ԱՄՆ-ի վարչակազմը և պետական կառույցներին ինտեգրված վերլուծական ընկերակցությունը ձգտում են «թուրքական թեմայով» բանավեճին ամենակարևոր տեղը չհատկացնել հրապարակային քաղաքական քննարկումների ոլորտում, սակայն իրականում ԱՄՆ-ի առանցքային գերատեսչությունները բավական խորաթափանց վերլուծություններ են անում Թուրքիայի խնդրի առնչությամբ:
ԱՄՆ-ում մշակվում են Թուրքիայի զսպման քաղաքականության իրականացմանը միտված տարբեր ուղղվածությամբ ծրագրեր, որոնք մի որոշակի ժամանակ կգտնվեն արտաքին քաղաքականության պահուստում: Ներկայումս ԱՄՆ-ը չի խոչընդոտի տարածաշրջաններում Թուրքիայի ազդեցության ընդլայնմանը, քանի որ չէր ցանկանա սրել հարաբերությունները նրա հետ, բայց այդ դիրքորոշման գլխավոր պատճառն այն է, որ ԱՄՆ-ը ձգտում է համոզվել, որ տարածաշրջանի պետություններն անխուսափելիորեն կդիմակայեն Թուրքիայի նվաճողամտությանը: Մեր կարծիքով, հետազոտությունների արդյունք հանդիսացող այս հետևությունը բավականաչափ ստուգված և կշռադատված է` տարբեր հարցերի առթիվ տարբեր գնահատականների ու կարծիքների համեմատության միջոցով: Հնարավոր է, ոչ հրապարակային բնույթի կոնկրետ փաստաթղթերում ու հետազոտություններում այդ հետևությունն ու առաջարկություններն այլ տեսք ունեն, բայց, ըստ էության, տվյալ հետևությունը լիովին համարժեք է ԱՄՆ-ի առկա ծրագրերին: ԱՄՆ-ի ծրագրերում տարածաշրջանների պետությունները բաժանված են երեք խմբի. պաշտպանությունում գտնվող և պասիվ արտաքին քաղաքականություն վարող պետություններ, նվաճողամիտ պետություններ, ակտիվ արտաքին քաղաքականություն վարող, բայց նվաճողական միտումներ չունեցող պետություններ: Թուրքիան, ըստ ամերիկացիների, նվաճողամիտ պետությունների տիպին է դասվում (ըստ որում, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Իրանը այդ կարգին չեն դասվում` համաձայն նշված դասակարգման):
ԱՄՆ-ը, անշուշտ, հույսեր է փայփայում, որ Թուրքիայի դիմակայությունն իր առանցքային հարևանների և այլ պետությունների հետ կուժեղանա: Դրանք են Իրաքը, Սիրիան, Եգիպտոսը, Իրանը, Հունաստանը, Բուլղարիան, Սերբիան, ՈՒկրաինան, Վրաստանը և, իհարկե, Ռուսաստանը, որի հետ միակամ է Հայաստանը: Ռուսաստանի հետ Թուրքիայի առճակատումն ամբողջ Արևմտյան ընկերակցության արտաքին քաղաքականության մեջ կարևոր շեշտադրում է: Մեր հետազոտության ընթացքում այս կամ այն չափով ուրվագծվող սցենարները գալիս են ասելու, որ Թուրքիան և Ռուսաստանը, ինչպես նաև Թուրքիան և Իրանը, իբրև Սև ծով-Կովկաս-կասպյան և մերձավորարևելյան տարածաշրջանների խոշորագույն պետություններ, չեն կարող զիջումներ կատարել աշխարհաքաղաքական խաղում և, վերջին հաշվով, Ռուսաստանն ու Իրանը դեմ կելնեն Թուրքիայի նվաճողամտությանը: Մյուս ոչ այնքան նշանակալի պետությունները, այսպես թե այնպես, դիմակայելով Թուրքիայի ազդեցության ուժեղացմանը, կհենվեն կա՛մ ՆԱՏՕ-ի, կա՛մ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի վրա: Տպավորություն է ստեղծվում, որ ամերիկացիների համբերությունը չի հերիքում` համոզվելու իրենց կանխատեսումների ճշտությանը և տարածաշրջանային այս խաղում հանդես գալու իրավարարի դերում: Բայց այդ սցենարները լիարժեք չեն լինի, եթե ուշադրության չառնենք ԱՄՆ-ի հույսերը Եվրամիության (նախ և առաջ Ֆրանսիայի ու Գերմանիայի) և Թուրքիայի միջև առճակատման սրման հարցում: Եվրոպա-թուրքական առճակատումն ԱՄՆ-ի քաղաքականության գլխավոր հոդվածն է, և Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության անհրաժեշտության առնչությամբ ամերիկյան քաղգործիչների հայտարարությունները սոսկ խթան եղան Թուրքիայի ու Եվրամիության հարաբերություններում ճգնաժամի նախապատրաստման գործում: ԱՄՆ-ն ուշադրությամբ հետևում է Եվրամիության (նախ և առաջ Ֆրանսիայի ու Գերմանիայի) և Ռուսաստանի մերձեցմանը, և հասկանում է, որ Թուրքիայի հանդեպ Ռուսաստանի դիրքորոշումը մեծապես կզուգորդվի թուրքական ուղղությամբ եվրոպական քաղաքականության հետ:
Այսպիսով, եթե Ռուսաստանը չդիմակայի Թուրքիայի նվաճողամտությանը, ապա վնասներ կկրի և որոշ դիրքեր կկորցնի տարածաշրջաններում: Եթե, ընդհակառակը, Ռուսաստանը դիմակայի Թուրքիայի ճնշմանը, ապա կիրացվի ամերիկյան սցենարը: Ընդ որում, նույնպիսի դիմակայություն կցուցաբերեն նաև ուրիշ պետություններ: Այս կապակցությամբ, Ռուսաստանը պետք է վարի այնպիսի քաղաքականություն, որը առճակատման չտանի Թուրքիայի հետ և, միաժամանակ, աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական զիջումների չհանգեցնի:
Ռուսական արտաքին քաղաքականության հիմնարար ուղղություններից մեկը հարաբերությունների ամրապնդումն է Եվրոպայի առաջատար պետությունների, նախ և առաջ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, ինչպես նաև ոչ այնքան խոշոր պետությունների` Ավստրիայի, Բելգիայի, Բուլղարիայի և Հունաստանի հետ, որոնք վաղուց եվրոպական մոտեցում են ցուցաբերում Ռուսաստանի ու Թուրքիայի նկատմամբ: Այդ պետություններն ունեն Թուրքիայի նկատմամբ կշռադատված, հաշվեկշռված քաղաքականություն վարելու վաղեմի փորձ, և նրանց դերն Արևմտյան ընկերակցության կողմից Թուրքիայի նկատմամբ վերաբերմունքի ձևավորման գործում դարձել է հիմնարար: Ռուսաստանը կարող էր համերաշխվել այդ քաղաքականության հետ, քանի որ դա բուն Ռուսաստանի քաղաքականությունը կդարձնի ավելի օրինակարգ և Արևմուտքի համար ընդունելի, և Թուրքիայի հետ իր հարաբերություններում Ռուսաստանը չի հայտնվի լուսանցքային երկրի դերում, որը վարում է Արևմուտքից կտրված տարածաշրջանային քաղաքականություն: Դա անհրաժեշտ է ոչ այնքան ներկա ժամանակաշրջանի, որքան մերձակա և միջնաժամկետ հեռանկարի համար, երբ Թուրքիայի և ուժի տարբեր կենտրոնների միջև անխուսափելիորեն տեղի կունենա քաղաքական լայն բախում: Ընդ որում, Ռուսաստանը չպետք է պաշտպանի եվրոպացիների դիրքորոշումը Թուրքիային Եվրամիության մեջ ընդունելու հարցում և չմտնի Թուրքիայի վերաբերյալ ընդհանուր եվրոպական բանավեճի մեջ: Միանալով Իրանի հարցում եվրոպական պետությունների դիրքորոշմանը, Ռուսաստանը կասկած չթողեց, որ իր դիրքորոշումն օրինակարգ է միջազգային շահերի տեսակետից:
Ռուսաստանի համար միանգամայն ընդունելի է Թուրքիայի հանդեպ վարվել նույն կերպ: Ինչ-որ չափով Ռուսաստանն արդեն առաջին քայլերն արել է Գերմանիայի, Ֆրանսիայի, եվրոպական այլ պետությունների հետ համագործակցության զարգացման ճանապարհին: Ռուսաստանի արտաքին քաղաքականության այդ ուղղությունը կհանգեցնի Կենտրոնական Եվրոպայի պետությունների` Լեհաստանի, Չեխիայի, Ռումինիայի և Բուլղարիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորմանը: Մեկ այլ հետազոտության շրջանակներում ուսումնասիրելով Թուրքիայի խնդիրները, մենք այն հետևությանը հանգեցինք, որ ժամանակի ընթացքում այդ պետությունները ևս կհակառակվեն Թուրքիայի նվաճողական նկրտումներին, և Ռուսաստանը կհամարեն մի ուժ, որը Եվրամիության հետ մեկտեղ կսահմանափակի Թուրքիայի ազդեցությունը Հարավարևելյան և Կենտրոնական Եվրոպայում: Ընդսմին պետք է հասկանալ, որ Թուրքիայի քաղաքականության հետ կապված խնդիրներ, այսպես թե այնպես, կծագեն Բալկաններում, Կովկասում, Կենտրոնական Ասիայում, և Ռուսաստանը, մեծ չափով ինտեգրված լինելով Եվրամիությանը, հնարավորություն կստանա Թուրքիայի հանդեպ վարած քաղաքականությունը հարմարեցնելու անվտանգության մասին եվրոպական պատկերացումներին: Այս կապակցությամբ Ռուսաստանի համար ավելի նպատակահարմար կլիներ տարածաշրջանային անվտանգության ոլորտում համաձայնեցված մոտեցումներ մշակել ինչպես Եվրամիության, այնպես էլ եվրոպական առաջատար պետությունների հետ` «մեծ պետությունների եվրոպական ակումբի» շրջանակներում: Հնարավոր է, որ եվրոպացիները կցանկանային Թուրքիան վերակողմնորոշել Արևմուտքից Արևելք, եվրասիական ուղղությամբ, որպեսզի ինչ-որ չափով վերանայեն Եվրամիությանը նրա անդամակցության խնդիրը: ՈՒստի Ռուսաստանը պետք է եվրոպացիներին Թուրքիայի խնդրի քննարկումը պարտադրի ոչ թե Եվրասիայի շրջանակներում, այլ եվրոպական տարածաշրջանային քաղաքականության, որին մասնակցեր Ռուսաստանը:
Էներգետիկ հաղորդուղիները գցելով Թուրքիայի տարածքով, Ռուսաստանը սպառնալիքի տակ է դնում իր էներգետիկ քաղաքականության ապագան: Անգամ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան են արմատապես վերանայել Կովկաս-կասպյան էներգուղիների նշանակությունը` այն կապակցությամբ, որ դրանց ուղեգծերն անցնում են Թուրքիայով և դարձել են կասպյան պաշարների փոխադրման հիմնական երթուղիներ: Ռուսաստանը մեծ հնարավորություններ ունի նավթի ու գազի փոխադրումը տարբեր ուղիներով իրականացնելու համար և չունի թուրքական ուղեգծերի կարիքը, որոնք ոչ միայն ամերիկացիները, այլև եվրոպացիները համարում են անցանկալի:
Սև ծովից ԱՄՆ-ի դուրսմղման և տարածաշրջանում անվտանգության ապահովման կարևորագույն քայլ են Ռուսաստանի և Թուրքիայի պայմանավորվածություններն այդ ավազանում տեղաբաշխված ուժերի առնչությամբ, որոնք պետք է ունենան ինքնուրույն նշանակություն և լիովին կապված չլինեն Եվրոպայում սովորական զինված ուժերի մասին պայմանագրի (ԵՍԶՈՒՊ) ու ՆԱՏՕ-ի պլանների հետ: Այդ երկկողմ պայմանագիրն արգելակ կդառնար Սև ծովում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի տեղաբաշխման ճանապարհին: Բացի դրանից, այդ պայմանագիրը կարող էր ներառել տարբեր հարցեր` կապված հակամարտությունների և անվտանգության այս կամ այն խնդրի քննարկման կարգի հետ:
Շատ վտանգավոր կլինի Ռուսաստանի միջամտությունը քրդական և իրաքյան խնդիրներին, որոնք ցանկացած պահի կարող են դառնալ ԱՄՆ-ի քաղաքականության լծակներ և Ռուսաստանի ու Թուրքիայի, ինչպես նաև Ռուսաստանի ու Իրանի առճակատման հանգեցնել: Բացի քրդական խնդրից, Ռուսաստանի փորձերը` Իսրայելին, կամ Թուրքիայի հետ հարաբերություններում Սիրիային ցուցաբերելու աջակցության ձգտում, և առհասարակ Ռուսաստանի որևէ միջամտություն, որը խոչընդոտ կհանդիսանար Մերձավոր Արևելքում Թուրքիայի ազդեցության ուժեղացման ճանապարհին, նրա հետ առճակատման պատճառ կդառնան: Եթե Բալկանները, Սև ծովն ու Կովկասը Ռուսաստանի և Թուրքիայի մրցակցության տարածաշրջաններ են, և Ռուսաստանի կողմից Թուրքիայի զսպման քաղաքականությունն ունի տրամաբանություն և իմաստ, ապա Մերձավոր Արևելքը մի շրջան է, ուր ԱՄՆ-ի ու Թուրքիայի շահերն արդեն իսկ բախվել են և ավելի ու ավելի լուրջ հակասությամբ են սպառնում:
ԱՄՆ-ը, իհարկե, մեծ ջանքեր կգործադրի, որպեսզի թույլ չտա Թուրքիայի և Ռուսաստանի միջև նման պայմանագրի կնքում, քանի որ դա միանգամայն անթույլատրելի հեռանկար է խոստանում նրան. խոսքը Սև ծով-կովկասյան և այլ տարածաշրջաններում ազդեցության ոլորտների բաժանման մասին է: ԱՄՆ-ը կսկսի տարածաշրջանի պետությունները ներքաշել Ռուսաստանի և Թուրքիայի այդ մտադրությանը հակազդելու քաղաքականության մեջ և դրանով իսկ առճակատման մեջ կմտնի Թուրքիայի հետ: Ընդ որում, ճգնաժամային վիճակ կառաջանա նաև ՆԱՏՕ-ում: Կկնքի՞, արդյոք, Թուրքիան Ռուսաստանի հետ նման պայմանագիր, շատ կասկածելի է, բայց միայն որոշակի պայմաններում, երբ նա դեռևս հույսեր կունենա ձեռք բերելու ազդեցության այն գոտին, որն ակնկալում է: Իսկ երբ պարզվի, որ նման հեռանկար չկա, Թուրքիան հարկադրված կլինի համաձայնելու Ռուսաստանի հետ նման պայմանագրի կնքմանը, քանի որ այդ ժամանակ արմատապես կփոխվեն նրա հարաբերությունները ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ, ու միաժամանակ նրա եվրասիական թիկունքը բաց կմնա:
Մերձակա ու միջնաժամկետ հեռանկարում ԱՄՆ-ը մտադիր չէ որևէ վճռական քայլ ձեռնարկել Կովկասում առկա հակամարտությունների կարգավորման ուղղությամբ: Օրինակ, ղարաբաղյան հարցում ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիային և Ադրբեջանին հնարավորություն ընձեռել ինքնուրույն լուծելու այդ խնդիրը, առանց իր ակտիվ մասնակցության, նպատակ ունենալով նրանց ցուցադրելու դրանց քաղաքական ջանքերի անիմաստությունը: Այսինքն, ԱՄՆ-ը կտրականապես հրաժարվել է Թուրքիայի հետ հարաբերվել ղարաբաղյան և Կովկասի մյուս կոնֆլիկտային խնդիրների առնչությամբ, բայց, իհարկե, կցանկանար, որ Կովկասում սաստկանար առճակատումը Թուրքիայի և Ռուսաստանի միջև: ԱՄՆ-ը կհակառակվի միայն այն պարագայում, եթե ղարաբաղյան խնդիրը լուծեն առանց իր մասնակցության: ՈՒստի Ռուսաստանի փորձերը` ղարաբաղյան խնդիրը լուծելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների շրջանակներում, անհիմն կլինեին` Հայաստանի դիրքորոշման տեսանկյունից, որը լավ է հասկանում ԱՄՆ-ի քաղաքականությունը և ձգտում է նրա վրա որոշ ազդեցություն բանեցնել հայ համայնքի միջոցով:
Ներկայումս պետդեպարտամենտի այն ստորաբաժանումները, որոնք կոչված են Սև ծովից մինչև Կենտրոնական Ասիա փռված տարածքում զբաղվելու տարածաշրջանային քաղաքականության հարցերով, փաստորեն, մասամբ են զբաղված այդ խնդիրներով: Գլխավորը, որ հայտնվել է այդ ստորաբաժանումների ուշադրության կենտրոնում, հակամարտությունների ու առճակատումների խնդիրն է: Առայժմ ԱՄՆ-ը իրեն շատ զուսպ է պահում Ղրիմի, Սև ծովի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի առնչությամբ, սակայն, միաժամանակ, ստեղծվում է ներգործության լծակների ու եղանակների նոր պաշար, որը կարող էր հանգեցնել Թուրքիայի և Ռուսաստանի բախման: ԱՄՆ-ի վերլուծական կենտրոնների մշակումները քննարկելիս կարելի է հետևության հանգել, որ դրանք գտնվում են ռեզերվում և գլխավորապես Թուրքիայի զսպման հնարավոր քաղաքականության հեռանկարի համար են կատարվել: Այս պայմաններում Ռուսաստանին ձեռնտու կլիներ այն բոլոր ճգնաժամային ու կոնֆլիկտային օջախների «սառեցումը», որոնք կարող են Թուրքիայի հետ առճակատումը սրելու պատճառ դառնալ: Օրինակ, ենթադրվում է Թուրքիայի ակտիվության մեծացում թյուրքական բնակչություն ունեցող տարածաշրջաններում` Հարավային Վրաստանում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Բեսարաբիայում: ԱՄՆ-ի համար հատկապես հետաքրքրություն է ներկայացնում Ղրիմը` իր ազգային-քաղաքական խնդիրներով:
Երկար ժամանակ, սկսած անցած դարի 90-ականներից, ԱՄՆ-ը ձգտում էր լարված իրադրություն պահպանել Թուրքիա-Իրան-Ռուսաստան եռանկյունում, բայց դա նրան այդպես էլ չհաջողվեց: Այժմ, երբ ռուս-իրանական հարաբերությունները վատացել են, իսկ թուրք-իրանական հարաբերություններն ինչ-որ չափով լավացել և վստահելի են դարձել, ԱՄՆ-ի նախորդ մտադրությունները կարող են իրագործվել: Հարավային ռազմավարական ուղղությունում Ռուսաստանի շահերի համար առավել աննպաստ հեռանկարներից մեկը դարձել է Թուրքիան և Իրանը ներառող ինչ-որ դաշնախմբի ստեղծումը` ուղղված Ռուսաստանի դեմ: Առայժմ իրադարձությունների նման զարգացում չկա, քանի որ Իրանը ձգտում է իրեն կոռեկտ պահել Ռուսաստանի հանդեպ, բայց միանգամայն հասկանալի է, որ Թուրքիան շահագրգռված է ռուս-իրանական հարաբերությունների է՛լ ավելի վատթարացմամբ: Երկար սպասումից հետո, ԱՄՆ-ը, փաստորեն, շոշափելի հաջողության է հասել ռուս-իրանական հարաբերությունների վատացման գործում և այդ բացասական գործընթացի խորացման հույսեր է փայփայում: Թուրքիայի և Իրանի փոփոխությունների հարթումը, առանց Ռուսաստանի հետ համաձայնության, և հատկապես տարածաշրջանային քաղաքականության մեջ այդ «դաշնախմբի» գործունեությունն ակտիվացնելու փորձերը, անտարակույս, կհանգեցնեն մի ամբողջ տարածությունում Ռուսաստանի դիրքերի կտրուկ վատացման, ինչից կօգտվի Թուրքիան: Կլինի այն, ինչ այդքան ժամանակ երազում էին ամերիկացիները, այսինքն` մեծ լարվածություն այդ «եռանկյունում», ընդ որում, ամենավատ վիճակում կհայտնվի Ռուսաստանը: Ինչ վերաբերում է Իրանին, ապա Վաշինգտոնն ավելի ու ավելի է ձգտում բարելավել հարաբերություններն այդ երկրի հետ, ինչը ԱՄՆ-ի ռազմավարական խնդիրների իրականացման գործում Թուրքիայի դերի նվազման պարագայում կարևոր նշանակություն ունի: Դրանով, ի դեպ, մտահոգված են նաև ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունները, որոնք հասկանում են այդ նախագծերի ու մշակումների նպատակը, սակայն բանն այն է, որ դրա հետևանքով կարող է կասկածի տակ առնվել Իսրայելի անվտանգությունը: Իրանը միշտ ԱՄՆ-ին թվացել է ապագա գործընկեր ու դաշնակից, որի օգնությամբ հնարավոր է շատ խնդիրներ լուծել տարածաշրջանում: Դա հիմնավոր է, քանի որ ԱՄՆ-ը և Իրանն ընդհանուր շատ շահեր ունեն: Այդ դեպքում Ռուսաստանը կհայտնվի ոչ այնքան նախընտրելի վիճակում, հատկապես, եթե ԱՄՆ-ի և Թուրքիայի հարաբերություններն էլ վատանան: Իրանն այժմ շատ բարդ իրավիճակում է, և կարող է շատ լուրջ զիջումներ կատարել Արևմտյան ընկերակցությանը, եթե Ռուսաստանը տեղ չունենա այդ խաղում կամ նրա դերը դառնա երկրորդական:
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ