ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«Եթե հրեաներն ու հայերը ապրել չսիրեին, մենք վաղո՜ւց չքացած կլինեինք երկրի երեսից»

«Եթե հրեաներն ու հայերը ապրել չսիրեին,  մենք վաղո՜ւց չքացած կլինեինք երկրի երեսից»
06.12.2013 | 11:24

Լինա Գոնչարսկայայի հրապարակմանն ուշադրություն հրավիրեց մեր երաժշտական մեկնաբան Դանիել Երաժիշտը, և այն լավագույն դեպքում պիտի թարգմանվեր թերթի համար։ Սակայն տեքստը սոսկ և, առավել ևս, սովորական հարցազրույց չէ։ Վեր է... Անբարու (չասեմ չարի) և ճշմարիտ բարու մի «երկխոսություն» է սա, ուր մանկության տարիների հեքիաթների պես հաղթում է բարին։ Բայց հեքիաթ չէ սա, սա զուտ իրողություն է` օրերս տեղի ունեցած։

Չեմ էլ հորդորում, հարգելի ընթերցող, որ հետևություն անես։ Ինչի՞ համար. Շառլ Ազնավուրն ի վիճակի է թիկունք կանգնելու, և ոչ միայն իրեն։ Եվ ի՜նչ փառահեղ ավարտ...
Մեծ շանսոնիեն, որը երկրորդ անգամ էր Իսրայել եկել, հանաք բան չէ, 89 տարեկան հասակում, մամուլի համար ասուլիս տվեց «Դան Թել Ավիվ» հյուրանոցում։
Աշխարհահռչակ ֆրանսիացի երգչի ու երգահանի համերգին նվիրված ասուլիսի գլխավոր թեման ամենևին էլ նրա ստեղծագործությունը չեղավ։ Գրչակիցներին սոսկ երկու հարց էր հուզում. Հայոց ցեղասպանությունն ու այն, թե մտադի՞ր է, արդյոք, մսյո Շառլը նպաստելու իսրայելցիների ու պաղեստինցիների միջև խաղաղության ամրապնդմանը։ Ի պատասխան Ազնավուրի ցանկացած մեղմ փորձի` հիշեցնելու, որ ինքը, ախր, արտիստ է, ոչ թե խաղաղարար, լրագրողները «քաղաքական» հարցերի մի նոր տարափ էին տեղում։
«Դուք ապրում եք Ժնևում, ի՞նչ կարող եք ասել Ժնևի կոնվենցիաների մասին»,- գործի անցավ առջևի շարքում տեղ զբաղեցրած միջին տարիքի մի տղամարդ։ «Ես, ճիշտն ասած, Լոզանում եմ ապրում, և ես արտիստ եմ»,- փորձեց կատակով պրծնել Ազնավուրը։ «Կարևոր չէ, ի՞նչ տարբերություն,- քամահրական նետեց լրագրողը։- Դուք ավելի լավ է պատմեք, թե ինչպես եք մտադիր նպաստելու հաշտության գործի առաջընթացին»։
Նույն խնդրով ծայրաստիճան մտահոգ էին ֆրանսիական ռադիոկայանների անհամար ներկայացուցիչները (պարզվեց, որ նրանց լեգեոն են անվանում)։ Իրար ձեռքից խլելով միկրոֆոնը, նրանք բառացիորեն խաչաձև հարցաքննություն էին սարքել մսյո Շառլի գլխին։ Գերակշռում էր «ցեղասպանություն» բառը, և այնքան շատ էր կրկնվում, որ մինչև հիմա այն զնգում է ականջներումս։ «Ի՞նչ դիրքորոշում ունեք Թուրքիայի առնչությամբ», «Ինչպե՞ս եք վերաբերվում այն բանին, որ Իսրայելի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»։
«Իմ բարեկամ ֆրանսիացի հրեաները շատ լավ տեղյակ են հայերի ողբերգությանը, և առհասարակ, ինձ թվում է` բոլորը գիտեն այդ մասին,- համբերատար ասում էր Ազնավուրը։- Սակայն իսրայելցիները մի տեսակ «խրտնում են» «ցեղասպանություն» բառից, քանի որ եբրայերեն այն թարգմանվում է «Շոա», իսկ դա անմիջականորեն կապվում է եվրոպաբնակ հրեաների աղետի, և ոչ բնավ հայ ժողովրդի հետ։ Սա է, իմ կարծիքով, խնդրի մեխը։ Բայց ես ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ քաղաքական խնդիրները չեն, որ ինձ մտահոգում են առավոտից երեկո»։
Սակայն ընդդիմախոսները միտք չունեին խաղաղվելու։ «Դուք զուգերգ եք կատարել իսրայելցի երգչուհի Աչինոամ Նինիի հետ, որը քանիցս պաղեստինցիների ու պաղեստինահակ կազմակերպությունների սադրանքների թիրախ է դարձել...»։ «Ես չեմ ուզում այդ մասին խոսել,- աղերսեց Ազնավուրը։- Ամեն մեկն իր տեսակետն ունի, բայց ես չեմ կարծում, թե այս ասուլիսը պետք է քաղաքական հայացքների փոխանակությանը նվիրված լինի»։
Կանխելու համար այդ թեմայով հարցերի հերթական տարափը, երգիչը շտապեց ավելացնել. «Իմ կինը բողոքական է, ես` քրիստոնյա, թոռս հիմա ապրում է հրեական ընտանիքում, թոռնուհիս ալժիրցի մահմեդական է, որդուս կինը` ջերմեռանդ կաթոլիկուհի։ Իսկական Benetton ընտանիք (նկատի ունի, հավանաբար, իտալական «Benetton Grօup» ընկերության հիմնադիրներին` երեք եղբայր և մեկ քույր- Ֆ. Ե.)։ Եվ ոչինչ, մենք հիանալի «յոլա ենք գնում»։ Իսկ եթե չենք կարողանում իրար հետ լեզու գտնել, ապա դա միայն մեր մեղքն է. ուրեմն մենք չենք ուզում հասկանալ և ընդունել դիմացինին»։
Իսկ ինչ վերաբերում է նրա համերգի ազդագրմանը որպես «հաշտության համերգի», ապա այդ առթիվ Ազնավուրը նկատեց, որ պարզապես ցանկացել է ելույթ ունենալ Իսրայելում. «Ես մտադիր չեմ հանրությանը որևէ ուղերձ լսեցնելու, այլ այստեղ եմ եկել երգելու։ Եվ որովհետև այստեղ ինձ դուր է գալիս։ Այո, ես կողմ եմ հաշտությանը, բայց ես նախ երգիչ եմ, որը երգեր է գրում, և ինձ ոչ մի հռչակագիր պետք չէ»։
Օրինակի համար, հավաքվածների մի մասը, չգիտես ինչու, համոզված էր, թե ֆրանսիացի արտիստն առաջին անգամ էր Իսրայել եկել։ ՈՒ պատասխան էր պահանջում, թե ինչու չի եկել առաջ։ «Ես երբեք չեմ հրաժարվում ելույթ ունենալուց,- մեղմ ժպիտով նկատեց Ազնավուրը։- Ո՛չ Իսրայելում, ո՛չ էլ մեկ այլ վայրում։ Պարզապես, հավանաբար, ձեր իմպրեսարիոները չեն ցանկացել հրավիրել ինձ։ Իսկ Իսրայելում ես առաջին անգամ եղել եմ պետության հիմնադրումից անմիջապես հետո, թերևս, առաջինը եվրոպացի արտիստներից։ Այն ժամանակ ես կաբարեում էի երգում»։
«Իսկ ինչո՞ւ Ձեր պրոդյուսերները Ձեզ համար չկազմակերպեցին երկրորդ համերգը Պաղեստինում»,- հարձակման անցավ օրվա խնդրով մտահոգ հերթական մեկը։ «Միգուցե, այնուամենայնիվ, երգերի՞ց խոսենք, չէ՞ որ ես 1000 երգ եմ գրել»,- լսարանին հորդորեց Ազնավուրը։ Ավա՜ղ, զուր հույսեր։ «Մտադի՞ր եք, արդյոք, հայերի ցեղասպանության հարցը բարձրացնել Ֆրանսիայի կառավարությունում»։ «Բայց ես երգեր եմ գրել և երգել ֆրանսերեն, իտալերեն, իսպաներեն, անգլերեն, գերմաներեն, երկուսը` ռուսերեն,- հերթական փորձն արեց մսյո Շառլը։- Իսկ հայերեն ես ոչ մի երգ չունեմ, բացի այն զուգերգից, որ կատարում եմ դստերս հետ... Իսկ եթե ձեզ այդքան հետաքրքրում է կառավարությունը, ապա վաղը ես հանդիպելու եմ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի հետ. ի դեպ, նա ինձնից մեծ է մի ամբողջ տարով։ Մենք վաղեմի բարեկամներ ենք, և ես հաճույքով ժամանակ կանցկացնեմ նրա հետ։ Մեկ էլ ես կցանկանայի մեկնել Հայֆա, ուր չեմ եղել արդեն 60 տարի. երևի ամեն ինչ փոխվել է այնտեղ»։
Մոտ մեկ ժամ հետո ցեղասպանության վերաբերյալ հարցերից հոգնած երաժիշտն առաջարկեց. «Եթե դուք ավարտեցիք ձեր պարտադիր ծրագիրը, միգուցե պարզապես զրուցե՞նք»։ Այնպես որ, այդ ունայնության մեջ մեզ, համենայն դեպս, հաջողվեց մի քիչ հետաքրքրվել հմայիչ մսյո Շառլի իրական կյանքով։ Չէ՞ որ հենց վերջերս, արդեն հետևում թողած կյանքի 89 տարին, Ազնավուրը հեռուստահաղորդավարի կարիերա սկսեց. նա վարում է «Hier encor» (թարգմանաբար` «Հետհայաց»- Ֆ. Ե.) ծրագիրը «France-2» հեռուստաալիքով, ուր ներկայացնում է ֆրանսիական երգի պատմության հետ կապված զրույցներ ու անեկդոտներ։ Այն հարցին, թե ինչպես է իրեն զգում նոր ամպլուայում, արտիստը պատասխանեց. «Օ՜, ես ինձ ամենևին չեմ կարողանում զգալ հեռուստահաղորդավար. էլի արտիստ եմ, միայն էկրանին։ Եվ ուզում եմ մարդկանց հասցնել, որ մենք, ավաղ, կորցնում ենք մեր երգարվեստային ժառանգությունը։ Իսկ այն պետք է չմոռանալ. չէ՞ որ շատերի համար դա երիտասարդության շանսոնն է։ Ի դեպ, ծրագրի առաջին թողարկումների հաջողությունն ինձ չզարմացրեց, որովհետև ֆրանսիացիների մեծ մասն անկեղծորեն անցյալի կարոտ ունի»։
«Մսյո Ազնավուր, Դուք անընդհատ ինչ-որ նոր բան եք փորձում։ Կարելի՞ է ասել, թե Դուք արկածներ որոնելու հակում ունեք»։
«Այո, ես բնածին արկածասեր եմ։ Կյանքս էլ համատարած արկածասիրություն է։ Ես անընդհատ ինչ-որ բան եմ հնարում զբաղվելու։ Ամենահետաքրքիրը` գնամ աշխարհի ծայրը, երգեմ այդ կողմերի բնակիչների համար, կարևոր չէ որտեղ` ակումբում կլինի, ռեստորանում, թե դրսում... Այս բոլոր տպավորությունները հետո թղթին են տրվում, և նոր երգ է ծնվում։ Մի խոսքով, ես ահավոր սիրում եմ տարբեր արկածների հետևից ընկնել, իսկ քանի որ ես շատ եմ ճամփորդում, դրանք անխուսափելիորեն ուղեկցում են ինձ։ Ռիսկի չդիմես` նոր ունկնդիր, նոր հանդիսատես չես ունենա»։
Այն բաղձալի հարցին, թե հատկապես ի՞նչ է պատրաստվում կատարելու առաջիկա համերգում (համերգը տեղի է ունեցել նոյեմբերի 23-ին` Թել Ավիվի «Նոկիա» պալատում- Ֆ. Ե.), Ազնավուրը կատակով պատասխանեց. «Տանել չեմ կարողանում «երգացանկ» բառ։ Միշտ երգում եմ այն, ինչ ուզում եմ այդ պահին։ Ճիշտ է, վերջին ժամանակներս երգերի բառերն եմ մեկ-մեկ մոռանում, դրա համար էլ հետս ծոցատետրս եմ ման տալիս, որի մեջ երգերի բառերն են»։
Հանդիպման ավարտին Շառլ Ազնավուրը խոստովանեց. «Հաճախ են ինձ հարց տալիս, թե ինչպես եմ 89 տարեկան հասակում դեռ երգում, ինչ-որ հավերժական շարժի՞չ ունեմ։ Ես միշտ պատասխանում եմ. կյանքն է հավերժական շարժիչը։ Գիտեմ, որ մենք մի օր ծնվում ենք, մի օր էլ պիտի մեռնենք։ Բայց նախ պետք է երկար ու պատվավոր կյանք ապրենք։ Եվ եթե մեր երկու ժողովուրդները` հրեաներն ու հայերը, ապրել չսիրեին, ապա վաղո՜ւց մենք չքացած կլինեինք երկրի երեսից»։


Հրապարակման պատրաստեց
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԸ

Հ. Գ.- ...Ահա այսպես, իսկ ես այնքան կուզեի կարդալ հարցազրույցի առաջին մասի «գործող անձանց» այդ օրվա մեկնաբանություններն իրենց լրատվամիջոցների էջերում։

Դիտվել է՝ 15204

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ