38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Շերխանն ու Մաուգլին (նոր հայկական հեքիաթ)

Շերխանն ու Մաուգլին (նոր հայկական հեքիաթ)
22.03.2013 | 12:49

«Ծիրանի ծառը, որպես ծաղիկ
Առնեմ ու ելնեմ Տիրամոր դեմ,
Խուստուփս լիներ, լիներ Նժդեհ-
Ծիրանի ծառը, որպես ծաղիկ»։

«Աղոթք Կապանում»,
Ռոմիկ ՍԱՐԴԱՐՅԱՆ

ԽՈՒՄԱՐԻՑ ԵԼԵՔ, ԾԻՐԱՆԸ ԾԱՂԿՈՒՄ Է

(գարնանաշունչ ֆելիետոն)

Գարունը զարթոնք է։ Զարթոնքը` շարժում։ Շարժումն էլ, այո՜, կռահեց իմ թանկագին ընթերցողը, շարժումը, ի վերջո, իշխանություն է։ Գարուն է ու ծիրանենին, ահավասիկ, պտղակալել է, ավելի ստույգ` բողբոջել։ Եվս մի քանի մեղմանուշ գիշեր և ծիրանենին կծաղկի։ Բնականաբար, առաջին ծաղկած ճյուղը պետք է հայտնվի Թատերական հրապարակի հյուսիս-արևմտյան աղեղում, ուր հանգրվանել է տիար Րաֆֆին։ Այո՜, գարունը զարթոնք է, զարթոնքը ուղեղագալարների շարժում, շարժումն էլ ճանապարհ դեպի կրկես։ Ո՛չ, ոչ մի կրկես, պարզապես հիշեցի աննման Լեոնիդ Ենգիբարյանին և նրա անուշահամ դերը համանուն ֆիլմում։ Այսպիսով, փաստենք վերջնականապես` շարժումը ճանապարհ է դեպի

ա) նախագահական նստավայր,

բ) Ազգային ժողով և

գ) կառավարություն։

Բայց ինչո՞ւ հիշեցի ճանապարհը, որը կրկես է տանում։ Հաստատ գարնան խումարն է վրաս ազդել։ Հավելյալ էլ Թատերական հրապարակը։ Այնինչ ունայն է ամենը, ունայնամիտ են ամենքը, ծիրանն է ծաղկում, հայոց անմահ-կենարար Կենաց ծառը, և եկեք կարմրախայտի ղավուրմայի վերջին կտորը ճաշակենք, այն համեմելով սովետահայ հինգաստղանի կոնյակով։ Անո՜ւշ։ Գլխի ընկա՞ք, անկասկած, խմեցինք ծաղկող ծիրանենու կենացը։ Բայց քանի որ գարունը քաղաքական խումհարով է շղարշվել, փորձենք հասկանալ ինչու և ինչպես։ Այսինքն, հորդորենք արդի քաղաքական ընդդիմությանը (հատուկ եմ ընդգծել` քաղաքական ընդդիմությունը, չշփոթենք, զորօրինակ, հավատի ընդդիմության հետ, երբ աղանդավորական մոլախոտը փորձում է արմատներ գցել արարատյան հովիտներում, առայժմ հաջողում է, բայց դե գիտենք, թե ինչպես են մոլախոտը վերացնում, այո՜, այո՜ քոքահանելով), նախ, ոտն ի գլուխ շիտակվել, ձերբազատվել գարնանային խումարի շորշոփից և ուղիղ ճանապարհ գցել դեպի ժողովրդի սիրտը։ Հետո նրա ուսերին բազմած թագադրվել։ Թե չէ ներկա մեր քաղընդդիմությունը (հատկապես նրա ժիր թևը) գնում է հավերժ մերժված ճանապարհով, երբ համառ փեսացուն հարսնացուի հորական տան շեմից վռնդվելով, պատուհանից է խցկվում հյուրասենյակ, այստեղ աքացի վաստակելով քիչ շունչ առնում ու երդիկից վայր իջնում։ Որոշ-անորոշ փեսացուներ, առհասարակ, չափն անցնում են և տուն են ներխուժում վառարանի խողովակից, կոյախողովակից կամ էլ մատաղի փող մուրալու անվան տակ։ Այո՜...

ԼԻԿԲԵԶ` ՀԱՏՈՒԿԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

(պամֆլետային հորդորներ)

ՈՒրեմն էսպես, լսե՛ք հորդորներս, և ձեր առջև կբացվեն իշխանական դարպասները։ Նախ և առաջ Րաֆֆին, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, «Բարգավաճն» ու մյուս ազգապետականափրկիչ «դարդախորովները» թող որ միաբանվեն, միամտացնեն ՀՀԿ-ին և քինդեր-մատի տարբերակով առաջին հաղթական քայլը կատարեն։ Այսինքն` վայր դնեն մանդատները։ Անշուշտ, մանդատն առաջինը վայր պիտի դնի «Ազգապետափրկչական զարթոնքի» (այսուհետ` ԱՊՓԶ) ծանրքաշայինը (ուղղակի և անուղղակի իմաստով)` Ծառուկյանը Գագիկ, վերջինը` ագրեսոր-թիթեռնիկը` Փոստանջյանը Զարուհի։ ՀՀԿ-ՕԵԿ դաշինքը պիտի անիծի յուր չար բախտը, գոցի Օվալաձև դուռն ու բացի ԱՊՓԶ խորհրդարանի դարպասը։ Մի՞թե սա հրաշալի նախադեպ չէ ԱՊՓԶ հաղթանակի համար։ Թե չէ, գիտեք ինչ, հանրային կյանքի ցավոտ վերքի վրա աղ ցանելը ու դրանից էլ հակաիշխանական շուրջպար բռնելը ոչ միայն ազնիվ չեն, այլև անհեռանկար։ Զի ժողովուրդը իմաստուն է (ուզեք, թե չուզեք) և ապավինում է յուր դարերով կոփված խորհուրդներին, այն է` երբեք փորձած թանը չփոխանակել անփորձ մածնի հետ, զի սա կյանք է և ոչ թե շախմատային երկգույն տախտակ, և այստեղ փոխատեղումը կարճ կողմի վրա կարող է երկար ու ձիգ գլխացավանք դառնալ։ Մի խոսքով, չելնենք մրից ու չընկնենք մրջրի մեջ։ Վտանգավոր է։ Նաև անհեռանկար։ Իսկ որ ընդդիմադիր ջրերն այս գարնանաշունչ օրերին մրաշունչ են, ակնհայտ է։ Լավ, պատվարժան Րաֆֆին (նրան պողպատյա առողջություն եմ մաղթում, մնացած բարիքներից նա լիուլի օգտվում է) բանադրում է իշխանություններին և հատկապես նախագահ Ազատիչին, թե ինչու նրանք և նա չեն ժամանում Թատերական հրապարակ, չեն սեղմում Րաֆֆու թմբլիկ աջը և իշխանությունը չեն փոխանցում նրան։ Բարի, ընդունենք, որ հենց էսպես էլ արվում է, էս դեպքում ի՞նչ անեն այն հարյուր-հազարավոր ընտրողները, ովքեր ժողովրդական իմաստությանը չհակաճառելով` ընտրեցին Ազատիչին, այսինքն` չկամեցան մրաջրերում շնալող տալ։ Գուցե Րաֆֆին իմ պատվարժան, հաշվի առնելով այն, որ ընդդիմությունն ընդհանրական բավականին պախարակելի վիճակում է, փորձում է նոր ընդդիմություն կերտել և առաջնորդ կարգել Ազատիչին։ Չի լինի։ Անձամբ դեմ եմ և շատ կտրուկ։ Ինչո՞ւ, դե եկեք նրան (Ազատիչին) պատկերացնենք ընդդիմադիրի պատմուճանով։ Այսինքն` Արցախի դիմակայության և Հայաստանի կայացման մեջ ծանրակշիռ դեր ստանձնած այս ամրակուռ այրը, ով դեռ բազմաթիվ արմատական հարցերի պատասխանները պիտի տա, հանկարծ թողնում է բան ու գործ, Րաֆֆուն ուղեկցում է երդմնակալություն և խնդրում ներողամիտ գտնվել, քանզի դժվար է Թատերական հրապարակի հյուսիս-արևմտյան աղեղի ընդդիմադիր նստարանը թափուր մնա, անհրաժեշտ է այն զբաղեցնել։ Այ, հենց էս հարցն է, որ մտահոգում է հայությանը, նաև ինձ։ Նաև ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսին։ Խե՜ղճ Մարտենս, տարաբախտ իմ Վիլֆրիդ, դե արի ու ԵԺԿ համաեվրոպական կուսակցությունը ղեկավարի, երբ Րաֆֆին մատ է թափ տվել։ Մի խոսքով, պատվարժան ընդդիմադիրները պիտի որ լիկբեզի ենթարկվեն, քանզի նրանց առաջատար-հացադուլակիր-ասպետ Րաֆֆին, մեղմ ասած, խորասուզվում է քաղաքական երազախաբության վարդագույն անդունդները։ (Հուշեմ` հիշեք, լիկբեզը անգրագիտության վերացումն է, «ликвидация безграмотности»-ի, երբ Սովետմիության միլիոնավոր խրճիթներում վերացնում էին անգրագիտությունը` պարտադիր-կամավոր հիմունքներով, և չոբանները, կթվորներն ու զանազան ուզվորները գիրկապ էին անում բառ ու նախադասություն, անշուշտ, սովետական գաղափարախոսական ցնդաբանությունները անձամբ յուրացնելու մթին հեռանկարով)։ Այսպիսով, Րաֆֆին մատ է թափ տալիս և անարգանքի սյունին է գամում ամենքին, ով դույզն-ինչ կասկածներ ունի, թե ով է իրական նախագահը։ Ասացեք, խնդրեմ, հայկական այդ ո՞ր հեքիաթների կենսափիլիսոփայությամբ է սույն աղվորիկ մանչը կրթվել։ Վստահաբար, նա հայկական հեքիաթներ չի կարդացել։ Թե չէ, դժվար թե մատ թափ տար Մայր Աթոռի ուղղությամբ։ Բայց գուցե թե նա է ճիշտը, քանզի և՛ Հայաստանի, և՛ Արցախի ապագան տեսնում է միայն յուր քայլերին ու բարևներին համապատասխան։ Արդ, գուցե քայլենք բան ու գործ թողած, քայլենք ու բարևենք մեկմեկու, բարևենք և մտորենք, լավ, բարև տվինք, բարև առանք, է, ե՞տքը։

Եթե իշխանությունները պարտվել են, ապա ինչու ԱՊՓԶ-ն չի ընդունում Րաֆֆու միանձնյա գերակայությունը քաղաքական դաշտում և ընտրում նրան յուր նախագահ։ Այ, իսկապես, կհավատայի, որ ամեն բան աստիճանաբար լրջանում է, եթե, զորօրինակ, արգո Ծառուկյանի բդեշխության զույգ առյուծներից մեկի քանդակը վար թռչի պատվանդանից և արշավի Թատերական հրապարակ։ Հրապարակում էլ պատիվ բռնի Րաֆֆուց աջ։ Ձախ մասում թող որ «Մուլտի Լեո»-ին համարժեքի դաշնակցության սուրն ու վահանը։ («ԼԼ» վերլուծաբանների համոզմամբ` Րաֆֆու կառավարությունում ընկեր Վահանը կզբաղեցնի նվազագույնը Թատերական հրապարակի գլխավոր տնօրենի խորհրդականի, առավելագույնը` տիկին Բախշյանի համհարզի պատվաբեր պաշտոնը)։

Մի խոսքով, սպասենք ապրիլի 9-ին։ Եվ հուսանք, որ զարթոնքն ու շարժումը վերջնականապես չեն դառնա քաղաքական տկարամտության ցուցիչներ։ Իսկ իշխանությունը կարող է փորձել ներկա ընդդիմության գոտկատեղի պնդությունը` նրանց կեսկատակով ներքաշելով իշխանական կոալիցիա, ասենք, քաղաքապետարանը (առանց վարչական շրջանների) հանձնելով «Բարգավաճին», արտաքին գործերն ու ներքին խժդժությունները` «Ժառանգությանը», ֆինանսական հոսքերն ու այլևայլ հիմնադրամները` ՀԱԿ-ին, ԱՄՆ-ի դեսպանատան այգին` Քոքոբին, ՀՅԴ-ին, բնականաբար, հանրապետության մշակույթը, պաշտպանությունն ու աղանդավորական կազմակերպությունները։ Անշուշտ, անհամաձայնություններ ի հայտ կգան։ Եվ շուկայական հարաբերություններին հարիր ԱՊՓԶ անդամ քաղկառույցները կանցնեն բնամթերքային բնույթի փոխանակումներին։ Կարելի է։ Զի կամրապնդվի նրանց միջկուսակցական բարեկամությունը։ Այո՜։

Օ՜, ՀԱՅՐԵՆԻՔ, ԴԱՌՆ ՈՒ ԱՆՈՒՇ

(սարկաստիկ ողբ)

Օ՜, հայրենիք իմ, դառն ու անուշ, ինչպե՞ս են անուշ տղաքը լացացնում մայրենիքդ։ Րաֆֆուն սատարեց ու բարևի շարժմանը եռամատ կոմբինացիայով միացավ ո՞վ, այո՜, այո՜, քաղաքական ոչ անհայտ արկածախնդիր, քաղաքագետ-պանդոկապան Արկադին Վարդանյան։ Օ՜ ժամանակներ, օ՜ բարքեր, Վարդանյան Ա.-ն, հուշեմ-հիշեք` Մոսկվայից ճախրեց և հանգրվանեց նախնիների հայրենիքում։ Ցույցեր կազմակերպեց (ցույց-հանրահավաքների կազմակերպիչ-պատասխանատուներին մարդագլուխ տրվում էր 5-հազարական դրամ, գոնե երեք հարյուր ցուցարարի մասնակցությունն ապահովելու նպատակով. հասկանալի է` Ա. Վ.-ի հետ համագործակցողները նրանից մեկ կարգ պակաս արկածախնդիրներ էին, թաղային նշանակության դուրսպրծուկներ և, բնականաբար, առիթը ձեռքից բաց չթողնվեց. 5 հազարից 2-ը գրպանում էին, 3-ը հանձնում «խռովարարներին»), մի գերանճաշակ պալատ կերտեց և դարձավ անհայտ բացակայող։ Հիմա հրապարակում է։ Նրան հանդիպելիս, ի դեպ, հեռվից հեռու, այսուհանդերձ, կարոտախտի բռնկում է առաջանում հոգումս։ Թվում է, թե վերակենդանացել է Միկիտան Սաքոն։

Հետաքրքիր է, նոր րաֆֆիակերտ կառավարությունում ի՞նչ պաշտոններ կզբաղեցնեն հայոց քաղաքական դաշտի «թարս բուսած խիարները»։ Թող որոշի արգո ընթեցողը։ Իսկ երրորդ հանրապետությանը մնում է ուսերը թափ տալ։

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ