Ալիևն այնքան է լկտիացել, որ աշխարհին հայտարարում է, թե տարածաշրջանում «ասողն» ինքն է և, նույնիսկ առանց միջազգային օրենքներին հղում անելու, սպառնում է, որ լավ չի լինի: Տեսնում եմ, որ առավել ուշադիր մարդիկ արդեն անդրադառնում են դրա հայտարարությանն ու պահվածքին: Ոմանք դա անում են՝ ընդամենը արձանագրելով, ոմանք՝ որպես զգուշացում, ոմանք էլ փորձում են մարդկանց բացատրել, որ «խաղաղություն» կոչվող գործընթացն ընդամենը Ադրբեջանի պարտադրանքն է և նոր կապիտուլյացիայի պահանջ: Շատ լավ, այդ մարդիկ չեն սխալվում: Ես մի քիչ այլ տեսանկյունից կանդրադառնամ այդ թեմային: Գիտե՞ք, կարծում եմ վատ չէ, որ Ալիևը կորցնում է իրականության զգացումն ու որոշակի էյֆորիայի մեջ է ընկել: Խելացի իշխանություն ունենալու պարագայում մենք կարող ենք օգուտներ քաղել դրանից: Դրա համար, բնականաբար, իշխանափոխություն է պետք մեր երկրում, որպեսզի Ալիևի պարտադրած օրակարգով առաջնորդվող այսօրվա իշխանությանը փոխարինելու գա խելացի, ստեղծված իրավիճակը հօգուտ մեզ թեքել փորձող իշխանություն: Ալիևը խոսում է միայն ուժի դիրքերից, բայց չմոռանանք, որ այդ ուժը տարածաշրջանային մասշտաբներ ունի, իսկ աշխարհը շատ ավելի մեծ է, և շատ ավելի հզոր ուժեր կան:
Արամ Աբաջյան