«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ֆրանսիան հարկադրված է վերադասավորել խաղաքարտերը Լիբիայում

Ֆրանսիան հարկադրված է վերադասավորել խաղաքարտերը Լիբիայում
12.06.2020 | 11:37

Իրավիճակի վատացումը Լիբիայում Էմանուել Մակրոնի համար գերակա արտաքին քաղաքական հարց է: Բայց վերադասավորելով խաղաքարտերը՝ Փարիզը ստիպված է այդ ճգնաժամին տալ «բարդության բարձրագույն աստիճան»՝ Թուրքիայի հզորության աճի ու մարշալ Խալիֆա Խաֆթարի ռազմական պարտությունների պատճառով, ում վրա Ֆրանսիան խաղադրույք էր դրել՝ գրում է Իզաբել Լասերը Le Figaro-ում: Թուրքիայի խոր ազդեցությունը Տրիպոլիի վրա ստեղծում է ռազմավարական ու քաղաքական ճնշում Եվրոպայի վրա, որ անցանկալի է: Չափազանց կարևոր է կանգնեցնել խաղը, հասնել հրադադարի, որպեսզի պահպանվի քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը՝ հաստատել է թերթի դիվանագիտական աղբյուրը: Փարիզը տագնապով է հետևում լիբիական կոնֆլիկտի «սիրիականացմանը»: 2011-ին Կադաֆիի դեմ ֆրանս-բրիտանական ռազմական ներխուժումից հետո մնացած քաոտիկ տարածքում միջնորդավորված պատերազմ է վարվում: Ինչպես Սիրիայում, լիբիական երկու հիմնական հակառակորդների հովանավորները Ռուսաստանն ու Թուրքիան են՝ ՄԱԿ-ում ճանաչված Սարաջի կառավարությունը և մարշալ Խաֆթարի զինված ուժերը, որոնց աջակցում են ԱՄԷ-ն, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը: ԱՄՆ վարչակազմի թողած վակուումի մեջ առաջ շարժվելով՝ Մոսկվան ու Անկարան կռիվների մեջ ներգրավվեցին օժանդակ ռազմական ուժեր՝ Վագների խմբի վարձկանները կամ սիրիացի աշխարհազորայինները: Ինչպես Սիրիայում՝ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործում են լիբիական կոնֆլիկտը՝ ամրապնդելու իրենց դիրքերը Միջերկրականում: Թուրքիայի ու Ռուսաստանի աճող ներգրավվածությունը հարուցել է Եվրոպայի ու Ֆրանսիայի նույնպիսի դուրսմղում, ինչպես Սիրիայում: Վերջին ժամանակների անսպասելի շրջադարձերը և Սարաջի կառավարությանը թուրքական աջակցությամբ ուժերի հավասարակշռության փոփոխությունը, ևս մեկ քայլ հետ մղեցին Եվրոպային այս դոսիեից, թեպետ անմիջականորեն իրեն է վերաբերվում: Այսօր Ֆրանսիայի դիվանագիտությունը ձգտում է հարմարվել, թեպետ մարշալ Խաֆթարի ճակատագիրը մասամբ կախված է իր մյուս կողմնակիցներից՝ Ռուսաստանից, ԱՄԷ-ից ու Եգիպտոսից: «Մենք ստիպված ենք ընդունել, որ Թուրքիայից կողմից Տրիպոլիի գրավումը փոխում է խնդրի ու բանակցությունների չափորոշիչները»՝ ասել է թերթի դիվանագիտական աղբյուրը: Էրդողանի Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում արևելյան Միջերկրականում ու Կիպրոսի ջրերում: «Անկարան օգտագործում է սիրիական ճգնաժամը, որ ճնշում գործադրի միգրացիոն ճգնաժամի վրա և ճգնաժամ հարուցի ՆԱՏՕ-ի ներսում»՝ հիշեցնում է մի դիվանագետ: Նա գտնում է, որ Թուրքիան օգտագործելու է իր լիբիական առավելությունները՝ միգրացիոն նոր ճգնաժամ հարուցելու համար, ծով հրելով դեպի Իտալիա ուղղվող նոր նավեր՝ ամրապնդելով ԵՄ-ի վրա ճնշման իր լծակները: Տրիպոլիի կառավարության հետ իր դաշինքի շնորհիվ Էրդողանը հույս ունի երկար մնալ Հյուսիսային Աֆրիկայում, որտեղ կարող է հույս դնել «Մուսուլման եղբայրների» աջակցության վրա: Տրիպոլիտանիայում թուրքական ռազմավարական բազաների ստեղծումը դիտվում է սպառնալիք Հյուսիսային Աֆրիկայում ու Սախելում Ֆրանսիայի ռազմավարական շահերին: Ինչպես ասում են Փարիզում՝ բոլոր պատճառներով Մակրոնը Էրդողանից հստակություն է պահանջելու: Փարիզի գերակայությունը Լիբիայում միշտ եղել է ահաբեկչության դեմ պայքարը: Բայց Ֆրանսիան արևմտյան քիչ երկրներից է, որ տագնապ է արտահայտում: ԱՄՆ-ը, որ պաշտպանված է միգրացիոն ճգնաժամից, շատ ավելի մտահոգված է ռուսների Լիբիա մտնելով, քան Եվրոպայի վրա Թուրքիայի ճնշման մեծացումով:
Իզաբել Լասեր, Le Figaro


Հ.Գ. Թե Փարիզի, թե ԵՄ-ի սխալը Լիբիայում մեկն է, բայց առանցքային է՝ նրանք Լիբիան, նաև Սիրիան, դիտարկում են իրենց շահի տեսակետից, իմա՝ ինչո՞վ է իրենց սպառնում Սիրիայում ու Լիբիայում ծավալվող պատերազմը: Մինչդեռ 2011-ից 9 տարի ժամանակ կար հասկանալու այդ քաղաքականության սխալները և նպաստելու խաղաղության հաստատմանը ու պետականության վերականգնմանը: Այդ դեպքում Թուրքիան էլ կկորցներ միգրանտներով շանտաժի ու ԵՄ-ից փող կորզելու լծակները: Գուցե Ֆրանսիայում կա այդ գիտակցությունը, բայց ԵՄ-ում՝ ոչ: Ահաբեկչության դեմ պայքարը չափազանց քիչ է՝ Լիբիայում գործոն դառնալու համար, առավելևս՝ հակամարտող կողմերը միմյանց հենց ահաբեկիչ էլ համարում են: Ու բերում է Էրդողանի կայսերական հավակնությունների բախտը: Իսկ ընդհանրապես՝ մարշալ Խալիֆա Խաֆարը դեռ իր վերջին խոսքը չի ասել՝ Լիբիայում շարունակվում է պատերազմը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ