Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Իշխանական «ֆորս մաժոր» («Олигархия - мать порядка» շարքից)

Իշխանական  «ֆորս մաժոր» («Олигархия - мать порядка» շարքից)
14.03.2014 | 11:52

Ո՜վ ժամանակներ ու դաժան կրքեր,
Աստղեր լուսավոր ու հոռի բարքեր,
Հողմեր, որոնք այս աշխարհն են քանդում
Կամ մեզ համար փուչ կուռքեր քանդակում...


«Ժաննա դ’Արկ»,
Սվետլանա ՀԱԿՈԲՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՏԱՌԱՊԱՆՔԸ
(ֆելիետոն-նամե)
«Ֆորս մաժորն է» չոքել մեր դռանը և արդյո՞ք ինքնակամ կհեռանա։ Դժվար թե, զի այն 3-րդ հանրապետության արյունատար անոթն է և տենդի մեջ տրոփող զարկերակը։ Ասվածը վկայենք ՀՀ 12-րդ վարչապետի խոստովանանքով. «Արդար, հավասար մրցակցային միջավայրը, որ ավելի անհրաժեշտ է տնտեսության զարգացման համար, մեզ չի հաջողվել ձևավորել ՀՀ-ում։ Սա կարևորագույն խնդիր է և կառավարության համար առաջին առաջնահերթությունը»։ Սակայն չէ՞ որ նախորդ բոլոր վարչապետաց օրոք ևս մրցակցային հավասար միջավայրի ապահովումը եղել է գերակայություն, սակայն չէ՞ որ այն հավիտյանս հավիտենից գերի է իշխանա-օլիգարխիկ «ֆորս մաժորի» ձեռքում։ Այսպիսով, երկիրն ինչ-որ 13-րդ չափման ուղեծրում է և խարխափում է պատմության ճամփաբաժաններում, ինչպես մոլորված ասուպը՝ անափ տիեզերքում։ Մի խոսքով, այսօր տանք-առնենք մրցակցության շուրջ, մի պահ շեղվելով և մտորելով. իսկ ինչպիսի՞ն կլինի ՀՀ 13-րդ վարչապետի խոստովանանքը մի քանի տարի անց։ Ինչևէ, հուշեմ-հիշեք՝ «ֆորս մաժորը» անհաղթահարելի պարագան է, ուժը նաև։ Այո՜, անհաղթահարելի են մեր պարագաները՝ Սևանա լիճը սևավորված է, Արարատյան դաշտը՝ արատավոր, տնտեսությունը մենաշնորհված է, ժողովուրդն էլ՝ մատաղացու։

«ՖՈՐԲՍԻ» ԴԱՎԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
(պամֆլետ-օրատորիա)
«Ֆորբս» հանդեսի զեկույցներով աշխարհն է հետաքրքրված, նաև՝ հայերս։ Հասկանալի է, մեծահարուստների կենցաղի յուրաքանչյուր դրվագ բուռն քննարկումների նյութ է, զի շատ հաճախ նյութական ահռելի կարողության հիմքում բազմաբնույթ բռնարարքներն են հանդեպ մարդկության և բնության։ Մի խոսքով՝ Մոսկովից մինչև Մեխիկո և Պեկինից մինչև Սողոմոնյան կղզիներ հազարից ավելի գերհարուստներ կան, որոնցից շատերի զգեստապահարանի մեկ քառորդի գնով հնարավոր է աֆրիկյան մի քանի սովյալ պետության քաղցը հագեցնել։ Նմանապես հանրածանոթ են արտերկրներում լեռնացած հայազգի մեծաքսակների անունները, նրանց բիզնեսի ծնունդն ու զարգացումը և կարողության չափը։ Անշուշտ, մեր ազգային սնափառությունը շոյվում է՝ տեղեկանալով, որ հազարի մեջ բազմամիլիոնատեր հայեր կան, ի մասնավորի մեծանուն Քըրքը, «Տաշիրի» Սամվելը Կ., տարակուսելի Էդուարդոն Է. և ուրիշներ։ Բայց ինչո՞ւ ենք անտեղյակ սեփական երկրի մեծաքսակների կարողության չափին և դրանց բարոյականությանը։ Անշուշտ, քաջատեղյակ ենք և՛ ծագմանը, և՛ բարոյականությանը, և՛ «տանիքների» առկայությանը։
Պետական մեր քարոզչամեքենան, անաչառ լինենք, ընդունում է օլիգարխիայի գոյությունը, ավելին, փառաբանում է գլխավոր օլիգոպոլիկներին։ Այսպես, նրանց փառաբանմամբ են զբաղված փորձառյալ քաղգործիչներ Գեղամյանը՝ Արտաշես, և Հարությունյանը՝ Խոսրով։ (Հուշեմ-հիշեք՝ նրանք ի՜նչ ջերմեռանդությամբ էին թիկունք կանգնել Փակ շուկան կլանող մեծաքսակին, համարելով, որ Ս. Ա.-ն պայծառ հայրենասեր է և ազգային տնտեսության քարշակ)։ Այսինքն, այս պարագայում առկա է մրցակցային հավասար միջավայրը Խոսրովի և Արտաշեսի ինքնամոռաց «ոտնձգություններում», զի մարդկանց ներաշխարհում բնավորվել է ազգային օլիգարխիային փառքով պսակելու դրվատելի մարմաջը, նրանք էլ հավատարիմ են յուրյանց ներաշխարհի կանչերին։ Նույն որակի մրցակցային միջավայր է իշխանությանն ու վերջինիս պատվար օլիգարխիային ձոներգեր հղող որոշ մտավորական քծնասպետների (իմա՝ քծնանքի ասպետների) միջև։ Քծնում են գեղարվեստորեն և ամենուր։ Անշուշտ, սա ևս ներքին պահանջ է, որը պիտի անվերապահ բավարարել, հակառակ դեպքում այն ունակ է քաղցկեղի վերածվելու։ Չմոռանանք, որ քաղաքական և մտավորական լիաթոք քծնանքը լիաբուռն վարձատրվում է, զորօրինակ, պաշտոնական առաջքաշմամբ, օրինակ՝ կոչմամբ ու տիտղոսով։ Մի խոսքով՝ «Ֆորբսը» խախտում է մրցակցային հավասարության սկզբունքներն ու յոթ կողպեքի տակ է պահում ՀՀ հաստաքսակների «լայնք-երկայնքը», ինչո՞ւ։
Սակայն, անշուշտ, արգո Տիգրանը չէ մրցակցային անհավասարության սերմնացանը, այդ թունաբեր հունդերն անկախության սրբազան արբունքն ապրող մեր հողերում հայտնվեցին ՄԱՀ-ի օրհնությամբ և վարչապետաց կոհորտայի կամոք։ (ՄԱՀ-ը Միջազգային արժութային հիմնադրամն է, վարչապետաց կոհորտայում էլ պանծալի անուններն են՝ Մանուկյան Վազգեն, Հարությունյան Գագիկ, Բագրատյան Հրանտ, Հարությունյան Խոսրով... նաև Դարբինյան Արմեն)։ Եվ այս ամենը Արարատյան բորբ արևի տակ, խորհրդարանի իշխող և ընդդիմադիր ուժերի հոգածության ներքո։ Այստեղ էլ ելուստվում է դարի հարցը, ինչո՞ւ երկրի կառավարությունը թիկունք չկանգնեց ՕԵԿ-ի նախաձեռնությանը՝ նպատակաուղղված գերխոշոր վաճառատների թվաքանակի սահմանափակմանը և փոքրածավալների բարգավաճմանը։ Գործող վարչապետի ուղերձից օրեր առաջ իր ձևաչափով թերևս միայն համաշխարհային «թռփոշության» մեգապոլիսին վայել վաճառատուն ի հայտ եկավ մայրաքաղաքում՝ «Երևան-մոլը»։ Աշնանը սպասվում է մեկ այլ մոլի՝ «Քարֆուրի» ծնունդն ու կնունքը։ ( Ի դեպ, հայոց նորանկախ զարմանալիքների շարքին պիտի դասել հետևյալ հրաշապատումը. ՕԵԿ-նախագահ տիար Արթուրն արդեն մեկ տասնամյակ համառ ջանքեր է գործադրում գլխատելու քրեաօլիգարխիկ համակարգը, ինչպես վերը նշեցինք, նախ և առաջ օրենքի ուժով։ Մաղթենք նրան կանաչազարդ ճանապարհներ)։
Առհասարակ, «արդար, հավասար մրցակցային միջավայրը» ձևախեղված է մի բնագավառում, սակայն սրբազնորեն պահպանված է մեկ ուրիշում։ Սկսենք վերջինից։ Համաշխարհային տնտեսական ճգնաժամերը հղի են դառնարյուն դիպվածներով։ Հանրահայտ են խոշոր գործարարների ինքնասպանության, հոգեխանգարմունքի և բազում այլ դեպքեր։ Չէ՞ որ միլիոնատիրոջ համար անհնար է ապրել միջին սպառողական կյանքով, առավել ևս կերակրվել բարեգործական ճաշարանում։ Այսպես է քաղաքակիրթ բիզնես-միջավայրում։ Բայց ոչ ամենևին Հայաստանում, ուր վերջին ճգնաժամի թունդ օրերին օլիգարխիատը համախումբ էր, ինչպես կաշալոտ-կետերը մեծ որսից առաջ, բնականաբար, նրանք ավելի հարստացան, զի նրանց միջև մրցակցությունը բարձր բարոյական գիտակցության վրա է կառուցված, յուրաքանչյուրը գիտե գանձագողության յուր թույլատրելի սահմանը և հասարակության հարստահարման պայմանը։ Բացառություններ, անշուշտ, կան։ Զորօրինակ, երբ օլիգոպոլիկը մի պահ կորցնում է յուր տնտեսա-քաղաքական հոտառությունը և քիթը տնկում է ոչ իշխանական քամու ուղղությամբ։ Այսպես եղավ, ի մասնավորի, երրորդ հանրապետության առաջին օլիգարխ Խաչատուր Սուքիասյանի հետ։ Վերջինս աններելիորեն շփոթեց քամու ուղղությունը, կորցրեց ահռելի կարողության և ֆեոդալական ամբարտավանության մի պատկառելի մասը։
Բայց որտե՞ղ չի ձևախեղված մրցակցային միջավայրը։ Ամենուր, որտեղ պնդաճակատ տնտեսավարողը մրցակցում է ազնվաբարո մշակույթի հետ։ Ահավասիկ մի հուզիչ ակնարկ, որում անթիվ ականներ են առկա։
ՀՀ, մայրաքաղաք Երևան, մայր փողոց Աբովյան։ Փողոցի հյուսիսային հատվածում զարմանալի մրցունակ կրքեր են բորբոքվում, հետո մարում, բայց և այնպես առայժմ չեն խորտակվում։ Մշակույթը տեղապտույտի մեջ է, գաստրոնոմիան՝ հաղթարշավի։ Ահավասիկ եռահարկ մի շինություն է փողոցի խորքում, մեկդարյա մի մասունք։ Անշուք ցուցանակը հուշում է՝ սա Դերենիկ Դեմիրճյանի հուշատունն է (իմա՝ տուն-թանգարանը)։ Այո՜, այս շենքում է ապրել-արարել «Վարդանանքի», «Քաջ Նազարի» և այլ աննման քերթությունների անմահ հեղինակը։ Հուշատունն առաջին հարկում է, ներքնահարկում էլ գունեղ ու ինքնորոշ մի գոյություն է՝ «Ագուլիս» տիկնիկային թատրոնը։ Մեր խառնիխուռն օրերի մշակութային մխիթարություններից մեկի՝ «Ագուլիսի» գեղարվեստական ղեկավարն է Երվանդ Մանարյանը։ Աշխարհում (քաղաքակիրթ և ոչ այնքան կիրթ) ընդունված է նման եզակի մշակութային օջախների տեսադաշտը լայն բանալ քաղաքի ու նրա հյուրերի առջև։ Աշխարհում, բայց ոչ ՀՀ-ում։ «Տաք կաթսա» փայտաշեն ու փնթի կրպակը դարպասել է հուշարձանի և թատրոնի տեսադաշտը, արևելյան ուտեստներ է վաճառում և շահում է խաղը։ Է՜հ աշխարհ, ի՜նչ կգրեր «Քաջ Նազարի» հեղինակն այս ամենի մասին։ Գուցե թե ստամոքսի հաղթանակի մասին քերթության նկատմամբ։ Թերևս։

ԿՐՔԵՐ ԵՎ ԿՈՒՌՔԵՐ
(սարկաստիկ վերջերգ)
2011-ի հուլիսին Կառավարական տանը հայտարարվեց առաքելական մի ծրագրի մեկնարկը, և ձևավորվեց հոգեշահ մի խորհուրդ, որը պիտի պաշտպաներ փոքր գործարարության և գործարարների շահը։
Հայտարարությունից շաբաթներ անց դուռ ու դարպաս կրնկակոխ բացեց գերհղփուն վաճառատունը Դալմայի պատմամշակութային հանգրվանում, հետո նաև Մաշտոցի պողոտայում և, առհասարակ, ամենուր։ Այսինքն, կառավարության ղեկավարի պետականաշեն ծրագրերը փառահեղորեն տապալվեցին։ Այսինքն, ներկա կուռքերի առջև անզոր է պետությունը։ Այսինքն՝ իշխանական «ֆորս մաժորի» մեջ ենք թաթախված թոռից պապ։ Լավ, վարչապետը հռչակեց կառավարության ամենակարևոր առաջնահերթությունը։ Բայց քանի որ երկրի եռագույն տառապանքը պարբերաբար փոխարկվում է երկնադարչնագույն մղձավանջի, սպասելի են մրցակցային հավասար միջավայրում ահեղ մարտեր վասն տնտեսության բնականոն զարգացման։ Թող հակառակը լինի, հանուն ինչի պատրաստ եմ անհնարին ձեռնարկների։ Ի մասնավորի խոստանում եմ կեղծության գլուխգործոց «ԾՏÿ րպՎՖÿ» ապրանքանիշի նրբերշիկն ուտել և «ըպսօռ սպոպՊՖ» օղին խմել։ Ընդ որում՝ ժպտադեմ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ.- Ի դեպ, անհավասար մրցակցային միջավայր է նաև ՈՒկրաինայի շուրջ ծավալվող քաղվերլուծաբանական առևտրում. խոսում-քննարկում են ամեն բան, սկսած բանդերականների արմատական հակառուսիզմից վերջացրած ղրիմյան թաթարների անլվա ականջներով։ Բայց չէ՞ որ գլխավորը Յանուկովիչի կողմից ՈՒկրաինայի մոլեգին թալանումն էր և սեփական ժողովրդի «մարմանդ» թմրեցումը։ Բա՜:

Դիտվել է՝ 6291

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ