38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ախ, մեր այդ անհաղթահարելի «եթե»-ները

Ախ, մեր այդ անհաղթահարելի «եթե»-ները
26.06.2012 | 01:13

Ցեղասպանության տարելիցների ազգային սգո օրերին այնքան են ալեկոծվում մեր զգացմունքները, որ երբեմն մթագնում է մեր տրամաբանությունը, դժվարացնելով մեր փոխըմբռնումը, ընդհանուր հայտարարի գալու հնարավորությունը։ Սակայն իրավագետ Ս. Հովսեփյանի և պատմաբան Ա. Ծատուրյանի հետ «Իրատես de facto» թերթի նախորդ համարներում ծավալված «Ցեղասպանության դասերի վերաբերյալ» հրապարակումից հետո մեր բանավեճը, այնուամենայնիվ, հասել է որոշ հաջողության։ Դա ավելի նշանակալի կլիներ, եթե իմ ընդդիմախոսներն ավելի հետևողական լինեին, նախադրյալներն ընդունելով, չմերժեին նրանցից բխող եզրակացությունները, կամ, ընդհակառակը, ընդունելով եզրակացությունները, չմերժեին նախադրյալները, կամ էլ, վերջապես, ակնհայտ փաստերին դեմ չգնային։ Այսպես, նրանք ընդունում են, որ ԱՄՆ-ը երեք անգամ մեզ խաբել է (1920, 1945 և 1988 թթ.)։ Հատկապես ցավալի են 1945 թ. դեպքերը, երբ Արևմտյան Հայաստանի ազատագրման հարցը համարյա լուծված էր, եթե Տրումենն ատոմային ռումբի սպառնալիքով Ստալինին չահաբեկեր։ Ինձ հետ համաձայն են, բայց էլի պահանջում են, որ նույն ԱՄՆ-ը ճանաչի ցեղասպանությունը։ Բայց եթե ԱՄՆ-ի հերթական պրեզիդենտին ստիպեցինք ընդունել այն, Թուրքիայի հարձակման դեպքում ևս կկարողանա՞նք ստիպել նրան, որ մեզ օգնի։ Իսկ ուզենալու դեպքում կհասցնի՞ մեզ օգնել։ Չէ՞ որ Թուրքիան կարող է մեզ Քուվեյթի օրը գցել, այսինքն` մեկ գիշերվա մեջ զավթել և ավերել։ Ինձ չեն առարկում, բայց դարձյալ պնդում են իրենցը։ Ամերիկյան փիղը վախենում է թուրքական մկան հետ հարաբերությունները սրելուց, իսկ մեր խեղճ հալով չենք վախենում։ ԱՄՆ-ը վախենում է ճանաչել ցեղասպանությունը (պահանջատիրության մասին խոսք անգամ չկա). մենք չենք վախենում։ Դեռ պահանջատիրության հարց ենք դնում։
Մենք կարծես թե հասկացել ենք օտարների վրա հույս դնելու մեր նախնիների մեծագույն սխալը և ասում ենք, որ մեր հույսը պետք է դնենք մեր ուժերի վրա։ Բայց դեռ ուժ չկուտակած դարձյալ ընկել ենք օտարների դռները, սրան-նրան ամոթանքներ ենք տալիս։ Ինչո՞ւ, մեզ մեկ անգամ ևս խաբելու համա՞ր։ Այս բոլորի մեջ տրամաբանություն կա՞։ Եթե կա, ո՞րն է այն։
Սուր է ցեղասպանության սկզբի հարցը։ Ես, հենվելով ազատագրական պայքարի ժամանակակիցների և ակտիվ մասնակիցների` Ալիշանի, Լեոյի, Ա. Իսահակյանի, Նար-Դոսի, Հր. Աճառյանի և մեր այլ բազմաթիվ ազգային գործիչների, վերջապես, իմ երզնկացի ծնողների վկայությունների վրա, պնդում եմ, որ ցեղասպանության քաղաքականությունը մշակվել է Բեռլինի կոնգրեսից հետո։ Իսկ իմ ընդդիմախոսները վերոհիշյալ ողբերգական դեպքից 100-ից ավելի տարի անց համարձակվում են պնդել, թե նրանք բոլորն էլ սխալվել են, թե ցեղասպանությունը միշտ է եղել։ Բայց դրանից հետո գոնե հետևողական լինեին, իրենք իրենց չհակասեին։ Ս. Հովսեփյանը խոստովանում է, որ հայերի ձեռքին են եղել բանկային գործը, առևտուրը, կրթությունը և այլն։ Ա. Ծատուրյանն իր հերթին նշում է, թե «բանիմաց հայն իր ձեռքը վերցրեց երկրի (Թուրքիայի - Մ. Ա.) բոլոր ոլորտները»։ Եվ ի՞նչ է ստացվում։ Թուրքը միայն զբաղված էր մեզ կոտորելով, իսկ մենք` կոտորվողներս, մեր ձեռքն էինք վերցնում երկրի բոլոր ոլորտները։ Այստեղ տրամաբանություն կա՞։ Եթե կա, թող ասեն` ո՞րն է այն։
Հետո, Ս. Հովսեփյանը «եթե»-ների մեծ սիրահար է։ Իր նախորդ 5-6 «եթե»-ներին նա ավելացնում է ևս երկու «եթե», որոնցից մեկը դարձրել է իր հոդվածի վերնագիրը։ Ահա այն. «Եղեռնը չէր լինի, եթե մեկուկես միլիոնից կես միլիոնը զենքը ձեռքին բռներ»։ Մյուսը` «Եթե հայ բուրժուան... զիներ ժողովրդին» և այլն։ Գալլերը լոկ մեկ «եթե» են ներկայացրել հռոմեացիներին ու չեն կարողացել իրագործել, իսկ մերոնք բազմաթիվ անհաղթահարելի «եթե»-ներ են ներկայացնում։ Հիրավի, շատ են եղել խանգարող պատճառները։ 1. Մենք թուրքերից 4-5 անգամ քիչ ենք եղել, 2. գտնվել ենք նրանց բիրտ լծի տակ, 3. մենք հիմնականում ցրված ենք եղել գյուղերում, 4. կապի միջոցներ չեն եղել, ուստի ժողովրդին կազմակերպելը շատ դժվար է եղել, 5. մենք և մյուս բոլոր քրիստոնյաները զենք ունենալու իրավունք չենք ունեցել, 6. գյուղում ապրել ենք թուրքերի և քրդերի հետ, ուստի եղել ենք իշխանությունների և հարևանների կրկնակի հսկողության տակ։ Իմ ընդդիմախոսները երևի դեռ ծնված չեն եղել, երբ ես 1946 թ. 17 տարեկանում հորս հարցրել եմ, թե ինչո՞ւ իրենք զենք չունեին։ Նա ասել է. «Թուրքը խստիվ հսկում էր, որ մենք զենք չունենանք»։ Այնպես որ, հայ բուրժուան չէր կարող զինել ժողովրդին։ Սասունի ապստամբության ժամանակ ուզել են 50000-անոց վարձու կամավոր բանակ ստեղծել, ոչինչ չի ստացվել։
Վերջապես, իմ դիմացինները երբեմն վիճամոլությանն են դիմում։ Սոփեստների պես վիճում են ոչ թե ճշմարտությունը գտնելու, այլ հակառակորդին լեզվակոխ անելու համար։ Այսպես, ես ցույց եմ տվել, որ Աճառյանի ժամանակ տագնապալից մթնոլորտ չի եղել։ Գավառում նա գումար է վաստակել (կատակ չէ, օրական 8 ոսկի կամ մի քանի հարյուր դոլար) և դրա մեծ մասը հանգիստ թողել է իր ընկերոջը, որ նա իր խանութում օգտագործի, ու շահույթը կիսեն։ Իսկ ըստ Հովսեփյանի` ստացվում է, թե ես ուզել եմ ցույց տալ, որ Թուրքիան հայ ուսուցչի համար համարյա դրախտ է եղել։ Ի դեպ, այդ վարձը տվել է հայ համայնքը, ոչ թե թուրքը։
Նույն կերպ, բայց ավելի բացահայտորեն թեզի նենգափոխում է կատարում Ա. Ծատուրյանը։ Ես ասում եմ, որ Խրիմյանը գաղափար չի ունեցել եվրոպական, հատկապես գաղտնի, դիվանագիտությունից։ Փոխարենն Ա. Ծատուրյանը պնդում է, որ նա «օտարներին զարմացրել է եվրոպական փիլիսոփայության իր իմացությամբ»։ Բայց խոսքը դրա մասին չէ, խոսքը դիվանագիտության մասին է։ Ծատուրյանը ստիպված ընդունում է դա, բայց որակում է այն ոչ թե որպես տգիտություն, այլ անտեղյակություն։ Վկայակոչելով Էդ. Աղայանին, նա պնդում է, որ անտեղյակ լինել չի նշանակում տգետ լինել։ Դա ճիշտ է։ Մենք բոլորս էլ շատ բաներից ենք անտեղյակ։ Բայց երբ անտեղյակը, չկասկածելով անգամ իր անտեղյակության մասին, խառնվում է իր չիմացած գործերին ու ամեն ինչ փչացնում, նա դառնում է տգետ։ ՈՒստի, տգետը կրկնակի անտեղյակն է։ Հենց տգիտությունն է եղել մեր գործիչների գարշապարը, որի պատճառով աղետի են ենթարկել մեր ժողովրդին։ Դրանից հետո, հակառակ տրամաբանությանը, նա սկսում է գովել նրանց միամտությունը, դյուրահավատությունը, նվիրվածությունը, գլխի չընկնելով, որ այդ բոլորը ծառայություն մատուցող արջի հատկանիշներն են։ Արջն էլ է շատ սիրել ու նվիրված եղել իր ընկերոջը։
Ի դեպ, անձնազոհը կարող է իր կյանքը վտանգել, բայց ոչ ուրիշների, ինչպես Արմեն Գարսը, որն իր կաշին փրկեց, պատճառ դառնալով հազարավոր պոլսեցիների, այդ թվում երեխաների սպանդի։ Եվ ոչ մի արդարացում չի կարող լինել, թե «նրանք երևակայել անգամ չէին կարող...»։ Ի միջի այլոց, Օսմանյան բանկն անգլո-ֆրանսիական բանկ է եղել, որը նրանք ստեղծել են սնանկացած սուլթանի ֆինանսներն իրենց ձեռքը վերցնելու և նրա պարտքերը քամելու համար։ ՈՒստի այդ բանկը գրավելու միջոցով հայ ահաբեկիչները փորձել են ճնշում գործադրել Անգլիայի և Ֆրանսիայի չարչիների վրա, որ նրանք սուլթանին ստիպեն կատարել խոստացած բարեփոխումները։
Ա. Ծատուրյանն ինձ մեղադրում է, թե իբր ես թուրքերին ու նրանց հովանավորներին թողած իմ քննադատական նետն ուղղել եմ մեր գործիչների ու անկուսակցությունների դեմ։ Դա թյուրիմացություն է։ Եթե անտառ մտած երեխային գայլը վնասում է, մեղադրում են անուշադիր ծնողներին։ Դա չի նշանակում, որ գայլն անմեղ է։ Նրա մեղքն ահավոր է, բայց ի՞նչ պահանջես այդ գիշատչից։ Նրան որսորդները սատկացնում են։ Նույնն էլ տվյալ դեպքում է։ Միայն թե մի ամբողջ ժողովուրդ կերած գիշատչի գլխին մինչև այժմ էլ որսորդներ չկան։
Նույն ձևով իմ ընդդիմախոսը փոխում է իմ շեշտադրությունը Լևոն Լուսինյանի ուղերձի և սուլթանի` մեր ժողովրդի դիրքորոշման վերաբերյալ տված գնահատականին։ Ես չեմ ասել, որ մեր ժողովրդի չեզոքությունը Ղրիմի պատերազմում ապահովվել է թագաժառանգ (և ոչ թե մի ինչ-որ) Լուսինյանի ուղերձով։ Ես ասել եմ, որ նա հասկացել է, որ դա մեր կռիվը չէ, և կոչ է արել չմասնակցել։ Այնուհետև, իմ խոսքը սուլթանի անկեղծության կամ քծնության մասին չէ։ Այն մասին է, որ սուլթանը գոհ է մնացել, կարծում եմ, որ նրա տեղում Ա. Ծատուրյանն էլ գոհ կլիներ։ Նա, դրանից բացի, պնդում է, որ մենք պետք է օգնեինք ռուս քեռուն, այլ ոչ թե արցունք թափելով չեզոք մնայինք։ Նախ, զորեղ ռուսական ցարը մեր օգնության կարիքը չուներ, երկրորդ, թուրքին կատաղեցնում էր մեր դեմ և ստիպված թողնում գնում։
Հայոց 3000 եկեղեցիների և 1200 կրթամշակութային հաստատությունների հարցում ևս իմ շեշտադրությունն է փոխվել։ Ինձ առարկելով, նա ասում է, որ եկեղեցիների զգալի մասը կառուցվել է մինչև թուրքերի մուտքը, բայց չէ՞ որ մյուս մասը կառուցվել է դրանից հետո, իսկ կրթամշակութային հիմնարկները` փաստորեն 19-րդ դարում։ Ա. Ծատուրյանը դրան տալիս է ֆանտաստիկ բացատրություն։ Թուրքը չի ավերել մեր եկեղեցիները, որովհետև իբրև թե գոհ է եղել, որ զենք գնելու փոխարեն հայն իր միջոցները տվել է եկեղեցաշինությանը (կարծես թե նա չի արգելել մեզ զենք գնել)։ Հետո ծրագրել է, որ մեր ժողովուրդն իր հարստությունը կուտակի եկեղեցիներում, որպեսզի ինքը թալանի այն։ Այսինքն` նա գերհանճար է, քանզի մի քանի դար առաջ է ծրագրել այդ թալանը։
Բայց անհայտ է թողնում, թե ինչո՞ւ նույն թուրքը ոչ թե ավերել, այլ թույլ է տվել, որ մենք ծավալենք մեր կրթօջախները, որոնք թալանի համար նախատեսված հարստություն չեն կուտակել։ 1200 կրթօջախը կատակ չէ։ Ընդսմին դրանցից մեկն ավարտել է մեր աշխարհահռչակ լեզվաբան ակադեմիկոս Հ. Աճառյանը։ Եթե սա Ա. Ծատուրյանի կողմից վիճամոլություն չէ, հապա ի՞նչ է։
Ամենավերջում իմ տարակուսանքը պետք է հայտնեմ ինձ իմ մտքերի հանցավորության (Ս. Հովսեփյան) և ազատատենչ հայորդիների երկնային հոգիները թունավորելու մեջ մեղադրելու համար։ Ես ասում եմ. մենք չպետք է մեր հույսը դնենք բարի քեռիների վրա և սպասենք, որ նրանք կլուծեն ու ոսկեերիզ ափսեի վրա մեզ կհրամցնեն մեր ազգային խնդիրները։ Նրանք բազմիցս խաբել ու դավաճանել են մեզ ու դեռ շարունակում են։ Ահա այս անգամ էլ ԱՄՆ-ի նախագահ քեռի Օբաման և պետքարտուղար մորաքույր Քլինթոնը հրաժարվեցին Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց։ Դեռ ավելին, ԱՄՆ-ի Սպիտակ տունն իր հայտարարության մեջ մեկ անգամ ևս ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջությունը և պահանջեց, որ հայկական կողմն ազատի նրա «գրավյալ» տարածքները։
Մենք պետք է մեր հույսը դնենք մեզ վրա, շատ ու շատ պետք է ուժեղանանք, դրա համար պետք է հասնենք մեր ազգի իրական միավորմանը և դրա հիման վրա արմատապես վերափոխենք մեր հասարակական-քաղաքական կյանքը, որսանք մեր ազգային խնդիրների լուծման համար բարենպաստ միջազգային պայմանները և այլն։ Դա երկարատև լարված աշխատանք է պահանջում, բայց ուրիշ ճար չկա։ Եվ մեզ չպետք է վհատեցնի այն միտքը, թե այդ ինչքա՞ն ենք սպասելու։ Պետք է սպասենք, որքան անհրաժեշտ լինի։ Դա մեզնից է կախված։ Մնացածը խաղ ու պար է, ընդսմին անօգուտ և անգամ վտանգավոր։ Դա ձեռնտու է մեր երկիրը թալանող ուժերին, որոնք այդ խաղերով ցուցադրում են իրենց կեղծ հայրենասիրությունը և հերոսանում։
Ավարտելով հոդվածս` հուսով եմ, որ իմ լրացուցիչ պարզաբանումները կնպաստեն մեր տարաձայնությունների նվազեցմանը և փոխըմբռնման խորացմանը։


Մամիկոն ԱՍԱՏՐՅԱՆ
Փիլիսոփայության գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2965

Մեկնաբանություններ