Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Իրանը սպասողական դիրքում է՝ Ջո Բայդենի ընտրության հույսով

Իրանը սպասողական դիրքում է՝ Ջո Բայդենի ընտրության հույսով
19.09.2020 | 10:47

Սպասել և նայել: ԱՄՆ նախագահի ընտրություններից 50 օր առաջ Իրանը՝ ԱՄՆ-ի երդվյալ թշնամին, սպասողական դիրք է ընդունել՝ հույսով, որ ընտրողները կփակեն Դոնալդ Թրամփի էջը, որ 2015-ի միջազգային միջուկային գործարքից դուրս գալուց հետո խիստ պատժամիջոցներ է սահմանել Իրանի տնտեսության նկատմամբ՝ գրել է Ժորժ Մալբրյունոն Le Figaro-ում: «Այդ սպասողական քաղաքականությունը մասամբ բացատրում է նրանց որոշումը՝ չարձագանքել ամերիկյան ձախողված փորձին օգոստոսի կեսին ՄԱԿ-ում՝ քվեարկել բանաձևին, որով երկարացվում էր Իրանին զենքի վաճառքի էմբարգոն, որի ժամկետն ավարտվում է հոկտեմբերին»՝ գտնում է Գերմանիայի Մարշալի հիմնադրամի Իրանի հարցով փորձագետ Արիանա Տաբատաբայը: Իբրև թափանցիկության ևս մի դրսևորում՝ Թեհրանն օգոստոսի վերջին թույլատրեց ՄԱԳԱՏԷ-ին մտնել երկու օբյեկտներ, որտեղ մուտքը պահանջել էր միջուկային ժանդարմը: «Այս պահին իրանցիները նախընտրում են չուժեղացնել լարումը միջուկային էներգետիկայի ոլորտում կամ Մերձավոր Արևելքում՝ բավարարվելով, որ իրենց կողմում կռվող իրաքցի շիա աշխարհազորայինները ժամանակ առ ժամանակ հարձակվում են Իրաքում ԱՄՆ-ի շահերի վրա»՝ հավելում է Արինա Տաբատաբայը: Իրաքում ԱՄՆ զինուժը 5200-ից 3000-ի կրճատելու Դոնալդ Թրամփի հայտարարությունը լիովին բավարարում է Իրանին, որի ռազմավարական նպատակը ՍՄՆ-ի հեռանալն է Մերձավոր Արևելքից: «Իրանի ղեկավարները հետևում են հարցումներին ԱՄՆ-ում,- ՝ ասել է Իրանի որոշակի իշխանական շրջանակներին մերձ մի բիզնեսմեն:-Նրանք չեն ցանկանում խանգարել Բայդենին»: Նրա խոսքով՝ կարող են վերակագնվել Իրանի ԱԳ նախարար Ջավադ Զարիֆի ու Ջոն Քերիի կապերը, որ վարում էր 2015-ի միջուկային համաձայնագրի բանակցությունները ԱՄՆ-ի կողմից՝ նպաստելով շփումների վերականգնմանը Իրանի հետ Ջո Բայդենի հաղթանակի դեպքում: CNN-ի կայքում երկուշաբթի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն հայտարարել է, որ ընտրվելուց հետո «դիվանագիտության համար հուսալի ճանապարհ կտրամադրի: Եթե Իրանը նորից խստորեն պահպանի միջուկային գործարքը, ԱՄՆ-ը կվերադառնա այս գործարքին՝ իբրև Իրանի հետ բանակցությունների մեկնակետի»: Դոնալդ Թրամփը Իսրայելի ու Պարսից ծոցի երկու միապետությունների միջև հարաբերությունների նորմալացման համաձայնագրի հաջորդ օրը նույնպես խոսեց Թեհրանի հետ բանակցությունների իր խոստումների մասին: «Եթե մենք հաթենք ընտրություններում, Իրանի հետ գործարք կկնքենք,-ասել է Թրամփը:-Ես իրոք հավատում եմ, որ Իրանը ցանկանում է գործարք կնքել, նրանք շատ ծանր ժամանակներ են ապրում: Դա Իրանի համար շատ լավ կլինի, նրանք շատ արագ կհարստանան»: Վերջին շաբաթներին Իրանի նախագահ Հասան Ռուհանին, որ թուլացել է ԱՄՆ-ի համաձայնագրից դուրս գալով, հայտարարել է, որ պատրաստ է քննարկել ԱՄՆ վարչակազմի հետ 2015-ի համաձայնագրին վերադառնալու հարցը: «Ռուհանին նախընտրում է Բայդենին, բայց խնդիրն այն է, որ նրանցից յուրաքանչյուրը յուրովի է մեկնաբանում վերադարձը համաձայնագրին»՝ ասել է իրանցի մի լրագրող: Իրոք ֆավորիտ ունի՞ Սպիտակ տան համար մրցավազքում Իրանի երկգլխանի իշխանությունը, որ ղեկավարում են գերագույն հոգևոր առաջնորդ և պահպանողական այաթոլա Ալի Համենեին ու սահմանափակ լիազորություններով նախագահ Հասան Ռուհանին: «Այդպիսի քննարկումներ ամեն օր կան Իրանի մամուլում,-նշում է քաղաքական հետազոտությունների ինստիտուտի փորձագետ Կլեման Թերմեն:-Առավել պահպանողական կամ ավանդական գործիչները, ինչպես նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, մեղադրում են բարենորոգիչներին ու չափավորականներին Բայդենի օգտին քարոզչության մեջ: Համոզված պահպանողականների կարծիքով՝գործարքից ԱՄՆ-ի դուրս գալու դասը չի յուրացվել: Ցանկացած դեպքում իմաստ չունի Մեծ սատանայի հետ բանակցել»: Իրանի նախագահական ընտրություններից 10 ամիս առաջ ԱՄՆ նախագահի ընտրությունները վերածվում են ներքաղաքական հարցի: «Եթե ընտրեն Բայդենին և բանակցությունների պայմանների վերանայման հեռանկար հայտնվի, ինչ մարտավարություն կորդեգրի Ալի Համենեին,-հարցնում է Կլեման Թերմեն:-Կնախընտրի նախագահի չափավորական թեկնածուի՞՝ խրախուսելու քննարկումները, թե՞ հակառակը՝ պահպանողականի»: Դոնալդ Թրամփին թուլացրած Covid-19 պանդեմիան դարձավ անակնկալ առավելություն Թեհրանի համար, թեպետ Իրանը նույնպես խիստ տուժել է: 9 ամիս առաջ, Բաղդադում գեներալ Կասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո (Թրամփի հրամանով), թույլը միայն Իրանն էր, հիմա Համենեին ու Թրամփը հայտնվել են անհարմար դիրքում:
Ժորժ Մալբրյունո, Le Figaro


Հ.Գ. Համարյա երկու ամիս է մնացել ԱՄՆ նախագահական ընտրություններին՝ բացարձակ մեծամասնության մեջ շատ քիչ երկրներ են ակնկալում Թրամփի վերընտրությունը՝ Եվրոպայում միայն Մեծ Բրիտանիան ու Լեհաստանը, Մերձավոր Արևելքում՝ Իսրայելը, գուցե նաև Սաուդյան Արաբիան, Ճապոնիան հեռավոր Արևելքում, փոխարենը Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը և տասնյակ այլ երկրներ Թրամփի վերընտրությունը համարում են քաղաքական ու տնտեսական աղետի, անկայունության, առևտրային պատերազմների ու երկկողմ հարաբերությունների, միջուկային պատերազմի վտանգի սրման ևս 4 տարի: Բայց փաստ չէ, որ Ջո Բայդենը ընտրության դեպքում վարելու է Թրամփին հակառակ քաղաքականություն: Նոյեմբերի 3-ին 2020-ի ամենակարևոր ընտրությունն է կայանալու, որտեղ իր վճռական խոսքը գուցե ասելու է ոչ թե ԱՄՆ ընտրողը, այլ՝ կորոնավիրուսը, որ փոխեց տնտեսական իրավիճակը երկրում ու հարվածեց Թրամփի աներեր թվացող վարկանիշին:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9326

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ