«Գամ-գնամ սթայլի» մեջ եղող Արմեն Ռուստամյանին հարցնում եմ` էդ ո՞ւր էդպես, ողջ օրը մտաք-դուրս եկաք Գրիգորիչի սենյակ, կարող է՞ հետո էլ մտնեք կոալիցիա:
ՀՅԴ իմ ընկերը, Պահք պահող Արմեն Ռուստամյանը, գերերկրային ագրեսիվությամբ, թե` ինչի գնալ-գալով մտնում են կոալիցիա՞:
Էն էլ ո՜նց:
Հիմա` նայեք: Իրենք ու «ժառանգությունը» ներկայացրել են այն մոդելը, որով ձևավորվելու է ընդդիմադիր օրակարգը. համամասնական հարյուր տոկոսանոց պառլամենտ, խորհրդարանական նոր ընտրություններ. խորհրդարանական կառավարում:
Ներեցեք, բայց մի հատ ուշադիր «դիտենք»` ո՞ւմն է սա ձեռնտու:
Հա, իհարկե, երկրին հայոց: Նաև` բազմաչարչար:
Անկեղծ լինեմ` Պահք պահողի պես ու ասեմ, նույնիսկ` ինձ, զի ես ուզում եմ, որ լավը լինեն ու թարմ լինեն վարդերը բոլոր: Պառլամենտական: Լրջացա:
Այո, սա բացառիկ հնարավորություն է թե´ երկրի, թե´ բոլորիս համար: Ներեցեք, բայց նաև` Սերժ Սարգսյանի համար:
ա. Ի ծագս աշխարհի ցուցանելու. թե ինչքան բարեփոխիչն է ինքը, համարյա` Պետրոս Առաջին:
բ. Թարմացնում է ողջ քաղաքական էլիտան, սերնդափոխության տանում Հայքը մեր: Պատմության մեջ մնում նաև որպես երեք նախագահների «բերմունդը» տրանսֆորմացրած ալքիմիկոս:
գ.Դե որ ինքը էսքան կա, ինչո՞ւ նոր` խորհրդարանական հանրապետությունում նրան ակսակալ չնշանակել` որևէ կերպ:
Հիմա հասկացա՞ք, թե ինչու և ինչպես օլիգարխիկ համակարգը, մարդկանց այն «փաղանգը», որն այս քայլերի արդյունքում ոչ ևս էր լինելու, այդպես ու այդքան պայքարում է «հանուն» Րաֆֆի Հովհհաննիսյանի և ինչու է այդքան ժողովուրդ հավաքում Ազատության հրապարակում:
«Նու վսյո ժե», պետք էր շախմատ խաղալ իմանալ:
Զի շագանակները հանվում են հենց իրենց` ընդդիմադիր նոր բևեռի ձեռքով: Ընդ որում, լա´վ շագանակներ:
Ընդ որում, էն ղդար փառահեղ, որ երեկ գիշեր Նիցցայից Հայաստան վերադարձած անվտանգության խորհրդի անդամ Գագիկ Կոլյայիչին այլ բան չի մնում, քան իր անվտանգության համար արագ հասնել նախագահական և ասել` շնորհավորում եմ, նախագահ ջան, ջա´ն-ջա´ն:
Ախր «Ժառանգության» ու ՀՅԴ-ի ներկայացրած պլատֆորմը հենց այն էր, ինչ մինչ այդ ներկայացնում էր ԲՀԿ-ն` հանուն իրեն:
Իսկ առավել ստույգ` հանուն Քոչարյանի:
Ա´յ-ա´յ-ա´յ:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ