստեղ տարին բոլոր հնդկական կինոֆիլմեր էին ցուցադրվում։ Հնդկական ֆիլմերը սերմանում էին բարին և արդարը, այնտեղ իշխանը ընտանեկան առագաստ էր ուղեկցում գեղջկուհուն, արևադարձային անձրևների հետ մրցում էին հանդիսատեսների ջրվեժի պես հորդառատ արցունքները, չարն էլ անխուսափելի պարտվում էր։ Մայրաքաղաքային պճնամոլներս քթներս վեր ցցած շրջանցում էինք նշյալ մշակութային օջախը։ Իզուր, ինչը պարզվեց, երբ գոցվեցին կինոթատրոնները, և ամերիկյան մշակութային համաճարակը Մասիսի և Սիսի անդրջրհեղեղյան հայացքի տակ Թորգոմաց տանը ազատԱԿԱՆացրեց հնարավորը։ Սկսած արդյունաբերական ձեռնարկությունների համակարգված թալանից և վերջացրած ազգային ավանդույթների անկաշկանդ ուծացմամբ։ Գուցե նախախնամության մատն է այստեղ իր գործն արել. «Հայրենիք» կինոթատրոնը չվերածվեց խաղատան կամ էլ աղանդավորական որջի։ Եվ ահա, մի քանի օր անց «Հայրենիքում» խորհրդաժողով է, հրավերը գերօլիգարխ առաջնորդինն է, հրավիրյալները գլխավորապես ազատամարտի մեր ազնվասիրտ վետերանները, կես դարն արդեն բոլորած, հիմնականում հնդկական ֆիլմերի և ազգային ավանդույթների խորսխով կյանքի համն ու հոտը առած։ Ընթերցողներս քաջ գիտեն. միակ հույսս` կապված երկիրը երկիր դարձնելու հետ, մեր ազատամարտի վետերաններն են, որոնց հարգում եմ որպես քաղաքացի և սիրում եմ եղբայրաբար։ Ցավոք, նախորդ աշնանը ափեափ զարկվող երազանքս հօդս ցնդեց, այդպես էլ չկայացավ հայ մտավորականության և ազատամարտիկների դաշինքը, անշուշտ, մտավորականության մեղքով։ Առհասարակ արդի հայ մտավորականությունն իր գերակա խնդիրը լուծում է, այս խիստ հակամշակութային օրերում ապահովելով ազգային մշակույթի զարգացումը, երբեմն էլ համաշխարհային մակարդակի ստեղծագործություններ կերտելով։ Ցավալի է, սակայն սա է մեր եղկելի իրականությունը, նրանք կերտում են, երբ նրանց քերթում են։ Խոսքս, անկասկած, շրջանցում է մշակութամտավորական քծնասպետներին. սրանց իշխանությունները բնավ չեն քերթում, գուրգուրում-սնում են, շքանշանավորում- կոչումախեղդում և հարմար պահին անպատճառ գլորում դեպի մոտակա ջրափոսը։ Անկասկած, երկրի գերագույն մեծահարուստի և ազատամարտի վետերանների միաբանումը ինչ-որ առումով հնդկական կինոյի հովեր ունի, հեքիաթային է և մի քիչ էլ հանելուկային։ Բայց չէ՞ որ հնդկական ֆիլմերում բարին գետնում է չարին։ Ամեն։ Այստեղ մեջբերեմ նշանավոր Ռաֆայել Պատկանյանի 1889-ին քարագրած «Վարդապետարան Հայաստանի ազատության» ազգային-պետական ծրագրի 25-րդ հայտը` «Ով պիտի ընտրվի Հայաստանի կառավարիչ»։ Իսկ պատասխանն էլ հետևյալն է. «Հայաստանի կառավարիչ կընտրվի նա, ում զինյալ գունդը կճանաչի ամենախոհեմը, ամենաքաջն ու ամենաազնիվը»։ «Հայրենիքը» Նժդեհի պողոտայից վայելչորեն ուղղվում է դեպի Նժդեհի անվան հրապարակ։ Նժդեհյան եռամիասնությունը ի մի է գալիս մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանով։ Կինոթատրոնից մինչև հրապարակ մի յոթ-ութ հարյուր մետր է։ Իսկ հրապարակում խոյանում է բոլշևիկ Սուրեն Սպանդարյանի արձանը, կուսակցական մականունը` «Իզգոյ»։ «Հայրենիքից» մի յոթ-ութ հարյուր մետր դեպի հյուսիս, Արշակունյաց պողոտային կից պանթեոնն է, ուր խաղաղ հանգչում են Կոմիտասի, Իսահակյանի, Սարյանի և այլ մեծաց լուսափառ ոսկորները։ Առակն այս ի՞նչ ցուցանե, ցույց կտա ժամանակը։

ԽՈՐՀՈՒՐԴ ԽՈՐԻ՞Ն, ԹԵ՞ ՊԱՏՎԻՐԱՆ ՄՈՌԱՑՈՒՄԻ (պամֆլետ` գրված բաց ծովում)

Բայց և այնպես, ինչո՞ւ ներում շնորհվեց բավականին կոլորիտային «ակցիաներ» թույլ տված «իրավապահ» Սամվելին` Հովհաննիսյան։ Դե, եթե վերոնշյալ պարոնը ապաշխարել և կառուցողական անելիքներ ունի մեր քաղաքակրտյալ կյանքում, բնականաբար, խռովարար Շանթն ու նրա որդին պիտի ճաղերի հետևում պարփակվեն։ Այս կարգի հոգսերով են լի մեր օրն ու ժամը։ Եվ հենց այստեղ է, որ դավը կենակցում է ցավի հետ։ Ի դեպ, շան գլուխը այ թե որտեղ է թաքնված։ Շանթը և նման մյուս խենթերը դնչկալ չեն հագնում և «վտանգավոր» են պետության և հասարակության համար։ Սամվելն ու մյուս «հրեշտակապետերը» մշտապես պատրաստ են ծառայելու թե՛ պետությանը և թե՛ հակապետությանը, այսինքն` օրվա իշխանություններին։ (Անշուշտ, Սամվել Հովհաննիսյանի ազատ արձակմամբ պիտի որ ցնծա Երանոսյանը Լևոն, ի՜նչ սքանչելի երկխոսություն է ձևավորվում հանձինս նրանց։ Սակայն անվերապահորեն կտխրի արգո ոստիկանապետ Գասպարյանը, զի քաջ ծանոթ է «Կարապետ-Հայրապետի» հայկական պատմությանը)։ Լավ, բավ է, հոգով թնդուն գալիք խորհրդաժողովին եմ հղում սույն

ՅՈԹՆԱԳԻՐ ՈՒՂԵՐՁԸ. ԳԻՐ N1

Խորհրդաժողովի գերակա նպատակը ներկա խորհրդարանի լուծարումն է։ Գործընթացը, անկասկած, կուղեկցվի մականունակիրների բորբ մռլտոցով, սակայն այն անարյուն կհասնի յուր տրամաբանական վախճանին։

ԳԻՐ N2

Ապագա երեսփոխանի նկարագրային ձևաչափը սա է։ 1990-ի օգոստոսի 23-ից հետո (այսինքն, երբ ընթերցվեց Անկախության հռչակագիրը) նա պիտի երկու և ավելի անգամ կուսակցափոխության ենթարկված չլինի (վտանգավոր է երկրիս համար քաղաքական դավանափոխությունը), նաև չլինի խոշոր գործարար և քծնասպետ-մտավորական։ Հատկապես ահարկու է սրանց միջև կայացող դաշնագիրը, մեկը (օլիգարխը) երկիրն է կողոպտում, մյուսը (քծնասպետը) հիացած ծափ է զարկում։

ԳԻՐ N3 Սահմանադրությունը գալիս է ելման դիրք։ Այստեղ սահմանադրորեն արգելվում են թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական մենաշնորհները, արգելափակվում են աղանդավորների և ԼԳՏԲ-ականների գործողությունները, առհասարակ «խղճի ազատություն» ստոր դոկտրինը համարվում է պետականաքայքայիչ դրույթ։ (Երկրի գլխավոր օրենքը սահմանում է ՀՀ զարգացման և բարգավաճման երկամյա պլանը, ինչը ենթադրում է բազում ջրամբարների կառուցում, հայ տաղանդավոր մտքի արդյունքների կիրառում տնտեսության մեջ, հայ ազգային կերպարվեստի առաջատար նմուշների վաճառք միջազգային հեղինակավոր աճուրդներում և այլք)։

ԳԻՐ N4

Անհապաղ վերականգնվում են երկրի անհետացած ոսկու պաշարները։ Անվերապահորեն պետական մենաշնորհ են դառնում գազի, շաքարավազի և այլնի ներկրումները։ Միաժամանակ պետական մասնակցությամբ ձեռնարկության են վերափոխվում տոնավաճառներն ու շուկաները, երկաթուղին և Սևանա լիճը (յուրաքանչյուր ազատամարտի վետերան յուր անմիջական աշխատանքային-ծառայողական մասնակցությունն է ունենում վերոնշյալ ձեռնարկություններում):

ԳԻՐ N5

Երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհապաղ կյանքի են կոչվում Պարիս Հերունու «Արև» և Վահան Համազասպյանի հելիոֆիկացիոն նախագծերը։ (Որպես հետևանք էլեկտրաէներգիայի սակագինը եռակի նվազում է)։ Կատակը գրողի ծոցը, սակայն մենք կարող ենք նշանակալից շահել, չէ՞ որ աշխարհում ավարտվում է նավթա-գազային բռնակալությունը, տեղը զիջելով արևի էներգիայի, նաև ուղեղի էներգետիկ պաշարների գործածմանը։ Կարծես և՛ արևով, և՛ ուղեղով բավականին հարուստ ենք։

ԳԻՐ N6

Սահմանադրորեն իրագործվում է հետևյալը. բոլոր մենաշնորհատերերը, վերջիններիս համակցված անձինք, նմանապես քաղաքական վոժդիկներն ու հանրային քրմիկները, առավել ևս ՀՀ բոլոր բանկիրները և վարկային լուծը հանրապետության պարանոցից կախած բարձրավոլտ չինովնիկները երկու տարի ժամկետով ուղարկվում են ՀՀ հաշմված սահմանամերձ գյուղեր և սովալլուկ մարզկենտրոններ աշխատելու որպես հոտաղ և դռնապան, որպես բուժակ և այգեպան, նաև ջրվոր, հնձվոր, անասնաբույծ, քարտաշ-բանվոր և վերջապես մի պարզ ու շիտակ համավոր հարս։ (Գրողը տանի, երանավետ այս հուզմունքից հանկարծ անցա չափածոյի)։

ԳԻՐ N7

Սահմանադրությամբ երկրի նախագահ, վարչապետ և կառավարության անդամ կարող են հանդիսանալ միայն կուսակցական պատկանելություն և սեփական բիզնես չունեցող անձինք։ Ամեն։

ԵՎ ԼՃԵՐԸ ՄԵՐ ԿԲԱՐՁՐԱՆԱՆ ԴԵՊԻ ԼՅԱՌՆ ՄԱՍԻՍ (ստեղծարար աշխատանք նավահանգստում)

Ի՜նչ իմաստուն են մեր երկրի պետական այրերը։ (Նրանց իմաստությունը փորձաքար է, որը 1991-ից դրվել է յուրաքանչյուրիս դռան շեմին)։ Ահա նրանց իմաստության քարկտիկները.

. Երկրի բնակչության ճնշող մասն ապրում-գոյատևում է ակամա արտագաղթյալ մերձավորների նվիրաբերած գումարներով։

. Պետական պարտքն անշեղորեն աճում է, զուգահեռվելով երկրի տնտեսական երկնիշ աճի քառատրոփ տեմպին։

. Պետայրերն ու քաղաքական «այրուձին» օր օրի ծանրացնում են իրենց զավակներին մեղքերի բեռով։ Բայց միևնույն է, 2015-ին մեր լճերը պիտի լեռը բարձրանան։ Ամե՜ն։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2418

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ