Կովկաս-կասպյան տարածաշրջանն ավելի շատ է գտնվում միջազգային քաղաքականության ու հասարակայնության ուշադրության կենտրոնում, քան քաղաքականության ու տնտեսության առումով մյուս ուշագրավ տարածաշրջանները։
2006 թ. նախագահ Ջ. Բուշի ստորագրած ԱՄՆ-ի ռազմավարական դոկտրինում այդ տարածաշրջանի մասին հիշատակումներ չկան։ Հարավային Կովկասում ամերիկյան ու բրիտանական նախագծերն իրականացվում են մի ժամանակաշրջանում, որին բնորոշ է աշխարհաքաղաքականության տնտեսականացումը։ Ոչ այնքան հասկանալի նախաձեռնությունների ու նախագծերի արանքից սպրդում է շատ սովորական մի նպատակ. տեսանելի հեռանկարում ատլանտյան երկու տերությանն էլ Կովկաս-կասպյան տարածաշրջանում հետաքրքրում է միայն ու միայն նավթը` որպես գլխավոր նպատակ, իսկ գերակայությունները անվտանգությունն ու կայունությունն են կամ կառավարելի կայունությունը։ Մնացածը ստորադասվում է դրանց։ Մեր կարծիքով, միայն այդ վարկածը կարող է այս տարածաշրջանում ատլանտյան մեծ տանդեմի քաղաքականության մասին ամբողջական պատկերացում ապահովել։
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի ռազմավարական պլանավորման համաձայն, Հարավային Կովկասին հատկացված է տարանցման-սպասարկման դեր։ Այդ առումով «դասական» երկիրը Վրաստանն է։ Ադրբեջանը «նավթի տակառ» է` տարանցման որոշակի գործառույթներով, այդ թվում` ռազմական տարանցման։ Միայն Հայաստանին է տրվում բարձր տեխնոլոգիաներով և բազմաճյուղ արդյունաբերությամբ զբաղվող երկրի կարգավիճակ։ Վրաստանը ոչ այնքան հուսալի գործընկեր է համարվում ներքին անկայունության պատճառով։ Ադրբեջանը Թուրքիայի ռազմավարական գործընկերն է, որի հետ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի հարաբերություններն ավելի ու ավելի են վատանում, և որը գտնվում է հարևան պետությունների աշխարհաքաղաքական շրջափակման մեջ։ Հայաստանը, գտնվելով Ռուսաստանի հետ սերտ ռազմաքաղաքական հարաբերությունների մեջ, ինչպես նաև աշխարհաքաղաքական խոցելի վիճակում, Վաշինգտոնի կարծիքով, դատապարտված է Հարավային Կովկասում կատարելու «հավասարակշռիչ» դեր և սերտորեն համագործակցելու ԱՄՆ-ի հետ որպես, Ռուսաստանի հետ մեկտեղ, իր անվտանգության երաշխավորի։
Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, ընդհանուր առմամբ և հակամարտությունների հարցում, հիմնականում նման է, բայց նրանց մոտեցումները, գերակայությունները, նախաձեռնությունների ու խնդիրների առաջադրման հետևողականությունը, քաղաքական ոճը որոշ չափով տարբերվում են։ Նրանք տարածաշրջանում միաբան քաղաքականություն են վարում, ուշադրության առնելով, որ երկուսն էլ իրականացնում են ընդգրկումով` միջտարածաշրջանային, և գործառությամբ` գլոբալ էներգամատակարարման նախագիծ։ Ելնելով այդ նպատակներից ու նախադրյալներից, ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Մեծ Բրիտանիան շահագրգռված չեն աբխազական, հարավօսական, ղարաբաղյան հակամարտությունների կարգավորման որևէ սցենարով, քանի որ իրականացվող փորձերի ընթացքում պարզ դարձավ, որ, ըստ էության, գոյություն չունեն այդ հակամարտությունների կարգավորման այնպիսի սխեմաներ, մոտեցումներ ու տեխնոլոգիաներ, որոնք չհանգեցնեին առնվազն լարվածության սրման կամ ռազմական գործողությունների վերսկսման։
Աբխազական խնդիրը ոչ մի չափանիշով չի շոշափում ԱՄՆ-ի շահերը, քանի որ ոչ մի սպառնալիք չի ներկայացնում ո՛չ էներգամատակարարման, ո՛չ նրա ռազմական ներկայության, ո՛չ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման ծրագրերի համար։ ԱՄՆ-ին անհանգստացնողը Վրաստանից Աբխազիան պոկելու հարցը չէ և ոչ էլ նրա խիստ կասկածելի ինքնիշխանությունը տվյալ տարածաշրջանում, այլ արտահամակարգային գործողությունները բացառող իրական վերահսկողությունը։ Հենց Աբխազիայի օրինակով փորձարկվեց կարգավորման գործընթացի նմանակման եղանակը, որն այնուհետև կիրառվեց համանման խնդիրների քննարկման ժամանակ։
Հարավօսական հակամարտությունը փոքր-ինչ ավելի է սպառնալիք ներկայացնում էներգուղիների համար, թեև դա խիստ հարաբերական է, քանի որ տարածաշրջանի պայմանները հեշտությամբ մարում են այն վրդովմունքը, որ ժամանակ առ ժամանակ բորբոքվում է Հարավային Օսիայի շուրջ։ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ավելի մեծ ուշադրություն են նվիրում Հարավային Օսիային, բայց ոչ միայն օպերատիվ խնդիրների կապակցությամբ, այլև քաղաքական շարժառիթներով։ Վրացական քաղաքական ղեկավարությանը հաջողվել է Արևմտյան ընկերակցությունում իրենց գործընկերներին համոզել, որ, ի տարբերություն Աբխազիայի, Հարավային Օսիայի հարցը կարող է լուծվել։ Սակայն բնավ էլ դա չէ այդ չճանաչված հանրապետության նկատմամբ ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի ուշադրության պատճառը։ ԱՄՆ-ը պետք է ինչ-որ չափով բավարարի այն լավատեսությունը, որ Վրաստանում, վրաց հասարակության շրջանում առկա է Հարավային Օսիայի առնչությամբ։ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության հայտարարությունները միտված են եղել, ավելի շուտ, կարգավորման պատրանքների պահպանմանը։ Այսպիսով, եթե Աբխազիայում իրականացվում է «պասիվ նմանակման» սխեման, ապա Հարավային Կովկասում` «ակտիվ նմանակման»։
Վերջին ժամանակներս Վաշինգտոնի, Լոնդոնի և Բրյուսելի կառավարական կառույցների հետ գործակցող փորձագիտական խմբերը նոր մոտեցումներ են առաջադրել վրացական հակամարտությունների նկատմամբ, ելնելով Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման շահերից։ Հասկանալով, որ Հարավային Օսիայի և Աբխազիայի խնդիրները Ռուսաստանի կողմից կարող են օգտագործվել Արևմտյան ընկերակցության առաջատար կառույցներին Վրաստանի ինտեգրումը խոչընդոտելու նպատակով, Վրաստանին առաջարկվում է հրաժարվել վրացական այդ երկու երկրամասերը վերադարձնելու հարցի հրատապացման փորձերից, պայմանով, որ կդյուրացվի ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելու ընթացակարգը։
Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը Հարավային Կովկասի ու առհասարակ Կովկասի առնչությամբ փոքր-ինչ ավելի բարդ ու համադրական է, քան ԱՄՆ-ինը։ Կասկածից վեր է, որ գոյություն ունի «բրիտանական կովկասյան նախագիծ», որը ներառում է Հարավային և Հյուսիսային Կովկասում կառավարվող հակամարտությունների կետերի համակարգային ցանցի կազմակերպում։ Այդ համակարգային ցանցն անհրաժեշտ է Ռուսաստանի վրա որոշակի ազդեցություն գործելու համար, որը մեծ Բրիտանիայի շատ կարևոր աշխարհատնտեսական գործընկերն է, հատկապես նավթի ու գազի արդյունահանման և առաքման, հանքային այլ պաշարների արդյունահանման, ներդրումների իրականացման ոլորտում։ Ներկայումս, Մոսկվայից բացի, բրիտանական ազդեցությունն էլ է հաջողվել սահմանել, սակայն միայն հարավային ռազմավարական ուղղությունում։ Օրախնդիր են դառնում տարբեր նոր սյուժեներ` Հյուսիսային Կովկասի արևմտյան մասում, ադըղեական ժողովուրդների տարածքներում։ Ընդ որում, Աբխազիան ադըղեա-չերքեզական աշխարհի բաղկացուցիչ մասն է։ Հարավային Օսիան Հյուսիսային Օսիայի վրա ազդեցության արդյունավետ լծակ է, նրա միջոցով էլ` ամբողջ Հյուսիսային Կովկասի վրա։ Հետևաբար, Աբխազիայի լավագույն վիճակը օդում «կախված» լինելն է, երբ, փաստորեն, կլանվելով Ռուսաստանի կողմից, Աբխազիան հստակ կարգավիճակ չի ստանում։ Այդ հանգամանքներն առանձնապես կարևոր են, քանի որ չեչենական նախագիծը կորցրել է հրատապությունը, ոչ մի ժողովրդականություն չունի ամերիկյան վարչակազմում և ջրի երեսին մնում է սոսկ Զ. Բժեզինսկու լուսանցքային խմբավորման ջանքերով։
ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը ղարաբաղյան խնդրի առնչությամբ, վրացական հակամարտությունների հանդեպ մոտեցումներին նմանությամբ հանդերձ, այդուամենայնիվ, սկզբունքային տարբերություն ունի։ 2005 թ. աշուն-2008 թ. ձմեռ ընկած ժամանակահատվածում Եվրոպական ընկերակցությունը, Մեծ Բրիտանիայի նախաձեռնող և առաջատար դերի պայմաններում, ձգտում էր ղարաբաղյան խնդրի կարգավորումն առաջ տանել մի ուղիով, երբ հսկայական զիջումներ ստանալով Հայաստանից ¥զորքերի դուրսբերում, միայն ադրբեջանցի փախստականների վերադարձ, փաստական զինաթափում¤, Ադրբեջանը, առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կարգավիճակի ճանաչման, համաձայնում էր առաջիկա 15 տարում չբարձրացնել Ղարաբաղի լեռնային մասի հարցը։ Այսպիսով, նկատի էր առնվում ոչ թե կարգավորման հարցում որևէ արդյունքի հասնելու, այլ մի նոր իրավիճակ ստեղծելու խնդիրը, այսինքն` այն, ինչն առաջնային էր Հարավային Կովկասում ամերիկյան ու բրիտանական քաղաքականության համար։ Միջազգային ճգնաժամային խմբի և բրիտանական կառավարական կազմակերպությունների մշակած «կարգավորման» այդ սխեման լիովին ձախողված է։ Այդ սխեման նախատեսված էր նախ և առաջ Հայաստանի վրա ԱՄՆ-ի ուժեղ ճնշման համար։ Մեծ Բրիտանիան ձգտում էր առաջարկել «կարգավորման» ինքնագլուխ մոտեցումներ, սակայն դա չի նշանակում, թե նրա դիրքորոշումը չէր հենվում Եվրոպական ընկերակցության սկզբունքների ու նորմատիվների վրա։
Բայց ԱՄՆ-ը մտադիր չէր ճնշում գործադրել Հայաստանի վրա։ ԱՄՆ-ը վաղուց էր որոշել ճանաչել ԼՂՀ-ի անկախությունը, հայկական երկրորդ հանրապետության ինքնիշխանությունը` որպես Հարավային Կովկասում իր նպատակին հասնելու լավագույն եղանակ։ Առայժմ ԱՄՆ-ը ԼՂՀ-ի հանդեպ իր դիրքորոշումը չի դարձնում Հայաստանի աշխարհաքաղաքական վերակողմնորոշման քաղաքական ռեսուրս։ Հակառակ ավանդույթին` Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ԱՄՆ-ի քաղաքականությունը դիտարկելու այդ շրջաններից Ռուսաստանին դուրս մղելու ԱՄՆ-ի շահագրգռության տեսանկյունից, ԱՄՆ-ը Հարավային Կովկասում իր քաղաքականությունը կառուցում է` մեծապես ելնելով Թուրքիայի աշխարհաքաղաքական շրջափակմանն ուղղված խնդիրներից։ ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ շարունակում են վատանալ, թեև հեռու են ճգնաժամային լինելուց։ ԱՄՆ-ին էական փաստարկներ են պետք Թուրքիայի հետ երկխոսությունում, և այդ փաստարկներից լավագույնը Հարավային Կովկասի պետություններին, այդ թվում` Ադրբեջանին, հեռու վանելն է նրանից։ ԱՄՆ-ն արդեն բնավ էլ չի պնդում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վրա, ինչպես անում էր 15 տարի շարունակ։ Հետևելով Հայաստանի, Ադրբեջանի և միջնորդների, ըստ էության, ձախողված բանակցություններին, ԱՄՆ-ը միայն մեկ առաջադրանք էր կատարում` ապահովում էր պատերազմական գործողությունների կանխման համակարգային գործողություններ։ Չնայած դժվարություն էր առաջացել այն սցենարում, որը թույլ էր տալիս շարունակել նմանակումը ու բավարարում էր և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի քաղաքական ղեկավարներին։
Երկու սկզբունքային մոտեցում է ձևավորվել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում։ Եվրոպական ընկերակցությունը խնդիր է առաջադրում ամեն գնով թույլ չտալ, որ ղարաբաղյան երկրամասում ստեղծվի միջազգայնորեն ճանաչված հայկական պետություն։ ԱՄՆ-ին պետք է ուժեղ Հայաստան, որն ի զորու կլինի կատարելու այնպիսի առաջադրանքներ, ինչպիսիք կատարում է Ռուսաստանի հետ ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում, այն է` խոչընդոտել Կովկասում թուրքական գերիշխանության ընդարձակ գոտու ստեղծմանը։ Խնդիրն այնքան էլ անվտանգ չէ, բայց դե սա է։ Այդ խնդիրն ավելի բովանդակալի կդառնա «հետնավթային» շրջանում, երբ կասպյան նավթը սպառվի, և ԱՄՆ-ի աշխարհատնտեսական նպատակները, հնարավոր է, վերստին փոխվեն աշխարհաքաղաքականի, թեև կարող են առաջ գալ միանգամայն նոր շահեր, նպատակներ ու խնդիրներ։ Հնարավոր է, որ ԱՄՆ-ը և նրա գործընկերները հեռանան տարածաշրջանից։ Հնարավոր է` առաջանա ռուս-ամերիկյան «դավադրություն», իսկ հետո դաշինք` որպես Եվրասիայում և հարակից շրջաններում տարբեր մարտահրավերների պատասխան։
Հարավային Կովկասում այս փոքր-ինչ նոր քաղաքական իրավիճակում Ռուսաստանի առջև ԱՄՆ-ի կամ Եվրոպական ընկերակցության հետ արտքաղաքական միասնության խնդիր է ծառացել, նախադրյալներն էլ կան։ Իսկ ռուս-հայկական հարաբերությունների խնդիրները երբեք չեն առաջացել անմիջականորեն, այլ միշտ կախված են եղել տարածաշրջանի այլ պետությունների ու ազգերի հետ Ռուսաստանի հարաբերություններից։ ՈՒշադրության առնելով, որ Ռուսաստանն արմատական շահեր ունի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում, կարելի է սպասել ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ Հայաստանի հետաքրքրության մեծացում։ Միաժամանակ, այդ գործոնը չի կարող ինքնըստինքյան հանգեցնել ռուս-հայկական հարաբերությունների վատթարացման։ Այդ սպառնալիքը, ավելի շուտ, սուբյեկտիվ պատճառներ ունի, մասնավորապես Մոսկվայում գործող քաղաքագետներն ու քաղաքական խորհրդականները, ոչ առանց անձնական շահի հետապնդման, անտեսում են Հայաստանի շահերը, այդ թվում` անվտանգության ոլորտում։ Նման խմբավորում գործում էր նաև ԱՄՆ-ում` Ջ. Բուշի վարչախմբում, որը, թեև ոչ առանց դժվարության, վերացվեց։ Իրականությունն այն է, որ Մոսկվայում ոչ ոք չի զբաղվում նման տրամադրությունների չեզոքացմամբ։ Իսկ ռուս-ամերիկյան երկխոսությունը կովկասյան թեմայով, ներկա փուլում, լի է հակասություններով, և ցանկացած առճակատում չի համապատասխանում Հայաստանի շահերին։ Թեև, հնարավոր է, պետք է սպասել ռուս-ամերիկյան հարաբերությունների մի երկրորդ, ոչ այնքան տիպական փուլի։
Ամփոփելով` ձևակերպենք գլխավոր հարցը. որո՞նք են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի անելիքները Հարավային Կովկասում։ Գործառույթները բացահայտորեն փոխվել են։ Եթե նավթային գործոնի վերանալուց հետո գլխավոր նպատակը մնում է ռազմական տարանցումը, ապա այդ գործոնն էլ, Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերումից հետո, կվերանա։ Հարավային Կովկասն ավելի երկարաժամկետ և կարևոր գործառույթ կունենա Արևմտյան ընկերակցության քաղաքականության մեջ` Արևմուտքի պաշտպանության միջնաբերդի գործառույթ։ ՈՒստի ԱՄՆ-ին տարածաշրջանն այդ դերով ավելի քիչ է հետաքրքրում, քան եվրոպացիներին։ Հարցն այն է, որ Եվրոպայի գործառնական հնարավորությունները շատ ավելի համեստ են, քան Միացյալ Նահանգներինը։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ