Եվրոպական ու ամերիկյան մամուլը, պատմելով համառուսական հանրաքվեի մասին, ընդգծել է երկու պահ: Առաջին՝ հանրաքվեի արդյունքը կանխորոշված էր, բայց, միևնույն է, կարևոր էր Պուտինի համար, որովհետև իր կարծիքով ժողովուրդն էր իրեն մանդատ տալիս հետագա կառավարման համար: Երկրորդ՝ պաշտոնական ալիքները և քարոզիչները խոսում էին համարյա 50 փոփոխությունների մասին, բայց ոչ ամենագլխավորի: «Գլխավոր, ցավոք, մոռացված կետը»՝ հանրաքվեի մասին իր հրապարակումը վերնագրել է Գերմանիայի Frankfurter Allgemeine Zeitung-ը՝ ընդգծելով փաստը, որ Պուտինի նախորդ ժամկետները զրոյացնող և տեսականորեն նրան մինչև 2036-ը նախագահելու հնարավորություն տվող փոփոխության մասին պաշտոնական ալիքներն ու քարոզչիչները համարյա չէին խոսում: «Պուտինի նախորդ ժամկետների զրոյացումը, որ նրան հնարավորություն է տալիս նորից քվեարկվել 2024-ին ու 2030-ին, այնքան լավ է թաքնված (հոդված 81-ի, 3-րդ պարբերությունում), որ բարեփոխման մասին պաշտոնական կայքում սկզբից «մոռացել էին» այդ կետը: Ամենակարևոր այդ կետը փոփոխությոնների փաթեթ է մտել ամենավերջին պահին»՝ հիշեցնում է Frankfurter Allgemeine-ն:
Բավարական Süddeutsche Zeitung-ը «Պուտինը տոնում է նոր Սահմանադրության ընդունումը, որ նրան թույլ է տալիս մնալ իշխանություն» վերնագրով հոդվածում մեջբերում է գերմանացի ընդդիմադիր քաղաքական գործիչներին, որ արձագանքել են ՌԴ Սահմանադրության Պուտինին հարմարեցմանը: «Դա դեմոկրատիայի մնացորդների կարապի երգն է,- հայտարարել է Բունդեստագի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավոր, մարդու իրավունքների ու մարդասիրակա օգնության հանձնաժողովի նախագահ Գյուդե Յենսենը:-Մենք պետք է քննարկենք Եվրոպայի խորհրդում ՌԴ պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու հարցը»: ՌԴ պատվիրակությունը արդեն մեկ անգամ զրկվել էր ձայնից Ղրիմի անեքսիայի պատճառով: Յենսենը հավելել է, որ սպասում է «կտրուկ արձագանքի կեղծ քվերակությանը և Սահմանադրությանը» կանցլեր Անգելա Մերկելից և ԱԳ նախարար Հեյկո Մաասից: «Բայց արևմտյան դիվանագետներն ասում են, որ միջամտելը դժվար է, որովհետև դա երկրի ներքին գործն է»՝ նշում է Süddeutsche Zeitung-ը: Թերթը մեջբերում է կանաչների պատգամավոր Մանուել Սարացինի կարծիքը, որ հինգշաբթի Ռուսաստանում կատարվողն անվանել է «սահմանադրական ներկայացում հանուն հավերժ Պուտինի» և հայտարարել, որ Պուտինի խոստացած կայունությունը «սոցիալ-տնտեսական ճահճացումն է, պահպանողական ազգայնականությունը և հակադեմոկրատական գերեզմանային լռությունը»:
«Կրեմլը ջանում էր չբարձրաձայնել փաստը, որ «կողմ» քվեարկությունը կերկարացնի Պուտինի իշխանությունը: Դրա փոխարեն պետական մամուլն ու գովազդային հոլովակները շեշտը դնում էին փոփոխությունների վրա, որ պարտադրում են կառավարությանը բարձրացնել կենսաթոշակներն ու նվազագույն աշխատավարձը, կամ ազդարարում են «պատասխանատու վերաբերմունք կենդանիների նկատմամբ»՝ գրում է բրիտանական Times-ը:
New York Times-ը ՌԴ հանրաքվեն անվանել է «բծախնդիր նախապատրաստված ներկայացում համաժողովրդական հավանությամբ»: Ամերիկացի լրագրողների համար ընդհանուր է, որ քվեարկության արդյունքները կանխորոշված էին, որովհետև Ռուսաստանում այդպես է ընդունված: Այնուհանդերձ՝ Պուտինի համար «քվեարկության գործողությունը» կարևոր է, որովհետև իր կարծիքով լեգիտիմացնում է իր իշխանությունը: New York Times-ը նույնպես ընդգծում է, որ զանգվածային պաշտոնական քարոզչության մեջ համարյա չէր հիշատակվում գլխավորը՝ Պուտինի նախորդ ժամկետների զրոյացումը:
Իտալիայի Corriere della Sera-ն գրում է «ամենատարօրինալ քվեարկության մասին, որ Ռուսաստանը երբևէ անցկացրել է ԽՍՀՄ-ի փլուզումից հետո» նկատի ունենալով, որ գործընթացը տևել է 7 օր, անցկացվել հատուկ օրենքով, ոչ թե հանրաքվեի կանոններով և չի ունեցել իրավական նշանակություն՝ փոփոխությունները խորհրդարանն արդեն հաստատել էր: «Վերջին տարիներին նախագահը որոնում էր հնարավոր իրավահաջորդ, որ կարող էր վերահսկել Ռուսաստանն ու հատկապես իշխանության տարբեր խմբակցությունները, բայց նա վճռեց, որ համենայն դեպս հիմա ոչ ոք չի կարող այդ երաշխիքներ տալ և հայտնվել իր տեղում» գրում է Corriere della Sera-ն: «Այդ պատճառով էլ նա վերացրեց ժառանգության թեկնածուների հավանական կատաղի մրցապայքարի առիթը: Այդ որոշման լուսաբանումը ժողովրդական քվեարկության միջոցով Պուտինի պետք էր, որովհետև նրա հանրաճանաչությունը վերջին ամիսներին նվազել է, արդեն ոչ կոնսենսուսային 85% է, այլ ընդամենը 59%»՝ գրում է Corriere della Sera-ն: Իտալացիները գտնում են՝ քանի որ արդյունքը կանխորոշված էր, իշխանության գլխավոր հոգսը մասնակցության հարցն էր՝ մեծ մասնակցությունը «այո»-ի վստահ մեծամասնությամբ Կրեմլի աչքում կնշանակի, որ ռուս ժողովուրդը միահամուռ համաձայն է Պուտինի քաղաքականությանը և նրա իրավունքին՝ նախագահել որքան ցանկանում է: Եվ այդ նպատակը նվաճված է: Կարելի է ասել, որ քաղաքացիների 50% համաձայն է, որ Պուտինն իրենց ճակատագրերը դեռ երկար ժամանակ տնօրինի, թեպետ ընդդիմությունն ու ՌԴ իշխանությունից անկախ փորձագետները խոսում են խախտումների ու կեղծարարության մասին:
«Մի իրավիճակում, երբ նրա հանրաճանաչությունը կրճատվել է մինչև ռեկորդային ցածր նիշի, իսկ հասարակության դժգոհությունը աճում է, Պուտինը, արդեն երկու տասնամյակ իշխելուց հետո, նորից է ներկայանում իբրև կայունության ու հայրենասիրության երաշխավոր և ստիպում է լռել իրավահաջորդի մասին խոսողներին»՝ գրում է Իսպանիայի El Pais-ը: Իսպանացի լրագրողները գտնում են, որ Սահմանդրության վերաձևումն ու Պուտինի խոսքերը, որ չի բացառում 2024-ին նորից առաջադրվելո հնարավորությունը, անհանգստացրել է պաշտոնյաների ու բիզնեսմենների ամբողջ մի պարսի, որ մեծացել են իր իշխանության օրոք և, վախենալով կորցնել իրենց տեղը, կարող էին զբաղվել ինտրիգներով ու աջակցել իրավահաջորդին:
Ֆրանսիայի Le Monde-ը, ընդգծում է, որ նախագահական ժամկետների վերբեռնման գլխավոր դրույթը թաքնված է ամենատարբեր հարցերի վերաբերող 46 լրացումների լեռան տակ: «Քվեարկության հաջողության պատճառները շատ են՝ և Պուտինի ռեալ հանրաճանաչությունը, և կայունությունը պահպանելու ցանկությունը, որ կարևոր արժեք է ռուսական քաղաքականության մեջ, և. Իհարկե, արդյունավետ էլեկտորալ մարկետինգը, և ժողովրդավարական քվեարկության չափանիշների կարևոր կեղծարարությունները»՝ բացատրում է Le Mond-ը ֆրանսիացիներին, թե ինչպես են ՌԴ իշխանությունները հասել համարյա 80% «այո»-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեում:
BBC
Հ.Գ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է սահմանադրական բարեփոխումների փաթեթը, որ այսօրվանից կմտնի ուժի մեջ: Պուտինը փաթեթը վավերացրել է, երբ ԿԸՀ-ն հաստատել է հունիսի 25-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները: Կրեմլը գովեստով է խոսել հանրաքվեի մասին: Ըստ պաշտոնական տվյալների, ռուսաստանցիների 78 տոկոսը հավանություն է տվել 200 լրացումներին: Կրեմլը «Վլադիմիր Պուտինի նկատմամբ ժողովրդի վստահության հաղթական հանրաքվե» է անվանել ԿԸՀ-ի հրապարակած արդյունքը:
Ըստ Կրեմլի, Սահմանադրության փոփոխություններն անհրաժեշտ են երկրի կայունությունը և անվտանգությունը երաշխավորելու համար: Մնացածը՝ ով ինչքան հասկանա:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ