(անդրադարձ Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑԻ՝ «Հայաստանը վերածվում է «երկու գենսեկների» երկրի. մեկը «թագավորում» է Բաղրամյան 26-ում, մյուսը՝ Կանյաչնիում» հրապարակմանը)
Հարգելի Սուրեն, ես չեմ ժխտում, որ Դուք հաճախ հետաքրքիր ու սուր մեկնաբանություններ եք անում: Սակայն հաճախ էլ Ձեր հայտարարությունների որակական չափանիշնեն իջնում են ցած` կանգնելով նշաձողիկի մի ինչ-որ ստորին գծիկի վրա: ՈՒշադիր կարդացի Ձեր հրապարակումը՝ «Հայաստանը վերածվում է «երկու գենսեկների» երկրի. մեկը «թագավորում» է Բաղրամյան 26-ում, մյուսը՝ Կանյաչնիում»: Հոդվածը հետաքրքիր է և շոշափոմ է շատ կարևոր հարց: Բայց երբեք չեմ կարող համաձայնվել ձեր մի քանի մտքերի հետ:
Ինչպե՞ս կարելի է հայտարարել, որ.
1. «իշխանության միջանցքներից պետք է հեռացվեր վարչապետ Հրանտ Բագրատյանը, ում անունն արդարացիորեն ասոցացվում է 90-ականների բարեփոխումների հետ»: Դուք կարո՞ղ եք նշել այդ բարեփոխումները, ո՞րն էին դրանք` թալա՞նը, դժոխային մո՞ւթը, սպանություննե՞րը, սո՞վը…
2. «Հայաստանը վերածվում է «երկու գենսեկների» երկրի, որոնցից մեկը «թագավորում» է Բաղրամյան 26-ում, մյուսը՝ Կանյաչնիում»: Ինչպե՞ս կարելի է այս երկու վայրերի միջև հավասարության նշան դնել: Մի դեպքում ընտրված նախագահ, մյուս դեպքում` հրաշքով հարստացած օլիգարխ: Դա առնվազն քաղաքական թեթևամտություն կարելի է համարել:
3 «Ողբերգությունն այն է, որ վերածնվում է սովետական կառավարման արտաքին՝ նյութապաշտական, ստրուկտուրալ ձևը՝ առանց որևէ արժեհամակարգի, գաղափարախոսության, մոտիվի, նպատակի»:
Այս խճճված նախադասությունն անհասկանալի է իր բովանդակությամբ. Ի՞նչ է նշանակում «սովետական կառավարման արտաքին՝ նյութապաշտական, ստրուկտուրալ ձևը՝ առանց որևէ արժեհամակարգի, գաղափարախոսության, մոտիվի, նպատակի»: Մի՞թե սովետական համակարգն առանց արժեհամակարգի էր, առանց գաղափարախոսության ու առանց նպատակի: Այսպիսի անհեթեթությունները նսեմացնում են հոդվածի իմաստն ու նպատակը:
Սոս ՄՈՎՍԻՍՅԱՆ