Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Դեպի մեծ բարերարի ծննդյան 180-ամյակը

Դեպի մեծ բարերարի ծննդյան 180-ամյակը
18.01.2022 | 18:20

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՄԱՆԹԱՇՅԱՆՑԸ ԵՎ ՓԱՐԻԶԻ ՀԱՅՈՑ ԵԿԵՂԵՑԻՆ


Փարիզի Ս․ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու կառուցումը ուշագրավ և անգամ դրամատիկ նախապատմություն ունի։
XIX դ․ կեսերին փարիզահայությունը փոքրաթիվ էր, այստեղ էին գտնվում հիմնականում պոլսահայ վաճառականներ, ուսանողներ և այլք, իսկ ձևավորված համայնք գոյություն չուներ։ Կազմակերպչական տեսակետից հենց եկեղեցին պետք է ստանձներ գաղթավայրի ձևավորման գործառույթը, և Աստծո սեփական տաճար ունենալու առաջին փորձերն արվեցին 1854 թ․ և 1865-ին։ Ժամանակի ընթացքում, տեղի հայության թվաքանակի ավելացմանը զուգահեռ, հոգևոր պահանջմունքը բավարարելու կարիքն ավելի սուր դրսևորվեց։ Հայերը վարձակալել էին Վիեննայի փողոցում գտնվող բողոքականների եկեղեցին, ուր կիրակի օրերը, մինչև ժամը 11-ն անց 30 րոպե Վռամշապուհ քահանա Քիպարյանը պատարագ էր մատուցում։
1901 թ․այդպիսի պատարագի փորձեց մասնակցել Ալ․ Մանթաշյանցը, որ տարվա մի քանի ամիսը ընտանյոք ապրում էր Փարիզում, և, ուշացած լինելով, դժգոհեց, որ ազգակիցները սեփական եկեղեցի չունեին։ Ապա ձեռնամուխ եղավ նախ՝ մատուռ, ապա եկեղեցի կառուցելու գործին։ Սկզբում 450 հազար ֆրանկով ձեռք բերեց Ժան Գուժոն փողոցի մի տարածք, և այդ թանկարժեք հողակտորը նա պատահաբար չընտրեց։


Բանն այն է, որ 1885-ից Փարիզի արիստոկրատ խավը այդ վայրում կազմակերպում էր բարեգործական միջոցառում՝ «Բազար դը լա Շարիթե», հոգուտ աղքատների ու տնանկների։ 1897 թ․ հունիսի 4-ին ողբերգություն տեղի ունեցավ՝ միջոցառման ժամանակ սարսափելի հրդեհ բռնկվեց, որին զոհ գնաց 126 հոգի, հիմնականում՝ բարձրաշխարհիկ կանայք։ Արդեն 1898 թ․ դեկտեմբերի 6-ին Թիֆլիսի «Տարազ» շաբաթաթերթը մեկ նախադասությամբ տպագրեց հետևյալ լուրը․ «Տիկին և օրիորդ Մանթաշեանները մեծ դրամագլուխ են խոստացել Պարիզում հայոց եկեղեցի կառուցանելու համար»։ Լավատեղյակ լինելով Ալ․ Մանթաշյանցի վերաբերմունքին դեպ իր ընտանիքը, առհասարակ ներընտանեկան փոխհարաբերություններին, վստահաբար կարող եմ ասել, որ եկեղեցու կառուցման խնդիրը քննարկվել է ընտանիքում, իսկ տեղի ընտրության մեջ էական դեր են խաղացել տիկին Դարյան և երեխաներից առաջնեկը՝ Աննան։


Եկեղեցու նախագծային աշխատանքը վստահվեց ֆրանսիացի ճարտարապետ Ալբեր Գիլբերին, որին տրամադրվեցին հայոց տարբեր եկեղեցիների բազմաթիվ լուսանկարներ։
1902 թ․ հոկտեմբերի 5-ին Եվրոպայի հայոց թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Ութուճյանի ձեռամբ կատարվեց եկեղեցու հիմնարկեքը, իսկ երկու տարի անց՝ 1904 թ․ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Ս․ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու օծման արարողությունը։ Ծախսը կազմել էր 1 մլն 100 հազար ֆրանկ։
Ֆրանսիական կառավարությունը հավուր պատշաճի գնահատեց Ալ․ Մանթաշյանցի ներդրումը՝ նույն թվականին նրան պարգևատրելով Պատվո Լեգեոնի Ասպետի շքանշանով։
Ս․ Հովհաննես-Մկրտիչ եկեղեցին, հիրավի, դարձավ հայոց տուն։ Ռազմաճակատ մեկնելուց առաջ այստեղ էին հաղորդություն ստանում ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հայ կամավորները։ Այստեղ հետմահու հանգրվանեց Ալ․ Մանթաշյանցի սիրասուն որդեգիր-ուսանող Կոմիտաս վարդապետը։ Այստեղ կատարվեցին Զորավար Անդրանիկի ու Շարլ Ազնավուրի պսակադրության արարողությունները․․․


Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Լուսանկարներ

. .
  • Տիկին Դարյա Մանթաշյանց
Դիտվել է՝ 20308

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ