Ադրբեջանի ղեկավարությունն Արցախի և Հայաստանի դեմ օդային հարվածների հրամանատարությունը, հարձակողական գործողությունների օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի հավաստմամբ, հաստատվել է, որ Ադրբեջանի Քյուրդամիրի ավիաբազայում տեղակայված թուրքական F-16 կործանիչների, ադրբեջանական Սու-25-երի, թուրքական «Բայրաքտար ՏԲ-2» ԱԹՍ-ների և այլ միջոցների գործողություններն իրականացվում են Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող E-7T օդային կառավարման կենտրոնից (հատուկ սարքավորված ինքնաթիռ), որը մարտական հերթապահություն է իրականացնում Թուրքիայի տարածքում, Էրզրում-Կարս հատվածում: Մասնավորապես, սեպտեմբերի 30-ին ժամը 10-ի սահմաններում կոմբինացված հարվածներ են հասցվել Արցախի զինված ուժերի, Հադրութի և Մարտունիի խաղաղ բնակչության ուղղությամբ:
Նշված գործողությունների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում տուժածներ կան, վնասվել են ենթակառուցվածքներ, հարվածներն ուղղված են եղել նաև զինված ուժերի դեմ: Սեպտեմբերի 30-ի ճեպազրույցի ընթացքում Հովհաննիսյանը հնարավոր է համարել, որ հենց E-7T օդային կառավարման կենտրոնում է գտնվում թուրքական հրամանատարությունը: ՀՀ ՊՆ ներկայացուցիչը հավելել է, որ հայկական կողմն ապացույցներ ունի, որոնք ժամանակին կներկայացվեն:
Ընթերցողները, թերևս չնչին բացառությամբ, անշուշտ, պատկերացում չունեն, թե իրենից ինչ է ներկայացնում «Ավաքս» համակարգով օժտված E-7T («Boeing E-7T Peace Eagle /737-7ES/») հետախուզական ինքնաթիռը։ Այս «խաղաղության արծիվը», որից Թուրքիան 4 հատ ունի, նրա ռազմաօդային ուժերին հնարավորություն է տալիս ՀՀ օդային սահմանը չհատելով հանդերձ, բավական մեծ հեռավորությունից վերահսկել Հայաստանի և Արցախի ողջ օդային տարածքը: Նույն ինքնաթիռի օգնությամբ Թուրքիայի ռազմաօդային ուժերն այս տարվա ապրիլին վերահսկել են Լիբիայի օդային և ջրային տարածքները:
Ամերիկյան «Boeing» ընկերության կողմից ստեղծված E-7T-ն ռադարային կարողություններով հատուկ ինքնաթիռ է, և իր ռադարով ու ռադիոէլեկտրոնային բազմաթիվ սարքավորումներով հնարավորություն ունի հեռվից հայտնաբերելու և հետևելու հարյուրավոր ռազմական և քաղաքացիական օբյեկտների օդային և ջրային տարածքներում:
E-7T-ն օգտագործվում է ոչ միայն տարածքը մեծ հեռավորության վրա հետախուզելու և վերահսկելու, այլև ռադիոէլեկտրոնային աղմուկ և եթերային խանգարումներ ստեղծելու համար, որոնցով կարող է խախտել հակառակորդի անօդաչու թռչող սարքերի գործունակությունը: Հիշյալ ինքնաթիռից, բացի վերը նշվածից, հնարավոր է օդից կառավարել յուրային ԱԹՍ-ները: Բնորոշման մեջ E-7T-ն ներկայացվում է որպես օդային կառավարման, հեռավոր հայտնաբերման ու վաղ նախազգուշացման ինքնաթիռ, սակայն ավելի մեծ հնարավորություններ ունի:
Հայտնի է նաև, որ այս տարվա սեպտեմբերի սկզբին, Հունաստանի հետ Թուրքիայի լարված հարաբերությունների պայմաններում, Թուրքիայի ՌՕՈՒ «Boeing E-7T»-ն, Հռոդոսից հյուսիս թռչելով, երեք օրվա ընթացքում երրորդ անգամ հսկիչ առաքելություն է իրականացրել:
Նշելով, որ Ադրբեջանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնել է Թուրքիայի ռազմաօդային ուժերին, ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում սեպտեմբերի 30-ին գրել է .
«Այսօր ժամը 10:00-ից սկսած Թուրքիայի Հանրապետության օդուժի՝ Քյուրդամիրից թռիչքներ իրականացնող երկու F-16 կործանիչները, ինչպես նաև ադրբեջանական օդուժի ՍՈՒ-25 տիպի գրոհիչները, «Բայրաքթար» տիպի հետախուզահարվածային ԱԹՍ-ն մեծ բարձրությունների վրա հրթիռառմբային հարվածներ են հասցրել Արցախի Հանրապետության Հադրութի և Մարտունու շրջանների բնակավայրերին:
Օդուժը գործում է թուրքական E7-T օդային հեռավար հրամանատարական կետի կառավարմամբ Էրզրում-Կարս հատվածից: Հավանական է, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ղեկավարությունը գտնվում է ինքնաթիռի մեջ:
Բացի այդ, Հադրութի շրջանի սահմանից որոշակի խորության վրա գործում է թուրքական ԱԹՍ հրամանատարական կետը, որն անմիջական ղեկավարում է ադրբեջանական հարվածային ինքնաթիռների կրակը: Վերոնշյալ ինֆորմացիան անմիջականորեն դիտարկվում է, արձանագրվում ՀՕՊ և ավիացիայի միացյալ հրամանատարական կետից:
Շուտով կներկայացնենք օբյեկտիվ հսկման նյութերը»:
Ժամեր անց Շուշան Ստեփանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակեց սեպտեմբերի 30-ին ավելի վաղ ներկայացված օդային իրադրության հետևյալ դրվագը:
Հավելենք, որ դեռ ս. թ. հուլիսից Թուրքիայի ռազմաօդային ուժերի խմբավորումը, մասնավորապես` F-16 բազմանպատակային կործանիչները, տեղակայվել են Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում ու թռիչքներ են իրականացնում ինչպես նշված, այնպես էլ Քյուրդամիրի օդանավակայանից: Բացի այդ, Թուրքիան հուլիսին Ադրբեջանի հետ համատեղ թռիչքա-մարտավարական զորավարժություններին մասնակցության համար ամերիկյան արտադրության իր երկու ATAK/AH-1W («հցտպՐ ԽՏոՐՈ») հարվածային ուղղաթիռներ, ինչպես նաև «Sikorsky UH-70» բազմանպատակային ուղղաթիռներ է տեղակայել Նախիջևանում:
«Ֆեյսբուք»-ի օգտատերերից Alen Ghulyan-ը դեռ սեպտեմբերի 12-ին իր ֆեյսբուքյան էջում գրեց.
«Ցանցում տեղեկություններ են հայտնվել, որ Ադրբեջանը Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերին պատկանող Ա-50 (գրանցման համար RF-93952) հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման և Իլ-76ՄԴ (գրանցման համար RF-76702) ռազմատրանսպորտային ինքնաթիռներին թույլ չի տվել անցնել իր օդային տարածքով, ինչից հետո այդ ռազմական բորտերը Թուրքմենստանի թույլտվությամբ Կասպից ծովի թուրքմենական հատվածով են մտել Ռուսաստանի օդային տարածք։
Նշվում է, որ ՌԴ զինված ուժերը Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի խմբավորման ռադիոտեղորոշիչ հայտնաբերման և կառավարման ինքնաթիռների հերթական ռոտացիան էին իրականացնում։
Նշված փաստի կապակցությամբ Ադրբեջանի և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների կողմից դեռևս որևէ մեկնաբանություն չի արվել»։
Հիմա արդեն պարզ է, թե Ադրբեջանն ինչու թույլ չի տվել ՌԴ Ա-50 ինքնաթիռին, որը Թուրքիայի ռազմաօդային ուժերի «Boeing E-7T Peace Eagle /737-7ES/»-ի նման ինքնաթիռ է, անցնել իր օդային տարածքով, չէ՞ որ այդ դեպքում հստակ կարձանագրվեին ու կփաստագրվեին Ադրբեջանի և Նախիջևանի տարածքում գտնվող Թուրքիայի ռազմաօդային ուժերի բոլոր ինքնաթիռները և ուղղաթիռները, ինչպես նաև Ադրբեջանի կողմից ներկայիս պատերազմի նախապատրաստությունը:
Անցած տարիների և ամիսների ընթացքում Թուրքիան լիուլի զինել է Ադրբեջանին, այդ առումով փաստերի պակաս չկա: Միայն պատերազմին նախորդած վերջին օրերին Թուրքիայի ռազմատրանսպորտային բազմաթիվ ինքնաթիռներ են վայրէջք կատարել Ադրբեջանում, Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հաճախակի թռիչքներ են իրականացրել երկու երկրների միջև։ Միանգամայն տրամաբանական է ենթադրել, որ այդ ինքնաթիռները դատարկ չեն թռել Ադրբեջան, բերել են զենք, զինամթերք, ռազմական տեխնիկա: Բազմաթիվ տեղեկություններ հուշում են, որ Ադրբեջանը վերջին շրջանում ևս զենք, ռազմամթերք և ռազմական տեխնիկա ստացել է նաև Իսրայելից:
Flightradar 24 կայքի տվյալներով, Թուրքիայի ՌՕՈՒ-ին պատկանող «Hercules C 130B» ռազմատրանսպորտային ինքնաթիռը (բորտ 963, հաշվառման համար 61-0963) սեպտեմբերի 23-ին, Ադրբեջանի սանձազերծած պատերազմից 4 օր առաջ վայրէջք է կատարել Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում։ Այս կապակցությամբ Alen Ghulyan-ն իր ֆեյսբուքյան էջում նույն օրը գրել է.
«Ռազմական օդանավը Թուրքիայի Մարզվան քաղաքում տեղակայված Merzifon օդանավակայանից է բարձրացել։ Բաց աղբյուրներից հայտնի է, որ այնտեղ է տեղակայված Թուրքիայի ռազմաօդային ուժերի 2-րդ տակտիկական ավիացիոն հրամանատարության 3-րդ ավիաբազան։
Այս պահին նույն բորտը հետ է վերադառնում և գտնվում է Թուրքիայի օդային տարածքում»։
Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, ինչպես տեղեկացրել է Alen Ghulyan-ը, Flightradar 24 կայքի տվյալներով, Թուրքիայի ռազմաօդային ուժերին պատկանող «Airbus A400M-180» ռազմատրանսպորտային ինքնաթիռն է (բորտ 080, հաշվառման համար` 17-0080) վայրէջք կատարել Բաքվի Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում։
«Երեկ Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի կողմից դեպի Ադրբեջան առնվազն 6 թռիչք է իրականացվել, որից 4 թռիչք իրականացվել է թուրքական «Airbus A400M-180», 2-ը` ադրբեջանական IL-76TD տրանսպորտային ինքնաթիռներով,- սեպտեմբերի 25-ին, պատերազմից 2 օր առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է Alen Ghulyan-ը:- Ադրբեջանական ռազմատրանսպորտային օդանավը նույն օրը 2 թռիչք է իրականացրել Ադրբեջան` ընթացքում Թուրքիայից թռիչք իրականացնելով նաև Իսրայել։ Բացի այդ նույն օրը Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել-Թուրքիա-Ադրբեջան չվերթ է իրականացրել նաև ադրբեջանական Silk Way ընկերության IL-76TD-90VD (հաշվառման համար 4K-AZ101) տրանսպորտային ինքնաթիռը։ Նշեմ, որ այդ ընկերության տրանսպորտային ինքնաթիռները նույնպես ռազմական նշանակության բեռներ են տեղափոխում Ադրբեջան։
Թուրքիայի ՌՕՈՒ-ի թռիչքներ.
- Բորտ 055, հաշվառման համար 16-0055, «Airbus A400M-180»։
Ժամը 11:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 16:50-ին վերադարձել է Թուրքիա և վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում, որտեղ տեղակայված է ռազմաօդային ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի հրամանատարության հիմնական բազան։
- Բորտ 093, հաշվառման համար 18-0093, «Airbus A400M-180»։
Ժամը 16:15-ի սահմաններում վայրէջք է կատարել Գյանջայի օդանավակայանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված օվիաբազայից է բարձրացել։ Նույն օրը ժամը 20:10-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա։
- Բորտ 078, հաշվառման համար 17-0078, «Airbus A400M-180»։
Ժամը 15:30-ի սահմաններում վայրէջք է կատարել Եվլախի օդանավակայանում։ Ժամը 19:00-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա և վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։
- Բորտ 080, հաշվառման համար 17-0080, «Airbus A400M-180»։
Ժամը 16:05-ի սահմաններում վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում։ Ժամը 19:55-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա և վայրէջք է կատարել Կայսերի քաղաքի օդանավակայանում։
Ադրբեջանի ՌՕՈՒ-ի թռիչքներ.
- հաշվառման համար 4K-78131, «IL-76TD»։
Ժամը 00:00-ի սահմաններում վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Բորտը Թեկիրդաղ քաղաքում տեղակայված ավիաբազայից է ուղևորվել։ Առավոտյան ժամը 07:30-ի սահմաններում վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Իսրայել և ժամը 09:20 սահմաններում այնտեղ վայրէջք է կատարել։ Ժամը 13:45-ին վերադարձել է Թուրքիա, որտեղից մեկնել է Ադրբեջան»։
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օրերս հրավիրված մամուլի ասուլիսում ճիշտ ասաց, որ Արցախի դեմ կռվում է ոչ միայն Ադրբեջանը, կռվում է նաև Թուրքիան: Այո, կռվում է առայժմ պաշտոնապես չհայտարարված կերպով` Սիրիայում վարձած և Ադրբեջան տեղափոխված «Իսլամական պետության» և այլ ահաբեկիչների միջոցով (որոշ տեղեկությունների համաձայն, նրանց թիվը հասնում է շուրջ 4000-ի), իր ռազմական խորհրդատուներով, զորավարժությունների պատրվակով Ադրբեջան փոխադրած և այնտեղ թողած իր F-16 կործանիչները գործի դնելով, որոնցից մեկն օրերս կործանեց Հայաստանի ռազմաօդային ուժերի հձ-25 գրոհայինը։
Դատելով ամենից, հիշյալ կործանիչները մասնակցել են ու գուցե հենց այս պահին էլ Արցախում մասնակցում են ռազմական գործողություններին, ինչի համար, սակայն, բնավ պարտադիր չէ, որ դրանք հատած լինեն Արցախի սահմանը: Ռադարի արձակած ալիքների ուղղությամբ թռչող, ռադարը ու, դրա հետ մեկտեղ, հակաօդային պաշտպանության համակարգը ոչնչացնող, իսրայելական կամ ամերիկյան արտադրության հատուկ հրթիռները հենց այդ նպատակով մասնագիտացած Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները հեշտությամբ կարող էին և կարող են արձակել նույնիսկ Ադրբեջանի տարածքից, ինչպես, Իսրայելի նույն կործանիչներն էին Լիբանանի օդային տարածքից նույն հրթիռներով հարվածում Սիրիայում գտնվող ՀՕՊ համակարգերին:
Թերևս հենց վերը նշված կերպով են ոչնչացվել Արցախում գտնվող հակաօդային պաշտպանության ՕՍԱ համակարգերից մի քանիսը, եթե, իհարկե, դրանց ոչնչացման վերաբերյալ Ադրբեջանի հրապարակած տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը: Այս դեպքում, երբ Ադրբեջանի տարածքից, երկնքից մի փոքրիկ հրթիռ է գալիս ու խոցում Արցախում գտնվող թիրախները, շատ դժվար կամ նույնիսկ անհնար է ապացուցել, որ F-16 կործանիչները գործի են դրվել ու դրանք արձակվել են հենց այդ ինքնաթիռներից:
Սեպտեմբերի 29-ին հայտնի դարձավ Թուրքիայի սպառնալիքի մասին, որի հայտարարության համաձայն, թուրքական բանակը պատրաստ է պայքարելու Ադրբեջանի համար՝ Հայաստանի հետ հակամարտությունում: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մասնավորապես ասել է, որ Լեռնային Ղարարաբաղը պետք է ամբողջությամբ անցնի Բաքվի վերահսկողության տակ, և հայտարարել, որ Անկարան պատրաստ է աջակցելու Ադրբեջանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ «ռազմի դաշտում»:
Չավուշօղլուի խոսքերով, Հայաստանն Ադրբեջանի տարածքից պետք է անհապաղ դուրս բերի իր բոլոր բանակային ստորաբաժանումները: «Անատոլու» գործակալության հաղորդմամբ, Թուրքիայի արտգործնախարարն այս հայտարարությունն արել է Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմի հետ բանակցությունների արդյունքներից հետո:
«Այս խնդիրը միայն մեկ լուծում ունի,- ասել է Չավուշօղլուն:- Հայաստանը պետք է դուրս գա Ադրբեջանի տարածքից: Եթե դա չլինի, խնդիրը չի լուծվի: Մենք պատրաստ ենք աջակցելու Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում»:
Ավելի վաղ Թուրքիայի ղեկավար Էրդողանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը, որը հրահրել էր Հայաստանը ավելի քան 30 տարի առաջ, պետք է դադարեցվի, և Ադրբեջանը, ռազմական գործողություն իրականացնելով տարածաշրջանում, փորձում է «ազատագրել իր գրավյալ հողերը»: Նկատենք, որ իր այս հայտարարությամբ Էրդողանը խոստովանել է սեպտեմբերի 27-ին Արցախի վրա Ադրբեջանի նախահարձակ լինելու փաստը: Դատելով վերը շարադրված տեղեկություններից, Թուրքիան թեև սոսկ մասնակիորեն, բայց արդեն անմիջականորեն մասնակցում է այդ պատերազմին, հետևաբար այս դեպքում խոսքն արդեն Թուրքիայի ԶՈՒ բանակային այլ ստորաբաժանումների ներգրավման ու դրանց բոլորի լայնամասշտաբ մասնակցության մասին է: Նիկոլ Փաշինյանն օրերս ասաց, որ Թուրքիան ռազմական միջամտության համար առիթ, պատրվակ է փնտրում:
Նկատի ունենալով գնալով թեժացող պատերազմական գործողությունները, Ադրբեջանի կողմից տարբեր, այդ թվում նաև ազդեցիկ երկրների և միջազգային կազմակերպությունների` պատերազմն անհապաղ դադարեցնելու կոչերը համառորեն անտեսելու փաստը, ինչը, անշուշտ, Թուրքիայի պահանջով, խորհրդով կամ նրա հետ համաձայնեցված կերպով է արվում, ռազմական գործողություններն արդեն նաև Հայաստանի տարածքում ծավալելու իրողությունը, մասնավորապես, Վարդենիս քաղաքին, շրջակա գյուղերին և մեր սահմանապահ դիրքերին օրերս հասցված հարվածները, ՀՀ ՊՆ հայտարարությունը, որ «հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության և ռազմական տեխնիկայի տեսակներ», ինչպես նաև դրանց միանգամայն կանխատեսելի հետևանքները, շատ հնարավոր է, որ Թուրքիան իր արտգործնախարարի վերը նշված սպառնալիքը՝ ռազմի դաշտում Ադրբեջանին աջակցելը, վերածի իրականության:
Վերոնշյալ հետևությանը կարելի է հանգել նաև ճիշտ հասկանալով սեպտեմբերի 27-ին Արցախի վրա կատարված հարձակմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի իմաստը, նպատակը… Բայց ի՞նչ կհաջորդի Թուրքիայի լայնամասշտաբ միջամտությանը... Կասկածից դուրս է, որ եթե մեր և Ռուսաստանի դարավոր թշնամին համարձակվի գնալ այդ քայլին, ռուսական արջի թաթը կիջնի նրա գլխին, և Թուրքիան կդադարի որպես պետություն գոյություն ունենալուց։
Չնայած ներկայիս պատերազմին Թուրքիայի ՌՕՈՒ-ի, մասնավորապես հարվածային և հետախուզական ավիացիայի, գերժամանակակից ԱԹՍ-ների մասնակցությանը, Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է տալ մեծամեծ կորուստներ և լուրջ հաջողություններ չի կարողանում արձանագրել:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարում՝
Թուրքիայի ՌՕՈՒ E-7T ինքնաթիռը