Ինչու՞ այն Իսրայելին կարելի է, իսկ Իրանին՝ ոչ…
Իրոք, ո՞վ կարող է պատասխանել՝ ինչու՞ Իսրայելին կարելի է ունենալ միջուկային զենք, իսկ Իրանին՝ ոչ… Ներկայիս վայրենի աշխարհում, որտեղ որոշները բացառապես ջունգլիների օրենքով են առաջնորդվում, ինքնապաշտպանության նպատակով միջուկային զենք ունենալը ցանկացած պատասխանատու պետության իրավունքն է, կամ, եթե արգելված է, այդ արգելքը պետք է վերաբերվի ոչ միայն, օրինակ, Իրանին, այլև Իսրայելին:
Ո՞ր պետություններն են առաջնորդվում ջունգլիների օրենքով:
Միջազգային իրավունքը ոտնատակ տալով, ջունգլիների օրենքով են առաջնորդվում, օրինակ, ԱՄՆ- ը, Իսրայելը, Ադրբեջանը, Թուրքիան: Ապա հիշենք, թե ինչ արեց Միացյալ Նահանգները թեկուզ միայն վերջին երեք տասնամյակում Իրաքում, Հարավսլավիայում, Լիբիայում, Աֆղանստանում, Սիրիայում, որի տարածքի մի մասը, ընդ որում, նավթի պաշարներով հարուստ, նավթահանքեր ունեցող շրջանները ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով զավթել և հենց այս պահի դրությամբ էլ, թքելով միջազգային իրավունքի վրա, օկուպացրած վիճակում է պահում, ինքը լինելով բազմաթիվ ահաբեկչությունների հեղինակ և աշխարհի թիվ 1 ահաբեկիչը: - ԱՄՆ-ն իր միջուկային զենքն օգտագործում է որպես շանտաժի, այլ պետությունների ահաբեկելու միջոց, իր միջուկային մահակն այժմ բարձրացրել է Իրանի գլխին՝ դեռ օրեր առաջ Միջերկրական ծով հասցնելով միջուկային զենքով զինված իր ատոմային ավիակիրները, այժմ էլ Պարսից ծոց տեղափոխելով «Օհայո» դասի «Ֆլորիդա» ատոմային սուզանավը, թեև ինքնին պարզ է, որ Իրանը Միացյալ Նահանգների վրա հարձակվելու մտադրություն չունի, քանի որ, ամեն ինչից զատ, դա իր համար կունենա ճակատագրական նշանակություն:
Կարող եք ասել՝ ԱՄՆ- ի վրա չէ, բայց կարող է հարձակվել նրա դաշնակից Իսրայելի վրա: Նախ, դժվար թե… Եվ եթե նույնիսկ հարձակվի, պարզ է, որ հարձակվելու է սովորական սպառազինությամբ՝ Գազայի հատվածում Իսրայելի կողմից պաղեստինցիների ցեղասպանությունը դադարեցնելու և, ընդհանրապես, գոյաբանական սպառնալիքի տակ հայտնված Պաղեստինյան ինքնավարությունը փրկելու համար: Իրանը միջուկային զենք չունի, ունենար՝ Իսրայելը և ԱՄՆ-ը վաղուց էին համաշխարհային վայնասուն բարձրացրել, ավելին՝ իրենց իրավունք վերապահել Իրանին հարվածելու:
Եվ, ուրեմն, ինչ է ստացվում. ԱՄՆ- ն Իրանին միջուկային հարվածներ հասցնելու իրավունք է վերապահել իրեն, եթե Իրանի կողմից նույնիսկ սովորական սպառազինությամբ կանխիչ բնույթի, Իսրայելի տարածքի բռնազավթման նպատակ չունեցող ու միանգամայն արդարացված քայլեր կատարվեն հրեական պետության նկատմամբ:
Անդրադառնանք Իսրայելին. տսսնամյակներ շարունակ թքելով միջազգային իրավունքի վրա ու չկատարելով երկու պետություն (Իսրայել և Պաղեստին) ստեղծելու մասին ՄԱԿ- ի՝ դեռ տասնամյակներ առաջ կայացված որոշումը, այժմ էլ Գազայի հատվածում զբաղվելով պաղեստինցիների ցեղասպանությամբ, Իսրայելը նույնպես առաջնորդվում է ջունգլիների օրենքով: Ինչպես ԱՄՆ- ը, Իսրայելը նույնպես մի շարք ահաբեկչությունների, խափանարարությունների ու սադրանքների հեղինակ է, դրանցից մեկով Սիրիայում քաղաքացիական պատերազմ սադրվեց սունիների և շիաների միջև:
Ցեղասպան Թուրքիան միջազգային իրավունքը ոտնահարել և ջունգլիների օրենքով է առաջնորդվել, օրինակ, Կիպրոսում՝ այն բաժանելով երկու մասի, Սիրիայում, ցեղասպան Ադրբեջանը՝ Արցախի Հանրապետությունում:
Այն, որ Իսրայելը ատոմային կամ միջուկային զենք ուներ, վաղուց բոլորին հայտնի էր, ընդ որում, իսրայելը, որքան տեղյակ ենք, աշխարհի միակ պետությունն է, որի ունեցած ատոմային (միջուկային) զենքի տեսակի ու քանակի մասին որևէ տեղեկություն հրապարակված չէ, չկա: Բայց, ահա, Իսրայելի կառավարության առավել ագրեսիվ տրամադրված անդամներից մեկը (ընդ որում, որոշ տեղեկությունների համաձայն, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի սիրելիներից կամ ընկերներից) անցած կիրակի հիմարություն ունեցավ հայտարարելու, որ պաղեստինյան անկլավի վրա միջուկային ռումբ նետելը «հնարավորություններից մեկն է»:
ТАСС- ի փոխանցմամբ , «Kol Berama» ռադիոկայանի եթերում պատասխանելով հաղորդավարի այն հարցին, թե արդյոք պե՞տք է միջուկային ռումբ նետել պաղեստինյան անկլավի վրա, Իսրայելի կառավարության Երուսաղեմի և հրեական պետության ժառանգության գործերով նախարար Ամիհայ Էլիյահուն ասել է, որ «դա հնարավորություններից մեկն է»:
Էլիյահուն այսպիսով Իսրայելի պատմության մեջ առաջին անգամ պաշտոնապես, կառավարության անդամի մակարդակով չի թաքցրել, ըստ էության, խոստովանել է, որ Իսրայելը միջուկային զենք ունի, և երկրորդ՝ անուղղակիորեն մատնել է, որ Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմն այնքան էլ վարդագույն երանգներով չի ընթանում, որքան պաշտոնապես ներկայացվում է, հետևաբար ՀԱՄԱՍ- ն ամբողջությամբ ոչնչացնելու և այդ պատերազմին վերջակետ դնելու տարբերակներից մեկը կարող է լինել Գազայի հատվածում միջուկային զենքի կիրառումը:
Կարո՞ղ եք պատկերացնել իր գլխավորած կառավարության անդամի վերոնշյալ պատասխանի համար Նաթանյահուի զայրույթը և Իրանի լուռ հրճվանքը, որն ուրանի հարստացումը զինական մակարդակի հասցնելու և միջուկային զենք ստեղծելու իրավական կամ քաղաքական հնարավորություն ստացավ…
Չնայած նախարարը, կասկած չկա՝ վարչապետի պահանջով, նույն օրն ավելի ուշ փորձել է «սվաղել» իր խոսքը, ասել է, որ «ցանկացած ողջամիտ մարդու համար պարզ է, որ ատոմային ռումբի մասին հաստատումը փոխաբերական է», «Բայց մեզ (Իսրայելին) միանշանակ անհրաժեշտ է հզոր և անհամաչափ պատասխան ահաբեկչությանը», սակայն արդեն ուշ էր, ինչպես ասում են, գնացքը տեղից շարժվել էր…
Պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպությունը թեև համոզված է, որ նախարարի հայտարարությունները դատարկ տեղում չեն առաջացել, Իսրայելը Գազայի հատվածում դժվար թե միջուկային զենք կիրառի, և թերևս կարելի է համաձայնել Իսրայելի վարչապետի՝ այս առումով արտահայտած կարծիքին, որ Ամիհայ Էլիյահուի խոսքերը «չեն համապատասխանում իրականությանը և կտրված են իրականությունից»:
Միաժամանակ վստահաբար կարելի է ասել, որ Իսրայելը միջուկային զենք կկիրառի Իրանի դեմ՝ պատերազմում վերջինիս ներգրավման դեպքում, բացառված չէ՝ նաև Լիբանանում «Հըզբոլահ»- ի դեմ, եթե այն Գազայի հատված Իսրայելի ցամաքային լայնածավալ ներխուժման դեպքում սկսի հրեական պետության զանգվածային հրթիռակոծումը: Բայց սա արդեն խնդրի մեկ այլ կողմն է… Տվյալ պահին առկա փաստը նախարարի ուղղակի և անուղղակի խոստովանությունն է, որ Իսրայելը միջուկային զենք ունի, Գազայի հատվածում էլ պատերազմն Իսրայելի համար դյուրին չէ… Դրանից խիստ զայրացած Նաթանյահուն Էլիյահուին զրկել է նախարարների կաբինետի նիստերին մասնակցելու իրավունքից մինչև հետագա ծանուցումը:
Նախարարի հայտարարությունը դատապարտել են նաև Մերձավոր Արևելքի մի շարք երկրներ, այդ թվում՝ Սաուդյան Արաբիան, Սիրիան և Քաթարը: Հասկանալով, թե ինչ է սպասվում Էլիյահուի վերոնշյալ պատասխանից հետո, Իսրայելի ռազմավարական դաշնակից ԱՄՆ պետքարտուղարությունում նախարարի խոսքերը «բացարձակապես անընդունելի» են համարել: Իսկ ահա թե ինչ է սպասվում…
Իրանիարձագանքը
Էլիյահուի խոստովանությունից մեկ օր հետո արձագանքելով դրան, Իրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՄԱԳԱՏԷ-ին կոչ է արել միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երեկ, «Коммерсантъ»– ի տեղեկացմամբ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ) կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Իսրայելի ապամիջուկայնացման համար:
«Ատոմային ռումբ օգտագործելու մասին իսրայելական նախարարի հայտարարությունները ցույց են տալիս ռեժիմի իրական անկարողությունը դիմակայելու դիմադրությանը,- գրել է Աբդոլահիանը X սոցցանցում:- ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը պետք է անհապաղ և շարունակական գործողություններ ձեռնարկեն ապարտեիդի քաղաքականություն իրականացնող այս բարբարոս պետության ապամիջուկայնացման ուղղությամբ: Այդ ցեղասպանության ողջ պատասխանատվությունն ընկնում է Սպիտակ տան վրա»։
Կարծում ենք, ինքնին պարզ է, որ ՄԱԳԱՏԷ-ն և ՄԱԿ- ի ԱԽ-ն Իրանի պահանջը չեն կատարի, ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ- ը վետո կդնի համապատասխան բանաձի վրա, որը, հնարավոր է, առաջիկայում ներկայացվի: Պարզ է նաև, որ դրանից հետո Իրանն արդարացիորեն իրեն իրավունք կվերապահի միջուկային զենք ունենալու…
Ռուսաստանի արձագանքը
Իսրայելի իշխանությունների խոսքերը Գազայի հատվածում միջուկային զենքի հնարավոր կիրառման մասին հարց են առաջացնում Իսրայելի մոտ նման սպառազինության առկայության մասին: այս մասին «Соловьев Live»- ի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Սա հսկայաքանակ հարցեր հարուցեց,- «Ведомости»– ի փոխանցմամբ, ասել է Զախարովան:- Հարց թիվ մեկ. ստացվում է, որ մենք լսում ենք պաշտոնական հայտարարություն (Իսրայելի) միջուկային զենքի առկայության մասին»:
Միանգամայն սպասելի է, որ Ռուսաստանը, հնարավոր է, նաև Չինաստանն առաջիկայում Զախարովայի ասած հսկայաքանակ հարցերն առաջադրեն ՄԱԿ- ի ամբիոնից, ընդ որում, ոչ միայն Իսրայելին, այլև նրա ու նրա ոճրագործությունների հովանավոր ԱՄՆ- ին:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ