Ժամանակին Արաբստանի հզոր խալիֆը մի իմաստուն, բազմագիտակ արաբի դեսպան է ուղարկում մեր կողմերի մանր թագավորություններից մեկը: Այս երկրի թագավորը մեծ պատվով է ընդունում հայտնի իմաստունին և իր վեզիրին էլ հրամայում է, որ ուշադիր լինի նրա նկատմամբ:
Վեզիրն անմիջապես հրավիրում է դեսպանին, ճոխ խնջույք է կազմակերպում:
Խնջույքի ժամանակ դեսպանն ասում է ` քո պալատում երգիչ, ասմունքող, առակ պատմող մարդ ունե՞ս, բեր` նրանց լսենք: Վեզիրս թե` ես եմ, որ կամ, ամեն ինչ անեմ:
ՈՒ համ ասմունքում է, համ երգում է, համ պարում է, համ պատմում է...
Մի խոսքով` տհաճ ծամածռություններ:
Հաջորդ օրը իմաստուն արաբը նրա ո՛չ հրավերքն է ընդունում, ոչ էլ` բարևն առնում:
Թագավորը, բարկացած վեզիրի վրա, նազիրին է հանձնարարում հոգ տանել հզոր խալիֆի դեսպանին: Հետն էլ զգուշացնում է, որ իր թագավորական մառանից գինին վերցնի, երևի վեզիրի գինին վատն է եղել ու դեսպանը դրանից է վիրավորվել:
Նազիրը դեսպանին հրավիրում է ու ավելի ճոխ խնջույք է կազմակերպում: Էլի խնջույքի ժամանակ դեսպանն արվեստի, արհեստի մարդկանց մասին է հարցնում: Հիմա էլ նազիրն է կապկություններ անում ու դեռ վեզիրին մի բանով գերազանցում ` իր խզբզած կտավներն է ցույց տալիս:
Իմաստունը վերադառնում է իր հարկաբաժինն ու խալիֆին նամակ գրում, թե` այս երկրում կապիկներն են իշխանության գլխին ու իմաստ չունի` ավելորդ ծախս է այստեղ դեսպան պահելը, որովհետև շուտով նման երկիրը կկործանվի:
Խալիֆը, անշուշտ, լսում է հայտնի իմաստունի խորհուրդը, նրան հետ է կանչում և այդ երկրի հետ կապերը խզում է : Որը, իսկապես, իր կապկացեղ առաջնորդներով հողին է հավասարվում ընդամենը մի քանի տարի անց` մոնղոլների, թե՞ սելջուկների կողմից:
Կորչում է անհետ:
Այդ թագավորության նույնիսկ անունը չի մնացել ու մեզ միայն այս առակն է հասել:
Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ