ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Վաղը մեր հարևանները նախագահ են ընտրելու

Վաղը մեր հարևանները նախագահ են ընտրելու
13.06.2013 | 16:25

Հունիսի 14-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում նախագահական ընտրություններ են, իսկ այսօր երկրում հայտարարված է լռության օր և արգելված է քարոզչությունը: «Ընտրություննները ժողովրդի կամքի արտահայտությունն են, ժողովրդի մասնակցությունը երկրի ճակատագրում»,-ասել է այաթոլլա Ալի Համենեին` կոչ անելով իրանցիներին ակտիվ արտահայտել իրենց քաղաքացիական դիրքորոշումը: Նախագահական ընտրությունները Իրանում տեղի են ունենում չորս տարին մեկ: Գործող նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, որ Սահմանադրության համաձայն երրորդ անգամ չի կարող առաջադրվել, ընտրվել էր 2005-ին և վերընտրվել 2009-ին: Նա որևէ թեկնածուի չի պաշտպանում այս ընտրություններում: Թեկնածուների դիտորդական խորհուրդը ընտրել էր 8-ին (խորհուրդը իսպառ բացառել էր կին թեկնածուների առաջադրումը` համարելով անհարիր գործող Սահմանադրությանը), երկու թեկնածուների ինքնաբացարկից հետո քվեաթերթիկներում մնացել են վեցը: Բարենորոգիչներին, նախկին փոխնախագահ Մոհամեդ Ռեզա Արեֆի ինքնաբացարկից հետո, ներկայացնում է ԻԻՀ Բարձրագույն խորհրդի նախկին քարտուղար Հասան Ռուհանին: Պահպանողականների ճամբարից հեռացել է Իրանի խորհրդարանի նախկին նախագահ Գոլամ Ալի Հադադ Ադելը, մնացել են չորս թեկնածուներ` արտաքին գործերի նախկին նախագահ Ալի Աքբար Վելայաթին, միջուկային ծրագրի շուրջ գլխավոր բանակցող Սայիդ Ջալալին, Քաղաքական նպատակահարմարության որոշարկման խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային և Թեհրանի քաղաքագլուխ Բաղեր Գալիբաֆը: Իբրև անկախ թեկնածու է ներկայանում Փոստի, հեռագրի ու հեռախոսի նախկին նախարար Սայիդ Մոհամեդ Խարազին:

ԻԻՀ նախկին նախագահներ Մուհամեդ Հաթամին և Ալի Ակբար Հաշեմի-Ռաֆսանջանին հայրենակիցներին կոչ են արել քվեարկել հօգուտ Հասան Ռուհանիի, իսկ հեռուստաքննարկումների արդյունքներով առավել մեծ աջակցություն ունի Սայիդ Մոհամեդ Խարազին, ում թեկնածությունը իրանցի փորձագետները հիմնականը չեն համարում: Նրանք գտնում են, որ հիմնական պայքարը ծավալվելու է Հասան Ռուհանիի և պահպանողականների չորս թեկնածուներից որևէ մեկի միջև: Քանի որ նրանց հնարավորությունները համարյա հավասար են, փորձագետները կանխատեսում են երկրորդ փուլ: «Աս-Սաֆիր» թերթի մեկնաբան Մուստաֆա Լաբարդի կարծիքով` Հասան Ռուհանին, որ համարվում է կենտրոնամետ, դառնում է միասնական թեկնածու բոլոր ընդդիմադիր ուժերի համար, ովքեր փոփոխություններ են պահանջում: Մահմուդ Ահմադինեժադի վաղուցվա ընդդիմախոսներ Ռաֆսանջանիի և Հաթամիի դեմարշը տարածաշրջանային դիտորդները համարում են իրանական հասարակության մեջ կենտրոնամետների և ազատական տրամադրություններ ունեցողների միավորման ազդանշան: Կանխատեսումների համաձայն` չորս հիմնական թեկնածուներից որևէ մեկը առաջին փուլում չի հավաքի 51 տոկոս ձայներ, ուստի Հասան Ռուհանիի երկրորդ փուլ մտնելը հավանական է դառնում: Եթե ընդդիմությունը ներկայանում է միասնական, իշխանությունը ունի երեք թեկնածու` Վելայաթին, Գալիբաֆը, Ջալալին և պարզ չէ, թե նրանցից ո՞վ կստանա առավել թվով ձայներ: ԻԻՀ քաղաքացիները հունիսի 14-ին բացի հայրենիքից կարող են ընտրել 96 երկրներում: Իրանի արտաքին գործերի նախարարությունը հաղորդել է, որ արտասահմանյան ընտրատեղամասեր են ուղարկվել 850000 քվեաթերթիկներ:
Իրանի նախագահական ընտրությունները հատկապես կարևոր են արտաքին աշխարհի հետ հարաբերությունների կառուցման և միջուկային ծրագրի շրջանակներում:
Մի քիչ պատմություն` 1979 թ. փետրվարի 12-ին Իրանում հաղթեց իսլամական հեղափոխությունը և հրաժարական տվեց վերջին շահը: Երկու ամիս անց հանրաքվեում բնակչության 98 տոկոսը քվեարկեց հօգուտ իսլամական պետության ստեղծման: 1979 թ. դեկտեմբերի 1-ին ընդունվեց նոր Սահմանադրությունը, որի համաձայն ամբողջ իշխանությունը կենտրոնացած է հոգևոր գործչի ձեռքում: Այդ գաղափարը մահմեդականության շիիթական ավանդույթներից է բխում: Իրանում գերակայում է շիիթականության ջաֆարական ուղղությունը` 12 ուղղահավատ իմամների հավատը: Վերջին ուղղահավատ իմամը թաքնվել է վեց տարեկանում: Ժամանակակից Իրանի Սահմանադրության 5-րդ հոդվածը հաստատում է, որ Իրանի պետության ղեկավարը թաքնված իմամ Մահդին է: Քանի դեռ նա թաքնված է, նրա տեղապահը ամենահարգարժան, ամենաիմաստուն հոգևոր գործիչն է: Քրիստոնեական իրավագիտակցության համար սա գուցե բարդ հայեցակարգ է: 18-19-րդ դարերում Իրանում ու Իրաքում էլ բանավիճել են, թե ո՞վ կարող է փոխարինել իշխանավորին` ուղղահավատ իմամի թաքնվածության պարագայում: Որոշ հոգևոր գործիչներ համարում էին, որ իշխանության ղեկին պետք է լինի բարձրագույն հոգևոր պաշտոնյան, որովհետև նա բոլորից լավ է պատկերացնում այն կառավարումը, որը լինելու է, երբ թաքնված իմամը վերադառնա: Այս գաղափարը դարձավ հիմնականը Իրանի ներկա Սահմանադրության մեջ, որ մշակել է իմամ Հոմեյնին` պետության գլուխը հոգևոր գործիչն է: 1979 թ. Սահմանադրության մեջ նշվում էր, որ այդ հոգևոր գործիչը կարող է լինել հոգևորականների բարձրագույն խմբից միայն, իբրև ընդօրինակման արժանի մարդ: 10 տարի անց` 1989 թ. հանրաքվեով փոփոխություններ արվեցին Սահմանադրության մեջ, որոնք թույլ են տալիս ցանկացած հոգևոր գործչի երկրի ղեկավար լինել: Ալի Համենեին, որ այդ ժամանակ Իրանի նախագահն էր, իմամ Հոմեյնիի մահից հետո դարձավ նոր հոգևոր առաջնորդ: Նախագահը ԻԻՀ-ում գործադիր իշխանության ղեկավարն է, ամբողջ իշխանությունը պատկանում է հոգևոր առաջնորդին` ռահբարին, որ վավերացնում է մեջլիսի ընդունած բոլոր որոշումները, զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է բոլոր գերագույն դատավորներին, բանակի սպայակազմին: Նախագահը նման լիազորություններ չունի, բայց ունի երեք կարևոր իրավասություններ: Առաջին` նախագահը ներքին գործերի նախարարի միջոցով կարող է նշանակել նահանգապետերին: Դա կառավարության իրավունքն է, որը ղեկավարում է նախագահը: Երկրորդ` Սահմանադրության համաձայն` նախագահն է երկիրը ներկայացնում միջազգային ասպարեզում. ռահբարը արտասահմանյան այցեր չի կատարում, դա նախագահի գործն է: Թերևս այդ պատճառով է ստեղծվում այն տպավորությունը, որ նախագահն է երկրի ղեկավարը: Երրորդը գործադիր իշխանության ղեկավարի լիազորությունն է, որ պետական կառավարման եվրոպական համակարգում համարժեք է վարչապետի պաշտոնին, թեպետ ԻԻՀ-ում նախագահին ընտրում են համաժողովրդական քվեարկությամբ, իսկ եվրոպական մոդելի համաձայն վարչապետին նշանակում է երկրի նախագահը` ընտրություններում մեծամասնություն դարձած քաղաքական ուժի առաջադրումով:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1871

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ