Ադրբեջանում սկսվել է պահեստազորի անակնկալ զորահավաք՝ զինկոմիսարիատներ են կանչում վաղուց զորացրվածներին և անմիջապես ուղարկում են զորավարժությունների, փողոցներում ոստիկանությունը հավաքում է թափք ունեցող անձնական մեքենաները բանակի կարիքների համար: Ոչ ռազմական դրություն է հայտարարվել, ոչ համընդհանուր մոբիլիզացիա: Ադրբեջանում սկսվել է պահեստազորի մոբիլիզացիա՝ հաղորդել է զինվորական ծառայության զինակոչի պետական ծառայությունը: «Զինապարտության և զինվորական ծառայության օրենքի» համաձայն՝ զինապարտները պահեստայիններ լինելու ժամանակում զորակոչվում են ռազմական վարժանքների, ռազմական ստուգումների ու հատուկ հանձնարարությունների»՝ ասված է հայտարարության մեջ: Ավելի ուշ տեղական ԶԼՄ-ներին հարցազրույցում պետական ծառայությունից բացատրել են, որ խոսքը զորացրվածների սովորական հավաքների մասին է, որոնց ընթացքում նրանք ամրապնդում են իրենց ռազմական ունակություններն ու գիտելիքները: Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի բնակիչները նաև հաղորդագրություններ էին փոխանակում, որ ոստիկանությունը առգրավում է անձնական պիկապներն ու տանում առանձին կայանատեղի: ՆԳՆ հաղորդագրության մեջ ասվում է, որ ոստիկանները գործել են համաձայն՝ «Ռազմական տեխնիկայի գրանցման կանոնների», որը հաստատել է կառավարությունը: Պաշտոնյաների խոսքով՝ ՆԳՆ-ն գնահատելու է մեքենաները՝ «նպատակ ունենալով ժամանակին, որակյալ ու ամբողջությամբ բավարարել ռազմական կազմավորումները»:
Թեպետ ոչ համընդհանուր մոբիլիզացիա, ոչ ռազմական դրություն հայտարարված չէ, մարդիկ անհանգստանում են, իսկ քաղաքական գործիչները խոսում են Հայաստանի հետ նոր պատերազմի հնարավորության մասին: Մի քանի օր առաջ Հայաստանի հետ սահմանին զոհվել է ադրբեջանցի զինծառայող, որից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեղադրել է Հայաստանին պատերազմի նախապատրաստվելու մեջ: «Նրանք պատրաստվում են նոր պատերազմի: Նրանք ուժերը կենտրանացնում են շփման գծի մոտակայքում,- ասել է նա սեպտեմբերի 19-ին:- Մենք ամենք ինչ տեսնում ենք, ամեն ինչի հետևում ենք: Հետևում ենք նրանց բոլոր գործողություններին: Իհարկե, մենք պաշտպանվելու ենք: Ինչպես պաշտպանվեցինք Թովուզում, պաշտպանվելու ենք մնացած բոլոր ուղղություններում»: Թովուզը Հայաստանի հետ սահմանակից այն շրջանն է, որտեղ հուլիսին եղել են ռազմական բախումներ: Այն ժամանակ ադրբեջանցիները 15 մարդ կորցրին՝ ներառյալ գեներալ-մայորի: Երկու կողմերն էլ մեղադրեցին իրար իրավիճակը սրելու մեջ: Բաքվում բազմահազարանոց հանրահավաք եղավ, որի մասնակիցները հատուցում էին պահանջում ու հայերի օկուպացրած տարածքների ազատագրում:
Ադրբեջանցի փորձագետներից մեկնաբանություններ ստանալու փորձերն ապարդյուն էին, ոմանք ասում էին՝ զբաղված ենք, մյուսներին հնարավոր չէր զանգահարել: Բրիտանացի քաղաքագետ և Կովկասի կոնֆլիկտների հետազոտող Լոուրենս Բրոերսը վստահ է, որ լիամասշտաբ պատերազմով շահագրգռված չեն ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը: «Մենք այս տարվա հուլիսին և 2016-ի ապրիլին տեսանք, որ սահմանային լանդշաֆտը և ինֆրակառույցները կանխում են լայնամասշտաբ պատերազմի հնարավորությունը,-ասում է նա:-Ավելի հավանական է փոքր մասշտաբի էսկալացիան»: Ադրբեջանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Վագիֆ Դարգյախլին հրաժարվեց մեկնաբանել հուլիսյան դեպքերի կրկնության վերաբերյալ հարցը:
BBC
Հ.Գ. Արձանագրենք բազում տարօրինակությունների կոնգլոմերատ.
1. Նվազագույնը տարօրինակ է, որ փաստերը երկուստեք ճշտելու տարրական պարտավորությունը BBC-ին չի հարգում ու անգամ չի փորձում դիմել հայկական կողմին՝ պարզելու՝ որքա՞ն են հավաստի Ադրբեջանի նախագահի սեպտեմբերի 19-ի հայտարարությունները:
2. Պակաս տարօրինակ չէ, որ ռազմական բյուջեում միլիարդներ ծախսող Ադրբեջանն ընկել է իր քաղաքացիների պիկապների հետևից, դա, թերևս, ոչ այնքան կառավարության որոշումն է պահանջում, որքան հարուստներին մի թեթև «ունեզրկելու» քայլ է, բայց որ ավելի կարևոր է՝ PR՝ վախեցնելու բնակչությանը, որ պատերազմը թակում է դուռը, բայց ինչու՞: Գուցե սա պատասխանն է Ադրբեջանի «լվացքատան» հերթական սկանդալի՝ Ալիևների ընտանիքի՝ սեփական երկիրը կողոպտելու մասին, այս անգամ դանիական բանկերում, որ ցանկանում են սքողել հայերի հարձակման տագնապով:
3. Ամենատարօրինակը Ադրբեջանի նախագահի հռետորաբանության կտրուկ փոփոխությունն է՝ նա հայտարարում է, որ… պաշտպանվելու են, մինչդեռ միշտ հայտարարում էր հարձակման մասին: Սա մարտավարության փոփոխություն է, ոչ նպատակի, և պետք է հասկանալ պատճառները: Իսկ պատճառներից մեկը կարող է լինել համայն աշխարհում Հայաստանին ագրեսոր ներկայացնելու քաղաքականությունը, որը փոխնիփոխ իրականացնում են Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահները: Մասնավորապես Էրդողանը ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանին ուղերձում Հայաստանն անվանել էր տարածաշրջանի անվտանգության սպառնալիք: Այդքանից հետո ինչպե՞ս «խեղճ» Ադրբեջանը չհավաքի պիկապներն ու զորացրվածներին չզորակոչի: Սա մեծ ու վտանգավոր PR քայլ է, որին իսկապես կարող է հետևել նոր ագրեսիա՝ Արցախի կամ Հայաստանի սահմանին: Չի բացառվում՝ այս անգամ նաև Թուրքիայի անուղղակի մասնակցությամբ: Պատահական չէ, որ Աֆրինից Անկարան ևս «կամավորների» զորահավաք է անում, իմա՝ վարձկաններ է տեղափոխում Ադրբեջան՝ Արցախի դեմ կռվելու համար:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ