«Дэньги давай, давай дэньги, я тебе говорю...»
Օստապ Սուլեյման Բերտա Մարիա Բենդեր Բեյի մենախոսությունը Սիոնի գյուղի
մատույցներում
«12 աթոռ», Իլյա ԻԼՖ, Եվգենի ՊԵՏՐՈՎ
ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԻ ՎԵՀՈՒԹՅՈՒՆԸ
Օգոստոսն էր մեղրագույն հուրհրում հայոց կարմրաշեկ մի գյուղում: Տրամադրությունը տոնական էր, զի սովալլուկ մի ընտանիքի օջախն էր շինվում: Ցնծության մեջ էր Հեֆեռնը Ջոն, դեսպանն ԱՄՆ-ի, ով յուր աջ ձեռքով բեռնված դույլը որսում-փոխանցում էր յուր ձեռքին ձախ ու մեղմիկ ժպտում էր միսիոներական խոհուն, քիչ խորամանկ ժպիտով: Դույլում շաղախ էր, շաղախը ագուցում է քարը քարին և կառուցում տունը քարակոփ` լեռնային, զորօրինակ, Չլուտ գյուղում: Այո՜, գալիք ամռանը տունը գրավ կդրվի, զի գյուղաբնակների համար գրավադրումը նույնքան առօրեական զբաղմունք է, որքան տավարին հանդ քշելն ու գյուղապետի և մարզպետի յոթ պորտը մեկիկ-մեկիկ հիշելը:
Մի խոսքով` չարքաշ ընտանիքը Հեֆեռն Ջոնի նախաձեռնմամբ այսուհետև ունի կարմիր տանիք անտեր գլխին: Ահավասիկ մեր պետականության եռագույն առհավատչյան` ԱՄՆ-ի դեսպանը, դրկից Գարսևանը և մարզպետարանի պատվիրակ Պատվականը շունչ շնչի և դույլ դույլի շինեցին մի քարակոփ տուն:
Խորհրդային տարիներին անհնար էր նման աշխարհաքաղաքական քոչարին: Կոլխոզն ու սովխոզն էին ապահովում հայոց շինականի բարեկեցիկ ապրուստը (բացակայում էր «շունչ շնչի և դույլ դույլի» քաղաքական հո՛պ-զիլինան), կյանքը, առհասարակ, տաղտկալիորեն ապահով էր և ամենապսպղուն աստիճանավորը, ով կարող էր յուր օսլայած ներկայությամբ պատվել գեղի աջթևային չոբան Վռամի և աննկուն դատական կատարածու Աստղոյի օջախի հիմնարկեքը, շրջկոմի հրահանգիչ Անաստասն էր:
Մեղրաբույր օգոստոսն էր հուրհրում լեռնաշունչ համայնքում: Հանդեսն ավարտվեց, տունը շինվեց, ընտանիքը բնավորվեց, դեսպանը մեկնեց: Մի այլ բնակավայրում բուժկայանի հիմնարկեքն էր, մեկ այլում` դպրոցի, մանկապարտեզի, անասնագոմի հիմնանորոգումը: Դարձյալ դեսպանի կամ էլ վարկատու այսինչ, գրանտաբեր այնինչ կազմակերպության պատվիրակի պատվավոր մասնակցությամբ: Սակայն որևէ հիմնարկեք և նորոգում երկրում անհնար է առանց հայրենի նախարարի, պատգամավորի և այլոց գուրգուրելի ներկայության (հանրապետությունը, ահավասիկ, վերականգնվում է ուզվորական գերակայությամբ):
Տեղափոխվենք գեղից ու քաղաքից մեկ ասպարեզ հեռու: Այստեղ զովաշունչ ու կանաչագեղ օազիսն է, միջակայքում` բյուրեղացոլք լճակը. լճակում գեղակերտ պանդոկն է, պանդոկում էլ, հասկանալի է, օվալաձև, կաղնեփայտ սեղան-դամբարանը: Հասկանալի է, որ անտառը, լիճն ու պանդոկը մարզպետ X-ինն են: Հասկանալի է, որ մարզպետի հետ կիսրար են նախարարն ու պատգամավորը: (Լճակում թառափների երթ է և իշխանների շքերթ, տոհմիկ որսագող Վարազն էլ յուր վսեմ գործին է): Հուշեմ` հիշեք. նման դեպքերում օվալաձև դամբարանները հուզախռով են, ինչպես յոթ անգամ տարած-հետ բերած նորահարսը առագաստի գիշերը: ՈՒ մինչ թափառների երթն ու իշխանների շքերթն է վախճանին հասնում սեղանավորների ահարկու որովայններում, դեսպանը (կամ վարկատուն և կամ գրանտաբերը) ճաշակում է երկու պատառ արցախյան վարազի շոգեխաշած պլոճիկ, այն համալրում սովետահայ կոնյակով և ինքնագոհ խորհում` ահավասիկ, կրկին կքանիստ վիճակի դրեցինք անմահ Լոուրենս Արաբացու հատկանշած «Այդ անհնարին հայերին», չէ՞ որ օվալաձև սեղանի բարիքների մեկ քառորդը բավական է գեղի բուժկայանը կամ ավանի դպրոցը վերաշինելու համար:
ՔԱՋ ՏՈՀՄԻ ԶԱՎԱԿՆԵՐԻ ՀԼՈՒԹՅՈՒՆԸ
Գրողը տանի (թերևս Ծաղկաձոր, Գրողների միության հանգստյան տուն), մենք անկախ հանրապետութունո՞ւմ ենք գոյատևում, թե՞ մարազմի վարժարանում (կամ սարկազմի հրաձգարանում): Եվ, ահավասիկ, սարկազմի հրաձգարանում դիրքավորված (փամփուշտներումս ճերմակ աղ է և կարմիր պղպեղ) հիշեցի «Կարինե» ֆիլմ-օպերետի այն ազգաշահ հատվածը, ուր երգում էին, թե իրենք քաջ տոհմի զավակներն են, բնականաբար, չեն վախի, մանր-մունր փորձանքներից էլ, հասկանալի է, չեն փախչի:
Եվ այսպես, ԱՄՆ-ի Սենատի առաջ ընդվզում էր` հայրենասիրական ենթատեքստով: Ցուցարարները` մեր աղվորիկ եղբայրներն ու քույրերն էին, պահանջը` Հայաստանին հատկացված օգնությունը բնավ չպիտի զիջի Ազերբայջանին և Վրաստանին հատկացվող օգնությանը: Այսինքն` ի՞նչ, հանրապետությունը, եղբայրներ և քույրեր իմ, բարեգործական ճաշարա՞ն է, թե՞ անկելանոց: Այսպիսով, ինչո՞ւ է սփյուռքահայը իր հերթին ուզվորության բացիլներ շաղ տալիս: Գուցե պահանջատեր լինեն ա՞յլ հարթություններում, ուր ուղղակի ցեղասպանվում է նորանկախ պետականությունը: ՈՒ մի՞թե ժամանակը չէ նորագույն մեր պատմության բեմից շուքով վերաիմաստավորելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործունեությունը, զի նա, անշուշտ, ամոքում է հայաստանյան վերքերը, երբ երկրի իշխանակառավարական վերնահարթակներում ձեռքի հետ կեղեքում են երկիրը, սողոսկում են սփյուռքի ջերմ ծոցագրպանը:
Սակայն եկեք տրամաբանենք: Ո՞Ւմ են, առհասարակ, աշխարհի հզորներն օժանդակում... Հարկավ, այն պետություններին, ուր պետականությունը շունչը փչել է, ուր բնակչությունը համատարած ծույլ է, վարակակիր, և չկան այնտեղ օգտակար հանածոներ, մարդկային ստեղծարար ներուժն էլ, ներողամիտ եղեք, թլպատված է: Իսկ Հայաստա՞նը... Մի՞թե մերը չեն հինգհազարամյա չարուխը, Ք.ծ.ա. II հազարամյակում իշխած բարեպաշտ արքաներն ու անմահ որդան կարմիրը... Այս մասին, ի դեպ, վերջերս աշխարհով մեկ որոտաց ոչ հայամետ ռուսական «Կուլտուրա» ալիքը:
Այժմ տոմսեր ձեռք բերենք և տեղափոխվենք մարազմի վարժարան: Թվաբանության դաս է: Գրատախտակի մոտ մրոտ` եռագույն կավճով պերճախոս թվեր են դրոշմված.
ա) 5 միլիարդ դոլար արտաքին պարտք (պարտքը աճման կենսական միտում ունի),
բ) 100 հազար դղյակ, պանդոկ, խաղատուն (այստեղ էլ բնական աճը անթաքույց է),
գ) 100 գեներալ (ոմանք նաև` օլիգարխ),
100 եպիսկոպոս (ոմանք` աշխարհիկ, իշխանիկ),
100 օլիգարխ (ոմանք` փակբերան երեսփոխան),
դ) տաղանդաշատ ուղեղների և բազմաշնորհ բազուկների կատաղի արտագաղթ (աճը երկրաչափական է),
ե) աղանդավորների գլխաքանակի շեշտակի վերընթաց, շուրջ 800 հազար մթագնած ուղեղ և մամռապատ հոգի (կարծես այս չափանիշով առաջինն ենք Երկիր մոլորակում),
զ) 113 կուսակցություն ունենք և 5113 հասարակական կազմակերպություն (այստեղ, կարծես, լճացում է),
է) թմրամոլների և համասեռամոլների շնակազմով առայժմ, կարծես թե, հետնապահ ենք: Սակայն այստեղ հալոցք է, և երկնիշ աճ է նկատվում:
Այո՜...
ԵՐԿՆԱԳՈՒՅՆ ԵՐԿՆՔԻ ՏԱԿ
Այո՜, զարմանալի բեղուն էր 2013-ի օգոստոսը, դյուրաթեք և նենգ` տարվա խորհրդանիշ օձի պես. վարկատուներն ու այլք ցնցակաթվածի գերհաջող ընթացքից քիչ կաթվածահարված են, վերջապես արորդիների, չարուխի և որդան կարմիրի հետնորդ-ժառանգորդների երկրում վայր իջավ վերջին արժեհամակարգը. այստեղ արդեն համազոր են այր ու կին և իրավահավասար են գործում, մտքում և շեղումներում: Այսուհետև հնարավոր է անհնարը, զորօրինակ, երեք ամիս բակից բացակայող վարպետ Վաղոն վաղը կարող է ի հայտ գալ որպես օրիորդ Վարդիշաղ:
ՈՒ լռում են հոգևոր այրերը (ինչո՞ւ ահարկու ահազանգ չեն հնչեցնում եկեղեցիների զանգերը), և այս ամենը կատարվում է Ք.ծ.-ից հետո, 2013 թվականին, երբ Հայաստանում իշխանությունն է գլխավորում ազգային-արմատական հանրապետական կուսակցությունը յուր փառավոր մարտական անցյալով:
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ.- Փառահեղ էր վարպետ Ջիվանի բեմելը... Աբովյան փողոցում տեղակայվելու են նշանավոր դուդուկահարների (նաև յուր) արձանները` ոտից գլուխ: Այս մասին առարկությունս և առաջարկությունս:
Աբովյանով ճեմել են Իսահակյանն ու Չարենցը, Սարյանն ու Քոչարը, Տերտերյանն ու Մաթևոսյանը: Եթե արձանախումբ, ապա միայն նրանցն ու այլ մեծացը: Եվ առաջարկությունս` գուցե մի երկու, երեք, տասներեք տարի, առհասարակ, արձան ու կոթող չտեղակայե՞նք: Մինչև որ ջրերը զուլալվեն և հարդն ու ցորյանը իսպառ զանազանվեն: