38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հարցեր ՀՀ վարչապետին (մաս 3-րդ)

Հարցեր ՀՀ վարչապետին (մաս 3-րդ)
23.09.2014 | 00:08

(սկիզբը և նախորդ մասը)

Համակարգային և կառուցվածքային փոփոխությունների անհրաժեշտություն


Միայն կայուն աշխատանքն է, որ հնարավորություն կտա ՀՀ քաղաքացիներին լիովին իրացնելու իրենց սոցիալական իրավունքներն ու երաշխիքները: Եթե կառավարություններն ընդունակ չեն աշխատատեղ ստեղծելու, բարձրացնելով բնակչության կենսամակարդակը, ապա պետք է ոչ թե կենսաթոշակային պարտադիր մուծումների օրենք ներկայացնեն, այլ հրաժարական տան: Իրավիճակը բարելավելու համար նախկին կառավարությունը նախատեսում էր 100 հազ. նոր աշխատատեղ ստեղծել (չաշխատող աշխատունակ տարիքի բնակչության մոտ 10 %-ի համար), ինչը, ինչպես նաև երկրորդ նախագահի 50 հազ. աշխատատեղ ստեղծելու ծրագիրը, չիրականացվեց: Չնայած նախորդ կառավարության ծրագիրը բավական հավակնոտ էր, այնուամենայնիվ մոտ 300 հազ. մարդ արտագաղթեց երկրից ծանր սոցիալ-տնտեսական կացության պատճառով, և կտրուկ աճեց աղքատությունը: Համաձայն ՌԴ միգրացիոն դաշնային ծառայության՝ 2013 թ. հոկտեմբերի դրությամբ այնտեղ բնակվում է արդեն մոտ 503 հազ. Հայաստանի քաղաքացի, որոնցից 51,2 հազարը՝ երեխա: Վերջին երեք ուսումնական տարում ավելի քան 15,3 հազ. աշակերտ է լքել հանրապետությունը: Որոշ կանխատեսումներով՝ ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական կացության, գործազրկության աճող տեմպերի, շարունակական բնույթ կրող արտագաղթի և սոցիալական անարդարության խորացման գործընթացների շարունակության դեպքում բնակչությունը մինչև 2025 թ. կկրճատվի 1,5, իսկ մինչև 2050 թ.՝ 2 միլիոնով: Արդյո՞ք դրանք կառավարության կազմած ծրագրերի մասնագիտական ցածր որակի ու նրանց ազդեցության սխալ հաշվարկների հետևանք չեն: Մասնակցելով տարբեր բիզնես ֆորումների` համարյա չեմ հանդիպել կառավարման մարմինների կողմից մասնագիտական բարձր մակարդակով մշակված տնտեսական ծրագրերի, որոնց մեջ ներդրումների իրականացման առավելություններն ու գրավչությունը ակնհայտ պարզ լինեն տարբեր երկրների ներդրողներին: Սխալ ծրագրման պատճառով գրանցվել են նաև նոր բնապահպանական խնդիրներ Սևանի և հանքային արդյունաբերության ոլորտներում:
Այսպիսի պայմաններում գլխավոր նպատակը պետք է տնտեսական զարգացման համակարգային ու կառուցվածքային փոփոխությունների ճիշտ ախտորոշումը դառնա, ինչը նաև քաղաքական հիմնախնդիրների լուծման հիմք կծառայի: Ինչպես նշված է նոր կառավարության ծրագրում, հասարակության զարգացման հիմնարար գործոններից մեկն արդյունավետ ինստիտուտների, դրանց քաղաքական, տնտեսական, սոցիալական հարաբերությունները կարգավորող կայուն համակարգի առկայությունն է: Կատարված վերլուծության հիմքով կարելի է եզրակացնել, որ մենք պետական կառավարման մասնագիտական ու կենսունակ ծրագրային գործողությունների առումով մեծ խնդիրներ ունենք, ինչը հետևանք է նաև նախկինում կատարված արտադրական ենթակառուցվածքների սխալ փոփոխությունների («Իրատես de facto», 2014), ինչը հանգեցրել է պետություն-մասնավոր հարաբերություններում թիրախների և գործիքների սխալ ընտրության: Այն չի ապահովում ՓՄՁ-ների տեսակարար կշռի էական բարձրացում, ՀՀ քաղաքացիներին՝ ձեռնարկատիրությամբ զբաղվելու և կենսամակարդակը բարձրացնելու հնարավորություններ: Ինչո՞ւ հայերի բարձր բիզնես-հմտությունները հիմնականում իրագործվում են այլ երկրներում: Պարզ է, որ այնտեղ ստեղծված է ձեռնարկատիրական գործունեությանը նպաստող ժամանակակից համակարգ («Հայաստանի Հանրապետություն» 1992, 1993, «Деловой экспресс», 2002, 2003, «Իրատես de facto», 2014, «Ազգ», 2014): Այսինքն, երկրի կայուն տնտեսական զարգացման հիմնական խոչընդոտներից է սխալ ծրագրային մոտեցումների պատճառով նախկին խորհրդային ձեռքբերումները չպահպանելն ու չզարգացնելը (մեր արտադրանքն արտահանվում էր ավելի քան 150 երկրներ, և առկա էր հումքի միլիարդավոր դոլարների պետպահուստ), բացի այդ, կառավարությունները չեն կառուցել մասնավոր ինքնազարգացող տնտեսական համակարգ, դիտավորությամբ իրենց ձեռքում, ենթաինստիտուտներում գերկենտրոնացրել են բոլոր ռեսուրսները՝ գործակալական, սպասարկման կամ փորձագիտական ծառայությունները և այլ: Արդյունքում ազգային էկոնոմիկայի ներուժը չի համապատասխանում միջազգային ինովացիոն զարգացման մոդելներին, և արդյունաբերությունը չի հաջողվում դիվերսիֆիկացնել, ինչը վտանգում է մեր պետականությունը, մղում տնտեսության լճացման: Հետևաբար, պետական կառավարման մարմինները իրենց ոչ բնութագրական գործառույթները պետք է փոխանցեն մասնավոր ինստիտուտներին, որոնք միշտ տնտեսական և այլ պատասխանատվություն են կրում իրենց սխալների ու չարաշահումների համար: Մասնավոր ՓՄՁ-ների հիմնադրումը շատ կարևոր է, քանի որ դրանց միջոցով հնարավոր է գույքագրել ներդրումների հնարավորությունները ողջ երկրում, այնինչ նոր ծրագրում ինովացիոն քաղաքականության ոլորտում այդպիսի աջակցություն է նախատեսված միայն կառավարությունից կախյալ պետական կազմակերպությունների նախագծերի համար: Իմ հիշողության մեջ ինովացիոն համակարգի կայացման ճիշտ շեշտադրում դրված էր մասնավոր ենթակառուցվաքների կայացման համար միայն ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարար Կ. Ճշմարիտյանի օրոք ընդունված որոշման մեջ: Սակայն այն չիրականացվեց. հաջորդ նախարար Ա. Երիցյանը վարչապետի հետ հանդիպմանը հայտարարեց, որ կառավարության այդ ոլորտի ծրագրերը փուչիկներ են, և սկսեց իրականացնել պետական ռեսուրսներով վերը նշված խնդրահարույց ծրագրերը, որոնց արդյունավետությունը մոտավորապես հավասար է իր իսկ մշակած կենսազուգարանների ծրագրին: Արդյունքում տապալեց ինովացիոն գործունեության խթանման ու նախաձեռնությունների առաջմղման ինստիտուցիոնալ հիմքերի և ենթակառուցվածքի զարգացումը, որը, սակայն, բոլոր երկրներում կառավարության թիվ մեկ գործառույթն է: Նոր կառավարության ծրագրում կա նաև անհաջող այլ գաղափար՝ աջակցություն առևտրային գործընկեր երկրներում հայկական առևտրային տների ստեղծմանը, ինչը պարադոքսալ է հնչում ՏՏ ոլորտի դարում, քանզի մարկետինգային գործիքներով առևտրի առաջմղման հարցերով ընդհանրապես զբաղվում են դեսպանատների առևտրային ներկայացուցիչները, Հայկական զարգացման գործակալությունը, Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատը և այլ կառույցներ:
Ավելին, ի տարբերություն տնտեսության տխուր պարտքերի, կառավարման համակարգը արագ աճում է: Առաջին քաղաքական կոալիցիայի օրոք մոտ 50 %-ով ավելացան կառավարող աշխատակազմերը, հետագայում այդպիսի կոալիցիաների անդամների քանակը կտրուկ նվազեց, սակայն ընդհանրապես չի կատարվել հաստիքների կրճատում: Բյուջետային հաստիքների բազմացման գործիք դարձավ կառավարության հիմնադրամների քանակի արագ աճը: Այդ կառույցներում ֆինանսական ներդրումները կատարվում են բյուջեից և որոշ դեպքերում աջակցող միջազգային կառույցներից, իսկ խորհրդի նախագահը նախարարն է կամ նրա տեղակալը: Այսպես, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների հիմնադրամի գործունեության արդյունքում մշակում են խնդրահարույց ծրագիր՝ ավելի վտանգող հանրության բարեկեցությունը և չհամապատասխանող ՀՀ պետական անվտանգության մի շարք դրույթներին («Ազգ», 1.08.2014): 2013 թ. այդ հիմնադրամի աշխատակազմի աշխատավարձի ծախսերը կազմել են 59,3 մլն դրամ (գործադիր ղեկավարի աշխատավարձը՝ 11,4 մլն դրամ), իսկ օգտագործված միջոցները՝ 348,5 մլն դրամ: Գործում է Հայաստանի մրցունակության հիմնադրամը. աշխատակազմում 12 անձ է, տնօրենի աշխատավարձի ծախսերը՝ 3,5 մլն դրամ, 2013 թ. հիմնադրամի ընդհանուր ծախսերը կազմել են 694 մլն դրամ: 2012 թ. ստեղծվել էր Արդյունաբերության հիմնադրամ. աշխատակազմում 23 անձ է, մի տնօրենի աշխատավարձը՝ 8 մլն դրամ, մյուսինը՝ 1,2 մլն դրամ, և 2013 թ. աշխատավարձի ընդհանուր գումարը կազմել է 86,9 մլն դրամ, օգտագործված միջոցները՝ 319,6 մլն դրամ: Տեղին է հիշեցնել կառավարությանը, որ կառավարման համակարգի հիմնական աշխատանքային լիազորություն է հանդիսանում ձեռնարկատիրության զարգացման համար անհրաժեշտ օրենսդրական և կարգավարող հիմքեր կառուցելը, իսկ ցանկացած զարգացած երկրի համար պետական տնտեսական զարգացման հիմնադրամների հիմնական խնդիրը նախագծերի բաց մրցույթ հայտարարելն է և անկախ փորձագետների եզրակացությունների հիման վրա հաղթող մրցունակ ծրագրային առաջարկներ ընտրելն ու կազմած ծրագիրը գնահատելը, ինչը արդյունավետ չի կատարվում: Նոր կառավարության ծրագրում, ի լրումն մյուսների, նախատեսված է ստեղծել Համահայկական ներդրումային հիմնադրամ, այն դեպքում, երբ 2002-ից գործում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամը: Իրավիճակային և կառավարության հիմնադրամների աշխատակազմերի ծախսերի կրճատման պահանջները թելադրում են տնտեսական զարգացման ոլորտի հիմնադրամների կենտրոնացում՝ նոր միացյալ Հայաստանի մասնավոր ձեռնարկատիրության զարգացման հիմնադրամում, ինչը պետք է ուղեկցվի նախարարություններին կից այլ հիմնադրամների լուծարումով: Այս կերպ կստեղծվի մասնավոր ինքնազարգացող տնտեսական համակարգ, որը միջոցները կուղղի հիմնականում դեպի սպասարկող և արտադրող ՓՄՁ-ները, որոնք կարող են երկիրը առկա համակողմանի ճգնաժամից դուրս բերելու գործողություններն առավել արդյունավետ իրականացնել: Վստահության բարձրացման համար նրա կառավարման գործընթացներին պետք է մասնակցի ոչ միայն Հանրային խորհուրդը, այլև շահառու այլ հասարակական կազմակերպություններ և միություններ, կիրառելով ԱՄՆ-ի «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի փորձը:

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՐՑԱԴՐՈՒՄՆԵՐ


Ինտենսիվ տնտեսական աճը հիմնվում է արտադրության և մարդկային գործոններն առավել արդյունավետ և կատարելագործված եղանակով օգտագործելու վրա: Իրատեսական է, որ երեք տարում հնարավոր չի լինի ապահովել բարձր տնտեսական աճ և զարգացում, ուղղել նախկինում կատարված բոլոր սխալները, բայց այդ ժամանակահատվածում հնարավոր է համակարգային բեկումային փոփոխություններ կատարել: Ներկա վերլուծության հիմքով դիմում եմ ՀՀ մեծարգո վարչապետ Հ. Աբրահամյանին հետևյալ հարցադրումներով և խնդրում եմ հանրության վստահության ամրապնդման համար հստակեցնել նրա դիրքորոշումներն ու հրապարակավ պատասխանել հետևյալ հարցերին.
-ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը հայտնել է, որ պետք է օգտագործել յուրաքանչյուրի տաղանդը և կարողությունները ի շահ հայրենիքի: Ի՞նչ գործիքներ եք նախատեսում ներդնել տնտեսական զարգացման քաղաքականության հիմնական ուղղություններով, որ կառավարման մարմիններն իրենց ոչ բնութագրական գործառույթները (գործակալական, սպասարկման, այդ թվում՝ զարգացման ծրագրային մոտեցումներ և այլ մասնագիտական ծառայություններ) փոխանցեն տեղական մասնավոր ինստիտուտներին՝ բարձրացնելով վերջիններիս դերակատարումը, ինչը կնպաստի խոստացված գիտելիքահենք տնտեսության միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող հայկական մասնավոր տնտեսության շարժիչ ուժ հանդիսացող ՓՄՁ-ի կայացմանը, հետևաբար և տնտեսության դիվերսիֆիկացմանը:
-Նախորդ կառավարության հետ փորձագիտական աշխատանքներում տեղական գիտական կենտրոնների մասնակցության մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որը, սակայն, խախտվում էր («Ազգ», 1.08.2014): Ի՞նչ մոտեցումներ եք ձեռնարկելու, որպեսզի ծրագրերի հիմնական կատարողները դառնան հայրենական կենտրոնները:
-Բյուջետային համակարգի գլխավոր խնդիրներից է ծախսային քաղաքականության արդյունավետ իրագործումը: Ակնհայտ է կառավարության լծակների ծախսերի կրճատման անհրաժեշտությունը: Մեծ շռայլություն չէ՞ մեր փոքր երկրում այսքան նախարարություն ունենալը, երբ նպատակահարմար է մեկ՝ ՀՀ արդյունաբերության նախարարությունում միավորել ՀՀ էկոնոմիկայի, գյուղատնտեսության և էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությունները և զարգացման գործակալությունը՝ կրճատելով կադրերի քանակն ու ծախսերը ու մղելով նրանց ՓՄՁ դաշտ: Նպատակահարմար չէ՞ Հայաստանի մասնավոր ձեռնարկատիրության զարգացման մեկ հիմնադրամ ունենալը՝ լուծարելով նախարարություններին կից գործող կառավարության բազմակի հիմնադրամները:
-Նախորդ կառավարությունը լուրջ աշխատանքներ էր կատարել ներդրումների ներգրավման, բարենպաստ գործարար միջավայրի ձևավորման հարցում: Սակայն վերլուծությունը ցույց տվեց, որ արտաքին ուղղակի ներդրումների նվազման հիմնական պատճառներից է դատական համակարգը, և առանց այդ հարցի լուծման անիրատեսական է արտադրության ոլորտում արտաքին, այդ թվում՝ համահայկական, ինչպես նաև տեղական ներդրումների մասին խոսելը («Իրատես de facto», 2014): Համաձայն մարդու իրավունքների պաշտպանի, Հանրային խորհրդի, փաստաբանների պալատի իրավաբանների, իրավապաշտպան-հասարակական կազմակերպությունների, միջազգային կազմակերպությունների և զարգացած երկրների ղեկավարության գնահատականների՝ ՀՀ դատական ոլորտում առկա է անառողջ մթնոլորտ: Նախորդ կառավարության մարմինները իրավիճակը կարգավորելու վճռորոշ քայլերի չէին դիմել և փաստացի չեն կատարել ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի հրահանգները՝ օժանդակելով Վճռաբեկ դատարանի նախագահի և Քաղաքացիական պալատի դատավորների կողմից Սահմանադրության և այլ օրենքների խախտումներին: Դուք կրկնում եք, որ շուտով բոլորն օրենքի առաջ հավասար են լինելու. արդյո՞ք այն չպետք է վերաբերի նաև դատական համակարգին: Արդյո՞ք նոր կառավարությունը պատրաստ է սեփականության անձեռմխելիության սկզբունքի պահպանման ոլորտում դատական համակարգի որոշումների մոնիթորինգ անցկացնելու, գործուն աջակցություն հատկացնելու քաղաքացիների բողոքներին՝ նախաքննություն կատարելով համաձայն «Քրեական դատավարության» ՀՀ օրենսգրքի հոդված 190 կետ 6-ի պահանջների և ՀՀ նախագահին զեկուցելով դատավորների որոշումներում և վարքագծում հայտնաբերված ակնհայտ խախտումների մասին, ինչը կբերի այդ համակարգի առողջացմանը:
-ՀՀ կառավարությունն ունի նաև ներքին վերահսկողության օղակներ, բայց հանրությունը քիչ է տեղեկացված նրանց բացահայտումների մասին, այդ թվում՝ պետական բյուջեի անարդյունավետ ծախսման ու փոշիացման հանգամանքներով: Ի՞նչ համարժեք գործնական քայլեր եք նախատեսում այդ ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, անպատասխանատվության մթնոլորտի վերացման և չարաշահումների ռիսկերը նվազեցնելու համար:

Արմեն ԱՎԱԳՅԱՆ

Հ.Գ.-Հղումներ Ա. Ավագյանի` թերթերում հրապարակված հիմնական հոդվածների՝

Առավոտ, 2001, 150 (1557), 157 (1564), 181 (1588); Новое время, 799, 1.12.2001; Деловой экспресс, 2002, 13 (517), 2003, 36 (540); Голос Армении, 2005, 40 (19270), 52 (919282), 2006, 68 (19438); Իրավունք, 2008, 84 (1584), 86 (1587), 21(1588); Ազգ, 18.07.2014; հարցազրույցների՝ Հայաստանի հանրապետություն, 230 (575), 21.11.1992, 113 (717), 9.06.1993; Իրատես de facto, 06.05.2014, Ազգ, 23.05.2014:

Դիտվել է՝ 4631

Մեկնաբանություններ