Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) հավանություն է տվել ՀՀ արտակարգ իրավիճակների (ԱԻ) նախարարության ՍՊԱԾ գործակալության ներկայացրած ծրագրին, որի շրջանակներում անգլիական արտադրության թվային վեց նորագույն սեյսմիկ կայան կտեղակայվի մայրաքաղաքի և ՀԱԷԿ-ի միջև ընկած տարածքում։
Ըստ նախարարության, օպերատիվ տեղեկատվություն ստանալու և աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով առաջիկայում տեսախցիկներ կտեղադրվեն նաև ԱԻ նախարարության առանձնացված ստորաբաժանումներում և դժվարամատչելի մարզային կայաններում։ Բացի դրանից, նախատեսվել է ինտերնետ կապով ապահովել հանրապետության տարածքում տեղակայված հրշեջ մասերը։
Նշենք, որ նախարարության գերակա ուղղություններից է նաև բնակչության իրազեկման խնդիրը` կանխելու անհարկի խուճապը։
Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ