Եթե հաստատվի ահաբեկչությանը ՈՒկրաինայի ղեկավարության մեղսակցությունը և երկրում չգտնվի Կինժալից փրկող բունկեր…
ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն այսօր ասել է, որ իսլամիստներն ինքնուրույն չէին կարողանա ահաբեկչություն նախապատրաստել «Կրոկուս Սիթի Հոլում», նրանց պետք է օգնեին: Բորտնիկովի խոսքով՝ ձերբակալվածներից ստացված նախնական տվյալները հաստատում են կատարված ահաբեկչության «ուկրաինական հետքը»։
Ֆոտոլրագրող Պավել Զարուբինը ՌԴ գլխավոր դատախազության կոլեգիայի այսօրվա նիստից հետո ԱԴԾ ղեկավարին խնդրել է մեկնաբանել «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչությանը մասնակցություն չունենալու վերաբերյալ ՈՒկրաինայի իշխանությունների հայտարարությունները:
«Ես կարող եմ ասել, որ առկա է քաղաքական ենթատեքստ, և միայն իսլամիստները նման գործողություն նախապատրաստել չէին կարող,- պատասխանել է Բորտնիկովը:- Իհարկե, նրանց օգնել են։ Եվ մենք այստեղ, առաջին հերթին, տեսնում ենք ուկրաինական հետք» (տեսանյութը հրապարակվել է Զարուբինի Telegram ալիքում)։
Հիշյալ ծառայության ղեկավարը հավելել է. որ, համենայն դեպս, այժմ կան բոլոր հիմքերն ասելու, որ ուկրաինական կողմը մասնակցել է մերձմոսկովյան համերգասրահում ահաբեկչության նախապատրաստմանը, «քանի որ հրոսակախմբի անդամները մտադիր էին հեռանալ հենց ՈՒկրաինայի տարածք»։
«Մեր նախնական օպերատիվ տեղեկություններով՝ նրանց այնտեղ սպասում էին,- շարունակելով իր խոսքը, ասել է Բորտնիկովը:- Ես մի փոքր գաղտնիք կբացեմ. այն կողմում նրանց ցանկանում էին դիմավորել որպես հերոսներ»։
«Մենք կարծում ենք, որ ակցիան պատրաստել են ինչպես ծայրահեղական իսլամիստներն իրենք, այնպես էլ, բնականաբար, նպաստել են արևմտյան հատուկ ծառայությունները,- նշել է ԱԴԾ տնօրենը։- ՈՒկրաինայի հատուկ ծառայություններն իրենք դրա հետ անմիջական կապ ունեն»:
Բորտնիկովը հստակեցրել է, որ պատվիրատուն դեռ հայտնի չէ, սակայն հատուկ ծառայությունները տեսնում են, թե ովքեր են կազմակերպել և հավաքագրել կատարողներին:
Ընդ որում, ինչպես ասել է ԱԴԾ ղեկավարը, հայտնի է, որ Կիևը զինյալների վերապատրաստում է իրականացրել Մերձավոր Արևելքում: Հետաքրքիր է՝ որտե՞ղ, գուցե Իսրայելու՞մ…
Ինչպես ասել է Բորտնիկովը, այժմ ԱԴԾ-ն, բարեկամ երկրների հատուկ ծառայությունների հետ միասին, զբաղվում է ահաբեկչությանը բոլոր մեղսակիցների բացահայտմամբ:
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևն այսօր նույնպես վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան է կանգնած մերձմոսկովյան «Կրոկուս Սիթի Հոլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևում:
«Իհարկե, ՈՒկրաինան»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով հարցին՝ «Իսլամական պետությու՞նը», թե՞ Կիևն է կանգնած ողբերգության հետևում:
Ռուսաստանը հատուկ ռազմական գործողությունից շուտով կարող է անցնել հակաահաբեկչական գործողության, ինչը նշանակում է, որ ՌԴ Զինված ուժերի թիրախում կհայտնվեն ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ՈՒկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը:
Ինչպես արդեն հայտնի է, «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում մարտի 22-ի ահաբեկչության զոհերի թիվը հասել է շուրջ 140-ի, վիրավորներինը՝ ավելի քան 180-ի, նրանց մի մասը ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում է: Համերգասրահում «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ կամուֆլյաժով անձինք ներխուժել են շենք և կրակ բացել, որից հետո այրել համերգասրահը: Հրդեհի, որը հաջողվել է հանգցնել միայն հաջորդ օրը, մակերեսը հասել է գրեթե 13 հազար քմ- ի, փլվել է շենքի տանիքը:
(շարունակելի)
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ