ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլըրի Քլինթոնը ժամանել է Աֆղանստան։ Ամերիկյան պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ Քաբուլում ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այսօր բանակցություններ կվարի Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայի հետ։
Քլինթոնի այցի մասին նախապես չէր հայտարարվել։ Սպասվում է, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն քաղաքացիական և ռազմական ոլորտներում երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Բացի այդ, խոսք կլինի Աֆղանստանի վերականգնման վերաբերյալ։
Քաբուլից հետո ԱՄՆ-ի պետքարտուղարը կուղևորվի Տոկիո, որտեղ անցկացվում է Աֆղանստանի հարցով միջազգային աշխատաժողով։