ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի «գործը» բավականին ուշագրավ զարգացում է ստանում: Փողերի լվացման գործի հետաքննությունը, և դրանում Վարդան Օսկանյանի մասնակցության խնդիրը, ներքաղաքական լարվածության հիմնական պատճառներից մեկն է, քանզի Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելուն ուղղված դատախազության գործունեությունը ԲՀԿ-ն որպես քաղաքական հետապնդում է դիտարկում: ՈՒշագրավ է, որ այս գործընթացը միայն Օսկանյանով չի սահմանափակվում, և կարելի է ենթադրել, որ իշխանությունը ոչ թե հետապնդումներ է իրականացնում, այլ պետականության առողջացմանն ուղղված խորքային, վիրահատական գործողություններ:
Վերջերս մամուլում հայտնվել է տեղեկատվություն, ըստ որի` ԲՀԿ-ական նախկին նախարարների գործունեության վերաբերյալ իրավապահ մարմինները նյութեր են հավաքում: Հանրությունն էլ ականատեսը դարձավ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից կառավարության գործունեության մի շարք ոլորտներին առնչվող քննադատությանը և դրան հաջորդած վարչապետ Տիգրան Սարգսյանի քայլերին: Նշենք, որ առաջին հայացքից տպավորությունն այնպիսին էր, որ իշխանությունը որոշակի ճնշումներ է բանեցնում ԲՀԿ-ին սանձելու համար, սակայն վերջին զարգացումները խոսում են այն մասին, որ նախագահ Սարգսյանի թիմի վերջնական նպատակը ճնշումներ բանեցնելը չէ:
Այսպես. ԲՀԿ-ական նախկին նախարարների, նաև Վարդան Օսկանյանի հնարավոր քրեական պատասխանատվության խնդրի հետ մեկտեղ առաջնային դաշտում է նաև ՀՀԿ-ականների խնդիրը: «Ատկատների խնդրի» լուծման առաջին քայլով աշխատանքից ազատվեց կարկառուն հանրապետական Գագիկ Բեգլարյանի եղբայրը, իսկ սոցիալական հիմնադրամի նախկին նախագահ Վազգեն Խաչիկյանի բախտն ընդհանրապես չբերեց. նրան կալանավորեցին, և եթե նրա մեղադրանքը դատարանում ապացուցվի, ապա Խաչիկյանը երկար տարիներ է անցկացնելու անազատության մեջ: Ի դեպ, Վազգեն Խաչիկյանը ՀՀԿ ամենախոստումնալից կադրերից էր և երկար տարիներ համարվում էր կուսակցության ինտելեկտուալ ծանր հրետանին: Վերջերս նույն խնդրի հետ առնչվեց նաև ԲՀԿ-ի հետ ոչ մի կապ չունեցող ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Արշալույս Փայտյանը, ով համապատասխան «միջնորդավճարով» գոմեշի անորակ միս էր մատակարարել բանակին:
Ըստ էության, իշխանությունը գործարկել է «պատժիչ մամլիչը», և կուսակցական պատկանելությունը ոչ մի նշանակություն չունի: Անտրամաբանական է իշխանությանը մեղադրել քաղաքական հետապնդումներ կազմակերպելու գործում, քանզի վերջին զարգացումների համատեքստում իրավապահների տեսադաշտում են հայտնվել ոչ միայն ԲՀԿ անդամները, այլև ՀՀԿ-ական և անկուսակցական գործիչներ: Ճիշտ է, նախագահական ընտրությունների նախաշեմին որոշ քաղաքական ուժեր ցանկանում են սրել իրավիճակը, հավելյալ ինտրիգ մտցնել գործընթացներում և դրանով միավորներ հավաքել, սակայն դրա արդյունավետության մակարդակը շատ ցածր կլինի: Խնդիրն այն է, որ քաղաքական լարվածություն ապահովելու համար անհրաժեշտ կլինի հրապարակային բանավեճ և քննարկում ծավալել, ինչի պարագայում իշխանությունը բավականին հիմնավոր մոտեցումներ ունի, և համարյա թե անհնարին կլինի իշխանությանը «քոչարյանական ռեպրեսիաներում» մեղադրելը:
Ինչևէ, վերջին ամսվա ընթացքում իշխանության գործելաոճը պետք է խորքային ուսումնասիրության առարկայի վերածել: Նշենք, որ Սերժ Սարգսյանի գործելաոճը երբեք աչքի չի ընկել պրիմիտիվությամբ և մշտապես ուղեկցվել է բազմաքայլ կոմբինացիաներով: ՈՒստի և նախագահական ընտրություններից առաջ քաղաքական հետապնդումներ կազմակերպելը մի փոքր անհավանական է թվում, հատկապես, երբ հաշվի ենք առնում այն փաստը, որ նախորդ 5 տարիների ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը հետևողական աշխատանք է ծավալել քաղբանտարկյալներից ազատվելու, ազատ մամուլ ստեղծելու և քաղաքական մրցակցությունը ավելի ազատ հուն բերելու ուղղությամբ: Ակնհայտ փաստ է նաև այն, որ նախորդ 5 տարիների ընթացքում նախագահը կարողացել է փոխել Հայաստանի իշխանությունների մասին եվրոպական շրջանակների պատկերացումները: Այս ուղղությամբ հսկայական աշխատանք է ծավալել նաև վարչապետ Տիգրան Սարգսյանը: Եվ այս համատեքստում անհավանական է թվում քաղաքական հետապնդումների կիառումը, քանզի 5 տարիների աշխատանքը միանգամից կհավասարվի հողին, իսկ նախագահական ընտրություններից առաջ նման ճոխություն Սերժ Սարգսյանն իրեն թույլ տալ չի կարող:
Այս դեպքում հարց է ծագում. ինչո՞ւ է հիմա իշխանությունը որդեգրել այս քաղաքականությունը, ինչո՞ւ է հենց այս պահին իշխանությունն ի ցույց դնում պետական կառավարումը լիարժեք իրականացնելու ունակությունը: Սրանք հարցեր են, որոնց պատասխանը գտնելու համար անհրաժեշտ է խնդիրները դիտարկել բազմակողմանի և անաչառ տեսանկյունից: Պետական համակարգում առկա մեծածավալ կոռուպցիոն երևույթները վերացնելուն ուղղված իշխանության քայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելուն ուղղված ժամանակի պահանջ: Լինենք անկեղծ. նախագահ Սերժ Սարգսյանն անում է այն, ինչը հասարակությունը նրանից սպասում էր դեռևս 2008-ին, երբ նա նոր էր ստանձնել ՀՀ նախագահի պաշտոնը: Կարելի է ենթադրել, որ այս տարիներին Սերժ Սարգսյանը պատրաստվում էր վճռական գործողությունների, և 2012-ի խորհրդարանական ընտրությունների հաջող ավարտը հանգեցրել է մի իրավիճակի, երբ նախագահի քաղաքական մկաններն ի զորու են կտրուկ գործողությունների դիմելու` ապահովելով շոշափելի և հասարակության համար տեսանելի բարեփոխումներ:
Պետության հիմնական գործառույթներից մեկի` պատժիչ գործողությունների միջոցով հնարավոր է դառնում ստեղծել այնպիսի միջավայր, որի պայմաններում պետական առանց այդ էլ սուղ միջոցները չեն փոշիանում և չեն հայտնվում օլիգարխիկ շրջանակների բանկային հաշիվներում: Այս գործողությունները ժամանակի պահանջ են, քանզի իշխանությունը ցանկանում է երկրի կառավարման պատասխանատվությունը ստանձնել հետագա 5 տարիների համար, և հասարակությունը պետք է տեսնի, որ իշխանությունն ի զորու է վճռական գործողությունների դիմելու, ի զորու է հավասար, արդար և թափանցիկ պայմաններ ստեղծելու տնտեսավարող սուբյեկտների համար, ինչն էլ կարող է հանդիսանալ գործարար միջավայրի զարգացման միակ գրավականը:
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության խնդիրներին, ապա իշխանության նման կտրուկ գործելաոճը հստակ ազդանշան է Հայաստանի արտասահմանյան գործընկերներին, որ երկիրը թևակոխում է օրենքի համահավասարության վաղուց սպասված ժամանակաշրջան, որի պայմաններում հնարավոր կլինի խոսել արտասահմանյան խոշոր ներդրումների մասին: Կասկածից վեր է, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությունը հասկանում է այն պարզ ճշմարտությունը, որ օլիգարխների կողմից վերահսկվող տնտեսությունը ոչ միայն անհեռանկարային է, այլև վտանգավոր, ուստի պետք է խթանել տնտեսության ազատականությունը, և դրա առաջին քայլը պետք է լինի պետական գնումների ոլորտի կարգավորումը: Եվ, ինչքան էլ իշխանությանն ընդդիմադիր ուժերը փորձեն քաղաքականացնել այս գործընթացը, միևնույն է, պարզ տրամաբանությունը հուշում է, որ նախագահի սկսած գործը հասցվելու է տրամաբանական ավարտին:
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ