Աշնանային քաղաքական սեզոնի մեկնարկին ամենաարդիականը թեժ աշնան հնարավորության թեման է։ Սա ավանդաբար թրենդային թեմա է. ամեն տարի աշնան գալուն պես քաղաքական շրջանակները խոսում են թեժ սեզոնի մասին։ Այս տարին էլ բացառություն չէ։ Եվ այս համատեքստում հիմնական ուշադրությունը սևեռվում է ընդդիմության հնարավորությունների վրա, թե որքանով ընդդիմությունը պատրաստ կլինի իրականացնելու «Թեժ աշուն» հերթական օպերացիան։ ՈՒ չգիտես ինչու‚ մոռացվում է, որ ներքաղաքական պայքարը երկու կողմ ունի. բացի ընդդիմությունից, կա նաև իշխանություն, և շատ բան կախված է ոչ միայն ընդդիմության ռեսուրսներից, հնարավորություններից, այլև հենց իշխանությունից։
Չգիտես ինչու, ապրիորի համարվում է, որ իշխանությունն այժմ ամուր կանգնած է ոտքերի վրա։ Իշխանությունն էլ փորձում է այնպիսի տպավորություն թողնել, թե ընդդիմության քայլերը իբրև թե զրո ազդեցություն ունեն իրենց վրա. հանգիստ գնում են արձակուրդ, գլամուրային ժամանցներով են զբաղվում՝ ձիավարություն‚ անհասկանալի բովանդակությամբ տեսանյութերի շրջանառում և այլն։ Շատերը ղեկավարության այս ցուցադրական հանգստությունը, անհոգությունն ու բոհեմային կյանք վարելու ձգտումները բացատրում են նրանով, որ իրականում իշխանությունը մտահոգվելու խնդիրներ չունի։ Սակայն կան փորձագիտական, քաղաքական շրջանակներ, որոնք, այնուամենայնիվ, ավելի խորքային վերլուծության են ենթարկում իշխանության իրական վիճակը և, ըստ էության, միանգամայն տարբերվող կարծիք են արտահայտում։
Որպեսզի կարողանանք իշխանության վիճակը գնահատել, վերլուծությունը պետք է արվի օբյեկտիվ հիմքերի վրա։ Ցանկացած իշխանության ամրության գրավականն իր ռեսուրսներն են, այն հենարանները‚ որոնց վրա կարող է հենվել, կառուցել, զարգացնել իշխանությունը։
2,5 տարի առաջ, այսպես կոչված, թավշյա հեղափոխության հետևանքով ձևավորված ՀՀ գործող կառավարության առաջին ռեսուրսը համարվում է հանրային աջակցությունը։ Շատերը իներցիայով կարծում են, որ այն հանրային աջակցությունը, որ Նիկոլ Փաշինյանը ստացավ 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին, և որը հետագայում սոցհարցումների և ընտրությունների արդյունքների տեսքով արձանագրվեց 70-80 տոկոսի շրջանակներում, այսօր էլ ուժի մեջ է‚ ինչը հիմք է տալիս գործող կառավարությանն ամուր զգալու իրեն։ 2,5 տարի առաջ էյֆորիկ ու զգացմունքային, նախորդ իշխանության նկատմամբ ատելության ֆոնի վրա իսկապես ձևավորվել էր հանրային մեծ աջակցություն Նիկոլ Փաշինյանին։ Վերջինիս անձնական ռեսուրսը երբեմն իսկապես 80 և ավելի տոկոս էր։ Սակայն 2018-ի ապրիլից բավականին ժամանակ է անցել, և այս ընթացքում հանրային աջակցության ռեսուրսը էապես մաշվել է։ Մինչկորոնավիրուսային շրջանում արդեն իսկ զգացվում էր, որ Նիկոլ Փաշինյանը հույս ներշնչող վարչապետից աստիճանաբար վերածվում է հիասթափություն առաջացնող վարչապետի, քանի որ որևէ խոստում չի կատարվում, որևէ ծրագրային դրույթ, եթե նունիսկ այդպիսին կա, չի իրականացվում, ամեն ինչ ընթանում է իներցիայով, սկսվում է լճացման գործընթացը, և հեղափոխական կառավարությունը բավարարվում է միայն իշխանության պարգևած ճոխ հնարավորություններով։ Եվ դա բերում է հանրության լայն շերտերի խոր հիասթափության։ ՈՒ պատահական չէր, որ դեռևս տարեսկզբին Նիկոլ Փաշինյանը խոստովանեց, որ Հայաստանում բավականին մեծ հիասթափվածների խավ կա, և երբ վերլուծում ես այդ խավերի կառուցվածքը, ապա տեսնում ես, որ գրեթե ամբողջ հասարակությունն իսկապես հիասթափված է իրենց ընտրած ղեկավարից ու նրա ձևավորած իշխանությունից։
Կորոնավիրուսն ու այդ վարակի դեմ տապալված գործողությունները կատալիզատորի դեր խաղացին և է՛լ ավելի սրեցին երկրի ներսում առկա դժգոհությունը։ Իսկ որ ավելի վտանգավոր է իշխանության համար, կորոնավիրուսին հետևեց ու մեծ թափ է հավաքում սոցիալ-տնտեսական ճգնաժամը։ Ամենահետաքրքիրն այն է, որ թե՛ կորոնավիրուսը, թե՛ սոցիալ-տնտեսական ճգնաժամը առաջին հերթին լուրջ ու զգայուն հարված հասցրին հենց այն զանգվածներին, որոնք Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական իշխանության հենարանն են, այսինքն՝ լյումպենին, որին իշխանական պատգամավորներից մեկի թեթև ձեռքով և հայկական քաղաքական ժարգոնով անվանակոչեցին Պողոս։ Կորոնավիրուսից ու դրանից բխող հետևանքներից առաջին տուժողը դարձան հենց այդ պողոսները։ Այդ պողոսների կողքին կանգնած են նաև‚ քաղաքական ժարգոնով ասած‚ զոմբիները, և եթե այս երկու հատվածը հանում ենք, ապա փաշինյանական այս հենարանի մյուս հատվածում կտեսնենք հիասթափության մեծ ալիք։ Համարենք, որ եթե զոմբիական հատվածը անսասան է մնում, ապա չենք կարող չարձանագրել, որ այն մարդիկ, որոնք քիչ թե շատ բանականություն ու մտածելու կարողություն ունեն, սկսել են հետ կանգնել վարչապետին աջակցողների շարքերից։ Եվ եթե 2,5 տարի առաջ այդ շարքերը թվային արտահայտությամբ մոտ 80 տոկոս էին, ապա այսօր, որոշ գնահատականներով, չեն անցնում 35-40 տոկոսը։ Ընդ որում, այս թիվն է՛լ ավելի նվազելու միտում ունի. եթե համավարակի դեմ պայքարում, անկախ իշխանության քայլերից, հնարավորություն կա դրական արդյունքներ արձանագրելու, ապա սոցիալ-տնտեսական ճգնաժամն ինքն իրեն չի անցնելու։ Այստեղ պետք է լինի արդյունավետ կառավարում համապատասխան ծրագրերով, այդ ծրագրերն իրականացնելու համար ունակ կադրեր, հակաճգնաժամային կառավարում։ Իսկ նման ռեսուրսներ ու կարողություն գործող կառավարությունը չունի։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ իշխանությունների սոցիալական հենարանն աստիճանաբար ավելի ու ավելի է մաշվելու, ավելի ու ավելի է սրվելու զանգվածների և փաշինյանական կառավարության միջև առկա հակասությունը։
Ցանկացած իշխանության հենարաններից է նաև բիզնես խավը, որն իր բարեկեցությունը, իր ապագան կապում է գործող իշխանության հետ։ Այս խավը, եթե երկրում իրավիճակը բարելավվում է, նոր բիզնեսներ է ձեռնարկում, աշխատատեղեր ստեղծում, արդյունքներ գեներացնում, տնտեսական նպաստավոր մթնոլորտ է ձևավորում և այլն։ Գործարար խավը, որպես կանոն, պետք է աջակցի գործող իշխանությանը։ Մեզ մոտ, սակայն, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով, տնտեսական հեղափոխության թեզը լուրջ հայեցակարգային, ռազմավարական ձևակերպում չստացավ, գործարար կյանքը չզարգացավ, իշխանության համար չձևավորվեցին սոցիալ-տնտեսական հենարաններ։ Միայն կոռուպցիայի, մոնոպոլիայի դեմ պայքարի մասին խոսելը և իրական կյանքում ոչ մի քայլ չկատարելը գործն առաջ չեն տանում։ Ի դժբախտություն գործող իշխանությունների՝ կորոնավիրուսն էլ ավելի վատթարացրեց իրավիճակը, էլ ավելի վատ պայմաններ ստեղծեց բիզնեսի համար։ Կորոնավիրուսային շրջանը ցույց տվեց, որ գործող կառավարությունն անկարող է, անգործունակ։ Կառավարության նախաձեռնած մոտ 30 ծրագրերը, որոնց շրջանակներում ներգրավված է մոտ 300 միլիոն դոլարի չափ գումար, փոշիացվեցին՝ որևէ օգուտ չտալով տնտեսությանը։ Ըստ էության, ՀՀ տնտեսությունը բարձր տեմպերով գահավիժում է, որի վկայությունն են նաև վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները։ Որոշ մասնագետների կարծիքով, նույնիսկ այդ տվյալները վարդագույն լույսի ներքո են ներկայացված։
Սովորաբար ցանկացած իշխանության համար որպես հենարան ծառայում են նաև ուժային կառույցները։ ՀՀ գործող իշխանությունը, պաշտոնավարման առաջին իսկ օրից, բավականին լուրջ խնդիրներ ունեցավ ուժային կառույցների հետ։ Փաշինյանը փորձում էր իրեն ենթարկել ուժային գերատեսչությունները։ Շատ շուտ ուժային կառույցներում հասկացան, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրենք չեն կարող ունենալ ադեկվատ ղեկավար, ու պատահական չէ, որ այդ կառույցների ղեկավարները, մասնավորապես Վանեցյանն ու Օսիպյանը, հրաժարվեցին Փաշինյանի բոլոր կապրիզները կատարելուց և դուրս եկան խաղից։ Սակայն այդ օղակները անարդյունավետ են աշխատում ու նախ և առաջ այն պատճառով, որ ոստիկանական կամ ԱԱԾ համակարգում միայն ղեկավարությանը փոխելով ոչինչ անել չես կարող։ Եթե համակարգը չի վստահում երկրի ղեկավարին, ապա առանձնապես ոչ մի ձգտում չի լինի իրականացնելու վերևից եկած հրամանները, առավել ևս, որ դրանք շատ դեպքերում տարօրինակ են, օրենքից չեն բխում։ Ինչ վերաբերում է բանակին, ապա Նիկոլ Փաշինյանն իր պաշտոնավարման առաջին օրից կարծես թե պատերազմ էր հայտարարել գեներալիտետին, ընդ որում, դա վերաբերում է ոչ միայն ՀՀ զինված ուժերին, այլև Արցախի պաշտպանության բանակին։ Ժամանակ առ ժամանակ թվում է, թե Փաշինյանը փորձում է լեզու գտնել նրանց հետ՝ այդ թվում գեներալական կոչումներ շնորհելով, սակայն միևնույն է, բանակի կողմից Փաշինյանը որպես գերագույն գլխավոր հրամանատար չի ընկալվում։ Այսօր մեծ վերապահումով կարելի է ասել, թե ՀՀ վարչապետն անվերապահորեն կարող է վստահել բանակին։
Ցանկացած երկրի համար, հատկապես հետխորհրդային, շատ կարևոր են արտաքին քաղաքական գործոնները։ Բելառուսում ընթացող իրադարձությունները ցույց են տալիս, թե Լուկաշենկոյի իշխանության պահպանման համար ինչ կարևոր է Ռուսաստանի ու անձամբ Վլադիմիր Պուտինի աջակցությունը։ Փաշինյանի պարագայում շատ տարօրինակ իրավիճակ է. ըստ էության, նա հավասար հեռավորության վրա է բոլոր աշխարհաքաղաքական կենտրոններից ու հարևան երկրներից։ ՀՀ անկախությունից հետո ամենացածր մակարդակի վրա են հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության և անձամբ Պուտինի հետ, որը չի էլ թաքցնում, որ որևէ ցանկություն չունի հետագայում էլ Նիկոլ Փաշինյանին տեսնելու որպես իր գործընկեր։ Հայ-ռուսական հարաբերություններում ամեն ինչ սահմանափակվում է Հայաստան պետությանը՝ իր ռազմավարական գործընկերոջը, զենք մատակարարելով ու անվտանգությունն ապահովելով։ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին խոսելն ավելորդ է, քանի որ պարզապես հարաբերություններ չկան։ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ իր կառավարման 2,5 տարվա ընթացքում չկարողացավ որևէ կառուցողական հարաբերություն ունենալ Թրամփի վարչակազմի հետ։ Գաղտնիք չէ, որ սորոսյան հենարաններ ունեցող ՀՀ իշխանությունը երազում է, որ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք ընտրություններում հաղթանակի գլոբալիստական թևը, և Փաշինյանին գուցե հաջողվի ինչ-որ կապեր ստեղծել ԱՄՆ-ի հետ։ Եվրամիության հետ կապերը ամենացածր մակարդակի վրա են։ Այստեղ էլ ամեն ինչ շատ ձևական է և սահմանափակվում է փոքր ծավալով ֆինանսական աջակցություններով։ Իրանի հետ հարաբերությունները դարձյալ պատմական ամենացածր մակարդակի վրա են։ Դրա վկայությունն է այն, որ Իրանն Արցախյան հակամարտութան սկզբից ի վեր առաջին անգամ ադրբեջանամետ հայտարարություններ է անում՝ հրաժարվելով իր պարիտետային քաղաքականությունից։ Սա պայմանավորված է Հայաստանի երկչոտ արտաքին քաղաքականությամբ և Իսրայելի նկատմամբ ռևերանսներով։ Անարդյունավետ են կապերը Վրաստանի, Չինաստանի հետ։ Այսպիսով՝ չկա որևէ աշխարհաքաղաքական կենտրոն, որը շահագրգիռ է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը մնա ՀՀ կառավարման ղեկին։
Եվս մեկ հենարանի մասին‚ որը պայմանականորեն կարելի է Նիկոլ Փաշինյանի ու իր իշխանության ակտիվում համարել։ Ըստ էության‚ շատ պայմանականորեն կարելի է այն քաղաքական կոնգլոմերատը‚ որն այժմ իշխանության ղեկին է‚ անվանել միասնական քաղաքական թիմ։ Անգամ «Քաղպայմանագիրը» չի կարողանում վերածվել‚ ինչպես Նիկոլ Փաշինյանն էր սիրում ասել‚ լիակատար ինստիտուցիոնալ կառույցի՝ թե՛ մարզային կառույցների առկայության‚ թե՛ որակյալ կադրերի առումով և թե՛ գաղափարակիցների տեսանկյունից։ Միակ խնդիրը‚ որ թերևս կուսակցությունը կարողանում է լուծել‚ քաղաքական ուժի համար այս կամ այն մեթոդով ֆինանսներ հայթայթելն է։ Թե ինչ մեթոդներ են դրանք‚ միշտ խոսակցությունների առիթ է հանդիսանում։ Ավելի լայն իմաստով մեծ քաղաքական թիմում հսկայական տարաձայնություններ կան սորոսական կոչեցյալների և, այսպես կոչված քաղաքական հատվածի միջև։ Եվ վերջապես‚ լրջագույն միջանձնային խնդիրներ են պարբերաբար ի հայտ գալիս‚ որոնք երբեմն նույնիսկ հանգեցնում են պատգամավորների՝ մանդատից հրաժարվելու և նման այլ ցուցադրական ակցիաների։
Հարց է՝ այսքանից հետո ինչպե՞ս է հաջողվում Փաշինյանին մնալ իշխանության։ Հայաստանում, ինչ խոսք, իշխանությունը բավականին թույլ վիճակում է, սակայն միաժամանակ դեռևս չի ձևավորվել այն արմատական ընդդիմությունը, որը կարող է հասարակության կողմից որպես այլընտրանք ընկալվել գործող իշխանություններին։ Սա իհարկե, ժամանակի հարց է։ Այն գործընթացները, որ կատարվում են ընդդիմադիր դաշտում, հույս են ներշնչում, որ թույլ իշխանություն-թույլ ընդդիմություն իրավիճակը չի կարող երկար ձգվել, այս հավասարակշռությունը ժամանակավոր է։ Եթե իշխանության պարագայում հեռանկարներ չեն երևում, և իշխանության դիրքերի ամրապնդման հնարավորություն ուղղակի չկա, ապա ընդդիմության մոտ այդ հնարավորություններն առկա են։ Իսկ թե ինչպես ընդդիմությունը կօգտագործի այդ հնարավորությունը, առաջիկա ամիսներին կտեսնենք։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ