Հայաստանի Հանրապետությունը՝ իր 29,8 հազար քկմ-ով, Ադրբեջանը պաշտոնապես հռչակել է «Արևմտյան Ադրբեջան»:
Հաջորդ կանգառն է Զանգեզուրը, հետո Տավուշն ու Շիրակը և հետո էլ՝ Սևանն ու Երևանը:
Դե հա, «ուզելը քիչ է, հո ուզելով չէ», - կասես դու՝ մոռանալով, որ գործող իշխանությունները լավ էլ տվող են:
Որ չտվող չկա, լավ ուզող է պետք, որը կա:
Ավելին՝ կասես, որ մեզ մնա, մենք էլ Արևմտյան Հայաստանն ենք ուզում, հաշվի չառնելով, որ դու դա չես ծրագրում, համակերպվել ես անվերադարձ կորստի հետ ու չես հավատում հետբերմանը, իսկ Ալիևն այսօր իր ուտոպիստական երազանքը նպատակադրված իրականացնում է:
ՈՒ սա դեռ «Մեծ Թուրանի» շրջանակում չէ, որի մասին ակնարկեց Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն ասելով՝ «Զանգեզուրի միջանցքի բացմամբ, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարությամբ կսկսվի թյուրքական աշխարհի դարաշրջանը»:
Թերևս սա Ալիևի քմահաճույքն է, որը կյանքի է կոչվում:
ՈՒ եթե մինչ այս նա առաջնորդվում էր 1918-20 թվականների Ադրբեջանի նկարած քարտեզներով, ըստ որոնց՝ Հայաստանի մի մասն էր համարվում Ադրբեջան, Հայաստանին թողնելով մոտ 12 հազար քկմ տարածք (Բաթումիի պայմանագիր), ապա հիմա, ախորժակն այնպես է բացվել, որ ներկայիս ողջ Հայաստանն է ուզում՝ անվանելով այն «Արևմտյան Ադրբեջան»:
ՈՒ քանի որ ներկայիս Հայաստանն ամբողջությամբ ներառող հին քարտեզ չի հայթայթել (ժամանակին չեն ֆայմել պատվերով նկարել տալ), ապա ներկայիս ՀՀ քարտեզն է վերցրել ու տեղանուններն անվանափոխել:
Դա էլ քիչ չէ՝ Բաքվի պետական մանկավարժական համալսարանում «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոն» է բացել, որտեղ բուհի ուսանողներն այսուհետ ունենալու են հնարավորություն «գիտականորեն» ուսումնասիրել «Արևմտյան Ադրբեջանը»։
Բացման արարողությանն էլ բարձրաստիճան պետական այրերը պետք է ասեն, որ «Արևմտյան Ադրբեջանը հայրենիքի անբաժան մասն է» և ադրբեջանական պետության ու ազգի «նոր նպատակներից մեկը»։
Կենտրոնի պատին էլ փակցրել են այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ամբողջական քարտեզը՝ ադրբեջանական տեղանուններով:
Զուգահեռ իրականությունում Հայաստանի պետական հաստատությունների և դպրոցների պատերից հեռացնում են հայ հերոսների նկարներն ու անունները, խեղում են դասագրքերը, պատմությունը, արժեզրկում ազգային խորհրդանիշերը:
Ի դեպ, չբավարարվելով այսքանով, Ալիևը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Հայաստան առաքելություն ուղարկելու համար:
Նա իր խորը հիասթափությունն ու մտահոգությունն է հայտնել Հայաստանի տարածքում ադրբեջանական հետքի, Ադրբեջանի իսլամական պատմամշակութային ժառանգության ոչնչացման կապակցությամբ և ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տեխնիկական առաքելություն կուղարկի Հայաստան՝ գնահատելու իրենց մշակութային և կրոնական հուշարձանների վիճակը, որոնք տարիներ շարունակ ավերվել են։
Ինչևէ, Ալիևի ծրագրերը, նպատակներն ու մոտիվացիան վաղուց է պարզ:
Նա անկեղծ ու շիտակ թշնամի է:
Ասում է այն, ինչ անելու է:
Իսկ մե՞նք…
Դե մենք նրան «շան տեղ չենք դնում», ասածներին լուրջ չենք վերաբերվում:
Մեզ համար՝ Աստծո տված օրվա հացը, առօրյա կացը, գործից տուն կենսատարածքն էլ է բավարար:
Մեզ համար Սևանն օվկիանոս է,
Արագածը փարոս է,
Սյունիքն էլ հեռու է, սարերին էլ ձյուն է:
Մենք «քիփլիկ» երկրում կոմֆորտ ենք ստեղծել, հազիվ հարմարվել,
Հարմար տեղից էլ՝ հավեսի համար ճամարտակում, միմյանց հակաճառում, 5 հոգով էլ 7 երգ ենք երգում:
Այնպես որ.
ի՜նչ էքզիստենցիալ վտանգ ու հայրենազրկում,
ի՜նչ համազգային մոբիլիզացիա ու կոնսոլիդացիա, առավել ևս՝ հանրային բողոք ու պահանջ,
ի՞նչ հոգևոր ու մշակութային արժեքներ, քաղաքական գիտակցության մակարդակի բարձրացում ու պատասխանատվության զգացում, ի՞նչ մետանոիա,
այդ ամենը վաղուց դարձել է բուտաֆորիա:
Գոյաբանական, մարդկային հարաբերությունների ճգնաժամ է, համատարած ապատիա, քաոս ու հոգու սով:
Ազգային ինքնության ու արժեհամակարգի տոտալ ուրացման ականատեսն ենք:
Դարձել ենք այսօրվա օրով ապրող, սեփական գոյությունը, լավ թե վատ, քարշ տվող, կամազուրկ, անդեմ ու ամորալ հասարակություն:
Այնքան ամորֆ, առաջնայինը երկրորդականից չտարբերող, որ այսպիսի քարտեզներ ու նկարներ նայելու ու սթափվելու փոխարեն Աշոտիկի «գլուխգործոցներն» ենք նայում ու զայրանում:
Թատրոններ ու վարժարաններ են լուծարում, կոնսերվատորիան են փակում, շենքը հյուրանոցի վերածում, իսկ մենք՝ տեսնելով այդ ամենը, լուռ հանդուրժում:
Այո՛, ոչինչ հենց այնպես տեղի չի ունենում:
Այս ամենը պատահականություններ չեն:
Մենք դա գիտենք, ուղղակի թքած ունենք:
Դրա համար էլ հարմարվեցինք Արցախի կորստի, ավելի շուտ՝ հանձման հետ:
Այնպես որ՝ կհարմարվենք «անկլավների» հանձման հետ էլ:
Ողբամ քեզ, հա՛յ ազգ, որ ականատեսն ես Արցախում ազատամարտիկների միության, Ազգային Ժողովի շենքերի, հուշահամալիրների, գերեզմանների ու եկեղեցիների ավերմանն ու խեղմանը, բայց արի ու տես՝ էլի չես սթափվում, սեփականատերի ու պահանջատերի հոգին մեջդ չի արթնանում:
Ինչևէ:
Արցախից հուշ մնաց ժենգյալով հացը,
Համն էլ այն չէ՝ չի ճարվում կանաչը:
ՈՒ՞ր է հայ ազգի ոգու մռունչը,
Երբ արձագանքում է մեր հողի կանչը:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ