Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Էրդողան ու Պուտին՝ Էմանուել Մակրոնի երկակի ստանդարտները

Էրդողան ու Պուտին՝ Էմանուել Մակրոնի երկակի ստանդարտները
12.09.2020 | 11:29

Էմանուել Մակրոնը նորից քննադատում է Թուրքիային: Հինգշաբթի Կորսիկայում ընդունելով ԵՄ հարավային երկրների սամիթը, Ֆրանսիայի նախագահը դատապարտել է Թուրքիայի «անթույլատրելի վարքագիշը», որ «այլևս գործընկեր չէ» Միջերկրական ծովում: Փարիզի ու Անկարայի, Մակրոնի ու Էրդողանի վեճերը շարունակում են սրվել: Անհրաժեշտ է արագ հանել լարումը և ելք գտնել այս վեճից՝ գրում է Ժան Դոմինիկ Մերշեն L'Opinion-ում: Ֆրանսիայի դաշնակիցները, առաջին հերթին՝ ամերիկացիները ու գերմանացիները, հետևում են կատարվողին չհասկացվածության, նյարդայնության ու անհանգստության խառնուրդով: Նրանք տրամադիր չեն առանց անհրաժեշտության խզել իրենց կապերը ՆԱՏՕ-ի ազդեցիկ անդամ Թուրքիայի հետ: Նրանք նշում են, որ Վլադիմիր Պուտինի հետ ֆրանսիացիենրը շատ ավելի հարգալից են, քան Էրդողանի: Թուրքիայում ամեն ինչ հեռու է իդեալական լինելուց, բայց այնտեղ ընդդիմությունն է կառավարում երկու մեծ քաղաքները՝ Ստամբուլն ու Անկարան, մինչդեռ Նավալնիի օրինակով մենք տեսնում ենք՝ ինչ ճակատագիր է սպասում ռուս ընդդիմադիրներին: Ինչ էլ լինի, Ռուսաստանն ու Թուրքիան մնում են Եվրոպայի հարևաններ: Էմանուել Մակրոնը ճիշտ էր, երբ սկսեց լիցքաթափումը Ռուսաստանի հետ: Հիմա նրան պետք է ոգևորեր նույն գաղափարը Թուրքիայի հարցում:
Ժան Դոմինիկ Մերշե, L'Opinion


Հ.Գ. Փաստացի՝ Ֆրանսիայի ներսում էլ Էմանուել Մակրոնը հանդիպում է դիմադրության իր արտաքին քաղաքականության մեջ: Ժան Դոմինիկ Մերշեն կամ նրա պես մտածողները իրենց հարց չեն տալիս, թե ո՞րն է իրենց նախագահի նպատակը և ի՞նչ պատճառ ունի նա Թուրքիային մեղադրելու: Ֆրանսիացիներն այնքան տոլերանտ են, որ չեն վիրավորվում իրենց երկրի համար, երբ Էրդողանը իրեն թույլ է տալիս հայտարարել, որ Մակրոնի ուղեղն է մահացել, այնքան տոլերանտ են, որ «չեն տեսնում» Թրամփի քայլերը ԵՄ-ի ու կոնկրետ Ֆրանսիայի դեմ:


Երեկ Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է Միջերկրական ծովում քաղաքականության վերաբերյալ Ֆրանսիայի նախագահի քննադատությունն ուղղված Թուրքիայի ղեկավարությանը, մասնավորապես Էրդողանին: «Մակրոնը չի հրաժարվում Անկարային զրպարտելու փորձերից՝ արտաքին քաղաքական ոլորտում Փարիզի հակաթուրքական ծրագրերի ձախողման ֆոնին: Էմանուել Մակրոնն առաջնորդվում է նախկին գաղութատիրոջ ռեֆլեքսներով՝ ամբարտավանորեն փորձելով սովորեցնել ուրիշներին: Ֆրանսիայի նախագահի հայտարարությունները նրա անկարողության և հուսահատության ցուցիչն են»,-ասված է Թուրքիայի ԱԳՆ հայտարարությունում: ԱԳՆ-ն ուշադրություն է հրավիրել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բարձր վարկանիշի վրա՝ նշելով, որ նա ընտրություններում առավելագույն աջակցություն է ստացել ընտրողներից: «Թուրքիայի նախագահի դիրքորոշումը հիմնված է թուրք ժողովրդի աջակցության վրա: Թուրքիայի իշխանություններն ու ժողովուրդը միավորված են և միավորված կլինեն անհիմն հարձակումների դեմ»՝ նշում է ԱԳՆ-ն և
ընդգծում, որ Միջերկրական ծովում բացառիկ տնտեսական գոտի սահմանազատելը կապ չունի Էմանուել Մակրոնի լիազորությունների հետ: «ԵՄ շահերի դեմ միակողմանի և սադրիչ քայլեր ձեռնարկող Հունաստանի և հունական Կիպրոսի «փաստաբան» հանդես գալու փոխարեն Փարիզը լավ կաներ տարածաշրջանում երկխոսության և համաձայնության կոչ աներ: Դա պահանջում են ՆԱՏՕ-ի դաշինքի սկզբունքները և ընդհանուր եվրոպական շահերը: Ֆրանսիայի նախագահի ազգայնականությունն ու հավակնությունները նպաստում են տարածաշրջանում լարվածության աճին՝ վտանգելով Եվրոպայի և ԵՄ շահերը»,-ավելացրել են Թուրքիայի ԱԳՆ-ում: «Թուրքիայի գործողությունները քննադատելու փորձերը Ֆրանսիայի կողմից, որը ելք չունի դեպի Միջերկրական ծովի արևելք, անհեթեթ են: Մենք ֆրանսիացի ընտրողների դատին ենք թողնում Մակրոնի խղճուկ վիճակը, որի վարկանիշը հասարակության աչքում անընդհատ ընկնում է»,- ասված է հայտարարությունում: Հիմա ի՞նչ են գրելու ֆրանսիական թերթերը: Որ Մակրոնին իրենք չե՞ն ընտրել, միայն Էրդողա՞նն է ընտրված, թե կարող են հիշել, թե Անկարայի ու Ստամբուլի քաղաքապետերի քանի՞ ընտրություն կազմակերպեց Էրդողանը, որ անցկացնի իր կուսակցին, ու դա ժողովրդավարության գերագույն դրսևորում էր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10615

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ