Չգիտեմ` Րաֆֆի Հովհաննիսյանն ու իր թիմակիցներն իրո՞ք հավատում են իրենց իսկ լեզվով ասած` «բարև»-ի հեղափոխությանը, թե ոչ, բայց որքան ձգվի այդ «հեղափոխությունը», այնքան ամեն ինչ անհամանալու է, ինչպես լինում է բոլոր չծրագրված գործողությունների դեպքում: Եվ հերթական անգամ ժողովուրդը ստիպված է լինելու հուսախաբ հեռանալ Ազատության հրապարակից:
Իսկ թե ինչու հուսախաբ` խոսենք փաստերով:
2008 թ. Լևոն Տեր-Պետրոսյանի նախաձեռնած հանրահավաքների ժամանակ ընդդիմադիր Շարժմանը միացան և աշխատանքից ազատվեցին մի խումբ դիվանագետներ ու պետական պաշտոնյաներ, այդ թվում` իր` քաղաքական անվրեպ հոտառությամբ աչքի ընկնող գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը, որը նախկինում ընդդիմությանը միանալու և նրան բացահայտ սատարելու փորձ երբևէ չէր արել: Նույնիսկ Հոկտեմբերի 27-ի վերաբերյալ ասուլիսներ ու հայտարարություններ անելուց հետո տարիներ շարունակ հաջողությամբ պաշտոնավարել էր: Հիմա իշխանության ճամբարից Րաֆֆի Հովհաննիսյանին ոչ ոք, կարծես թե, միանալու ցանկություն չի հայտնել, ոչ մի պաշտոնանկություն չի եղել, ոչ մի դիվանագետ ցանկություն չի հայտնել սատարելու նրան, թեպետ Րաֆֆի Հովհաննիսյանը մեկ տարի եղել է ՀՀ արտգործնախարար, և անհնար է, որ այդ համակարգում նա կապեր ու ծանոթություններ չունենա:
Րաֆֆի Հովհաննիսյանը թե´ Երևանում, թե´ մարզերում խոչընդոտների չի հանդիպում հանրահավաքներ կազմակերպելիս, ինչը նշանակում է, որ իշխանությունը նրան պարզապես լուրջ չի վերաբերվում: Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպում է Սերժ Սարգսյանի հետ, հետո` Գագիկ Ծառուկյանի, հետո դիմում է Սահմանադրական դատարան, հետո ասուլիս է հրավիրում, հետո էլի հանրահավաք կհրավիրի: Տպավորություն գործելու համար նա իրեն ուզում է դուրս դնել գործող քաղաքական համակարգից և Ազատության հրապարակի հարթակից հայտարարում է. «Մի´ վանկարկեք Լևոն, Ռոբերտ, Սերժ, Րաֆֆի, այլ` Հայաստան»: Այսպիսի վերացական կարգախոսներով նա ուզում է գալ իշխանության: Նա ուզում է դուրս գալ «երեք նախագահների եռանկյունուց», ուզում է դատական պատասխանատվության կանչել երեք նախագահներին և բացահայտել Մարտի 1-ը: Ցանկությունը` ցանկություն, բայց ինչպե՞ս դուրս գաս այդ կախարդական եռանկյունուց, երբ առաջին նախագահի իշխանավարման տարիներին արտգործնախարարի պաշտոնն ես զբաղեցրել ու ձախողվել` պատերազմի ժամանակ Թուրքիայում Ցեղասպանության ճանաչման հարց բարձրացնելով, երկրորդի օրոք` «Հայաստան» հիմնադրամը, այնուհետև գրահրատարակչության վարչությունն ես ղեկավարել ու մի քանի ամսից հրաժարական տվել, երրորդի օրոք էլ ԱԺ-ում յոթ հոգանոց խմբակցություն ղեկավարել, որն էլ ուղեկցվել է օր ու մեջ հրաժարական տալ-հետ վերցնելով: Ներկա ԱԺ-ում էլ «Ժառանգությունը» ներկայացավ հինգ հոգով` «Ազատ դեմոկրատների» հետ դաշինք կնքած, որոնց մեջ, Րաֆֆից բացի, մեկ էլ Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանն են «ժառանգական»: Իսկ ավելի ուշ Րաֆֆի Հովհաննիսյանն իր մի մանդատն էլ զիջեց Թևան Պողոսյանին:
Թե որ տրամաբանությամբ դուրս մղվեցին նախորդ ԱԺ-ում բավականին ակտիվ գործունեությամբ աչքի ընկած Լարիսա Ալավերդյանը, Անահիտ Բախշյանը, Ստյոպա Սաֆարյանը, Արմեն Մարտիրոսյանը, դա էլ պետք է հավանաբար հարցնել հենց Րաֆֆիին:
Հիմա տպավությունն այնպիսին է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը չի զգում ժամանակը: Մամուլում տեղեկություններ են հրապարակվում, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակը Երևանի ավագանու ընտրություններում գլխավորելու է Ռոբերտ Քոչարյանի որդին` Սեդրակ Քոչարյանը, մասնակցության հայտ է ներկայացրել ՀՀԿ-ն, մյուս քաղաքական ուժերը ևս պատրաստվում են ճշտել իրենց վերաբերմունքը ընթացիկ քաղաքական իրադարձությունների հորձանուտում, կողմնորոշվել, թե ինչ են անելու մոտ ապագայում: Եթե «բարև»-ով հեղափոխություն է տեղի ունենալու, Հայաստանի քաղաքական դաշտում այդքան միամիտնե՞ր են մնացել, որ էս գլխից Երևանի ավագանու ընտրություններին են նախապատրաստվում:
Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ