Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Ալեքսանյանական խաղերի ճողվածքը («Ապահով Հայաստանն» այլևս փաստ է)

Ալեքսանյանական խաղերի ճողվածքը («Ապահով Հայաստանն» այլևս փաստ է)
13.12.2013 | 11:37

Իսկ հիմա, երբ օրը մթնել է,
եկ ամուր փակենք դուռ ու լուսամուտ
և դարպասներին, սողնակից բացի,
երկաթե լինգեր հենենք անհապաղ.
ավազակները սիրում են բացել
դժվար մատչելի ամրությունները,
իսկ բաց դռներից
մտնում են միայն
մանր գողերն ու սրիկաները։


«Զգուշություն», Վառլեն ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Ո՞Վ ՉԻ ՍԻՐՈՒՄ ՄԵՐ ԿԵՆԱՑ ԾԱՌԸ
(ֆելիետոնաշփոթ)
Հանրահայտ ժողիմաստությունը պատգամում է` այսօր ով չի սիրում մեր Կենաց ծառը, թող կորչի առհավետ նրա`
ա) նախընտրական խախտումների հուշամատյանը,
բ) «ատկատների» 2014-2018 թթ. ճանապարհային քարտեզը,
գ) հուշաղբյուրի տեղադրման վայրը` Երևանի մանկական զբոսայգու հարավային ծառուղում։ Հարավային ծառուղին նույն այն տխրահռչակ սեռաշեղումների ծառուղին է։ Ծրագրված է այստեղ տեղադրել այն «այրերի» հուշաղբյուրները, ովքեր գոնե երեք օրը մեկ օգտվել են սեռաշեղվածների ծառայություններից, ազնվորեն վճարել են պայմանավորված գումարը և վերջում էլ ինքնամոռաց շշնջացել են նրանց հակինթ ականջին. «Ո՜նց կուզենայի քեզնից մի տրանսվեստիտ տղա ունենալ»։
Անշուշտ, կռահեցիք. Կենաց ծառը մեր նորանկախությունն է, որդան կարմիրով և ապարանյան քամած մածնով բոյ քաշում։
Մի խոսքով, զվարճացանք լիաթոք, ժամն է արարման։ Այժմ կշոշափենք մի խնդիր, որի համեմատ անգամ վերոհիշյալը վաղանցուկ մի գարշանք է, ոչ ավելի։

ՍՆՆԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԳԵՆՈՖՈՆԴԻ ԴԵՄ
(պամֆլետագրոհ)
Վերջերս Նորք-Մարաշի վաճառատներից մեկից կիլոգրամը 960 դրամով նրբերշիկ գնեցի, «Моя семья» հանրահայտ ռուսական բրենդին տուրք տալով։ Բերեցի տուն, բացեցի փաթեթը, փորձեցի սնուցել «փոքր եղբայրներիս»։ Շեկո կատուս փշաքաղվեց ու սկսեց հաչել։ Նրբերշիկը գարշաբուրում էր։ Վրա հասած Կիֆլ շունս նրբերշիկը կուլ տվեց, որձկաց և սկսեց մլավել։ Կիֆլ շո՜ւնս, թաղի որկորային պատուհասը, որը կլանում է բացառապես ամեն բան, սկսած ժանգապատ խողովակից։ Մի խոսքով, Շեկոս խռովեց և բարձրացավ հարևանի տանիքը։ Կիֆլը վերականգնեց գռմռոցը և սրարշավեց դեպի Փակ շուկա։ Նրան այլևս ոչ ոք չի տեսել, չեմ գիտեր որտեղ ավանդեց անմեղ հոգին։ Պարզվում է` «Моя семья» բրենդի ներքո լայն ծովահենություն է ծավալել «Ալեքս Գրիգը»։
Եվ, խնդրեմ, ինչ է հրամցնում «Ալեքս Գրիգ» նրբերշիկը։ Մակնշումների ստվար մասն անգամ խոշորացույցով է անհնար ընթերցել, ներկայացնում եմ ընթեռնելին.
«Բաղադրությունը - տավարի միս, հավի կրծքամիս, խոզի սպիտակուց, տավարի սպիտակուց, սոյա, կարտոֆիլի օսլա, նատրիումի նիտրիտ, Ե451, Ե621, Ե300 ներկանյութեր, ԱԵ 124 համեմունքներ։
100 գրամ մթերքի սննդային արժեքը` սպիտակուց 12 գ, ճարպ 20 գ։
Էներգետիկ արժեքը` 228 կկալ, 75 % օդի հարաբերական խոնավության պայմաններում, 0օC-6օC ջերմաստիճանում, 20 օրից ոչ ավելի»։
Բայց ինչո՞ւ է նրբերշիկն այսքան էժան և ինչո՞ւ է խոզաճարպի անտանելի հոտ արձակում։

ԻՆՉՊԵՍ Ի ՀԱՅՏ ԵԿԱՆ ԹՈՒՆԱՎՈՐ ԱՅՍ ՍՆԿԵՐԸ
(գրոհը թափ է առնում)
Մտատանջվելու կարիք չկա, հանրապետության վերնակույտին խիստ անհրաժեշտ էր փոխել մեր ազգային հոգեմտակերպն ու գենոֆոնդը, ակնհայտ և գողունի։ Ակնհայտն ամենուր է. բաբելոնյան աշտարակաշինությունը, աղանդների զանգվածային ներխուժումը նաև միասեռականության առջև կանաչ լապտերների ցոլարձակումը, նա՛և, նա՛և, նա՛և։ Սակայն շատ ավելի վտանգավոր է սննդային դանդաղ, սակայն գերարդյունավետ պատերազմը մեր առողջության դեմ։ Դիվահար հնարքը ուրվագծվում է ինքնաբերաբար, հանրահայտ «առողջ հոգի առողջ մարմնում»-ը շրջվում է գլխիվայր, ասպարեզում է «ապականված հոգին ապիկար մարմնում» վերջնագիրը։ Անշուշտ, Ալեքսանյան Ս.-ն մի անմռունչ գործիք է վերնակույտի ձեռքերում, ինչը նրան բնավ չի ազատում պատասխանատվությունից մեր սերնդի ապագայի հանդեպ։ Այս դժնդակ սուբյեկտը, կարծես, դիվահարված է, կլլել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը, օր օրի կլանում է մայրաքաղաքը, հանրապետությունը, մեր վաղվա օրը։ Եվ ահա սանձարձակվում է օր օրի, դույզն-ինչ չմտահոգվելով, որ երկրային գործերով գուցե կարող է արշավել և գրավել, գրավել ու ապականել, բայց չէ՞ որ երկնային գործերում ամեն բան քննվում է, և յուրաքանչյուրը պատասխան է տալիս իր հայտնի և անհայտ զանցանքների և մեղքերի համար։ Բայց չէ՞ որ ոչինչ հավերժ չէ այս լուսնի տակ, և վաղը, մյուս օրը ձեր (վերնակույտի) սերունդը պատասխան է տալու մեր (ժողովրդի) սերնդին։
Ի դեպ, տիարք ալեքսանյանականներ, ինչո՞ւ եք մոռանում, որ ժողովրդին հավերժ ծնկած վիճակում պահելը դեռ չի հաջողվել և ոչ մի իշխանավորի։ Առավել ևս, չափազանց ծանր կլինի վախճանը ձեր, քանզի ծնկի եք փորձում բերել վերջին հազարամյակում առաջին անգամ թուրքի կորզած հողը սեփական արյամբ ու ձեռամբ տուն բերած ժողովրդին։

Այսպիսով, գենոֆոնդի դեմ է պատերազմ սանձազերծվել, տարաբնույթ հավելումներով տարեցներն ու ներկա սերունդը օր օրի և ժամ առ ժամ կենսազրկվում են, այստեղից էլ հաճախ անբացատրելի հիվանդությունները, որոնք ծնկել են գրեթե յուրաքանչյուր հայ օջախի շեմին։ Անշուշտ, վերնակույտին սա չի հուզում, նրանք էկոլոգիապես մաքուր սնունդ են օգտագործում, բայց եթե մանանեխի հատիկի չափ բարոյականություն կա մեր երկրում, ապա իշխանատնտեսական վերնախավը թող որ յուր լուկուլոսյան խնջույքներում բացառապես օգտագործի ալեքսանյանակերպերի արտադրած սնունդն ու խմիչքը (վախենամ, որ նրանց նրբակիրթ որկորն ու ստամոքսը կաթվածահարվեն նշյալ բիրտ ներխուժումներից)։ Եվ, անկասկած, դատարկ հնչյունի զորություն ունեն բնագավառը վերահսկող պետական կառույցները։ Զի նրանց սեղաններին ևս, վստահ եղեք, չեք հանդիպի ալեքսանյանականների թողարկած թունալիցք տեսականուն։
Մի խոսքով, երկիրը ժողովրդավարական է, և քանզի Ալեքսանյան Ս.-ն է հանրապետության տնտեսության ոչ միայն լոկոմոտիվը, այլև երեսն ու աստառը, եկեք մի մեծ սեղան բացենք Ամանորին, Հանրապետության հրապարակում։ Սեղանին թող լինեն բացառապես Ալեքսանյանի արտադրած օղին, նրբերշիկը, հավը, կարագը, ձուկը։ Եվ թող երկրի բարձրագույն իշխանավորները բոլորվեն սեղանի շուրջը և դեկտեմբերի 31-ի 24.00-ից մինչև այգաբաց վայելեն լիասիրտ։ Միայն թե չմոռանանք Ալեքսանյանին տեղակայել սեղանի տակ և հրապարակը շրջափակել շտապօգնության մեքենաներով։

ՈՍԿԵ ՀՈՒՆԴԵՐ ԵՎ ՓՈՇՈՏ ՀԱՐԴ
(շարունակություն)
Քաջամարտիկ հրապարակախոս Բակուրը Կարապետյան յուր «Ճամփորդի գրառումներ»-ում ուշագրավ փաստեր է ներկայացնում, դրվագենք. «Երկրի երշիկի գործարաններն ու սուպերմարկետները Հնդկաստանից, Բրազիլիայից և Արգենտինայից ամեն տարի հորմոններով աճեցրած 12000 տոննա կենդանիների և 35000 տոննա թռչնի էժան միս են ներկրում ՀՀ և ԼՂՀ։ Գործարանները տեղական, էկոլոգիապես մաքուր, արոտավայրերում աճեցրած կենդանիների միս չեն ընդունում։ Մի քանի օր առաջ հանրահայտ գործարաններից մեկում էի։ Իմ հարցին` խանութներից գնո՞ւմ են իրենց արտադրած երշիկեղենը, պատասխանեցին. «Տեսնելով, թե ինչ խառնուրդից են պատրաստում երշիկները, երբեք իրենց երեխաներին չեն տա այդ արտադրանքը»։ Այո՜, «իրենց երեխաները» այս հողի ոսկե հունդերն են, մերը, ըստ նրանց, փոշոտ հարդը»։ Բայց վերոնշյալը ամբողջը չէ։ Պարզվում է, մեզ թունավորում են նաև թղթով։ Ահավասիկ անկախ փորձագետ Ալեքսանդր Ստեփանյանը ինչ է տեղեկացնում. «Հայաստանի շուկայում 90 տոկոսով սննդամթերքի փաթեթավորումը նորմերի խախտումով է։ Արագ սնունդը, կաթնեղենը, պաղպաղակը և սննդի հետ կապված գրեթե ամեն բան ուսումնասիրել ենք, տարել Մոսկվա, և պատասխաններից պարզվել է, որ փաթեթավորումները մեծ մասամբ դուրս են ընդունված չափորոշիչների պահանջներից։ Բացի սա, մեր շուկայում ամենուր ցելոֆաններ են, բայց չէ՞ որ դրանք պետք է օգտագործվեն միայն խոր սառեցում պահանջող տեսականու պարագայում։ Եվ, բնականաբար, ցելոֆանե փաթեթավորում ունեցող արտադրանքը թունավորվում է։ Անշուշտ, մենք, ինչպես աշխարհի շատ երկրներ, համապատասխան կոնվենցիաներ ենք ստորագրել, սակայն «թԿհՁ»-երը չենք պահպանում։ Եվ հիմնական պատճառն այն է, որ սննդի անվտանգության կոմիտեն մասնակից է այս ամենին, ունի իր շահը և անհրաժեշտ հսկողություն չի սահմանում։ Սա ազդում է հատկապես երիտասարդության և մանուկների վրա, նրանց օրգանիզմներում ծանր մետաղներ են կուտակվում, որոնք հետագայում մեծ ազդեցություն են ունենում նորմալ ծննդաբերության վրա, առհասարակ խաթարում են ողջ օրգանիզմի բնականոն կենսագործունեությունը։ Ավելին, սննդի բնագավառում չի կարելի ամեն պատահած թուղթ օգտագործել։ Թղթերը ջրադիմացկուն են լինում կամ պերգամենտ։ Եվ դրանք իրենց նպատակին պիտի ծառայեն, ինչը ևս էապես խախտվում է։ Տպագրական ներկերն ու սոսինձները պիտի լինեն սննդային, դրանք առնչվում են թղթին և փոխանցվում սննդամթերքին։ Հայաստանում առհասարակ չկան սննդային ներկեր և սոսինձներ։ Բացի սրանից, թղթե գեղեցիկ տոպրակներով հաց ենք գնում, չկասկածելով, որ դրանք էլ որոշակիորեն թունավորված են, այն թուղթը չէ»։ Այսպիսով, ոչ միայն սնունդն է վտանգահարույց, այլև սննդի «շապիկն ու վարտիքը»։

ՎԵՐՆԱԿՈՒՅՏԸ ԱՆՄԱՐԴԱԲՆԱԿ ՀՀ-ՈՒՄ
(սարկաստիկ եզրահանգում)
Հայոց շուկան օր օրի բարեփոխվում է, ժամ առ ժամ էլ` քաղաքակրթվում։ Սա` համաձայն իշխանակառավարական հրովարտակների։ Սակայն հրովարտակով անհնար է ապուր եփել կամ էլ թեկուզ բաղարջ թխել։ Մեր իշխանակառավարական հրովարտակները, առհասարակ, շատ են կենսունակ, ինչպես որ կենսունակ է (հազար ու մի հարյուր ներողություն) զուգարանաթղթի փաթեթը, երկարաշունչ և անցողիկ։ Այսինքն` հայոց շուկան, համաձայն հանրային համոզման, բարոյախեղվում է և քաղաքակրտվում։ Այսպիսով հայոց Կենաց ծառը չորանում է, որդան կարմիրը` խամրում։ Եվ մեզ մի բան է մնում. արևածագից մայրամուտ աղոթել հայոց իշխանատնտեսական, վարչաքաղաքական, գեներալաօլիգարխիկ և այլ վերնակույտերի մարմնական քաջառողջության և հոգևոր բարեկեցության համար։ Ինչո՞ւ, դե մի՞թե պարզ չէ, որ նրանք կամ ապրեն քրիստոնեավայել, կամ բացճակատ հայտարարեն, որ գազի գնի հարցում մեզ պարզապես մոլորեցրել են, սննդի հետ ներարկում են մեզ թույն ու ապականություն և այլն։ Կամ էլ գուցե ազգովին Արարատ լեռանն ի պահ հանձնենք կենաց ծառն ու որդան կարմիրը և ժամանակավորապես փոխադրվենք մոլորակի այն եզերքները, ուր շնորհալի հայոց ձեռքերի և պրպտող մտքերի պահանջարկ կա։ Դե, վերնակույտն էլ, դիցուք, մի 5 հազար հոգի, թող վայելի անմարդաբնակ ՀՀ-ն։ Վատ միտք չէ, չէ՞ որ երեք օր անց նրանք կգազազեն, իրար միս ու ոսկոր կուտեն, հետո էլ սեփական մահասարսուռ վայնասունից ահաբեկված (դե, պատկերացնենք, թե ինչ խառնակ օրատորիաներ կհնչեն Սադախլոյից Մեղրի) կլքեն երկիրը։ Մենք էլ կվերադառնանք և կվայելենք մեր անկախությունը, ինչպես եղել է բարեպաշտ հայոց արքաների օրոք։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2307

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ