ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Պլատինին գոհ է, իսկ մե՞նք...

Պլատինին գոհ է, իսկ մե՞նք...
12.09.2008 | 00:00

ՍՊՈՐՏ
Թուրքիա-Հայաստան պատասխան հանդիպումով ավարտվեց ֆուտբոլի 2009 թվականի երիտասարդների Եվրոպայի առաջնության ընտրական 2-րդ խմբի մրցաշարը։ Սեպտեմբերի 9-ին Ստամբուլի «Ալի Սամի Են» հանրահայտ մարզադաշտում Թուրքիայի երիտասարդական հավաքականն ընդունեց Հայաստանի իր հասակակիցներին։ Մարզասերները, անշուշտ, լավ են հիշում, թե ինչպիսի ավարտ ունեցավ «Հրազդան» կենտրոնական մարզադաշտում անցկացված առաջին հանդիպումը։ Մեր հավաքականից 1։2 հաշվով կրած պարտությունից հետո թուրքերը, սեփական հարկի տակ 2։0 հաշվով պարտության մատնելով Չեխիայի հավաքականին, արդեն իրենց համար ապահովել էին եզրափակիչի ուղեգիրը, սակայն խաղադաշտ էին դուրս եկել անպայման ռևանշ վերցնելու վճռականությամբ, և դա նրանց լիովին հաջողվեց։ Արդեն առաջին խաղակեսում մեր ֆուտբոլիստներն ստիպված էին երեք անգամ խաղը վերսկսել դաշտի կենտրոնից։ Բաթուհան Կարադենիզը նախ հանդիպման 25-րդ, ապա 45-րդ րոպեին գրավեց Հայաստանի հավաքականի դարպասը։ Հատկապես տպավորիչ էր նրա երկրորդ գնդակը, երբ նա մկրատաձև հարվածով գրավեց դարպասը, իսկ մինչ այդ, 35-րդ րոպեին, դիպուկ հարվածով առանձնացել էր Էրեն Գյունգորը։ Պատկերը չփոխվեց նաև երկրորդ խաղակեսում։ Դարձյալ տանտերերն անընդհատ գրոհում էին, իսկ մեր ֆուտբոլիստները՝ պաշտպանվում, ինչն այս անգամ էլ անհաջող ստացվեց։ Չորրորդ գնդակը 57-րդ րոպեին մոտ 20 մետր հեռավորությունից խփեց Օզեր Հուրմաչին։ Հանդիպման վերջին րոպեներին մեր ֆուտբոլիստներն արեցին ամեն ինչ, որպեսզի գոնե հեղինակության գոլ խփեն, սակայն ապարդյուն։ Թուրքիայի հավաքականն արժանի հաղթանակ տոնեց և այժմ կպայքարի Եվրոպայի չեմպիոնի տիտղոսի համար։
Ահա թե ինչպիսին է 2-րդ խմբի մրցաշարային ամփոփիչ աղյուսակը.

1. Թուրքիա 8 6 1 1 18։6 19
2. ՈՒկրաինա 8 5 0 3 16։7 15
3. Չեխիա 8 4 2 2 19։5 14
4. Հայաստան 8 3 1 4 8։16 10
5. Լիխտեյնշտայն 8 0 0 8 4։31 0

ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին, որը մինչ այս երկու երկրների հավաքականների հանդիպումը այն դասել էր ամենավտանգավոր «հանդիպումների» շարքին, Հայաստանի և Թուրքիայի հավաքականներին շնորհակալություն է հայտնել ֆուտբոլի աշխարհի առաջնության Երևանում կայացած ընտրական խաղի կապակցությամբ։
«Ես կցանկանայի օգտվել առիթից, որպեսզի շնորհակալություն հայտնեմ Հայաստանի և Թուրքիայի ֆուտբոլային միություններին, ինչպես նաև այդ հավաքականներին։ Նրանք ցուցադրեցին մարզական ոգու ուժի արտակարգ օրինակ։ Ֆուտբոլը մեր աշխարհն է։ Հարկ է ընդգծել, որ ֆուտբոլը վերստին մերձեցրեց մարդկանց։ Թուրքիայի նախագահն առաջին անգամ այցելեց Հայաստան։ Թուրքիայի պետական օրհներգը կատարվեց Երևանում։ Երկու կողմից էլ կային շատ զգացմունքներ, ու Երևանում եղած իմ ներկայացուցիչներն ինձ ասացին, որ մրցամարտն անցավ օրինակելի մթնոլոտում»,- ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքէջին հաղորդեց Պլատինին։
Հայաստան-Թուրքիա հանդիպումից բացի, նույն օրը մեր՝ 5-րդ խմբում կայացավ ևս երկու հանդիպում։ Բելգիայի հավաքականը 3։2 հաշվով պարտության մատնեց էստոնացիներին, իսկ ահա իսպանացիները, շնորհիվ Դավիդ Վիլյայի դիպուկ հարվածի, 1։0 հաշվով առավելության հասան Բոսնիա-Հերցեգովինայի հավաքականի նկատմամբ։
Սեպտեմբերի 10-ին բոլոր ինը ենթախմբերում էլ կայացան երկրորդ տուրի հանդիպումները։ Այս անգամ Հայաստանի հավաքականից քննություն ընդունեց Եվրոպայի նորընծա չեմպիոն Իսպանիայի ընտրանին։ Սա այս երկու հավաքականների հինգերորդ հանդիպումն էր։ Նախորդ չորս խաղերում հաղթանակ էին տոնել իսպանացիները, և բոլորն էլ՝ չոր հաշվով (10։0)։
Դեռևս հանդիպման նախօրյակին Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն հայտարարել էր, որ իրենք ամենայն լրջությամբ են նախապատրաստվում Հայաստանի հավաքականի հետ հանդիպմանը։
-Մենք Եվրոպայի չեմպիոնն ենք, և մեր մրցակիցները մեզ հետ հանդիպումներում համապատասխան տրամադրվածությամբ են դուրս գալիս ասպարեզ։ Բայց ես վստահ եմ իմ թիմի կարողություններին։ Շատ կարևոր է, որ Հայաստանի հավաքականի հետ էլ խաղանք այնպիսի տրամադրվածությամբ և համախմբվածությամբ, ինչպես Բոսնիայի հավաքականի հետ։ Ինչպես արդեն ասել եմ, միայն ինքներս կարող ենք խնդիրներ ստեղծել մեզ համար։ Իսպանիայի հավաքականն ունի բարձր որակավորումով և տեխնիկապես գերազանց պատրաստված ֆուտբոլիստներ, որոնցով պետք է կարողանա հաղթել այնպիսի հավաքականի, ինչպիսին Հայաստանի թիմն է։
Վիսենտե դել Բոսկեի մտահոգությունը զուր էր։ Այս անգամ Հայաստանի հավաքականին չհաջողվեց ցուցադրել իր ողջ վարպետությունը, և դրանում, իհարկե, «մեղավոր» էին դաշտի տերերը, որոնք մեր ֆուտբոլիստներին գերազանցեցին բոլոր առումներով։ Հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացեց Կապդեվիլյան, ապա Դավիդ Վիլյան երկու անգամ գրավեց Բերեզովսկու պաշտպանած դարպասը, իսկ Մարկոս Սենայի 82-րդ րոպեին կատարած դիպուկ հարվածից հետո իսպանացիները չորրորդ անգամ ստիպեցին Բերեզովսկուն՝ կատարելու տհաճ արարողությունը։ 4։0, և մեր ֆուտբոլիստները հինգերորդ անգամ չկարողացան խփել գոնե հեղինակության գոլ։
Հայաստանի հավաքականն այս տարի կանցկացնի ևս երկու հանդիպում՝ հոկտեմբերի 11-ին արտագնա խաղում կհանդիպի Բելգիայի, իսկ չորս օր անց՝ Բոսնիայի ընտրանիների հետ։
Ավելացնենք նաև, որ այս տուրում Բոսնիայի հավաքականը յոթ անպատասխան գնդակ ուղարկեց էստոնացիների դարպասը, իսկ թուրքերը ոչ ոքի՝ 1։1 խաղացին բելգիացիների հետ։ Այս երկու թիմերը վաստակել են 4-ական միավոր, իսկ առաջատարը Եվրոպայի չեմպիոններն են, որոնք իրենց երկու հանդիպումն էլ ավարտել են հաղթանակով։ Ինչ վերաբերում է Հայաստանի և Էստոնիայի հավաքականներին, ապա նրանք եզրափակում են մրցաշարային աղյուսակը և, ինչպես ասում են, նրանց համար ամեն ինչ դեռ առջևում է։
Ինչպես գիտեք, մեր հանրապետության ֆուտբոլիստները չորրորդ անգամ են մասնակցում աշխարհի առաջնության ընտրական խաղերին, այս ընթացքում տոնել են երեք հաղթանակ, 11 հանդիպում ավարտել ոչ-ոքի և 18 անգամ խաղադաշտը թողել պարտված։ Այս՝ չորրորդ փորձի ժամանակ մեր ընտրանին պարտությունների թիվը հասցրեց 20-ի։ Տխուր վիճակագրություն է, սակայն պետք չէ հուսահատվել։ Մեր ֆուտբոլիստները նոր միայն սկսում են ճանապարհ հարթել դեպի համաշխարհային ֆուտբոլի բարձունքներ, և այդ ճանապարհին դեռ շատ վերելքներ ու ցավալի վայրէջքներ են սպասում նրանց, առանց որոնց հնարավոր չէ հասնել ցանկալի արդյունքի։ Հուսանք, որ առաջիկա երկու հանդիպումներում ամեն ինչ կընկնի հունի մեջ։
Հովհ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5483

Մեկնաբանություններ