ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ՈՍԿԵՊԱՐ. այդ քաղցր բառը՝ խաղաղություն

ՈՍԿԵՊԱՐ.   այդ քաղցր բառը՝ խաղաղություն
14.08.2023 | 23:00

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեպար գյուղն այսօր թշնամու նշանառության տակ է: Լրագրողներով մեկնեցինք Ոսկեպար՝ տեսնելու, թե ինչպես է ապրում գյուղը: Այդ պայմաններում մարդիկ աշխատում են, հող մշակում, բերք հավաքում, երեխաները ամառային արձակուրդի այս օրերին օգնում են ծնողներին, խաղում, երազում:

Ոսկեպարը Հայաստանի հնագույն բնակավայրերից է: Հիմնադրվել է 6-7-րդ դարերում համանուն գետի ափերին: Անտառապատ լեռների գրկում ծվարած գյուղը հարուստ է պատմամշակութային հուշարձաններով: Ամռան տապին անծանոթների այցը անմիջապես գրավում է գյուղամիջում հավաքված ոսկեպարցիների ուշադրությունը:

«Ովքե՞ր եք, որտեղի՞ց եք, ինչի՞ եք եկել»,- սովորական հարցերի պատասխանն ստանալուց հետո մեր` «դու՞ք ինչպես եք, ո՞նց եք ապրում» հարցերին պատասխանում են.

«Մեր պապենական հողն ու ջուրն ա, էստեղ ապրել ենք ու շարունակելու ենք ապրել, մեր ուզածը մի բան ա, խաղաղություն»:

-Մեր օրերում սահմանամերձ գյուղում ապրողին խաղաղությունից բացի ուրիշ ի՞նչ է պետք, խաղաղությունը մեր ամենամեծ երազանքն է, բայց դա էլ գին ունի: Դեռ թարմ են պատերազմի հետքերն ու վերքերը: Արցախյան պատերազմում մեր գյուղն էլ է զոհեր տվել: Քառասունչորսօրյա պատերազմում վիրավորներ ունեցանք: Դժվար է այսօր մեր երիտասարդներին համոզել, որ ադրբեջանցիները նոր սադրանքներ չեն հյուսի և հնարավոր կլինի նրանց հետ կողք կողքի ապրել,-ասում է Ոսկեպարի վարչական ղեկավար ԻՇԽԱՆ ԱՂԲԱԼՅԱՆԸ: ՈՒ թեև նրա խոսքով երկար ժամանակ է, ինչ կրակոցներ չկան, սակայն գյուղի մեծ ու փոքրի հոգում չի մարել զոհված համագյուղացիների կորստի ցավը, բոլորի սրտերում էլ տագնապ կա, որ ծնվում է վաղվա օրվա անորոշությունից:

1 500 բնակիչ ունեցող Ոսկեպարից տարիների ընթացքում շատերն են հեռացել, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Արտագնա աշխատանքի մեկնողներ այսօր էլ կան: Գյուղի կյանքը դժվարացնում է խմելու և ոռոգման ջրի բացակայությունը:

Իշխան Աղբալյանի խոսքով բնական աղբյուրներից հավաքած ջրով օրվա մեջ մեկ ժամով կամ 40 րոպեով ջուր է տրվում բնակիչներին:

Խորհրդային տարիներին պոմպակայաններով կարողանում էին գյուղն ապահովել ոռոգման ջրով, սակայն հետագայում դրա բացակայության պատճառով հսկայական այգիներ ու ցանքատարածություններ ոչնչացան: ՌԴ-ում ապրող ոսկեպարցի ՅՈՒՐԱ ԱՂԲԱԼՅԱՆԻ շնորհիվ 200 տնտեսություն ապահովվել է բնական գազով, գյուղի չգործող ճաշարանը վերածեց հանդիսությունների տան: Մինչ այսօր գյուղի երեք և ավելի երեխա ունեցող ընտանիքի Յուրա Աղբալյանը տրամադրում է 100-հազարական ռուբլի:

Ոսկեպարում գործում է 12-ամյա դպրոց, որտեղ սովորում է 80 աշակերտ նախկին 320-ի փոխարեն: Գյուղի մանկապարտեզը չի գործում, սակայն կա նախակրթարան, բնակիչների առօրյա գնումների համար երկու խանութ: Գյուղում աշխատուժ կա, սակայն չկա աշխատատեղ, եղածը քարի արտադրամաս է:

Ոսկեպարի սակավամարդ փողոցում հանդիպեցինք փոքրամարմին ու ժպտադեմ տարեց մի կնոջ, գնում էր գյուղի ծայրին գտնվող իր հողամասի «պոպոքի ծառներին մտիկ անելու»:

14 տարեկանում Իջևանից Ոսկեպար հարս եկած տիկին ՀԱՍՄԻԿԸ, որ արդեն 81 տարեկան է, 3 տղա ու 1 աղջիկ, 8 թոռ ունի, սակայն գյուղում մենակ է ապրում: Երեխաներն ամուսանցել են, երեքը դրսում են, տղաներից մեկը՝ Երևանում:

«Թող իրենք լավ ապրեն, ես լավ կլինեմ: Թոշակս ինձ հերիքում ա: Հրես, հեռախոս էլ ունեմ, հաճախ խոսում եմ երեխեքիս հետ»,- ասում է Հասմիկ տատն ու ցույց է տալիս թաշկինակի մեջ փաթաթած հեռախոսը: Հակառակորդի դիրքերը ցույց տալով պատմում է, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ իրենց տունն ամբողջովին քանդվել է:

«Առաջին տունն իմն էր, նշան էին բռնել իմ տան վրա, ամեն ինչ քարուքանդ արին, համա կամաց-կամաց կարգավորեցինք:

Ամեն օր արթնանում եմ, մի երկու «լավ խոսք» ասում դրանց ու անցնում իմ գործին: Վերջին երկու տարին խախանդ ա, լավ ենք ապրում: Մենակ ամպի գոռոցից եմ վախենում: Բայց ամպն ինչքան ուզում ա, թող գոռա, մենակ կրակոցի ձայն չլսվի»:

66-ամյա ԼՅՈՒԴՄԻԼԱՆ նույնպես 4 զավակ ունի, ապրում է որդու ընտանիքի հետ: Քառասունչորսօրյա պատերազմում նրա 8 թոռնիկներից մեկը զոհվել է, վիշտն իր հետքն է թողել ճերմակահեր կնոջ դեմքին: ՈՒ այսօր նրա ու նրա ընտանիքի անդամների համար էլ ամենացանկալին խաղաղությունն է : Ամբողջ օրն անց է կացնում հողամասում:

«Եթե կարկուտը չվնասի, հողամասի բերքով, կովի ու հավերի տված բարիքներով կապրենք» ,-ասում է Լյուդա մայրիկը:

37-ամյա ԱԼԲԵՐՏ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ համեստ տունը մեզ գրավեց բակում աշխույժ վազվզող երեխաների աղմուկով: Ոսկեպարի երեխաները մեծերի խոսակցությունից գիտեն գյուղի պատմությունը, գիտեն ինչ է պատերազմը, որ շաքարից ու կոնֆետից առավել քաղցր է խաղաղությունը: ՈՒ երբ Ալբերտի հետ մեր խոսակցությանը միանում է գերդաստանի մեծը՝ ՎԼԱԴԻՍԼԱՎ պապը, երեխաները հավաքվում են մեր շուրջը: Տղաների ամենասիրած խաղը՝ կռիվ-կռիվը այստեղ չեն խաղում, իսկական կռվի մասին այնքա՜ն բան են լսել մեծերից:

Հարցիս՝ որ մեծանան, ի՞նչ են դառնալու, պատասխանում են՝ զինվոր: Նրանց ջինջ աչքերում վախ չկա, թեև հասկանում են, որ «կրակի տակ են»:

«Գյուղի կյանքը քաղաքի կյանքի նման չի, բայց էլի գյուղը քաղաքի հետ չեմ փոխի: Առաջ կրակոցները շատ էին, հիմա չկան: Հիմա հասկանում ես, որ կարևորը խաղաղությունն է, մնացած ամեն ինչ գյուղում կարելի է ստեղծել: Ոսկեպարը մեր հողն է ու մերը պիտի լինի»,-ասում է Վլադիսլավ պապը:

Ալբերտի խոսքով հիմնականում գյուղատնտեսությամբ զբաղվող համայնքում ժամն ու օրը թանկ են.

«Պիտի աշխատեն, որ կարողանան ապրել: Եթե երևանցին իրեն կարող է թույլ տալ մի քանի օր հանգստանալ, ինչ-որ տեղ մեկնել, մենք դա չենք կարող անել: Եթե իմ ընտանիքով գնամ թեկուզ մեկ շաբաթով Սևանում հանգստանալու, ձմեռվա երկու ամիսը սոված կմնանք: Ինչ մնում է խաղաղությանը, ապա այն պիտի պահենք ամեն գնով», -ասում է Ալբերտը:

Հայրենիքը սկսվում է սահմանից, ու սահմանամերձ Ոսկեպարում հասկանում են, որ թշնամու դեմ վահան պետք է լինեն իրենց կամքով, համառությամբ ու աշխատանքով, միայն այդպես կկարողանան պաշտպանել «այդ քաղցր բառը՝ խաղաղությունը»:

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ



Դիտվել է՝ 18542

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ