Մեր ցավը մեկ ու երկուս չէ։ ՈՒ արդեն տեսնում ենք նրանց, ովքեր պարզապես կուլ են տալիս երկիրն ու ժողովրդին։ Փրկվել է հարկավոր։ Պիտի խոնարհվենք հայի անունը բարձր պահած բոլոր զոհերի առջև և նույն պահին հիշեցնենք թալանչիներին, գողերին, որ ժամանակն է դարձի գալու, այլապես չեք արժանանա Աստծու ողորմությանը։ Դառնամ ողորմի չտամ... Կարողանանք «չտամ» բառից ջնջել «չ» ժխտականը։
«Դառնամ ու չտամ ողորմի», ՀՐԱՉՕ
ՀՐԱՊԱՐԱԿԸ ԿԱՆԳՈՒՆ Է, ՀԱՐԹԱԿԸ` ՈԳԵՇՈՒՆՉ
(խաղաղ կառամատույցներում)
Քաղաքական տրագիֆարսը պահանջարկը կորցրած լիրբ կնոջ պես հավաքում է անամոթ փեշերը։ Եվ հրապարակը դառնում է ելման կետ, դառնալով համապետական-համաժողովրդական իղձերի կենսագործման կենտրոն։ Առայժմ (հուսամ նաև հավետ) հարթակից հնչած հրովարտակները չէին դրության տերը, հրապարակը քաջ գիտեր յուր անելիքը, այսօր չէ, վաղը հրապարակը կզտի, հարթակ կբարձրացնի իր իրական առաջնորդներին։ Առայժմ եռյակն է դրության տերը, և մաղթենք նրանց արժանի լինել իրենց իսկ խոստումներին և, անշուշտ, հրապարակի ազդականչերին, որոնք, հիշո՞ւմ եք, մագաղաթյա հուշեր են արթնացնում 1965 և 1988 թվականների մասին։ Սակայն, դարձյալ և վերստին, նմանապես ու կրկին ձեռնպահ է մտավոր դասը, հանրահավաքում մի քանի նկարչի, գիտնականի և գրողի հանդիպեցի։ Լավ, ինչու է մտքի մարդը այսքան (ներող եղեք, օտարաշունչ, սակայն այս պահին խիստ հայաշունչ բառիս համար) ռաֆինացված։ Չէ՞ որ հենց նրա ուսերին է ծանրացել անկախության առկախման հիմնական բեռը (լուծը ասելն այստեղ ավելի տեղին կլիներ)։ Բայց չէ՞ որ իշխանափոխությունը հեռավոր սարերի հետևում չի պատսպարվել, այլ հանգրվանել է Արագածի թիկունքում։ Ասել, կրկնում ու երրորդում եմ, հենց օրվա իշխանություններն են իշխանափոխության հիմնական սադրիչները, զի պետականությունը վաղուց է կորցրել իր հյուսիսն ու հարավը, երկիրն էլ վաղուց դարձել է խանություն, բյուզանդական, արաբական, պարսկական և սելջուկա-օսմանյան ավանդույթներով։ Ամենայն հավանականությամբ, հանրապետականներին մահու աստիճանի ձանձրացրել է միանձնյա կառավարում-վայելումը և նրանք կամենում են թարմացնել համակարգված իշխանավայելչանքից բթացած իրենց զգացողությունները և փորձում են դառնալ ընդդիմություն։ Այսպիսով, հնարավոր է այս ելքը. հրապարակը հզորացնում է ճնշումը (ի դեպ, հոկտեմբերի 24-ին այն ավելի մարդաշատ էր, առավել սթափ), եռյակը գալիս է իշխանության, Ծառուկյանը վարչապետ է, Տեր-Պետրոսյանը` Օվալաձևի տիրակալը (հասկանալի է, լուծարվում է նախագահի ինստիտուտը), ՀՀԿ-ն վերադառնում է ի շրջանս յուր, արմատական ընդդիմության առաջատարի դիրքը, որպիսին էր 1990-1994 թվականներին (ասածս ահազանգ է ՀՅԴ-ի և ՕԵԿ-ի համար, կողմնորոշվեք, արգո տիարք, զի երրորդ տարբերակը բացառյալ է, դուք կամ եռյակի հետ պիտի քայլարշավեք, կամ պիտի համալրեք ՀՀԿ-ի շուրջը ձևավորվող արմատական ընդդիմության կուռ և արհեստավարժ շարքերը)։ Շարակարգեցի վերոնշյալը և հիացմունքից համրացա, զի ի՜նչ հոյասքանչ կլինի 4-րդ հանրապետության քաղաքական համայնապատկերը, ի՜նչ ոսկեբերան և արծաթաշունչ հռետորներ կիջնեն ասպարեզ։ Ահա թեկուզ արգո Շարմազանովը, որն առաջին հայտն է ներկայացնում, ելնելով ընդդիմադիր-պերճախոսության նախավարժանքի. «Գիտեի, որ Պետրոսյան անունով հումորիստ կա, բայց բացահայտեցի, որ Տեր-Պետրոսյան ազգանունով հումորիստ էլ ունենք»։ Նրա ավագ քաղընկեր, փորձառյալ ընդդիմադիր-այլախոհ Ռազմիկ Զոհրաբյանն էլ մինչ դա թնդացրեց երկիր ու երկինք. «Հանրապետականը վերարտադրվել և վերարտադրվելու է», այսինքն` վերարտադրվելու է որպես արմատական ընդդիմությո՞ւն։ Եթե այո, ապա կեցցեք։
Սակայն բավ է, ճշգրտենք մեր տեղն ու դիրքը գալիք մարտերում, հարգարժան մտավորականներ։ Առավել ևս, որ իշխանա-ընդդիմական գումարելիների տեղերը իսկապես կարող են փոխվել։ Ահավասիկ սթափ քաղգործիչ, ԱԺ-ում «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի եզրահանգումը. «Ոչ մի տեղ գրված չէ, որ «Հանրապետականը» հավերժ պետք է լինի իշխանություն»։
Չեմ թաքցնում, խիստ հարգում եմ լրջախոհ քաղգործիչներին, այս պարագայում վեհանձն Վահրամին, և մաղթում եմ, որ նրանից օրինակ վերցնեն նրանք, ովքեր իշխանությունը համարում են սեփական ստամոքսի սնուցիչը։
ԼՈՒՍԱՆՑՔԻՑ ԴԵՊԻ ՀԱՐԹԱԿ
(փոթորկուն ծովածոցեր)
Լուսանցքի գործիչներին եռանդուն դատափետում են, ըստ իս` անտեղի։ Կարդացեք Վահրամ Մարտիրոսյանի հրապարակագրությունը, մի՞թե այնտեղ մարգինալություն-լուսանցքայնություն է առկա։ Նաև մի վարանեք և ընթերցեք արծվահայաց Պեպանյանին Արծրուն, չեք փոշմանի, հավատացնում եմ, զի նա էլ մեր օրն ու ժամանակը տեսնում է հայոց կրքերի լիցքաթափման հանգույցներում, օրվա, տարվա, ժամանակի հոգսը, ցավը, նրա տողերում էլ են ափեափ զարկվում։ Միայն թե ինչո՞ւ նրանք հրապարակի հարթակում չեն։ Ավագ սերնդի պատվելի գրչընկերս` Հրաչօն, կիսատ է թողնում իր հերթական համով-հոտով-խորքով պատմվածքը, հրապարակագրի մտրակն է ձեռքն առնում արդեն քանիերորդ անգամ։ Առանձին վերապահումներով հանդերձ, «Սարդարապատ» շարժումը հրովարտակում է երկրի շենացման խնդիրները։ Սակայն այսօր կուսական ամոթխածությամբ նրանք խուսափում են հանրահավաք կազմակերպելուց։ Է, ետքը՞։
Առաքինի և ծանրակշիռ քաղգործիչների պակա՞ս ունենք։ Հարկա՛վ։ Բայց չէ՞ որ կա՛ Աշոտը Մանուչարյան, կա՛ Արամը Կարապետյան, էլի կան, նմանապես ինչո՞ւ նրանք էլ ցայսօր վարանում են հրապարակից և հանրահավաքներից։ Զո՛ւր։ Զի բնավ էական չէ, թե քանի հարյուր քաղաքացի կհավաքվի նրանց կոչին ընդառաջ (այսօր հարյուր, վաղը հազար, մեկել օրն էլ` բյուր), կարևորը նրանց խոսքն է, ասելիքը, նրանց կոչն ու անելիքը։ Հակառակ պարագայում դարձյալ ու վերստին, կրկին և նորեն շնալող կտանք հուսալքության ճահիճներում։ Բարի, ըստ իմ պատվելի ընթերցողաց, ինչո՞ւ եմ ինքս հանրահավաքի ներկայանում, զի հրապարակումներս գրեթե առ ոչինչ են, և ես իմ հերթին վերցնում եմ իշխանության նետած ձեռնոցը։ Տեսնենք` ո՞վ, ո՞ւմ, ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ։
«Եթե իշխանությունն անտեսի կամ մերժի մեր արդարացի պահանջները, մենք կպահանջենք իշխանափոխություն», այսպես խոսեց Զրադաշտը, հազար ու մի ներողություն, արգո Գագոն։ Խոսեց անվերապահորեն, ՀՀ բնակչության 92,7 տոկոսի հոգուց, սակայն հրապարակում է բնակչության ընդամենը 2,7 տոկոսը։ Ինչո՞ւ։ Եվ մի՞թե հրապարակն ու հարթակը հանձնելով եռյակի դատին` վաղը դարձյալ անպտուղ պահանջատեր և անհույս բողոքավոր չենք դառնալու, զի կպարզվի հանկարծ, որ եռյակը շեղվել է մեր ցանկությունների իրական կենսագործումից և ինչ-որ անհասկանալի գործեր է ձեռնարկում։ ՈՒ վրա կտանք, էն էլ ի՜նչ ավյուն-ախորժակով, զի «սրանք նրանցից» ավելի վատն են, քանզի մենք առաջվա պես տկլոր-չլուտ ենք և քաղցած-անոթի։
Բարի ծառը չար պտուղներ սովորաբար չի պարգևում յուր քրտնատանջ այգեպանին։ Մենք արդյո՞ք բարեպաշտ այգեպաններ ենք։ Վախենամ, որ ոչ։ 1965... երևելի տարեթիվ։ Անցավ քառորդ դարից էլ պակաս ժամանակ և բռնկվեց 1988-ի զարթոնքը։ 1965-ի առաջամարտիկների երիտասարդ սերունդն էր 1988-ի զարթոնքի հենքում, երկրի կառուցման կենարար հանգույցներում։ Ի՜նչ վարդագույն երազանքներով էինք սպասում Ազգային միացյալ կուսակցության, հռչակավոր ԱՄԿ-ի ժառանգորդ ՀՀԿ-ի իշխանության գալուն, վասն երկրաշինության և հանուն անկախականների գաղութային երազանքների կենսագործման ազատ-անկախ-միացյալ Հայաստանում։ Ինչե՜ր էին երազում Պերմի դաժան ու ցուրտ կալանավայրերում գրեթե պատանի, սակայն լիովին այլախոհ-հերոս Հայրիկյանը Պարույր, Նավասարդյանը Աշոտ, Զոհրաբյանը Ռազմիկ, Արշակյանը Ազատ և այլք։ Նրանք վերջապես եկան իշխանության։ Ինչի արդյունքում էլ բարբառում եմ բաղաձայն` երիցս ո՛չ կեցցե անազատ, առկախ, պառակտված Հայաստանը։ Դառնամ ողորմի չտամ։
ՍՏՈՐԱՑՄԱՆ ՆԵՆԳԱԲՈՒՅՐԸ
(նավաբեկություն նավահանգստում)
Եռաբլուր-հուշաբլրի առաջին բլրից մի հատված է հոշոտվել։ Անշուշտ, հոշոտման «ազգապետականափրկիչ» գործընթացը նոր-նոր է թափ առնում, զի ախորժակը ուտելիս է բացվում, և Եռաբլուրը չափազանց շահեկան է առևտրաշահ ոտնձգությունների համար։ Դեպի Եռաբլուր տանող փողոցի վրա վաղուց է դրության տերը «Երևան սիթի» վաճառատունը։ Նրան հաջորդում է համապետական օլիգարխ (ըստ նրա` քաղաքական պարզասիրտ մի գործիչ) Ալեքսանյան Ս. Լ.-ի «Նատալի ֆարմ» դեղատունը։ Եռաբլուրի առաջին բլուրի փեշը վեր է նետել նորահայտ մի հսկա շինություն` ավտոմեքենաների ու դրանց պահեստամասերի վաճառասրահ, սա է հուշում վաճառատան անվանումը` «Պրեստիժ մոթորս»։ Վաճառասրահը բուռն շինարարական աշխատանքների մեջ է, սակայն հյուրընկալորեն բացել է դռները դրա անկյունը, որի առջև օրնիբուն բազմամարդ հերթեր են, անապահով խավն այստեղ անվճար լավաշ է ձեռք բերում, ներկայացնելով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ հանդիսանալու հավաստագիրը, այսինքն` ՀՀ անձնագիրը։ Կեցցե՛ք, տիարք և տիկնայք, այս ամենը լռելյայն հանդուրժող նորահայոց մտավորականներ, իշխանավորներ, կառավարողներ, իշխանահնազանդներ և կառավարողների կամքին համընթաց շորորավարգողներ: Կեցցե՛ք, զի բարեգործական ճաշարաններն ու անվճար լավաշն այսօր, վաղն էլ երկրի բնակչությանը նվիրաբերվող ձրի շաքարաքլորն ու քոսապատ հողաթափերը կդառնան մեր զարգացման և կայունացման առհավատչյաները։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Անձամբ, ցավոք, չեմ ճանաչում տիար Ալեքսանյանին Լեռնիկ։ Սակայն միշտ էլ բարձր եմ գնահատել այս այրի ուղղամտությունը և ահավասիկ նրա եզրահանգումն առ այն, որ իշխանափոխության պարագայում հանրապետականների կեսը կբարգավաճի։ Սա է դարի ցավը և հենց սրանից, այսինքն` ավանդական առնետավազքից, պիտի խուսափել։ Ամեն։