ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

...ՈՒրեմն, աշխարհի տեղը նեղ է

...ՈՒրեմն, աշխարհի տեղը նեղ է
14.11.2008 | 00:00

ԿԵՍ ԿԱՏԱԿ-ԿԵՍ ԼՈՒՐՋ
Չեմուչումի, ուզել-չուզելու երանավետ, կամակող ժամանակները խառնիխուռն, «անվախտ-բեվախտ» ժամանակների հետ անցել-գնացել են։ Հիմա է, որ... Սո՜ւս, ասելու բան չէ։ Տղամարդ ես, երկրի առաջնորդ ես, պետք ես, շա՜տ կարևոր ես, առանց քեզ ո՞վ է մատը մատին խփելու, պեծը պեծին դնելու, որ կրակ դառնա։ Պիտի գնաս։
Ամեն անգամ՝ մեծ տեղ գնալիս, նույն խոհերն են պաշարում՝ եթե... եթե... եթե... Ամենաառաջատար եթե-ն մնում է. եթե պատմության ընթացքում, տարբեր հազարամյակներում ու հարյուրամյակներում էս, էս, էս սխալները թույլ չտայինք, հիմա հայերս մե՜ծ երկիր կունենայինք՝ 60-70, երկու տոկոս, երկնիշ աճի դեպքում՝ 80 միլիոն հայ ազգաբնակչությամբ, առանց հողային կորուստների, ամենագլխավորը՝ ինքն էլ կլիներ հարյուր միլիոնանոց ժողովրդի նախագահ՝ հզո՜ր, երկայնաբազո՜ւկ, սարսափազդո՜ւ, իրակա՜ն... Միայն էստեղ է, որ հոգոց է հանում, բայց ի՞նչ անի՝ հայի բախտ է, հայի բախտն իր անմիաբան թագավորների պատճառով էն գլխից է կտրված։ Ափսո՜ս, աշխարհն ումո՞վ է եղել, որ իրենով լինի։ Հայը միշտ էլ ճարը գտնում է։ Հիմա էլ ճար գտնելու, ճար անելու է գնում։ Աշխարհում իր համար վաղուց խամ տեղ չկա։ Ինքը խամ տեղ... Աշխարհի ծակուծուկերը քաջ գիտե, ուր ասես, որ չի եղել։ Պապն էլ էր գնացող։ Եթե կանչած էին լինում, ուրեմն գնում էր, որ գործը գլուխ բերի. ձին քաշում էր տակն ու թռչում։ Ադաթ էր՝ գործը պրծնելուց հետո մնար, ի՞նչ աներ, գալիս էր։ Ձիու վարգից հասկացվում էր, որ հեծյալ պապը շատ գոհ է գնացած տեղից էլ, կանչվորից էլ։ Հիմա թռչող գորգեր չկան, ու չկան հեքիաթի ու հեքիաթանման ձիեր։ Ձիերն էլ հեքիաթների նման մաշվել են։ Ձիերին փոխարինելու են եկել էն բարձր, շա՜տ բարձր երկինքներով թռչող ինքնաթիռները, հեծյալ պապերին` աշխարհատես թոռները։ Եթե իրեն կանչել են, ուրեմն` աշխարհի տեղը նեղ է, ինքը չի կարող չթռչել։ Առանց իրեն՝ հազար էլ հավաքվեն, հազարով էլ հավաքվեն, ոչ մի գործ առաջ չի գնա, և ոչ մի հարց չի լուծվի։ Երկմտելու կարիք չկա։ Քաջակտրուկության ժամանակները չեն անցել...
Թռչող օդանավը, որ աշնանը դառնում է սավառնակ, նորից քաշեց տակն ու թռավ...
-Ո՞Ւր ենք թռչում,- հարցրեց ինքն իրեն, ապա, երկար մտածելուց հետո, տվեց հավաստի ու ճշգրիտ պատասխան.
-Թռչում ենք Մոսկվա, մեր Մոսկվա։
Մոսկվայից ու Մոսկվայի ժամանակից ու իր ժամանակակիցներից վաղուց խամ չէ։ Երևանի ժամանակի մեջ Մոսկվայի ժամանակ կա, Մոսկվայի ժամանակը լցված է Երևանի ժամանակով։ Ինքն է լցրել։ Մոսկվայում պիտի զգաս քո ժամանակը, շնչես, ապրես քո Մոսկվայի ու քո Երևանի ժամանակով, չտարվես օտար հովերով։ Ժամանակը միշտ էլ պարսատիկի քարից ազատված ճնճղուկից արագ է փախչում։
Ինքն անտարբեր մարդ չէ։ Միտքը հազար տեղի վրա մտածում է, միայն թե գտնի ելքը։ Ինքն ամպհովանի լրատվամիջոցներից, վստահելի աղբյուր-մարդկանցից, անշուշտ, կլսի, թե ազգօգուտ-արցախօգուտ-ինքնօգուտ-աշխարհօգուտ-ռուսօգուտ ի՜նչ անձնվեր գործեր է արել մոսկովյան եռաֆազ հանդիպման ժամանակ։ Վաղուց եկել է մեր ազգի, մեր երկրի հետ խոսելու ժամանակը։ Այո՛, շնորհիվ իր նվիրումի։ Իրեն բաժին ընկած երկիրը փոքր չլիներ, ժողովուրդը մի քսանհինգակի շատ լիներ, իր ընտրության առթիվ կասկածներ չլինեին, ավել-պակաս չխոսեին ու չգրեին, ինքը գիտեր, թե ինչ կաներ։ Էլի գոհ է, հայի բախտ է... Հուսահատվելը վայել չէ առաջնորդին։
Հարկավոր է նույն ինքնաթիռը հեծած հասնել Փարիզ։ Նրանք էլ մարդ ու երկիր են, լուծելու հարցեր ունեն, իսկ ինչո՞ւ չօգնի, էլ ո՞ր օրվա համար է։ Փարիզը, իհարկե, մնում է Փարիզ, բայց Բրյուսելում նույնպես սպասում են։ ՈՒրեմն՝ տեղները նեղ է։ Բրյուսելի օդատարած ճամփին վստահելի աղբյուրներից կլսի, թե ինչ ալեցունց գործերի է մասնակից դարձել թե՛ Մոսկվայում ու թե՛ Փարիզում։ Դե, հնուց անտի հայերը լավ գործեր անելու մոմ են։ Ինչպե՞ս չուրախանա առաջինը հենց ինքն իր արած գործերով, դուք համբերեք ու տեսեք, թե ինչե՜ր է անելու Բրյուսելում...
Նորից ափսոսաց, որ մոլորակը շատ է փոքրացել, ժամանակն է ինքն իր մեջ մտել, ստիպված մտքով պտտվեց, էլի պտտվեց աշխարհի շուրջը, ամենուր որոնեց էն երկիրը, ուր ինքն աշխատում է որպես թագավոր։ Երկիր ունի, տուն ունի, լեզու ունի, ծննդավայր ունի, դատարկ աշխարհի շուրջ տիեզերագնացի նման անիմաստ պտտվի, անունն ի՞նչ դնի, էլ ո՛չ դես, ո՛չ դեն, սավառնելու սովոր սավառնակին ասաց՝ ուղղություն վերցրու ուղիղ իմ նախագահական նստավայր, բայց վայրէջք կատարիր հայոց «Զվարթնոցում»։ Ճանապարհին, իհարկե, հավաստի աղբյուրներից կլսի, թե ինչպես են անցել իր հանդիպումները Բրյուսելում։ Է՜, աշխարհ, աշխարհ, Օբամայի բախտն էլ բերեց՝ հակառակորդը ձեն-ծպտուն չհանեց, ասաց՝ հաղթել ես, լավ ես արել, ղեկավարել Ամերիկան՝ նշանակում է ղեկավարել աշխարհը։ Է՜, Օբամային Ամերիկա են տալիս, իսկ իրեն շատ են համարում մի պստիկ Հայաստանը, որի բնակչությունը դեռ գլխի չէ՝ հեռացե՞լ է երկրից, թե՞ դեռ մնում է, ընտրե՞լ է, թե՞ դեռ նոր է ընտրելու։
Բարեհաջող թռիչքներին, բարեհաջող հանդիպումներին, բնականաբար, հաջորդեց բարեհաջող, արքայավայել վայրէջքը, որը նույնպես նման էր թռիչքի, առանց խցանումների մեջ ընկնելու հասավ իր թագավորանիստ, գոհունակ-հաղթակամար ժպտաց, ոտքերը դեռ ամպոտ, բայց հայրենի քաղաքի էլիտար շենքերի ուժն առնելով հասավ էնտեղ, որտեղ միանգամայն իրավացիորեն գրված է՝ ՀՀ նախագահ..., դրա համար էլ ինքն իր աչքերով կարդաց՝ ՀՀ նախագահ, բայց գերագույն համեստությունը թույլ չտվեց, որ կարդա իր անունը, ուսերը մի պահ ծուլ արեց, մեծ ուշադրությամբ ու խնամքով մտավ իր նախագահի իր աշխատասենյակ, իր նախագահի իր աշխատասենյակի իր աթոռին տեսավ նույն ինքն իրեն՝ ՀՀ մեծարգո նախագահ պարոն Սերժ Սարգսյանին, հիշեց, որ քանի օր չի տեսել, էլ ավելի կարոտալի բարևեց, ողջագուրվեց ինքն իր հետ, խփեց, քաջալերեց նախագահի աթոռի թիկնակին, հարցրեց՝ ո՞նց ես, ապա ինքնաբուխ հարցրեց.
-Սերժ Ազատի՞չ...
Եվ ճիշտ արեց, որ լսեց.
-Ձեզ լսում եմ, Սերժ Ազատիչ։
-Գրանդ քենդին լուծե՞լ է փղի խնդիրը։
-Սերժ Ազատիչ, Փիղ Վարդանյանն ասել է, ուրեմն` կես միլիոնանոց փղի հիշատակը հավերժացնելու համար բերելու է մեկ միլիոնանոց...
-Պարզ է, ինչպե՞ս են փիղ տղերքը, Սերժ Ազատիչ...
-Սերժ Ազատիչ, բոլոր փիղ տղերքը մնում են փիղ տղերք, միայն մի երկու հոգի էշացման պրոցես են ապրում։
-Ամեն ինչ հասկանալի է, բոլորն օրենքի առաջ պատասխանատու են, թող ոչ մեկը չփորձի իրեն իշի տեղ դնել։- Սերժ Ազատիչը հատու և խրոխտ նայեց Սերժ Ազատիչին ու կրակելու նման հարցրեց.- Հարցնողնե՞ր։
-Մեծագանձ հարկամույծ... մուծներ, հանրահռչակ օլիգարխներ...
-Ի՞նչ են ուզում. իջեցնո՞ւմ են, բարձրացնո՞ւմ են։
-Չեն ուզում, տալիս են։ Սերժ Ազատիչ...
-Դրանց փեշակը տալն է, պիտի տան։ Էլ ինչի՞ ենք պահում, ո՞ր օրվա համար ենք պահում։ ՈՒրի՞շ...
-Մարտիմեկյան փաստաթղթահավաք...
-Հիմա նոյեմբերն է արդեն, դեռ ո՞ւր է մարտը,- խորիմաստ ժպտաց ու ինքն իրենից գոհ նայեց ինքն իրեն, նույն ինքը՝ Սերժ Ազատիչը։- Երկրից հո մուծվողներ չե՞ն թռել։
-Եվ ոչ մի գլուխ։ Փախածները, դե, փախած են։ Չփախածները տեղում են։ Ձեր արևն են խնդում։ Ձեր բարեհաջող վերադարձի համար աղոթում են։
-Էդպես էլ պիտի լիներ։ Սերժ Ազատիչ, ինչպե՞ս անցան իմ հանդիպումները Մոսկվայում, Փարիզում, Բրյուսելում։ Պատասխանի մեջ չմոռանաք շեշտը դնել Ղարաբաղի խնդրի կարգավորման խաղաղ բանակցությունների վրա...
-Սերժ Ազատիչ, այն, ինչ արեցիք Դուք քաջաբար, միայն Դուք կարող էիք անել։ Մանավանդ ստորագրությունների պահին։ Դա պատմական, անմոռաց, հավերժագնա պահ էր։ Արդեն մտավ պատմության ոսկե էջերի մեջ... Լույս էր ճառագում, ազգանվիրումի փառահեղ լույս, ձեր ճաճանչա...
-Սերժ Ազատիչ,- ասաց Սերժ Ազատիչը,- կներեք, որ ընդհատում եմ Ձեր դուրալի խոսքը, բայց ստիպված եմ հիշեցնել. դուք մոռացել եք, ես չեմ մոռացել. ես թույլ չեմ տա, որ ինձ զարդարեն գովեստներով։
-Բայց արժանի եք։ Քիչ է ասել, թե արժանի եք,- արանքը ճղեց ու գովական իր խոսքն առաջ տարավ Սերժ Ազատիչը։- Ոչ միայն հայոց պատմությունը, այլև...
-Պատմությանը հանգիստ թողնենք,- գոհունակ ասաց Սերժ Ազատիչը,- ես և աշխարհի հզորներն իրար հետ խոսում ենք... Օբամայի մեջ պետք է հայոց արմատ գտնել ու գաղտնի պահել։ Դու քո գործն արել ես։- Ձեռքն արքայավայել մեկնեց, սեղմեց իր՝ Սերժ Ազատիչի ձեռքը, նրան ուղարկեց հանգստանալու մինչև իր հաջորդ թռիչքը, իսկ ինքը նստեց իր աթոռին, որ վեհապանծորեն ղեկավարի հայոց (հնում) տանջյալ ու տարանջատյալ երկիրը, մինչև ժամը գա, ու մի մե՜ծ, Ամերիկայի չափ մեծ երկրի նախագահի պաշտոնի, Օբամայի նման, ինքն էլ արժանանա։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4498

Մեկնաբանություններ