38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Դը Գոլը» հեռացավ (Լևոն-Տեր Պետրոսյանի քաղաքական դիմագծի վերլուծության փորձ)

«Դը Գոլը» հեռացավ (Լևոն-Տեր Պետրոսյանի քաղաքական  դիմագծի վերլուծության փորձ)
11.01.2013 | 00:27

Այս խորագրով մեր թերթը պատրաստ է տպագրելու խորքային խնդիրներ շոշափող հոդվածներ` ընդսմին համամիտ չլինելով կամ ոչ միշտ համամիտ լինելով դրանցում արտահայտված տեսակետներին և առաջնորդվելով ֆրանսիացի դասական Վոլտերի հայտնի իմաստախոսությամբ. «Ես բացարձակապես համակարծիք չեմ Ձեր տեսակետին, սակայն կյանքս կտամ` այն արտահայտելու Ձեր իրավունքը պաշտպանելու համար»։

ՈՒրեմն այսպես, քաղաքականությունից հեռանում է «համաշխարհային մեծագույն» պատմաբան (քաղաքական կուսակցություններից մեկի լիդերի` Տեր-Պետրոսյանին որպես պատմաբանի տված գնահատականն է), հայ քաղաքական իրականության դը Գոլը (2008-ին նրա վերադարձը 10-ամյա ընդմիջումից հետո համեմատում էին դը Գոլի վերադարձի հետ)։ Նա կամովին հրաժարվում է ակտիվ քաղաքականությունից, ինչպես ինքն է ասել հրաժարականի իր խոսքում` տարիքն առնելու կապակցությամբ: Կյանքը ցույց տվեց, որ նա ոչ միայն համաշխարհային հեղինակությամբ պատմաբան չէ (ես կավելացնեի անգամ «տեղական» բառը), առավել ևս դը Գոլ և Տեր-Պետրոսյան քաղաքական գործիչների միջև նույնիսկ ընդհանուր եզրեր չկան և չէին էլ կարող լինել, ոչ թե այն պատճառով, որ Ֆրանսիան անհամեմատ մեծ է Հայաստանից, այլ այն պարզ պատճառով, որ դը Գոլը...
Ամեն ինչ սկսենք նոր տողից:
Դը Գոլը Աստծո կամքով աշխարհ էր եկել Ֆրանսիան կործանումից փրկելու համար: Փոքր հասակից անգամ նա այդ կանխազգացումն է ունեցել: Դը Գոլի կյանքի նշանաբանն էր «Ամեն ինչ Ֆրանսիայի վեհության համար»: Երկրորդ համաշխարհայինի սկզբում պարտված Ֆրանսիայից դը Գոլն իր դիվիզիայով անցավ (պարտված Ֆրանսիայից ընդամենն այդ չնչին զորքն էր մնացել) Լա Մանշը և, դժվարին պայմաններում գործելով Անգլիայում, պայքարելով Չերչիլի ինտրիգների դեմ, շատ հարցերում անգամ հակադրվելով Ռուզվելտին, կարողացավ շահել Ստալինի համակրանքը, և երբ հաղթողները ստորագրում էին Գերմանիայի կապիտուլյացիայի ակտը, ֆելդմարշալ Կեյտելը, տեսնելով հաղթողների մեջ Ֆրանսիայի ներկայացուցչին, ապշած կհարցնի.
-Սա այստեղ ի՞նչ գործ ունի:
Գեներալը, ինչպես Անգլիայում գտնվելու ծանր տարիներին, այնպես էլ հետո, ոչ մի հարցում չէր զիջում Չերչիլին և միշտ դիմագրավում էր նրան, լավ հասկանալով, թե ինչպիսի մտադրություններ ունի նա Ֆրանսիայի գաղութների նկատմամբ, և պայքարում էր պատերազմից հետո Եվրոպայում միակ հզոր խաղացող լինելու նրա նկրտումների դեմ: Սա պարտված երկրի զինվորականի, քաղաքական գործչի և ապագա Ֆրանսիայի նախագահի հստակ դիրքորոշումն էր:
Լևոն-Տեր Պետրոսյանը ի վերուստ չէր կոչված փրկելու Հայաստանը, հայ ժողովրդին: Կասենք հակառակը. կռվի գնացող հայ զինվորին նա բացահայտ ասում էր` Ադրբեջանը յոթ միլիոն է, իսկ մենք` ընդամենը երեք: Ադրբեջանը տնտեսապես հզոր է: Մենք ինչպե՞ս կարող ենք հաղթել նրան: Համաշխարհային պատմության մեջ չես գտնի նման գործչի, որ կռվի գնացող զինվորին ասեր.
-Դու թույլ ես, չես կարող հաղթել:
Նրա շրջապատի մարդկանց հետին թվով արած այն դատողությունները, թե իբր նա այդպես ասում էր` ցույց տալու աշխարհին, որ ինքը պատերազմ չի ուզում, բայց զինվորին կանգնեցնել հնարավոր չէ, համոզիչ չեն: Երկերեսանիությունից բացի, այլ կերպ չես գնահատի քաղաքական, պետական գործչի, գերագույն գլխավոր հրամանատարի նման վարքագիծը: Ավելին, երբ հայ կամավորն իր կյանքն էր տալիս Ղարաբաղում, Հայաստանում սովի ու խավարի պայմաններում սկսվել էր մի գործընթաց, որին ժողովուրդը տվեց ճշմարիտ բնութագիր` թալան: Ասել, թե երկրի նախագահը հեռու էր պետականորեն կատարվող այդ ավազակությունից (ինձ թույլ տվեցի օգտվել Տեր-Պետրոսյանի վերջին տարիների ելույթներում օգտագործած բառամթերքից), կնշանակի ոչինչ չասել:

Գեներալը որևէ հարստություն չուներ, բացի պատմականորեն ժառանգած մի փոքր կալվածքից: Ավելին, գեներալն առանց թիկնազորի էր ման գալիս: Երբ մի անգամ կնոջ հետ կինո գնալիս կրակել են նրա վրա, գեներալը հումորով ասել է.
-Հեչ ջենթլմեն չեն:
Դը Գոլը հրաժարվել էր անգամ պետականորեն իրեն հասանելիք թոշակից: Թոշակի անցնելուց հետո նա հազվադեպ էր հյուրեր ընդունում, այն էլ միայն իր նեղ շրջապատի մարդկանցից, ապրում էր շատ համեստ: Հյուրերից մեկը հումորով ասել էր.
-Այսօր եղանք նրա տանը և կերանք ոչխարի մսով ռագու:
Գեներալը կատեգորիկ հրաժարվել է խռովարարների առաջնորդի դերում իշխանության հասնելուց: Երբ 1957-ին Ֆրանսիան կանգնած էր քաղաքացիական պատերազմի եզրին, երբ ուլտրաները Ալժիրում գրավել էին իշխանությունը, 67-ամյա գեներալը մտնում է պայքարի մեջ, և, որքան էլ զարմանալի է, սկսվում է նրա կյանքի նոր ժամանակաշրջանը, երբ նա այնպիսի եռանդ, կամք, նպատակասլացություն, գործելու կիրք է դրսևորում, որ նրան շրջապատող շատ ավելի երիտասարդ մարդիկ ապշում էին. նա կարծես հաստատում է այն հայտնի ճշմարտությունը, որ ծերությունը երիտասարդության պատրանքն է, կամ ավելի ճիշտ` հայտնի ողբերգության գերեզմանափորի խոսքերը. «Եթե դիակը նախապես փտած չէ, մի ութ տարի գերեզմանում կդիմանա»: Կարելի է անվերջ շարունակել դը Գոլի` որպես մարդու, քաղաքական պետական գործչի, հայրենասերի դիմանկարի անթիվ դրական գծերը, բայց մի բան չի կարելի չնշել. նա երբեք արյունով չի եկել իշխանության, երբեք չի փորձել իր երկրում նախագահ դառնալ` ապավինելով օտար հզորների ուժին:
Լևոն-Տեր Պետրոսյանը Խորհրդային Միությունում այլախոհ չի եղել, քննադատական որևէ խոսք պետության հասցեին չի ասել: Ավելին, ինչպես վկայում են փաստերը, մինչ ղարաբաղյան շարժումը փորձել է ընտանիքով հաստատվել Իսրայելում: Երբ «Ղարաբաղ» կոմիտեի անդամները մի քանի ամսվա հանգստից հետո վերադարձան մոսկովյան հանրահայտ բանտից, սկսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի էլ ավելի ակտիվ գործունեությունը: Թունավորումներ Մասիս կայարանում, Երևանի մետաքսի կոմբինատում և, վերջապես, կայարանամերձ հրապարակի հայտնի սպանդը, որից ընդամենը մի քանի ամիս հետո նա եկավ իշխանության: Հանուն ճշմարտության պիտի ասեմ, որ միտինգային պայքարի ժամանակահատվածում նրա թիմը գործում էր անսխալ, իսկ երբ եկավ իշխանության, ընդամենը երկու տարի հետո նա հիմք դրեց հզոր արդյունաբերական երկրի թալանին, երկրում սկսեցին գործել անարխիան ու սանձարձակությունը: Սկզբնական անսխալականության և հետագա բարձիթողի վիճակը տրամաբանորեն կարելի է բացատրել. առաջին էտապում գործում էր Արևմուտքի մանրակրկիտ մշակված ծրագրով, անշուշտ, ԽՄԿԿ-ի գենսեկի թույլտվությամբ, իսկ երկրորդ էտապում սկիզբ առած քանդման ծրագիրը դարձյալ դրսինն էր, բայց պրակտիկ կենսագործումը հանձնված էր քաղաքական ավանտյուրիստներին, տնտեսագետ դիլետանտներին:
Լևոն Տեր-Պետրոսյանի հակահայ էությունը դրսևորվեց Գերագույն խորհրդի նստաշրջանից անմիջապես հետո, երբ նա ընտրվեց Գերագույն խորհրդի նախագահ:
Անկախության հռչակագրում, հակառակ իր կամքի, կասեի համառ դիմադրողական կամքի, պատգամավորների կողմից մտցվեց ցեղասպանության վերաբերյալ կետը: Այդ նույն ժամանակաշրջանում, երբ ազատամարտիկները կռվում էին Ղարաբաղում, բուն Հայաստանում թափ էին առնում այլախոհների նկատմամբ քաղաքական տեռորը և տնտեսության թալանը, գյուղատնտեսության ավերումը: Լևոն Տեր-Պետրոսյանը դեմ էր արտահայտվում ազգային բանակի ստեղծմանը, Սահմանադրության ընդունմանը: Երբ 1990-ին սկսվեց Ղարաբաղի ժողովրդի բռնի արտաքսումը, երկրի նախագահը չտեսնելու էր տալիս: Հիշենք «Կոլցո» օպերացիան: Այդ ամենն արդյունք էր Լևոն Տեր-Պետրոսյանի 1990-ական թվականների բացահայտ հակառուսական քաղաքականության: Հիշենք նրա խոսքերը` ասված ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նստաշրջանում։
-Ես ձեզ ասում եմ,- ձեռքն ամբիոնին խփելով,- որ ռուսները վաղ թե ուշ պիտի հեռանան Անդրկովկասից:
Այդ անհեռատես մտքերի ծանր հետևանքներն իրենց զգալ տվեցին: Սաակաշվիլու անհեռանկար հակառուսական քաղաքականությունը թե ինչ բերեց Վրաստանին, վրաց ժողովուրդը դեռ հետո կզգա: Լևոն Տեր-Պետրոսյանի չարդարացված հակառուսական քաղաքականությունը մեզ համար ողբերգական կլիներ, եթե Թուրքիան 1992-ին փոքր-ինչ խելոք լիներ և Հայաստանի սահմանին ուժ չկենտրոնացներ և ներխուժելու հայտարարություն չարձակեր, ինչին հետևեցին Ռուսաստանի պաշտպանության նախարար Շապոշնիկովի խոսքերը.
-Դա արդեն երրորդ համաշխարհային պատերազմ է:
Ահա թե ինչի կարող էին հասցնել Լևոն Տեր-Պետրոսյան քաղաքական գործչի անհեռատես, չկշռադատված խոսքերը: Ցավոք, այժմ էլ որոշ անհատներ, անգամ նախագահի թեկնածու, կարծում են, թե եվրոպական տանկերն այսօր կարող են հայոց լեռները բարձրանալ: Նման մտածելակերպ ունեցողներին կուզեի հիշեցնել. իսկ այդ նույն տանկերը 2008-ի օգոստոսին ինչո՞ւ ծովով Վրաստան չմտան:
«Միշտ գործեք ձեր հետին մտքերին համապատասխան»,- գրել է դը Գոլն իր «Սրի սայրին» գրքում: Հավանաբար, ազնիվ հետին մտքերը Լևոն Տեր-Պետրոսյանի համար միշտ չարամիտ են եղել, այդ պատճառով միշտ չէ, որ իրականացվել են: Դը Գոլը Ֆրանսիայում որևէ վատ ավանդույթի հիմք չի դրել, իսկ Տեր-Պետրոսյանը` քաղաքական սպանությունների, երկրի թալանի և ամենանողկալին` ընտրակեղծիքների, ընտրակաշառքի հիմք դրեց, որոնց հետևանքները ոչ միայն մարդուն անբարոյականացնելն է, այլև մարդ լինելուց հեռացնելը:
Մինչ ղարաբաղյան շարժումը Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանում որևէ նշանակալից հարստություն չուներ: Իսկ այսօ՞ր: Միայն առանձնատունը մի քանի հարյուր միլիոն դոլար արժե: Որտեղի՞ց: Որպեսզի ցույց տամ նրա և նրա կլանի կատարած թալանի չափը, կբերեմ միայն մեկ օրինակ: Այդ մասին ինձ անձամբ պատմել է ՀԿԿ կենտկոմի պարտկոնտրոլի նախագահի տեղակալ Մելիքյանը 1993-ին, մի ճաշկերույթի ժամանակ:
«Հրազդանմաշ» գործարանն արտասահմանից ստացել էր 15 գերժամանակակից հաստոց, յուրաքանչյուրը մեկ միլիոն դոլար արժողությամբ: Իմ հարցին, թե ի՛նչ եղան դրանք, Մելիքյանը պատասխանեց.
-Այդ մասին հարցրեք Լևոնի եղբայր Թելմանին:
Իսկ թե քանի՜ միլիոն դոլարի նման ապրանքներ Թելմանի միջոցով արտահանվեցին, միայն Լևոն Տեր-Պետրոսյանը գիտի: Չգիտեմ, երբևէ որևէ մեկը կարո՞ղ է հաշվել, թե Հայաստանին Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա կլանի հասցրած վնասը քանի միլիարդ դոլար է կազմում:
2008 թվականի նախագահական ընտրություններում Լևոնը պարտվեց, բայց դա չխանգարեց նրան, որ մեկ անգամ ևս Հայաստանում արյուն հեղվի: Եղավ մարտի 1: Տասը մարդ զոհվեց: Կարո՞ղ էր դա չլինել: Միանշանակ։ 2012-ին Մոսկվայում Բոլոտնայայում ավելի շատ էին հավաքվել, բայց արյուն չհեղվեց, որովհետև լիդերները տանը հանգիստ չէին քնել, ինչպես ցինիկորեն մարտի 2-ին հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը: Լևոն Տեր-Պետրոսյանն ավելի շատ արյուն էր ուզում, որպեսզի իշխանություններն ավելի շատ վարկաբեկվեին, անշուշտ մոռանում էր, որ մարտի 1-ի ամենամեծ պատասխանատուն հենց ինքն է: Նախագահական նոր ընտրությունների շեմին Լևոն Տեր-Պետրոսյանը գործում էր դը Գոլից սերտած, բայց յուրովի ընկալած հետին մտքերով: Այդ հետին մտքերը պարզելու համար փոքր-ինչ հետ գնանք:
2008 թ.: «Վաշինգտոն փոստ»-ում հրատարակված հոդվածում Լևոն Տեր-Պետրոսյանն անդրադարձել է իշխանությունների կողմից ընդդիմությանը ճնշելու, վախեցնելու, կաշառելու դեպքերին, քվեատուփերը լցոնելու և այլ բացասական երևույթներին (կարծես դա ոչ հեռավոր անցյալի իրենց ձեռագիրը չէ- Ս. Հ.), գրել է, որ տարակուսանք է առաջացնում Արևմուտքի քար լռությունը: «Դրանից առավել մեզ տարակուսանք պատճառեց ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցը, որը վավերացրեց Սարգսյանի հաղթանակի մասին կեղծ պնդումները (մի՞թե պրագմատիկ քաղաքական գործիչը, տեսնելով Ալիևի արարքների նկատմամբ աչք փակող Արևմուտքի գործիչներին, կշարունակի հավատալ նրանց- Ս. Հ.): Մենք Հայաստանում փորձում ենք հասկանալ` որո՞նք են Քոչարյանի և Սարգսյանի վարչախմբի կողմից մեր ժողովրդավարության բռնաբարման (մի՞թե դը Գոլը նման բառամթերքով հարցազրույց կտար- Ս. Հ.) Արևմուտքի նման անտարբերության արմատները: Մենք նաև ակնկալում ենք ընտրությունների արդյունքների վերանայում: (Այստեղ կարելի է անվերապահորեն ասել. Արևմուտքին ստրկամտորեն ծառայած մարդը ստրկամտորեն նրանց է վերապահում սուվերեն պետության ժողովրդի կամարտահայտության դատավորի դերը- Ս. Հ.): Եթե այս քայլերը չձեռնարկվեն, ապա հայերը երկու անցանկալի եզրակացություն կանեն. նախ` որ քաղաքական պայքարի խաղաղ և օրինական միջոցներն անարդյունավետ և անիմաստ են, և երկրորդ` որ Արևմուտքը հոգ է տանում ժողովրդավարության մասին միայն այն ժամանակ, երբ դա քաղաքականապես նպատակահարմար է գտնում»:
Նախ փորձեմ հասկանալ «անարդյունավետ» բառը: Այս բառով Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատում է, որ ինքն Արևմուտքի դրածոն է եղել: Այդ ի՞նչ հանճար էր ինքը, որ ԽՍՀՄ-ի պես բռնապետական երկրում անփորձ քաղաքական գործիչը խաղաղ ճանապարհով ժողովրդական լայն զանգվածներին կարողացավ իր հետևից տանել և հասցնել իշխանության, իսկ Քոչարյանի, Սարգսյանի «բռնապետության» դեմ (թիկունքում ունենալով անցյալի իր կառավարման փորձը, նախկին ենթակաների ճանաչման աստիճանը և այլն) կարողացավ հասնել միայն անմեղ մարդկանց արյուն հեղելուն: Պատասխանը մեկն է: Արևմուտքը էլ չէր սատարում Լևոն Տեր-Պետրոսյանին, որովհետև զգում էր, որ նա սպառել էր ժողովրդական լայն զանգվածների մեջ իր (Արևմուտքի- Ս. Հ.) ստեղծած երբեմնի հեղինակությունը:
Ինչ վերաբերում է քաղաքականապես նպատակահարմարությանը, ապա կհարցնեմ` իսկ ե՞րբ այդպես չի եղել: Եթե պետք է Սերբիան մասնատել, Կոսովոյի ինքնորոշումը տեղին է և յուրօրինակ: Եթե պետք է Ռուսաստանը քանդել (ԽՍՀՄ-ն անցած էտապ է) կամ սառը պատերազմի նոր ալիք բարձրացնել, կարող են շահարկել մարդու իրավունքները և այլն, և այլն: Մի՞թե համաշխարհային մեծության պատմաբանը 68 տարեկան հասակում չի ըմբռնել Արևմուտքի այդ պարզ թվաբանությունը:
Ստանալով Արևմուտքի քար լռությունը որպես պատասխան, Լևոն Տեր-Պետրոսյանը նույն թվականին շրջվեց դեպի Ռուսաստան և, ի զարմանս բոլորի, հայտարարեց, որ Ռուսաստանը օս ժողովրդին փրկեց ցեղասպանությունից` Աբխազիայի մասին որևէ խոսք չհիշելով: Այդ քայլով նա մտածեց, թե կարժանանա Ռուսաստանի սիրուն, և իրեն քարտ բլանշ կտան (մանավանդ որ ՌԴ-ից երես թեքելու Սարգսյանի քաղաքականության մասին նա հաճույքով էր խոսում և մեղադրում) ապագա նախագահական ընտրություններում: Սակայն այստեղ էլ չգնահատեցին Լևոն Տեր-Պետրոսյանի երկերեսանիությունը, գուցե հիշելով, թե ով էր Տեր-Պետրոսյանը 90-ական թվականներին: Լևոն Տեր-Պետրոսյանը հայտնվել էր իսկ և իսկ հոր տնից հալածված, չոբան Կարոյից փախած Մարոյի վիճակում: Արևմուտքին ինքը պետք չէ, Ռուսաստանն իր մասին լսել անգամ չի ուզում, ժողովուրդն էլ... դե ինչպես Չարենցը կասեր` մուխանաթ հայեր:
Մտածեց շատ երկար և փորձեց սիրաշահել Գագիկ Ծառուկյանին: Էս խեղճ մարդն էլ հավատաց, որ տարիների ընթացքում փողի քսակի հետ մեկտեղ գիտելիքների քսակն էլ է ավելացել, և փորձեց ուտել Լևոնի կուտը: Հիշում եք, մի ժամանակ էլ էն խելոք պապայի անփորձ տղան կերավ Լևոնի կուտը, բայց ոչինչ չստացվեց: Ծառուկյանի դեպքում էլ ոչինչ չստացվեց, որովհետև դը Գոլից սերտած Լևոնի հետին մտքերը միշտ չար են եղել և ինքնանպատակ: Վառված տեսնելով դեպի մեծ քաղաքականություն տանող բոլոր կամուրջները (ասեմ, որ այդ բոլոր կամուրջներն ինքն անգիտակցաբար է այրել- Ս. Հ.), նրան այլ բան չէր մնում, եթե ոչ ասել, թե 68 տարեկան եմ:
Իսկ և իսկ Թումանյանի «Չարի վերջի» նման մի պատմություն:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Դիտվել է՝ 3746

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ