«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Պանդեմիայի երկու քաղաքական անհաջողակները

Պանդեմիայի երկու քաղաքական անհաջողակները
20.05.2020 | 10:19

Քաղաքական շատ գործիչներ են Covid-19-ի կտրուկ աճի պատճառով վարկանիշի կտրուկ փոփոխություններ ունեցել: Երկու մեծ բացառություններ դարձան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ում վարկանիշը հասարակական կարծիքի հարցումներում նշանակալից կրճատվել է վերջին շաբաթներին, և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, որ վերջերս արձանագրեց իր ամենացածր վարկանիշը 1999-ի սեպտեմբերից: Իհարկե, ԱՄՆ-ի ու ՌԴ-ի քաղաքականությունը էականորեն տարբեր է: Բայց առողջապահության ճգնաժամի կառավարման մեջ Թրամփն ու Պուտինը անում են միևնույն սխալները՝ գրում է The Washington Post-ը: Ինչպես և ԱՄՆ նախագահը, Պուտինը սկզբում թերագնահատում էր նոր կորոնավիրուսի սպառնալիքը, կարծում էր, որ կրճատեց վտանգը՝ փակելով Ռուսաստանի ու Չինաստանի սահմանը: Երբ սկսվեց վարակի բռնկումը, Պուտինն արձագանքեց PR հարձակումով, համարյա ամեն երեկո հայտնվելով հեռուստաեթերում, բայց ձեռնպահ մնալով կոնկրետ գործողություններից: Փոխարենը նա պատասխանատվությունը պատվիրակեց ՌԴ նահանգապետերին: Ծանո՞թ է, չէ՞: ԱՄՆ-ում, համենայն դեպս, կան շատ ընդունակ նահանգապետեր, դա մասնակի փոխհատուցեց Թրամփի վարքը: Նրանց ռուս գործընկերները, հիմնականում, Պուտինի լաքեյներն են, նրանց չեն հերիքում ռեսուրսները կամ կարողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում: Պուտինն արդեն փորձում է հանել տնտեսության սահմանափակումները: Անցած երկուշաբթի, երբ արձանագրվել էր կորոնավիրուսի նոր 11 656 դեպք, նա ասաց ռուսաստանցիներին, որ ժամանակն է աշխատանքի վերադառնալ: Ռուսաստանի տնտեսության վնասը Պուտինը մեծացրեց՝ Սաուդյան Արաբիայի հետ նավթի գնի համար պատերազմի մեջ մտնելով, որը հանգեցրեց նավթի պատմական գնանկման մինչև նվազագույնի: ԱՄՀ-ի գնահատականով՝ Ռուսաստանի տնտեսությունը այս տարի 5,5% կրճատվել է, վերջին տարիներին կուտակված տարադրամով պահուստների նշանակալից մասը սպառվել է: Պուտինը բախվել է երկու մեծ պրոբլեմների՝ ի հավելումն պանդեմիայի ու վարկանիշի անկման: Նա ստիպված էր հետաձգել հանրաքվեն, որ վավերացնելու էր սահմանադրական փոփոխությունները և կարողանալու էր իշխանություն մնալ մինչև 2036-ը: Պուտինը չկարողացավ անցկացնել նացիստական Գերմանիայի դեմ ԽՍՀՄ-ի հաղթանակի այնքան սպասված տոնակատարությունը, որին պետք է ներկա լինեին համաշխարհային առաջին դեմքեր՝ Սի Ձինպինն ու Էմանուել Մակրոնը: Քչերն են կանխատեսում, որ պանդեմիան կհանգեցնի Պուտինի անկման: Բայց չկա որևէ նշան, որ նրա վարչակազմը շուտով վերահսկողության տակ է վերցնելու վիրուսը: Ռուսաստանցիները, ինչպես ամերիկացիները, տուժում են իրենց նախագահների ինքնավստահության ու անպատասխանատվության մահացու հետևանքներից: Տարբերությունը մեկն է՝ ամերիկացիները փոփոխությունների համար կարող են քվեարկել արդեն այս նոյեմբերին:
The Washington Post


Հ.Գ. Ռուսները ևս կարող են այս տարի քվեարկել, եթե ՌԴ նախագահը ռիսկի գնա, հանի հատուկ դրությունը և հանրաքվե անցկացնի: Բայց դա կլինի բոլորովին այլ հանրաքվե, բոլորովին այլ արդյունքներով՝ առաջին հայացքից, իսկ իրականում հանրաքվեն կտա հենց այն տոկոսները, որ պետք են Պուտինին, բայց հասարակական կարծիքի հերթական անտեսումը կարող է 2024-ին բումերանգ դառնալ: Եթե, իհարկե, Պուտինը 4 տարում չկարողանա կանխել համարժեք թեկնածուի ի հայտ գալը, և ընդդիմությունը կարողանա այլընտրանքային թեկնածու առաջադրել ընտրություններում: Ֆեյք թեկնածուները հարց չեն լուծի՝ ոչ Պուտինի, ոչ ընդդիմության համար: Բոյկոտի տարբերակը Ռուսաստանում չի աշխատի, երբ ԿԸՀ-ն բացարձակապես Կրեմլի ենթակայության տակ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7772

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ