Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

ՈՒխտագնացությունը ավերակների վրա արցունք թափելը չէ

ՈՒխտագնացությունը ավերակների վրա արցունք թափելը չէ
13.05.2014 | 12:02

Եթե ինծի հարցվեր, թե ի՞նչ հատկանիշներ հայերը կը զանազանեն միւս արևելքցիներեն, պիտի պնդեի, թե անոնք ունին հատկություն մը որ ժողովրդական բարբառով` անվախություն կը կոչվի:
ԼԻՆՉ


Անվախություն նաև պատասխանատվություն կրելու իմաստով և նշանակությամբ` առ ազգային անցյալն ունեցած, որը տևական ժամանակ է, ինչ պարզմիտ մանկան պես երես է թեքել մեզնից` իր ճշմարիտ, սրտահույզ խոսքը չլսել տալու մեր անհոգության պատճառով: Իր խոսքը ընդերքից է բխում, մեզ համար տակավին,- եթե կուզեք,- ամոթահարույց, անծանոթ, մեր` արյան կանչից օտարվածությունը շեշտադրող…
ԼԱՐԻՍԱ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ այն սակավաթիվ հրապարակագիրներից է, ովքեր զգայունակ ու ականջալուր են այդ անկորնչելի կանչի ամեն մի թրթիռի, հոգեպրկման` երևութապես ու հոգևին գրառելու, ըստ էության վերապրելու համար, իմա` վերապրեցնելու, մանավանդ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին ընդառաջ:
Տեղին է նշել, որ հայերս, Հայաստան և սփյուռս, որ տասնամյակներ շարունակ ցեղասպանության ճանաչման համար ճիգեր ենք գործադրում,- երբեմն հայավնաս չգիտակցված պոռթկումներով, մոռանում ենք, որ մենք ինքներս տակավին չենք ճանաչում մեր կորուստների հոգևոր ու նյութական աշխարհագրությունը: Եվ եթե չենք ճանաչում, բնականաբար, ի զորու էլ չենք պահանջիվ արժևորելու: Ժամանակակիցների սահմռկեցուցիչ վկայություններով, հոգեխեղդ տեսարաններով, ի վերջո, վիճահարույց համարելով ցեղասպանված մեր հայրենակիցների ստույգ թիվը (հնարավորինս զոհերի թիվը շահարկելով) ազգային հոգեբանության մեջ պարտվողականություն ենք սերմանում, կարծես թե հայ ինքնապաշտպան ուժերն ընդհանրապես գոյություն չեն ունեցել: Այսպիսով, Մեծ եղեռնը ընդունելի և ճանաչելի դարձնելու համար ստեղծելով հավելյալ բարդություններ։
Այս խորապատկերի վրա են դիտարկելի ու արժևորելի Լարիսա Գևորգյանի խոհագրական մատյանները («Ես տեսա իմ երկիրը», 2005, «Փշալարով շուլալված խաչ», 2007), անշուշտ, վերահրատարակելի և` ոչ միայն, այլև, թարգմանելի օտար լեզուներով: Ինչո՞ւ: Պատճառը մեկն է և սկզբունքորեն,- չնայած ուշացած,- բայց չափազանց տեղին և ժամանակին:
Նախ և առաջ խնդրահարույց են տեսողական դ ա շ տ ի ընդգրկումն ու հայրենիքի սահմանների խորքային ճանաչողությունը: Լ. Գևորգյանը բևեռախույզի համառությամբ ու փութաջանությամբ, գրեթե դողէրոցքով սոսկ չի ներկայացնում «Տեսարանները, մարդիկը», այլ բնաշխարհիկ, հաճախադեպ հոգեցունց տեսարանները և տեսավայրերը հազարամյա վաղեմության խորքերից է կյանքի կոչում: Չի իդեալականացնում, այլ արդիականացնում է իր` աչալուրջ ու լրջմիտ հոգածու Տեսնողի հայացքով, միշտ շեշտադրելով Հայոց հայրենիքի կորուսյալ առասպելի ոգեղենության արթուն իրականությունը: Եվ չափազանց էական է գրառող, վկայագրող-վերապրողի նրա պոռթկումը, մանավանդ աշխարհագրական-հանգուցային «երթևեկության» սկիզբը, շարունակական ընթացքը և ավարտը պատկերելիս:
«Ներունակ ուխտավորի» իր պատումը, անշուշտ, նրան պետք է սկզբնապես ներքին պոռթկումներով ալեկոծեր, բայց գրողական զգաստամտությունը չպետք է տեղիք տար հուզումնալից վերապրումների,- ինչպես շատ ու շատ տրտմաշուք ու կոկորդալաց ոտանավորների պարագայում,- և ժամանակային գիտակցումը Լ. Գևորգյանի համար այնքան և այնչափ է անհրաժեշտ եղել (կամ այդ գիտակցության գիտակցումի արժևորումը), որ. «Այնքան է թափառել հայ նորելուկ ուխտավորը, որ դժվարությամբ է կողմնորոշվել` արդյոք ինքը ո՞ր տարածաչափական հարթությունում է, ժամանակային ո՞ր տիրույթում, միմյանց պիրկ փոխկապակցված, իրար մեջ տարրալուծված-ներծծված, միաժամանակ կողք կողքի գոյատևող ո՞ր ժամանակաձևի մեջ, ե՞րբ` երե՞կ, այսօ՞ր, վա՞ղը…»:
Անշուշտ, երեկվա (մանավանդ երեկվա), այսօրվա և ապագայի տեղին-անտեղի հույժ չարչրկված բառով ասած` մարտահրավերների ականատես` միշտ անպատրաստ ժողովրդի հիշողության կրողն ու այդ հիշողության առաքելությունը ստանձնած իրավ ճամփորդի հայացքն է, որ մեզ տեսանելի է դարձնում Հայոց անցած ճանապարհի տեղատվությունների և մակընթացությունների ողբերգական շարակարգը: Բայց տեղազննողը ամենևին չի տրտնջում, այլ երբեմնի պատճառների մասին է խորհում` հետևանքների «ալեկոծությունը» թողնելով ընթերցողի բանականությանը: Բայց հայ հավաքական ընթերցողի կողմից ինչպե՞ս է տեղազննված իր կորուսյալ անցյալը… Լարիսա Գևորգյանն այս անպատասխան հարցին զորում է պատասխանել նաև իր... հարցադրումներով: Ավելին, ներկայացնելով ճամփորդության սկիզբն ու շարունակավոր ընթացքը դիդակտիկ հետևողականությամբ, նա խնդրո առարկա ամենատարբեր տեղավայրերն ու պատմաճանաչողական հանգամանքները, երևույթները փորձում է (նույնիսկ դժվարին իրավիճակներում` թուրք անվտանգության աշխատակիցների աչալրջության ներքո) տեղաբնակի ինքնավստահությամբ «մատուցել»: Այո, մատուցել, որովհետև մեզ ցարդ չի սպասարկվել Արդահանից մինչև Կարս, Կարսից Անի, Սարիղամիշ հայոց ոտնահետքերի այն չափագրյալ մանրակերտը, որ հոգևոր փլուզումների մի ողջ աշխարհի անլինելությամբ է շնչառու` բացօթյա, թանգարանակերպ- թանգարանային. «Կարսի գավառական թանգարանի շեմին` քարացասծ խոյեր…»: Ըստ Լ. Գևորգյանի նկարչագեղ պատումի, Կարսի ողջ տեղանք-բնանկարն է քարացած, բայց շնչառու, պատմական բացառիկ արժեք ներկայացնող, պատմականորեն, թերևս… «արժեզուրկ», քանի որ օտար հողի ցանկացած տիրող ենթագիտակցորեն ապրում է վախի տրամաբանությամբ, ինչպես ժամանակավոր հյուրընկալը, այս պարագայում` բռնություն, ոճիրներ գործած անհյուրընկալը։
Չմանրամասնելով Լ. Գևորգյանի հիրավի հոգևոր-ճանաչողական ճամփորդության անընդգրկելին հնարավորինս ընդգրկելի, զգայունապես ճանաչելի դարձնելու մանրամասները,- բնականաբար տեղի և ժամանակի սղության պատճառով,- նշենք, որ Արևմտահայաստանի հայեցի-պատմականությունը խորապես ընկալելի է դառնում նաև խոհագրողի դիտողունակությունից` հատկապես այն դեպքում, երբ նկարագրվող տեսարանները ներդաշնակվում են բնության անկորնչելի` մեզ պատգամված վեհությանը. «Սարերը լերկ են: Չոր-չոր խոտեր են, դեղին, արևախանձ: Միայն փոքրիկ-փոքրիկ թփեր են տեղ-տեղ հանդիպում, իսկ օձագալար ճանապարհը շարունակվում է… Սքանչելի է Սարիղամիշ-Իգդիր ճանապարհով մեկ ձգվող բարդիների շարքը, բարդիների մենաշնորհ է այստեղ»: Կարծես թե բնության անօրինակ գրավչությունն արտահոսել է` արնահոսել հայերեն ճշգրիտ, լեզվարտահայտչագեղ զտարյուն խոսքի «երակներում», այն, ինչ բնորոշ է խոհագրությունների երկու մատյաններին:
Թող զարմանալի չթվա, բայց բնության ոգեղենացումով տարված ու ոգեսնող իմացություն «ձեռք բերած» խոհագրողը այլ կերպ չէր էլ կարող ընդդիմանալ. բնության զարկից արթնացածի սիրով պետք է պատկերագրեր իր տեսածը` իր ապրածով շաղախելու և ներկայացնելու համար:
Այս ամենով հանդերձ իրապես խնդրահարույց են պատմական հիշողության վերականգնումը և ուխտավորի խոհն ու խոհականությունը, նրանից ծնված ափսոսանքի մրմունջները ոչ միայն կարևորվում են, այլև տեղիենտալիս. «Դուրս են գալիս Դիարբեքիրի հայկական թաղամասից… իսկ արևմտահայաստանյան որևէ սրբատեղիին այլ կերպ հրաժեշտ տալ չի լինում»: Իսկ հրաժեշտը ենթադրում է նախ և առաջ… կարճդադար հրաժեշտ և ոչ թե. «Ոչ միայն ցեղասպանության ենթարկված, այլև հայրենազրկված հայի համար, հայի այն տեսակի համար, ում սիրտը նաև հայրենիքի համար է գոնե տրոփում, ուխտագնացությունը կողոպտված բնօրրան սոսկ այցելել, ավերակների վրա արցունք թափել, մոմ վառել… հայրենի տարածքներից քար, հող բերել… գլխահակ, տխրահայաց ողորմի տալով` ողորմաթասը դատարկել…», այլ «հաշվեկշռի» բերելու կարողականությունն է նաև պարտավորեցնող, այն, ինչ Լարիսա Գևորգյանը ճշմարտորեն գիտակցել է։

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1406

Մեկնաբանություններ