Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

«Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա

«Մարմնի և մտքի դահիճներին» ներում չկա
01.04.2014 | 11:50

«Այ դու, հանճարեղ մարդ, որ փրկեցիր աշխարհի մեկ վեցերորդը, ինչո՞ւ այդքան ստոր գտնվեցիր մեր ազգի հանդեպ և Նախիջևանն ու Արցախը տվեցիր թուրքին». այս միտքը հայրենասիրաբար հնչեցրել է երիտասարդ Սոկրատ Հովսեփյանը 1965 թ. ապրիլյան օրերին: Իսկ «Իմ Համլետը» մեկ գործողությամբ պիեսում, ի պատասխան Լենինի` «բոլոր ազգերը ի վերջո կգնան դեպի սոցիալիզմ», երիտասարդ Հովսեփյանը, լիովին ընկալելով լենինյան-ստալինյան դահճային դեմքով (այսինքն` ոչմարդկային դեմքով), ի սկզբանե միլիոնների արյունով շաղախված սոցիալիզմի էությունը, ազնվորեն բացականչել է` «Վա՛յ քեզ, մարդկություն, եթե սոցիալիզմն այն է, ինչ Ռուսաստանն է կառուցել»:
Հարգելի բարեկամ, իսկ այսօր արժե՞ խոսել այն մասին, թե իբր «հանճարեղ» Լենինը փրկեց աշխարհի մեկ վեցերորդը. ինչի՞ց, ումի՞ց է փրկել, ա՛յն Ռուսաստանից, որ 1917 թ. փետրվարյան բուրժուադեմոկրատական հեղափոխությամբ էվոլյուցիոն-սահմանադրական ուղիով շարժվում էր դեպի նոր` անարյուն ապագա: Լենինը չփրկեց Եվրոպան, Ամերիկան. այդ երկրներում էլ ավելի արագ ու արդյունավետ չզարգացա՞ն տնտեսությունը, մշակույթը, առողջապահությունը, գիտությունը, քան լենինյան-ստալինյան դժոխքում: Այդ երկրներում մարդիկ առողջարաններում, հանգստյան տներում չբուժվեցի՞ն, աստիճանաբար ավելի բարեկեցիկ չդարձա՞վ մարդկանց կյանքը:
Նորից հպարտորեն խոսում եք խորհրդային երկրի սոցիալական արդարության մասին. նախորդ հոդվածում արդեն խոսել եմ մի շարք սոցիալական զարհուրելի անարդարությունների մասին, որոնք կարելի է լրացնել նմանատիպ հարյուրավոր ողբալի դրվագներով: Սակայն հարկ է անաչառ լինել և հիշել, որ այս կամ այն չափով բնականոն կյանքը ԽՍՀՄ-ի 74 տարվա գոյության ընթացքում ընդամենը 10-15 տարի էր` 1965-1980 թթ., իսկ մնացյալ 60 տարին պարզապես դժոխք էր, միլիոնների աներևակայելի վիշտ, տառապանք, ծով արցունք: Բայց այդ տարիներին էլ, այնուամենայնիվ, բանվորները, գյուղացիները ոչ բավարար եկամուտներ ունեին և ստիպված էին զարտուղի ճանապարհներով, մեղմ ասած, ինչ հնարավոր էր, փախցնել հանրային դաշտերից, գործարաններից` մի քիչ ավելի լավ ապրելու համար: Աշխատավարձերը այնքան ցածր էին, որ մարդիկ ստիպված էին մի աշխատավարձից մինչև մյուսը կազմել պարտքերի երկար ցուցակ` կուսակցական վերնախավի բարեկամների, պաշտոնյաների, ցեխավիկների, առևտրականների, շրջապատից պարտքով գումար հայցելով:
Ճիշտ է, որ մինչ հեղափոխությունը Ռուսաստանում բանվորները օրական աշխատում էին 12-14 ժամ. բայց արժե հիշել, որ սոցիալիստական երկրի բամբակացան (ստորաբար Արարատյան դաշտն էլ էին բամբակացան դարձրել) դաշտերում կանայք աշխատում էին առավոտյան ժամը 6-ից մինչև մութն ընկնելը: Իսկ գուլագներում տառապող միլիոնավոր մարդիկ անհատույց աշխատում էին 16 ժամ` աներևակայելի պայմաններում: Միևնույն ժամանակ հարկ է նկատել, որ Արևմուտքում էլ կյանքի առաջընթացի հետ, աստիճանաբար, ժողովրդական զանգվածների ճնշման տակ, արհմիությունների պայքարով անցան ութժամյա աշխատանքի. չէ՞ որ ժամանակի ընթացքում էվոլյուցիոն զարգացման ճանապարհով նույն բանին կհասներ նաև Ռուսաստանը: Շոգենավում ձեր հոր հետ կապված պատմությունն ընդամենը զարհուրելի արյունոտ մի դրվագ է տասնյակ տարիների դժոխային իրականությունում: Հապա յուրաքանչյուր ոք մտովի թող վերապրի 1949 թ. հունիսի 14-ը, 1962 թ. հունիսի 2-ը և նմանատիպ այլ ոճրագործություններ։ Ինչպես հետին թվով զայրույթից, ցավից, չգազազես, իսկ Դուք` չափից ավելի ատելությունը վտանգավոր է: 1949 թ. հունիսյան այդ զարհուրելի գիշերը երբեմն տղամարդիկ, նաև կանայք անասելի վշտից, անարդարությունից ելք չգտնելով` հենց իրենց տանը, հարազատների աչքերի առաջ ինքնասպանություն էին գործում:
Քաղբյուրոյական բոլշևիկները չգիտեի՞ն այս ամենի մասին. ի՞նչ խղճով էին նրանք գլուխները բարձին դնում ու քնում, իսկ հաջորդ օրը ժողովներում ու համագումարներում տասնյակ րոպեներով շնչասպառ ծափահարում և կոկորդով մեկ բղավում` կեցցե մեր հարազատ հայր, հանճարեղ առաջնորդ Ստալինը: Դեռ լյումպենությունից չհեռացած բոլշևիկ-կոմունիստներն այնքան անմարդկային էին, որ հեռագրում էին Կրեմլ` խնդրում ենք թույլ տալ մարդամթերման առաջին կարգի համար ¥պատկերացնո՞ւմ եք, գնդակահարության համար¤ ևս մի քանի հազար մարդագլուխ ավելացնել: Չե՞ք հավատում, դիմեք արխիվներին և կհամոզվեք, թե որքան գազանաբուն է եղել Կրեմլը:
Անդրադառնալով Ավիս Նուրիջանյանի դահճային գործողություններին, զարմանք հարուցող հայտարարություն եք անում` իբր, Լենինը դրանում ի՞նչ մեղք ունի, կարծես թե այդ ճիզվիտը սուրբ է: Դուք մոռանում եք, որ հազարավոր բոլշևիկ դահիճներ ճարպկորեն ընդօրինակում էին իրենց «հանճարեղ» առաջնորդներին, որոնց հրահանգներով Վոլգայի, Կասպիցի, Սև ծովի ջրերում խեղդամահ էին անում հազարավոր մարդկանց, անտառներում, բոլշևիկների սարսափից թաքնված գյուղացիներին Տուխաչևսկու անմիջական ղեկավարությամբ գազախեղդ անում, Ղազախստանի տափաստաններում գնդակահարում հարյուր հազարավոր կազակների` բանվորների, գյուղացիների զավակներին` Ձերժինսկու գրության վրա դրված Լենինի մակագրության համաձայն:
Թերևս Դուք լիովին համամիտ եք Նժդեհի պատգամին` «Չկա ավելի զարհուրելի թույն, քան վատ առաջնորդի օրինակը, որը շատ վարակիչ է»:
Այո, նորից եմ ընդգծում` եթե սոցիալիզմը մարդկային դեմք ունենար, այսօր այն նվաճած կլիներ ողջ աշխարհը, քանզի լավ օրինակը հաղթանակի ամենալավ գրավականն է. ուրեմն երբեք չէր փլուզվի ԽՍՀՄ-ը, չէր կազմաքանդվի Ռուսաստանը, չէր լինի թուրք-ազերիական, վրացական մոլագար նացիոնալիզմը, ռուսական մեծապետական շովինիզմը, չէր լինի ժողովուրդների կեղծ եղբայրությունը, ուրեմն 21-րդ դարի շեմին չէին լինի Սումգայիթ, Բաքու, Գանձակ, Մարաղա, գորբաչովյան քաղբյուրոյական ոհմակը ստորաբար չէր պարտակի ազերիական գազանությունները, նորօրյա թուրքեր, որոնց այդպես անարդարացիորեն պատմական ասպարեզ բերեցին բոլշևիկյան թրքասեր առաջնորդները:
Իսկ ինչո՞ւ ամեն ինչ այսպես դաժանաբարո եղավ. որովհետև «հանճարեղ» Լենինը հիմնեց հանցագործ միակուսակցական համակարգ, դրանով իսկ ստեղծելով թե՛ կուսակցության, թե՛ անհատի, այն էլ Ստալինի նման վիժվածքի անսխալականություն ու պաշտամունք` զանգվածներին դարձնելով մանկուրտներ, զրկելով ինքնուրույն մտածելու, չարի դեմ ըմբոստանալու, պայքարելու մարդկային բնական ունակությունից: Եվ պատահական չէր, որ 1921 թ. Լենինի պահանջով սկսվեց կուսակցության մոլագար զտում` իր զարհուրելի հետևանքներով, իսկ 1922 թ. ձմռանը, չնայած Մաքսիմ Գորկու, Ռոմեն Ռոլանի բողոքներին, սկսվեցին էսէռների, գյուղացիության շահերի պաշտպանների դատավարությունը և հազար-հազարների աքսորը գուլագներ:
Դուք պնդում եք, թե Լենինն ու Ստալինը դաժան էին իրենց գաղափարական հակառակորդների նկատմամբ. բայց մի՞թե գուլագներում տառապող միլիոնները բոլորն էլ իրենց գաղափարական հակառակորդներն էին: Իսկ Մյասնիկյանը, Կամոն, Կիրովը, Խանջյանը, Բժշկյանցը, Ոսկանյանը, Խախանյանը, Մելքումյանը, Խանփերյանցը, հայ, ռուս և այլազգի հազարավոր ազնիվ մտավորականներ սոցիալիզմի նվիրյալներ չէի՞ն: Պարզապես հոգեգար-մոլագար պետք է լինել` այդպիսի զանգվածային ոճրագործություններ կատարելու համար: Ի դեպ, Կիրովի սպանությունը վերագրել ինչ-որ պատահական մեկի, համոզիչ չէ: 17-րդ համագումարում Կիրովի օգտին քվեարկել էր պատվիրակների մեծ մասը, և նա կարող էր դառնալ երկրի ղեկավարը և, չգիտես ինչու, չդարձավ` սպանվեց։ Ստալինն իր գողական հոգեբանությամբ ճարպկորեն կազմակերպում էր սպանությունը, ապա վերացնում էր ոչ միայն սպանողին, այլև սպանողի սպանողին և այդպես շարունակ` գողավարի քողարկելով հետքերը: Թերևս պատահական չէին նաև Մյասնիկյանի, Կամոյի դեմ կազմակերպված դավադրությունները, քանզի, ըստ արխիվային վավերագրերի, արդեն նրանց շրջապատում (նաև Անդրկովկասի քաղվարչության պետ Մոգիլևսկու, որը զոհվեց Մյասնիկյանի հետ) խոսում էին Ստալինի նողկալի անցյալի և նրա վարած, այն ժամանակվա մտածողությամբ ասած` հակալենինյան գործելակերպի մասին:
Պնդում եք, թե բոլշևիկները չեն հրահրել քաղաքացիական պատերազմ. բայց չէ՞ որ դեռ 1915-1916 թթ. Լենինը պահանջում էր համաշխարհային պատերազմը վերածել քաղաքացիականի:
ՈՒրեմն նա լավ էլ հասկանում էր, որ անխնա պետք է ունեզրկվեին և ոչնչացվեին դարավոր պատմական գործընթացով ձևավորված դասային խմբերը` ձեռնարկատերերը, ազնվականությունը, կալվածատերերը, կուլակները, այսպես ասած` բուրժուազիան, ուրեմն, բնական է, մարդիկ պաշտպանելու էին իրենց սեփականությունը, գոյության միջոցները. ուրեմն պետք չէր միլիոնների դիակների վրայով քայլելով ինչ-որ կասկածելի, արյունաշաղախ սոցիալիզմ կառուցել, այլ երկիրը տանել էվոլյուցիոն խաղաղ զարգացման, դասակարգերի աստիճանական հաշտեցման ու համերաշխության ուղիով, ինչպես տասնամյակներ անց եղավ Եվրոպայում, Ամերիկայում, Ճապոնիայում:
Եվ ահա այդ լյումպենական դիկտատուրան աղետի հասցրեց վիթխարի երկիրը` նախապատրաստելով միջազգային սոցիալիստական շարժման անկումը, ԽՍՀՄ-ի փլուզումը, Ռուսաստանի կազմաքանդումը, մոլագար ազգայնամոլությունը:
Վիճակագրության պրոֆեսոր Կուրգանովը հանգամանորեն վերլուծել է տասնյակ տարիների մարդահամարների տվյալները` սկսած 1897 թ.: Նա երբեք չէր վարկաբեկի իր գիտական հեղինակությունը` ներկայացնելով կեղծ տվյալներ:
Ես փորձեցի հանգամանորեն ներկայացնել 1897-1989 թթ. բոլոր մարդահամարների տվյալները, բայց ստացվեց ոչլրագրային շատ մեծ հոդված, և ստիպված հրաժարվեցի: Թռուցիկ ներկայացնեմ որոշ տվյալներ, գուցե Դուք անձամբ հաշվարկներ անելով համոզվեք, որ 1918 -1939 թթ. լենինյան-ստալինյան ոճրագործությունների զոհ է դարձել 40 մլն մարդ: Իսկ Կուրգանովի ներկայացրած 66,7 միլիոնից 26,7 միլիոնը զոհվել է Հայրենական պատերազմի և գուլագյան հաջորդ տարիներին: Այնպես որ, Ձեր` 170 միլիոնից հանած 100 միլիոն, հետևաբար` մնացած 70 միլիոնից ինչպե՞ս կարող էր 1959 թ. բնակչության թիվը կազմել 208 միլիոն` պարզապես տվյալներին չտիրապետելու արդյունք է:
Այսպես. 1897-1914 թթ. գրեթե ամեն տարի ներկայացվող բնակչության թվաքանակի համաձայն` տարեկան աճը միշտ կազմել է 1,8-2 տոկոս: 1914 թ. հունվարին Ռուսաստանի բնակչության թիվը կազմել է 165,7 միլիոն, 1926 թ.` 147 միլիոն: Համաշխարհային, քաղաքացիական, հայրենական պատերազմներում տարեկան աճը թերևս կարելի է ընդունել 0,5 տոկոս, խաղաղ տարիներինը` 1,8-2 տոկոս: Առաջին համաշխարհային պատերազմում Ռուսաստանի զոհերի թիվը 10 միլիոն էր: Դե, խնդրեմ, հաշվեք` 1918-1926 թթ. զոհվածների ու անհայտ կորածների թիվը կազմել է 25 մլն, 1926 -1939 թթ.` 15 մլն: 1970 թ. մարդահամարով բնակչության թիվը 241 մլն էր, 1979 թ.` 262 մլն, 1985 թ.` 285 մլն, այսինքն, երկու դեպքում էլ տարեկան աճը կազմել է 1 տոկոս: ՈՒրեմն, 1959 թ. բնակչության թիվը չէր կարող լինել 208 մլն, քանզի 1946 թ. մոտ 160 միլիոնը 13 տարում չէր կարող ավելանալ 48 միլիոնով, այսինքն` տարեկան 3 տոկոսով, զոհված 20 մլն տղամարդկանց բացակայության պայմաններում: Խրուշչովը պարզապես կեղծել է տվյալները, որպեսզի քողարկի պատերազմում և գուլագներում զոհվածների ահռելի թիվը:
Հարգելի բարեկամ, գուլագներից վերադառնալով, արժեր ուրախանալ, որ մարդիկ դուրս են եկել հյուղակներից, երեխաները սովորում են դպրոցում, սակայն դա խորհրդային երկրի մենաշնորհը չէր. հասկանալի է, որ կյանքը կանգ չէր առնելու, ոչ էլ հետընթաց էր ապրելու: Ի միջի այլոց, ոչսոցիալիստական հետամնաց Թուրքիայում վայրի քրդերն ու թուրքերն էլ դուրս են եկել հյուղակներից, երեխաները ոչ միայն դպրոց են գնում, այլև համալսարան: Այնպես որ, առաջընթացի համար ուրախանալով, երբեք չպետք է ներել դահիճներին, մատնիչներին, մորթապաշտներին, որպեսզի այլևս չկրկնվի մղձավանջը:
Պարզապես վիրավորական է Արևմտահայաստանի ինքնորոշման մասին դեկրետի Ձեր մեկնաբանությունը. «դրա համար պատասխան թող տա Տերյանը». կարծում եմ, մեծ բանաստեղծը չի ասել դեկրետն ընդունեք և ռուսական զորքերը հանեք Արևմտահայաստանից: Այդ դեկրետը լենինյան-ստալինյան ամենաստոր դավադրությունն էր` ուղղված մեր ժողովրդի դեմ: Ի դեպ, ձեր «հանճարեղ» առաջնորդը դեռ 1917 թ. հունիսին ժամանակավոր կառավարության ղեկավար Կերենսկուց պահանջում էր ռուսական զորքերը հանել Արևմտահայաստանից. այդ ժամանակ դեռ չկար որևէ ինքնորոշման հարց, չկար իսլամական հեղափոխության հեռանկար... ուրեմն այդ ճիզվիտ-դահճի հոգում խոսում էր մոլագար պանթուրքիզմը: Բոլշևիկների ատելի բուրժուա Կերենսկին, ավելի քան մարդկային լինելով, հայտարարեց` եթե մենք զորքերը հանենք, ապա թուրքերը կոչնչացնեն մնացած հայությանը. մեկնաբանությունը ձեր և հայ կոմունիստների խղճին... Եվ Դուք, փորձելով ամեն կերպ արդարացնել այդ ամենաիսկական ճիզվիտին, բոլշևիկյան մեկնաբանություն եք անում. «Լենինը Լեհաստանը զիջեց հանուն համաշխարհային հեղափոխության, ինչո՞ւ Արևմտահայաստանը չպետք է զիջեր` հանուն իսլամական հեղափոխության»: Մի՞թե «հանճարեղ» առաջնորդը չէր հասկանում, որ թուրք-քրդական, չեչենաչերքեզական նախամարդկային այդ զանգվածներով սոցիալիստական հեղափոխություն չէր կարող լինել: Չէր հասկանում, որ Անդրկովկասի, Փոքր Ասիայի 5-միլիոնանոց հայերի, հույների, ասորիների դեմոկրատական զանգվածները հենց կարող էին հեղափոխականացնել ողջ տարածաշրջանը: Պատմական նման գործընթացի պարագայում այսօր ռուսական ազդեցության ոլորտում կլինեին ողջ Փոքր Ասիան, Կիլիկիայի միջերկրական ծովափերը, արաբական Սիրիան, Իրաքը. չէր լինի այսօրվա հզոր Թուրքիան, որպես մի հուժկու դագանակ հարևանների գլխին, նաև Ռուսաստանի, քանզի այսօր էլ Թուրքիան բացահայտ և գաղտնի քայքայում է Ռուսաստանը, Անդրկովկասը, արաբական աշխարհը: Ահա թե ինչի հանգեցրեց «հանճարեղ» առաջնորդի, մեղմ ասած, թրքամոլ անհեռատեսությունը:
Գրում եք, որ 1922 թ. Ռուսաստանից հեռացած երկրի սերուցքը իբր մորթապաշտ մտավորականությունն էր, մոռանալով, որ բոլշևիկյան դաժան տեռորի պայմաններում նրանք չէին կարող պայքարել, մանավանդ որ բոլորն էլ Լենինի, Ստալինի ատելի դասային խմբերի ներկայացուցիչներ էին: Եթե այդպես եք մտածում, հապա ինչո՞ւ լյումպեններից ծնված, ինչպես նշում եք Դուք, գիտնականները, գրողները, արվեստագետները, հերոսները չպայքարեցին ստալինյան, քաղբյուրոյական տասնամյակներ տևած մղձավանջի դեմ. ինչո՞ւ էին ոչ միայն լուռումունջ հանդուրժում այդ դժոխքը, այլև ողորմելիաբար փառաբանում էին դահիճներին` ժողովներում և համագումարներում, երբ հնչում էր իրենց «հարազատ հոր», «հանճարեղ առաջնորդի» անունը, տասնյակ րոպեներով, մինչև բառիս բուն իմաստով ուժասպառ լինելը ծափահարում և կոկորդները պատռելու աստիճան բղավում` կեցցե մեր հարազատ հայրը, հանճարեղ առաջնորդը, իսկ հարկ եղած դեպքում մատնում իրենց կենսաբանական հորը, մորը, հարազատներին, ընկերներին, հարևաններին` աշխարհի որևէ ծագում չեղած նման մի ստորություն: Իսկ երբ օթյակում երևում էր այդ վիժվածքը, ամոթ է պատկերացնել, թե ինչ էր կատարվում` յուրաքանչյուր ոք վախենում էր ծափը դադարեցնել, քանզի կմեղադրվեր հարազատ հոր նկատմամբ սիրո պակասի համար:
«Ստալինը երբեք կաշառք չի վերցրել». օ՜, ի՜նչ ազնվագույն պետական գործիչ... Նա իրեն հավերժ առաջնորդ ու հանճար էր համարում, իր արյունոտ սապոգների տակ էին ողջ երկիրն ու միլիոնավոր զանգվածներ, և նա դրա կարիքը բոլորովին չուներ:
Ոչ ոք չի կարող ժխտել, որ Շահումյանը բազմիցս օգնության անպատասխան հեռագրեր է հղել Լենինին: Շահումյանին նույնիսկ չէին տրամադրվել անհրաժեշտ կապի միջոցներ, և նա Լենինի հետ կապվում էր Աստրախանով, Ցարիցինով, այսինքն` դավադիր Ստալինի միջոցով: Լենինը Ստալինի միջոցով Շահումյանից պահանջում էր նավթ տրամադրել իր բարեկամ գերմանա-թուրքական դաշինքին, որի հաղթանակի համար էլ պարտության մատնեցին Շահումյանին` լավ հասկանալով, որ նրա հաղթանակը հայության ընդհանուր հաղթանակն է:
1921 թ. փետրվարյան ապստամբությունը ոչ մի կապ չունի Ստալինի զառանցած «հայկական իմպերիալիզմ» արտահայտության հետ: Լենինն ու Ստալինը Հայաստանը իմպերիալիստական էին համարում ի սկզբանե: Դեռ 1920 թ. օգստոսի 24-ի ռուս-թուրքական գաղտնի պայմանագրով բոլշևիկները թուրքերին զինեցին և հրահրեցին Հայաստանի դեմ: 1920 թ. սեպտեմբերին Բաքվում կայացած արևելքի ժողովրդների համագումարում Լենինի հարազատ եղբայրներ Էնվերը, Զինովևը, ազգադավ հայ բոլշևիկները դաշունապար կազմած հրճվում էին և խրոխտաբար ոռնում` կորչի իմպերիալիստական Հայաստանը, մահ հայ իմպերիալիստներին. մեկնաբանությունը` Ձեր և հայ կոմունիստների խղճին, որոնք մինչ օրս էլ իրենց ծոցագրպաններում են պահում դահճի լուսանկարը:
Վերջապես նորից ու նորից հարցնում եմ` ո՞վ է պատասխանատու, ո՞վ է մեղավոր, որ այսօր Արցախում, Հայաստանի սահմանամերձ շրջաններում թափվում է մեր զավակների արյունը, ո՞վ է պատասխանատու, որ 20 տարի է` մեծ տերությունների առուծախի առարկա է դարձել Արցախի հարցը և, որ շատ վիրավորական է, այն բանակցություններում քննարկվում է պարզապես Հեյդար Ալիևի ձեռքով գրված մադրիդյան սկզբունքներով: Ո՞վ է պատասխանատու, որ այսօր մեր սրբազան հայրենիքի մի հատվածը` Նախիջևանը, ական է մեր հայրենիքի թիկունքում. պատասխանը մեկն է` Լենինի, Ստալինի նման պանթուրքիստ-հայատյացները, բոլշևիկյան-կոմունիստական հայադավ կուսակցությունը:
Վերջում` որպես այս ամենի ընդհանրացում. մարդուն, մասնավորապես պետական, քաղաքական գործչին, մտավորականին թերևս արժե գնահատել հետևյալ, գուցե շատ խիստ, բայց շատ ազնիվ սկզբունքով` ի՞նչ ես արել, որ չպետք է անեիր, ի՞նչ չես արել, որ պարտավոր էիր անել, իսկ այն լավը, որ արել ես, պարտավոր էիր անել, քանզի յուրաքանչյուր ոք իր ժողովրդի զավակն է, ուրեմն պետք է արժանիորեն ծառայի նրան, հակառակ պարագայում անիմաստ է աշխարհ գալը: Թերևս բացառիկ ազնիվ մարդիկ կարժանանան դրական գնահատականի: Բայց, այնուամենայնիվ, յուրաքանչյուր ոք այս սկզբունքով գնահատելով ինքն իրեն, թերևս դառնա ավելի հայրենասեր, ավելի ժողովրդասեր, ազնիվ ու արդար:
Այնուամենայնիվ, անդերսենյան տարբերակով հարկ է բարձրաձայնել ճշմարտությունը` բոլշևիկյան թագավորները «մարմնի և մտքի դահիճներ են» և նրանց ներում չկա:


Աբրահամ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Դիտվել է՝ 1940

Մեկնաբանություններ