ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Թուրքական կառավարությունը քաոսային վիճակում է

Թուրքական կառավարությունը քաոսային վիճակում է
07.06.2013 | 00:13

Թեև գաղտնաբանության հակում չունեմ, սակայն, այդուամենայնիվ, չեմ կարող ուշադրություն չդարձնել այն հանգամանքին, որ Մերձավոր Արևելքում բոլոր «պայթուցիկ սցենարները» ասես պատճենված լինեն։

Նախ տեղի է ունենում, ըստ էության, բացարձակապես միանման դեպք, հնարավոր է` ողբերգական, ինչպես, օրինակ, գործազուրկ մարդու ինքնակիզումը Կահիրեում, ապա մի խումբ զայրացած քաղաքացիներ գրավում են գլխավոր հրապարակն ու աղմկոտ միտինգ անցկացնում, բարիկադներ են կառուցում, հետո, ինչպես և պետք է լիներ, միջամտում են իշխանությունները և ոստիկանությունը, տարբեր աստիճանի ագրեսիվությամբ, ջանում են կարգուկանոն հաստատել, ապա զայրույթը տարածվում է քաղաքի մյուս մասերում, ու գնա՜ց... Մի երկու օր հետո ամբողջ երկիրն ալեկոծվում է «ժողովրդական հեղափոխության» հորձանուտում։ Եվ այս ամենը տեղի է ունենում համաշխարհային հեռուստաալիքների ուղիղ հեռարձակումներով, ինտերնետի ու սոցցանցերի գլոբալ ակտիվացմամբ, և միջազգային կառույցների կողմից կառավարիչների «անհամարժեք արձագանքի» զանգվածային դատապարտմամբ։ Այսպես եղավ Թունիսում, Եգիպտոսում, Լիբիայում...
Համարյա նման բան մենք այսօր տեսնում ենք Թուրքիայում։ Ընդ որում, որ ամենահետաքրքիրն է, եթե բոլոր փորձագետները համակարծիք էին, որ տարածաշրջանը թևակոխել է հարատև քաոսի մի ժամանակաշրջան, ապա Թուրքիայի առնչությամբ գերիշխում էր այն կարծիքը, որ նրան այդ բանը չի սպառնում։ Ավելին, հենց վերջերս ինքը Էրդողանը տարբեր ամբիոններից ողջունում էր «արաբական գարունը», պաշտպանում էր «բռնակալի տապալումը» և հայտարարում էր, թե այսուհետ «Թուրքիան կարող է տարածաշրջանում լինել արդի ժողովրդավարության նմուշ»։ Իրոք, նա և նրա կուսակցության իշխանության գլուխ գտնվելու բոլոր տասը տարիներին նրանք դեռ երբեք քաղաքական խոշոր ճգնաժամի չեն բախվել և միանգամայն վստահ են եղել, որ իրենց դիրքերն անսասան են։ Վերջին` 2011 թ. ընտրություններում կառավարող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հավաքեց ձայների 50 %-ը, մեծամասնություն ստանալով խորհրդարանում, իսկ զանգվածային զտումները բանակում, լրատվամիջոցների դաժան գրաքննությունը ¥վարչապետի կամ կառավարության քննադատության համար այնտեղ կարելի է բանտ ընկնել¤, անբարեհույսների ձերբակալությունները առաջ չբերեցին ո՛չ բնակչության զանգվածային դժգոհություններ, ո՛չ էլ, առավել ևս, զանգվածային բողոքներ։ «Այս աշխարհի զորեղների» թվում էլ Էրդողանը, կարծես, քիչ բարեկամներ չուներ, և ոչ ոքի, մեծ հաշվով, նյարդայնություն չէր պատճառում։ Ընդ որում, նա շատ ջանադրաբար, երբեմն էլ հաջողությամբ, ձգտում էր մասնակցել տարածաշրջանի բոլոր օրախնդիր «խաղաղ գործընթացներին», և ծայրաստիճան ինքնավստահորեն հույս ուներ ամրապնդելու Թուրքիայի աշխարհաքաղաքական դիրքերը Մերձավոր Արևելքում։
Այս մայիսը, իհարկե, պաշտոնական Անկարայի համար շատ ծանր ամիս էր. մի քանի տասնյակ մարդիկ սիրիական սահմանին տեղի ունեցած պայթյունների զոհ դարձան, բացահայտվեց ամբողջ ուղղափառ աշխարհի հոգևոր առաջնորդ Բարդուղիմեոս պատրիարքի դեմ ուղղված մահափորձը, «հրեա սիոնիստների» նկատմամբ «պատմական հաղթանակը» ակնհայտորեն խափանվեց` հարաբերությունների կարգավորման շուրջ Թուրքիայի և Իսրայելի բանակցությունները դադարեցվեցին, քանի որ կողմերը չկարողացան համաձայնության գալ փոխհատուցման չափի շուրջ։ Չնայած Վաշինգտոնի բարեխոսությանը, Անկարայի շարունակական շանտաժին ու նեղացած կեցվածքին, դարձյալ Եվրոպայի հետ չհաջողվեց համաձայնության գալ Եվրամիությանն անդամակցության շուրջ ու, ամենայն հավանականությամբ, այդպես էլ չի հաջողվի. Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացահայտորեն հայտարարեց, որ Թուրքիան չեն ուզում տեսնել Եվրամիությունում, իսկ Եվրախորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյը, թեև այցելեց Անկարա և հանդիպումներ ունեցավ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ, վերստին խոսեց «եվրոպական չափանիշներին» հասնելու քայլերի, ինչպես նաև լրացուցիչ արձանագրության կիրառման մասին։ Դրան զուգընթաց, սրվեցին հարաբերություններն ընդդիմության հետ, և վարչապետ Էրդողանն անգամ ստիպված եղավ դատի տալ ընդդիմադիր հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Կըլըչդարօղլուին, որովհետև վերջինս նրան համեմատել էր Բաշար Ասադի հետ։
Սակայն այս անհանգիստ մայիսի «պսակը» դարձան վերջին իրադարձությունները, երբ մի քանի տասնյակ ակտիվիստներ խաղաղ բողոքով հանդես եկան Ստամբուլի առանց այն էլ սակավաթիվ զբոսայգիներից մեկի` Թաքսիմ հրապարակի Գեզի պուրակի ծառերը կտրելու և այնտեղ առևտրի ու ժամանցի կենտրոն կառուցելու իշխանությունների ծրագրի դեմ։ Վրաններ տեղադրվեցին, շուրջօրյա հերթապահություն սահմանվեց։ Այն բանից հետո, երբ բնապահպանական ցույցը ոստիկանների կողմից արտասվաբեր գազով ու ջրանետներով ցրվեց, այն շատ արագորեն և անսպասելիորեն վերաճեց հակակառավարական ցույցերի։ Ընդ որում, «թուրքական գարունը» Ստամբուլից տարածվեց դեպի Անկարա, Իզմիր, Էդիրնե և ուրիշ քաղաքներ, որտեղ նույնպես տեղի ունեցան բողոքի զանգվածային ցույցեր` ոստիկանության հետ բախումներով։ Ի դեպ, ինչպես ցույց տվեցին իրադարձությունները, իշխանությունների բռնարարքները միայն բորբոքում էին բողոքի տրամադրությունները։ Ելույթներն ընդգրկեցին թուրքական տասնյակ քաղաքներ։ Բախումների հետևանքով հազարավոր քաղաքացիական անձինք ու ոստիկաններ վիրավորվել են, հարյուրավոր ցուցարարներ` ձերբակալվել։ Հուզումների օրերին հրկիզվել են հարյուրավոր մասնավոր ու ոստիկանական ավտոմեքենաներ, թալանվել են հարյուրավոր խանութներ, իսկ ընդհանուր նյութական վնասը, այսօրվա տվյալներով, կազմում է տասնյակ միլիոնավոր դոլարներ։
Եվ այս ամենը լիովին տեղավորվում է «արաբական» կամ, ինչպես արդեն կարելի է ասել, «տարածաշրջանային գարնան» արդեն քաջ հայտնի սցենարների մեջ։ Կահիրեի Թահրիր հրապարակի` Մուբարաքի դեմ ապստամբության խորհրդանիշի դերը Ստամբուլում խաղում է Թաքսիմ հրապարակը, որին տիրելու համար ուղղակի կատաղի մարտեր են մղվում։ Հասկանալի է, որ բնապահպանական կարգախոսներն էլ շուտով մոռացվեցին։ Հիմա ցուցարարները դուրս են գալիս նախորդ հեղափոխություններից քաջ ծանոթ կարգախոսներով. «Բռնակալ Էրդողան», «Ամբողջ երկիրը Թաքսիմ է», «Թաքսիմն ամենուր է, Թայիփը հեռանում է» ¥Էրդողանի մասին է խոսքը¤, «Ո՛չ ֆաշիզմին», և վերջապես, «Կառավարությունը պետք է հրաժարական տա»։ Այս օրերին շատերն անկողին չեն մտել անգամ քաղաքների բնակելի թաղամասերում, որպես աջակցության նշան միացնում-անջատում են բնակարանների լույսերը, պատուհաններից ձայնում են` «Զարթնի՛ր, Թուրքիա», և աղմուկ բարձրացնում կաթսաներին խփելով։ Հետաքրքիր է նաև այն, որ բողոքի ցույցերը միավորել են Էրդողանի բոլոր հակառակորդներին, որոնց դժվար կլիներ առաջ պատկերացնել նույն ճամբարում` ձախերին ու ծայրահեղ ձախերին, ուսանողներին, ազգայնականներին, քեմալականներին, քրդերին, ֆուտբոլի երկրպագուներին ու արհմիություններին։ Թեև լրատվամիջոցները հայտարարել են, թե այդ ելույթներն իսլամականների դեմ են, սակայն հատկանշական է, որ Ստամբուլի եվրոպական մասի ցույցերին անմիջապես միացան նաև քաղաքի ասիական` առավել կրոնամոլ մասի բնակիչները։ Միակ, բայց սկզբունքային տարբերությունն այն է, որ եթե Եգիպտոսում ու Թունիսում ժողովրդական ելույթների զոհերը ավտորիտար, բայց աշխարհիկ վարչակազմերն էին, ապա Թուրքիայում բողոքի ցույցերի մասնակիցները պահանջում են իսլամիստ վարչապետի հրաժարականը։ Սակայն հասկանալի է, որ խնդիրը «հանուն ծառերի ճակատամարտը» չէ, և անգամ ոգելից խմիչքների վաճառքն ու օգտագործումը սահմանափակող օրենքի ընդունումը չէ խորհրդարանի կողմից։ Ամեն ինչ շատ ավելի բարդ է, բազմակողմանի և ավելի արմատական։ Գաղափարախոսական դրույթների, ազգային հակասությունների, սոցիալական շերտավորման ահավոր և իր անհաշտությամբ մահացու այդ շաղախը` խիստ համեմված զինվորական, մտավորական և քաղաքական վերնախավի առճակատումով, թվում է, լիովին կարող է «թռցնել իշխանության գլուխը», մի բան էլ ավելի` ծվատել երկիրը։ Դժվար է չհամաձայնել ռուս հայտնի փորձագետ և Թուրքիայի գիտակ Ստանիսլավ Տարասովի հետ, ով գրում է. «Երբ Թուրքիայի շատ շրջաններ բավական աղքատ են, Փոքր Ասիայի մեծ մասը` երկրի արևելքի գյուղատնտեսական շրջանները, խիստ տարբերվում է Ստամբուլի ու արևմտյան առափի ազնվական փայլից, Անկարան պետք է չափազանց զգույշ ներքին ու արտաքին քաղաքականություն վարեր` պատմական ժամանակ շահելու համար»։ Ըստ երևույթին, ճիշտ էին նաև այն թուրք փորձագետները, ովքեր նախազգուշացնում էին, թե «թուրքական կառավարությունը քաոսային վիճակում է և ի զորու չէ դիմակայելու իր երկրի ներքին անկայունությանը»։
Սակայն առայժմ Էրդողանը, ինչպես ասում են, չի կոտրվում։ Նա այդ իրադարձությունները միանգամայն արդարացիորեն որակել է որպես «գաղափարախոսական բնույթ» ունեցող, բայց նաև մտադրություն է հայտնել շարունակելու Թաքսիմ հրապարակի նախագծի իրականացումն ու, մասնավորապես, Աթաթուրքի մշակութային կենտրոնի փոխարեն կառուցելու օպերայի շենք, «որով թուրքերը կհպարտանան»։ Հասկանալի է, որ դա ընդունվեց որպես կառավարող կուսակցության ևս մեկ հարված Աթաթուրքի ժառանգությանը։ Հաշտությանը չեն նպաստում նաև նրա այն հայտարարությունները, թե բողոքի ցույցերի մասնակիցներն իրենց գործողություններով «խարխլում են ժողովրդավարության հիմքերը», իսկ Թաքսիմ հրապարակը «չի կարող լինել մի տարածք, որտեղ ծայրահեղականներ են գործում»։ Միաժամանակ նա խոստովանել է, որ ոստիկանությունը սխալմամբ է ուժային եղանակներ ընտրել, բայց դա, կարծես, ավելի շուտ արտաքին սպառողի համար է։
Այդուամենայնիվ, կառավարության ղեկավարը դժվարին ընտրության առջև կկանգնի. կա՛մ զիջումներ անել, կա՛մ, վճռականորեն և անողոք ճնշելով «խռովությունը», վերջնականորեն երկիրը վերածել «իսլամական բռնապետության»։ Նկատենք, որ իր ամբողջ կարիերայի ընթացքում Էրդողանն իրեն ձևացրել է որպես մի քաղգործիչ, որը չի ընկրկում ընդդիմախոսների առջև, ու եթե հիմա նա զիջումներ անի ցուցարարներին, ապա դա կընկալվի որպես թուլություն և ազդանշան վարչապետի` ժամանակավորապես «պահ մտած» հակառակորդներին` սկսած զինվորականներից և վերջացրած ազատական մտավորականներով ու քուրդ անջատականներով։ Մյուս կողմից, փորձագետները նախազգուշացնում են` բողոքի ցույցերի դաժան ճնշումը կարող է երկիրը կանգնեցնել քաղաքացիական պատերազմի եզրին, երկար ժամանակով «խրտնեցնել» զբոսաշրջիկներին ու օտարերկրյա ներդրողներին, փչացնել հարաբերությունները Եվրամիության և ԱՄՆ-ի հետ։ Եվ այս պարագայում վերստին, ինչպես հաճախ է եղել Թուրքիայում, վերջին խոսքը կարող է ասել բանակը։ Իսկ այնտեղ իշխանությունների համար դեռևս ամեն ինչ չէ, որ հարթ է։ Թեև Էրդողանին հաջողվել է պառակտման հասնել բանակային բարձրաստիճան ղեկավարության շրջանում, սակայն նրա համար դեռևս մի փոքր դժվար է հույսեր կապել գեներալների բացարձակ աջակցության հետ։ ՈՒստի չի կարելի բացառել, որ սպայակազմի մի մասը կաջակցի ցուցարարներին։ Տրամադրությունները միարժեք չեն նաև հոգևորականության շրջանում, համենայն դեպս, նրանցից շատերը, ինչպես սպաների շրջանում, համարում են, որ Էրդողանը «քանդում է Թուրքիան», որ նա չափազանց եռանդուն է մասնակցում ԱՄՆ-ի «Մեծ Մերձավոր Արևելք» նախագծի իրագործմանը, որ նա չափազանց խոր է «խրվել» սիրիական ճգնաժամի մեջ, ասենք, քրդական հարցի նրա «լուծումն» էլ օգուտ չի բերում երկրին։ Համենայն դեպս, Թուրքիայի ռազմաօդային ուժերը հաղորդում են, որ Ստամբուլի հին` Բեշիկթաշի շրջանում գիշերային արյունալի ընդհարումների ժամանակ մզկիթները վերածվել էին վիրակապարանների, որտեղ օգնություն էր ցուցաբերվում վիրավորներին։
Թե ինչով կավարտվի այս ամենը, առայժմ պարզ չէ, և հետագայում, փորձագետների կարծիքով, հնարավոր է իրադարձությունների ցանկացած ընթացք։ Օրինակ, մի շարք փորձագետներ կարծում են, որ կարող է ձևավորվել իշխանության նոր կառուցվածք։ Սոցիոլոգիական վերջին տվյալների համաձայն, երկրում ունեցած ազդեցությամբ նախագահ Գյուլն առաջին հորիզոնականում է, երկրորդում ընդդիմության առաջնորդ Կըլըչդարօղլուն է։ Այս կապակցությամբ չի կարելի բացառել այդ երկու քաղգործիչների միջև որոշակի դաշինքի ստեղծման հանգամանքը` Էրդողանին իշխանազրկելու նպատակով։ Մեկ բան հիմա կարելի է ասել որոշակիորեն` մինչ Անկարան ձգտում էր իր «հաղթաքարտը» խաղարկել ուժի կենտրոնների միջև, որոնք իրական դերակատարում ունեն Մերձավոր Արևելքում, նա շատ բան է ձեռքից բաց թողել հենց իր քթի տակ։ Իսկ այդ ուժերը հիմա, միանգամայն հնարավոր է, արդեն նրա դաշտում են խաղում և, գլխավորը, բնավ էլ ո՛չ նրա կանոններով։


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ