Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

ՊԵԿ-ն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞

ՊԵԿ-ն ընդդեմ Սերժ Սարգսյանի՞
28.02.2014 | 00:04

Այո, հարգարժան ընթերցողներ, պարտադրված ենք հաստատական եղանակով բնութագրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի դիրքորոշումը, ի մասնավորի` կոնկրետ տնտեսավարողի, փոքր և միջին բիզնեսի նկատմամբ էլ ընդհանրապես։ Բանն այն է, որ ՊԵԿ-ի և նրա մասնաճյուղ Շենգավիթի տեսչությունը ոտն ի գլուխ փոխել է իր գլխավոր գործառույթը, տնտեսավարողին ուղղորդելու, նրան արժանավայել գործընկեր և նրա գործունեության խստապահանջ վերահսկիչը լինելու փոխարեն հանդես է գալիս որպես սադրիչ, ապա նաև պատժիչ մեքենա։ Մեքենա, որը զարմանալիորեն կույր է, խուլ և ենթարկվում է միայն ու միայն իր կառավարման վահանակը վերահսկող ձեռքին։ Իհարկե, «Իրատես de facto»-ի սկզբունքներին և ոճին քաջածանոթ մեր ընթերցողը սպասում է մեր վերջնագրային որակման պարզաբանմանը, քանզի մերկապարանոց մեղադրանքը պետական հանգուցային ծառայություններից մեկի հասցեին, այն էլ հանրապետության տնտեսության մեր հեղհեղուկ, թվում է նաև պայթյունավտանգ օրերում բնավ հարիր չէ լրջախոհ լրատվամիջոցին։

ՊԵԿ-ի Շենգավիթի տարածքային տեսչության տեսուչներ Արմեն Քեքեջյանն ու Հովիկ Ազարյանը 2014-ի հունվարի վերջերին հսկիչ գնում են իրականացնում Գարեգին Նժդեհի 30-ում տեղակայված «Ռուբինա և Դավիթ» ՍՊԸ-ում, որը գողտրիկ մի վաճառատուն է և զբաղվում է կոնֆետների և հրուշակեղենի վաճառքով։ Ի դեպ, վաճառատան տարածքը մոտ 30 քմ է, գործունեությունը ծավալել է 2013-ի կեսերից և կարծես հարգի է տեղի սպառողների շրջանում, պարտաճանաչ հարկատու է և մինչ ներքոհիշյալ չարաբաստիկ դեպքերը որևէ խնդիր չի ունեցել Շենգավիթի հարկային տեսչության և իրենց սպասարկող տեսուչների հետ։ Այնուամենայնիվ, տեսուչ Արմեն Քեքեջյանը գեղեցիկ մի օր այցելում է «Ռուբինա և Դավիթ» ընկերություն և վաճառողից պահանջում Z հաշվետվությունը, բայց առանց համապատասխան փաստաթղթի ներկայացման։ Հաշվետվությունը ստանալով` այն երկար զննում է և արձանագրում, որ 550 դրամ գումարի հաշվետվությունը առկա չէ, այլ կերպ ասած, նշյալ գումարի ապրանք է վաճառվել, սակայն գնման փաստը չի արձանագրվել, մի խոսքով, վաճառողը «խարդախել» է, մի բան, որը ենթակա է տուգանման։ Բարի, սակայն չէ՞ որ նախ պետք է լիարժեքորեն հիմնավորվի «խարդախման» փաստը։ Տեսուչ Քեքեջյանը բավականին անհիմն փաստարկ է ներկայացնում վաճառողի միանգամայն օրինաչափ հարցին, այն է` իրենց ¥այսինքն` Շենգավիթի հարկային տեսչության¤ աշխատակցուհին է հսկիչ գնումը կատարել, և ձեր համապատասխան դրամարկղային կտրոնը չի տրամադրվել։ Խնդիրը փորձում է պարզել ընկերության ներկայացուցիչ Արտակ Տոնապետյանը, ում միևնույն գործելաոճով Քեքեջյանը ներկայացնում է միֆական աշխատակցուհու այցը, գնումը և դրամարկղային կտրոնի բացակայությունը։ Առաջ ընկնելով ասենք, որ աներևույթ աշխատակցուհին այդպես էլ չի երևութանում և չէր էլ կարող ի հայտ գալ, քանզի ուղղակի գոյություն չունի։ Նրա փոխարեն վաճառատուն է ներկայանում հարկային տեսուչը` Հովիկ Ազարյանը, և արձանագրությունը թխվում է հենց տեղում։ Արձանագրությունում սևով սպիտակի վրա գրված է տուգանքի չափը` 300 հազար դրամ։ Սա թողնենք ՀՀ կառավարության և ՊԵԿ-ի նախագահի մեկնաբանմանը, առանց որևէ հիմնավորման, պաշտոնական պարտականությունների ակնհայտ չարաշահմամբ և ինչպես հետագա զարգացումներն են հիմնավորում, ակնհայտորեն կատարելով ՀՀ ՊԵԿ Շենգավիթի հարկային տեսչության պետ Աշոտ Արզումանյանի հրահանգը` հարկային տեսուչներ Արմեն Քեքեջյանն ու Հովիկ Ազարյանը էապես խոչընդոտում են գործարար մարդու բարեխիղճ գործունեությանը, կոպտորեն ոտնահարում են երկրի քաղաքացու սահմանադրական իրավունքը, վիրավորում են նրա արժանապատվությունը։ Ի դեպ, Քեքեջյանն ու Ազարյանը հետագայում խոստովանում են, որ «ընդամենը» տեսչության պետի հրահանգն են կատարում։ Կներեք, բայց մի՞թե սա է երկրի բարձրագույն ղեկավարության, ի մասնավորի` երկրի նախագահ պարոն Սերժ Սարգսյանի բազմիցս հնչեցրած պահանջների և հորդորների իրականացումը, այն է` աշխատել բացառապես օրենքի և օրինականության սահմաններում, գործարարների համար հանդիսանալ գործընկեր և աջակից, առհասարակ նպաստել ապահով Հայաստանի կայացմանը։ Եթե Շենգավիթի հարկահաններ Աշոտ Արզումանյանի, Արմեն Քեքեջյանի և Հովիկ Ազարյանի նախահարձակ և կամայական գործողությունները գործարարների շրջանում ¥«Ռուբինա և Դավիթ» ՍՊԸ-ի գլխին եկածը եզակի չէ¤ միտված են փոքր բիզնեսի ոչնչացմանը, ապա իրավունք ունենք եզրահանգելու, որ կամ Աշոտ Արզումանյանը ծառայում է գերվաճառատների գերուռճացմանը ափաչափ խանութների ոչնչացմամբ ¥«Ռուբինա և Դավիթ» ՍՊԸ-ի դեմ սանձազերծված «հարկահավաքային պատերազմը» ակնհայտ դրան է տանում¤, կամ էլ գուցե պարարտ հող է նախապատրաստում վաղվա հանրահավաքի բազմամարդության համար։ Չէ՞ որ սոցիալական, առհասարակ բարոյահոգևոր գերլարված ներկա իրավիճակը յուրաքանչյուր պետական կառույցից պահանջում է լինել առավելաչափ խոհեմ և ճկուն իրեն վստահված բնագավառում։ Չէ՞ որ հասարակության, այս պարագայում նրա ձեռներեց, ստեղծարար խավի և պետության միջև փոխհամաձայնության կամուրջներ պիտի կապվեն, ոչ թե վիհեր ի հայտ գան։

Մեր իրականությունում կամուրջները խորտակվում են, այնքա՜ն մեծ դժվարությամբ մի ափը մյուսին ագուցած կամուրջները։ Ցավալին և դաժանը, սակայն, այս պատմության մեջ դեռ առջևում են։ Արտակ Տոնապետյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, հանդիպել լրատվամիջոցների հետ, «Իրատես de facto»-ն ֆելիետոն է տպագրել («Կոզբադինները» Նժդեհի փողոցում», թիվ 7, 11-13.02.2014 թ.), սակայն այս ամենը ձայն բարբառո հանապատի, հարկային գիլիոտինը կազմ-պատրաստ է իջնելու ընկերության գլխին, ևս մեկ նախաձեռնություն տապալելու, համալրելու արտագաղթի ահագնացող պատկերը։ Համաձայն պաշտոնական տվյալների, ավելի ստույգ` ՀՀ ԱՎԾ-ի ներկայացմամբ, 2013-ին ծառայությունների մատուցման և առևտրի ոլորտի 5200 աշխատակից անգործության է մատնվել, քանզի դադարել են գործել շուրջ 2000 վաճառակետեր։ Ցնծա, աշխարհ հայոց, անկախ պետականության պայմաններում զավակներդ լքում են հայրենիքը, քանզի խնդիրը կենաց-մահու է, կամ ենթարկվում ես գիլիոտինի կամքին և սգալով կործանված օբյեկտից փլատակների վրա քիչ թե շատ բարեկեցիկ, ամենակարևորը` արժանապատիվ կյանք ես փնտրում հեռուներում, կամ էլ համալրում ես բաբելոնական մարկետ-մոլերի և կայզերական սիթի-սթարների աշխատակազմը, որպես վարձակալ, ոչ ավելի, սա է ներկա տնտեսական քաղաքականության ուղեգիծը, դիմադրելու պարագայում բազմաբնույթ ուղեփակոցներն ու արգելապատնեշները քեզ կուղեկցեն հարկահավաքային կառափնարան։
Արտակ Տոնապետյանը ՀՀ իրավակարգում ծառայել է տևական ժամանակ, բնականաբար, հարազատ է օրենքի թե՛ տառին, թե՛ ոգուն և այս ամենը համարելով Աշոտ Արզումանյանի քմահաճույք, դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի նախագահ Գագիկ Խաչատրյանին։ Գործը քննվում է հարկային ու մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովում, ուր թիկունք են կանգնում Շենգավիթի հարկային տեսչության մեքենայություններին, մի բան, որ բնավ զարմանալի չէ, քանի որ նշյալ հանձնաժողովում նախագահում է Գագիկ Խաչատրյանի տեղակալ Վախթանգ Միրումյանը։
Ահա հանձնաժողովի եզրակացությունը. «Հիմք ընդունելով սույն գործին առնչվող նյութերն ու ապացույցները հանձնաժողովը գտնում է, որ իրականացված հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոնների պահպանման ուսումնասիրությամբ հիմնավորվել է ընկերության կողմից ՀՀ կառավարության 26.08.2004-ի թիվ 1325-Ն որոշմամբ հաստատված ՀԴՄ կտրոն չտրամադրելու փաստը»։ Եթե նշյալ հանձնաժողովը պատշաճ գործառույթ իրականացներ, անվերապահորեն ապօրինի էր ճանաչելու Աշոտ Արզումանյանի վերահսկողությունը և բազմաթիվ գանգատների հիման վրա հենց նրան էր գանգատարկելու։ Այսպիսով վերստուգիչ սույն հանձնախումբը մատից ծծած «ապօրինությունը» հիմք դարձնելով` կանաչ ճանապարհ է հարթում հետագա ոտնձգությունների առջև։ Օրեր առաջ թիվ 002788 որոշմամբ Գագիկ Խաչատրյանը հրահանգում է կասեցնել «Ռուբինա և Դավիթ» ընկերության գործունեությունը հնգօրյա ժամկետով, փետրվարի 27-ից մինչև 3-ը։ Այստեղ ուղղակի լուսարձակվում է ՀՀ ՊԵԿ-ի նախանձախնդիր քենը, գործունեության կասեցումը վստահվում է բուն ապօրինության հեղինակներ Արմեն Քեքեջյանին, Հովիկ Ազարյանին և այս գործում դեռևս նորելուկ Արմեն Մհերյանին։ Այսինքն` ՀՀ ՊԵԿ-ը դավադիր գործընթացներ է ծավալում, նախ գործ են «թխում», հետո հիմնավորում ապօրինությունը, այնուհետև փայլուն վարպետությամբ հյուսված սարդոստայն են ներքաշում գործարարին։ Պատկերացնենք վերջինիս հոգեվիճակը, երբ երեկվա ապօրինության հեղինակներն այսօր կասեցնում են գործունեությունդ։ Հինգ օրը միանգամայն բավարար ժամկետ է, որպեսզի վաճառատան ապրանքը փչանա, և Արտակ Տոնապետյանն արդեն բարդագույն խնդրի առջև կանգնի` անկարող շարունակելու գործունեությունը։ Ակնհայտ դարձա՞վ նախանձախնդիր և նպատակաուղղված գործընթացը` ամեն կերպ լուծարելու վաճառատան բնականոն աշխատանքը։ Կարծում եմ, որ չկան կասկածներ, երկրի հարկային մարմինը հեղաշրջման բացիլներ է շաղ տալիս աջ ու ձախ, ենթադրաբար համագործակցելով ինչ-ինչ հակահայաստանյան ուժերի հետ, մի՞թե առնվազն արտառոց չէ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆեռնի անթաքույց միջամտությունը «կուտակայինի» գործերին. մարդը թև ու թիկունք է այն գործընթացին, որը մերժված է հասարակության կողմից և որը երկրի կառավարության, մեղմ ասած, ձախողված տնտեսական քաղաքականության հետևանքն է։ Գուցե այս հարկային ծրագրված և հեռանկարային բռնաճնշումներն էլ են պարոն Հեֆեռնի (և ոչ միայն նրա) «պլատոնական սիրո» արտահայտությունն առ Հայաստանի Հանրապետություն։

Արտակ Տոնապետյանը 2007-ին առողջական խնդիրների պատճառով ազատվել է ՀՀ ՆԳ համակարգից, տեղափոխվել է Ռուսաստան, ապրել և գործարարությամբ է զբաղվել, ընդ որում բավականին հաջողակ, սակայն հայրենիքում ապրելն ու աշխատելը նրա վերջնական նպատակն էր և, խնդրեմ, եկավ, գործի անցավ և՞...։ Գուցե այս ամենը տեղակայվում է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի հանրահայտ հռչակագրում։ Չէ՞ որ տիկին նախարարի հավատո հանգանակը` «Արի տուն» երկրաշինական ծրագիրը, ըստ էության, հակառակ տրամաբանությամբ է գործում, գործունյա, գրեթե անելանելի պայմաններում, այնուամենայնիվ, աշխատատեղեր ստեղծող մարդկանց վանում են երկրից։ Արտակ Տոնապետյանի և շատ շատերի հանդեպ գործող կամայականության մեքենայի ընթացքը մի՞թե նախ տիկին Հրանուշ Հակոբյանը չպիտի կասեցնի։ Առայժմ պետական ատյանները, այս պարագայում` երկրի կառավարությունը, հարկային և այլաբնույթ ճնշումներով էապես նպաստում են հայաթափմանը։ Բայց գուցե ուկրաինական վայրիվերումները սթափեցնեն ոմանց։ Մի խոսքով, մենք շարունակելու ենք հետևել այս գործի ընթացքին, այնուամենայնիվ, հուսալով, որ ՀՀ կառավարությունում կգտնվեն լրջախոհ մարդիկ, ովքեր բառացիորեն կարգի կհրավիրեն ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի վերոնշյալ վայ-ծառայողներին` Գագիկ Խաչատրյանից մինչև Արմեն Քեքեջյան։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հ. Գ. - «Իրատես de facto»-ն պատրաստ է ներկայացնելու ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ-ի տեսակետը վերոնշյալ խնդրի վերաբերյալ։

Դիտվել է՝ 2416

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ