Քաղաքական էլիտան ապրում էր ջունգլիների օրենքով՝ դիմանում է ուժեղը: ՈՒժեղանում ես փողով ու ՇԵՖԻՆ ծառայելով: Մենք ապրում էինք այդ խոհանոցում եփված «ճաշերով»: Խոհանոց, որտեղ ոչ մեկը մյուսի պատրաստած ուտեստը չէր համտեսի՝ կյանքի համար վտանգավոր էր: Այսօր այդ «խոհանոցի» տղերքն ու աղջկերքը հաճույքով հրաժեշտ են տվել ՇեՖԻՆ, բայց ոչ իրենց հավակնություններին: Նրանք զգացել են իշխանության համն ու հոտը, և այլևս իրենց քիմքն ուրիշ համ ու քիթն ուրիշ բույր չի ընդունում: Նրանցից ոչ մեկի մտքով չի անցել ներողություն խնդրել՝ չունեն սխալների գիտակցություն: Նրանք անցել են բոլորին ու ամեն ինչի մի քանի անգամ դավաճանելու ուղին ու հիմա ներկայանում են վերին ատյանի ճշմարտության մունետիկներ: Դա է «խոհանոցի տղերքի» կենսափիլիսոփայությունը: Նրանք չգիտեն, որ հնարավոր էր կուսակցությունից կուսակցություն չթռչել, ուժեղից ուժեղ տիրոջ գիրկը չնետվել՝ հավատարմության հերթական երդումը տալ՝ նախորդը դրժելով: Նրանք… մեղավոր չեն: Խաղի կանոններն էին այդպիսին, նրանք քայլում էին գլուխների վրայով, ԱԱԾ-ի մակարդակի «բացահայտումներ» ու մատնություններ էին անում՝ ով ում մեկենասն է, ով ում մարդը՝ իրականից: Վստահ էին, որ իրենց դեմ խաղ չկա, խիարը միշտ թարս է աճելու, հավերժության ճանապարհն է անցնում Մելիք-Ադամյանով: Նրանց խաբեցին, ու հիմա չեն հաշտվում իրենց կարգավիճակի հետ: Խոհանոց են որոնում, որ իրենց նորից կերակրեն, սովոր չեն իրենց հաշվին ապրել:
…Երբ օրվա ընդդիմությունը օրվա իշխանության հետ սկսում է խաղալ նույն խաղը՝ հայցեր ներկայացնելով դատախազություն, ամեն ինչ ընկնում է իր տեղը: Փաստացի՝ խոհանոցը չի փակել դռները: Փաստացի՝ սուտ էր՝ ես սխալ էի, դու ճիշտը, սխալ են բոլորը, ճիշտը դեռ ոչ ոք ոչ մեկին չի ասում: Դա է «խոհանոցի» իմաստը՝ ճաշի բաղադրատոմսը ոչ ոք չպիտի իմանա՝ հին ընտանեկան ավանդույթ է, սուրբ սովորույթ: Պետական գաղտնիք՝ վերջապես: Մինչև հիմա: Իրականում ոչինչ չի փոխվել, ՀԱՄԱԿԱՐԳ չի փոխվել: Հին համակարգը փոխում է նոր համակարգը: Հայաստանում թավշե հեղափոխությունը եղավ համակարգի ներսում, կառավարման փիլիսոփայություն չփոխվեց, կացութաձև չփոխվեց: Նույնիսկ առանցքային պաշտոնյաների փոփոխությունն ընտրովի է: Հավատարմության երդումի սկզբունքով: Փոխվել է խոհանոցի հասցեն, կամ հիմա խոհանոցին ասում են «կուխնի»: Գործում է օմերտայի օրենքը՝ լռության, երբեք չասել, ինչ արգելված է վտանգավոր է կարիերային: Երբեմն՝ ուղղակի կյանքին: Եվ, ուրեմն, հավերժական հարց է՝ ինչու՞ ԱԺ ոչ մի նախագահ մեկ գումարում չի պաշտոնավարել՝ սկսած Գերագույն Խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Արա Բաբլոյան: Գուցե՝ Արարատ Միրզոյան: Այս մեկ հարցի առանցքի շուրջ հնարավոր է հավաքել Հայաստանի երրորդ հանրապետության պատմությունը՝ հրաժարականներով, պաշտոնանկություններով, ահաբեկչությամբ ու ընտրություններով, որ խոհանոցում որոշված նշանակումներ էին:
…Իսկ գուցե նաև մենք ենք «խոհանոցի» ժողովուրդ՝ մեզ հետաքրքրում է ուտելիքը՝ նյութը, սովոր չենք մտածել բարձր մատերիաների մասին՝ տիեզերքի, հոգու, կյանքի իմաստի, պետության դերի, քաղաքացու պարտականությունների ու իրավունքի, սիրո ու Աստծո: Երբ մարդը մոռանում է Աստծուն, իրեն է համարում աստված ու որոշում, որ կարող է տնօրինել ոչ միայն իր, այլև ուրիշների ճակատագիրը: Ցավոք, ոչ բոլորի փորձերն են ձախողվում, լինում են նաև ժամանակավոր հաջողություններ: Եվ՝ դառնում են բոլորիս ձախորդությունը, որովհետև մարդը հոգու, սրտի, մտքի ու մարմնի միասնություն է, չի կարող «հացիվը» սպանել «բանիվը»: Ոչ այն պատճառով, որ «Ի սկզբանէ Բանն էր», այլ այն պատճառով, որ Բանը նաև հաց է:
…Ես վստահ եմ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեծագույն հաճույքով հրաժեշտ կտա իր առաքյալների կեսին՝ համոզված, որ արժանի չեն իր հետ աշխատելու ԲԱՐՁՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆԸ, բազմիցս ուրացել են իրեն մինչև աքլորականչ ու հետո էլ, բայց ստիպված է պահել ձեռքի տակ, որ չհայտնվեն այնտեղ, ուր գնում են իր կադրերը՝ կեսը Ռուսաստան, կեսը՝ իր դեմ դուրս գալու: Վստահաբար՝ նա այնքան չի խորացել պատմության մեջ, որ Մարկոս Տուլիոս Ցիցերոնի նամակները կարդացած կամ Հուլիոս Կեսարի կյանքը ուսումնասիրած լինի ու Հին Հռոմի օրինակով՝ իբրև դիկտատոր, որ Հռոմում նշանակովի պաշտոնյա էր՝ որոշակի իրավունքներով ու պարտականություններով, իր թշնամիներին նշանակի բարձր պաշտոններում, որ աչքի առաջ լինեն ու աշխատանքով ծանրաբեռ՝ չհասցնեն դավադրել: Կեսարն էլ սխալվեց՝ թշնամիները չդավադրեցին, բարեկամները Սենատում սպանեցին: 23 հոգով, որ ոչ ոք մեղավոր չլինի: Բոլորը, ուրեմն՝ ոչ մեկը: Նիկոլ Փաշինյանը հասել է մինչև Պապ թագավոր ու ավելին չի ուզում պարզել: Նա ևս անցել է խոհանոցով, գիտի խոհանոցի օրենքը, օմերտայի օրենքը, և՝ որ աշխարհն օրենքներով չի կառավարվում: Իսկ եթե այդպես չէ՝ նա իրեն հատուկ պաթոս-պոռթկումով՝ վաղուց հրաժեշտ տված կլիներ իրենց սպառած նախարարներին, Աժ-ից մանդատը վերցրած ու տուն ուղարկած կլիներ խաղեր տվող պատգամավորներին: Եվ՝ լուրջ կվերաբերվեր վարչապետի պաշտոնին ու իր խոսքին: Հենց սկսեր լուրջ վերաբերվել, քայլ կաներ ու բյուջեն զարմանազան օրենքներով լցնելու փոխարեն տնտեսության կառուցվածք կփոխեր, կսկսեր նոր համակարգ կառուցել, որ գուցե դեմ է քաղաքագիտությանը, տրամաբանությանը, սովորույթ-ավանդույթներին, բայց ամեն հեղափոխություն, եթե ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ է, ունի իր տրամաբանությունը, սովորույթն ու ավանդույթը: Եթե որևէ մեկը կցանկանա առարկել, որ վարչապետը հենց Նոր Հայաստան ու նոր համակարգ է կառուցում, թող թվարկի, թե ԻՆՉ ու ԻՆՉՊԵՍ: Խորին խնդրանք՝ ՍԴ-ի օրինակը չբերեք, առավել ևս, որ ՍԴ դատավորների թեկնածուների մեջ ՔՊ-ն Գագիկ Ջհանգիրյանի անունն է տալիս… Իմա՝ դեռ շատ կհիշեք Հրայր Թովմասյանին: Գագիկ Հարությունյանին էլ հետը:
…Այսօրվա Հայաստանում ամենաբարձր վճարվող աշխատանքը Ամուլսարի բնապահպանինն է: Երբ Սևանը կանաչել էր 2019-ին, մի բնապահպան չասաց՝ սպանում են, փրկեք, մեր հարստությունն է: Ինչպես չի ասում հիմա, երբ նորից կանաչում է: Երբ 2019-ին Երևանը աղբի մեջ էր, մի բնապահպան չասաց՝ վարակի բույն է, մարդու առողջության իրավունք է խախտվում: Հայոց քաջարի բնապահպանները կառչել են Ամուլսարին, որովհետև միակ դեպքն է, որ շահագործողը հյուսիսից չէ: Արարատի մարզի, Կոտայքի մարզի բնակչությունը կարող է թունավորվել ու մեռնել, Վայոց ձորը սրբազան վայր է, ոնց կարելի է, որ «ռսի օրհնած ոտ» չդիպչի: Եթե օտարահպատակ չեն բնապահպանները, պիտի հասկանան, որ Ամուլսարը Հայաստանից անկախ տարածք չէ, նույն պետության մեջ է ու պիտի ծառայի պետությանը, ոչ թե իրենց գրպանին: ՈՒ դա Նիկոլ Փաշինյանի իշխանության հերթական պարտությունն է՝ քաղաքական ու տնտեսական:
…ՈՒ ի՞նչ անենք, որ խոհանոցի դռները կողպենք: Ոչինչ: Պետք է այդ «ճաշը» չուտել: Օտարների ու յուրայինների բաժանումը սպանում է ԳՈՐԾԻ իմաստն ու բովանդակությունը: Չափանիշ պետք է ունենալ ու մեկ էլ՝ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳ, և՝ տաբուներ, որ դառնում են սկզբունք: Քանի «Խոհանոցի տղերքը» սոված են, շարունակելու են «կերակրել» հեքիաթներով, ասես, մենք այս երկրում չենք ապրել, չգիտենք՝ ով ով է, ով ինչ է արել ու ինչ չի արել հանուն ու ընդդեմ: «Հանուն»՝ սեփական շահի, «ընդդեմը» իրենց շահին դիմադրողների, որ իրենց մանկապարտեզից չէին, ոչ էլ դպրոցից, ոչ էլ փողոցից: Իրենք հրամայող էին, մնացածները պիտի կատարող լինեին: Կամ՝ չլինեին: ԹԻՄԻ օրենքով, չէ՞ որ ամեն ղեկավար իրավունք ունի աշխատել իր ցանկացած մարդու հետ՝ ըստ Աժ հերթական նախագահ Գալուստ Սահակյանի: Հետո ինչ, որ օրենքին դեմ է, կարևորը ...մարդկությունն է… ՈՒղտերին ապացուցիր, որ ուղտ ես, երբ չես:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ողջ լերուք: Սեփական խոհանոց ունեցեք, որի արմատը… խոհն է ու խորհելը: