01.03.2013|
01:25
Տա՜ղ-տո՜ւկ: Տա՜ղ-տո՜ւկ: Տա՜ղ-տո՜ւկ: Ես գիտեմ` այս բառերի համար ինձ մեղադրելու են շատ շատերը: Հատկապես նրանք, ովքեր նոր են սովորել բարևել և հավատացել են, որ հնարավոր է, ովքեր հավատացել են իրենց ու ուրիշին, նաև նրանք, ովքեր վաղուց ու անդարձ չեն հավատում ոչնչի ու ոչ մեկին ու համարում են, որ անհնար է: Ես մեղավոր չեմ, որ չեմ հավատում ոչ առաջինների ոգևորությանն ու հավատին, ոչ երկրորդների ցինիզմին ու անհավատությանը: Ես մեղավոր չեմ, որ այս ամենը, միևնույն է, անդառնալիորեն թատրոն է հիշեցնում ինձ, նույնիսկ եթե դերասաններն անկեղծանում են: Ես չեմ արդարանում, ոչ էլ մեղադրում եմ: Գուցե ես այնքան եմ շտապում, որ ինձ արդեն բնավ չի հուզում ընթացքը, ես արդյունք եմ ուզում, որովհետև վաղուց ունեմ այդ իրավունքը` ընդամենը նորմալ կյանքի: Որովհետև այդ իրավունքը ունենք բոլորս: