Մեր կատարած ուսումնասիրությունների արդյունքում ստացված և նախորդ հրապարակումներում ներկայացված ներքին պատճառներից բացի, գոյություն ունեն նաև մի շարք այլ երևույթներ, որոնք եթե բարձր գնաճն առաջացնող անմիջական պատճառներ չեն կարող հանդիսանալ, այնուամենայնիվ, էական ազդեցություն են գործում դրա տեմպերի վրա: Եթե այլ երկրներում դրանց ներգործությունը ժամանակավոր և կառավարելի է, Հայաստանի պարագայում` փոխկապակցված և խորքային բնույթ ունի: Այսպիսով, բարձր գնաճի տեմպերի վրա ազդող այլ պատճառներից կարելի է առանձնացնել նաև հետևյալը.
-նվազող առևտրատնտեսական կապերը հարևան երկրների հետ (մասնավորապես, 2010 թ. կրճատվել են Վրաստան և Իրան արտահանվող ապրանքների ծավալները, աճել են նույն երկրներից ներմուծումների ծավալները, ինչը պահանջում է դրամի նոր էմիսիա և լրացուցիչ գնաճ),
-կոռուպցիան և կաշառակերությունը. ներկայումս որոշ չինովնիկներ պահանջում են ավելի մեծ կաշառքներ կամ, այսպես կոչված, ՏՑՍՈՑ-ներ, ինչը պայմանավորված է չինովնիկների պաշտոնավարման անկախատեսելիությամբ և ստեղծում է ուղիղ համեմատական կախվածություն կաշառքների և չինովնիկների պաշտոնավարման ժամկետների միջև,
-թույլ տնտեսական և ինստիտուցիոնալ միջավայրը. չկան արդյունավետ կուտակային մեխանիզմներ, բանկերի տված տոկոսները մի քանի անգամ զիջում են գնաճի տեմպերին,
-բնակչության ընդհանուր գնողունակության աճը, որը պայմանավորված է ոչ այնքան աշխատանքային, որքան անաշխատ եկամուտների (արտերկրից ստացվող տրանսֆերտների, նպաստների, մարդասիրական և այլ նյութական օգնության) աճով,
-տնտեսության որոշ ճյուղերում խոշոր ընկերությունների կողմից արտադրության ծախսերի և գնի ձևավորման մենաշնորհի առկայությունը,
-գազի սակագնի բարձրացումը, որն արտացոլվում է գրեթե բոլոր ապրանքների և ծառայությունների ինքնարժեքի աճի տեմպերում,
-հայկական պանրի, ոչխարի մսի, որոշ ձկնատեսակների և այլ տեղական սննդամթերքի արտահանումը հանգեցնում է նաև ներքին շուկայում դրանց առաջարկի կրճատմանը, ուրեմն նաև` գների աճին,
-տեղական արտադրության իրական ծավալների կրճատումը, որը դրամական զանգվածի կայուն մակարդակի պայմաններում հանգեցնում է գների աճի, քանի որ փողի նախկին քանակին համապատասխանում է ապրանքների և ծառայությունների համեմատաբար քիչ ծավալ:
Ինչպես բոլոր այլ պարագաներում, գնաճի հասցրած վնասները նույնպես կարելի է գնահատել այլ երկրների հետ այն համեմատելով:
Ընդհանուր առմամբ, գնաճն աշխարհում այսօր ունի քարտեզում պատկերված տեսքը:
Ներկայումս Վրաստանում գներն ավելի ցածր են, քան Հայաստանում: Գնաճի մակարդակը 2010 թ. սեպտեմբերին կազմել է 1,2 տոկոս, իսկ սննդամթերքի գնաճը, նախորդ ամսվա համեմատությամբ, 2 տոկոս է: Միևնույն ժամանակ իջել են մրգերի և բանջարեղենի գները (համապատասխանաբար 7 և 2,8 տոկոսով): Գնաճը կտրուկ բարձրացել է անցյալ տարվա ավարտին և 2011 թ. սկզբին: Հատկանշական է, որ Հայաստանից հարևան Վրաստան վերջերս կապիտալի ինտենսիվ արտահոսք է նկատվում: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա թանկացումներն այս երկրի վրա ավելի են ազդել, քան Հայաստանի: Ադրբեջանում ապրանքի թանկացումը Հայաստանի նույն ապրանքի համեմատ առնվազն 30-180 դրամով, որոշ դեպքերում էլ` նկատելիորեն ավելի է:
Ինչպես վկայում են միջազգային փորձագետների վերլուծությունները, վերջին ժամանակներս սննդամթերքն անընդհատ թանկանում է: Սննդամթերքի գների կտրուկ աճ է դիտվում Եվրամիության երկրներում: Ընդ որում, Արևելյան Եվրոպայի մի քանի պետություններում հացի ու կաթնամթերքի արժեքն ավելացել է 21 տոկոսով: Հացի գներն ավելացել են 11,5 տոկոսով` ցորենի վատ բերքի պատճառով: ԵՄ երկրներում կաթնամթերքը ցենտերից արդեն եվրոների է հասնում. օրինակ, 250 գրամ կարագը 75 ցենտից 1,17 եվրո է դարձել: Իսպանիայում վերջին մեկ տարում հացը թանկացել է 8,2, կաթը` 11,3, թռչնամիսը` 11,4 տոկոսով: Եվ հետաքրքիր մի հանգամանք. Իտալիայում մակարոնեղենն է թանկացել. վերջին մեկ տարում գնաճը 5 տոկոսի է հասել: Չեխիայում կարագն այնքան է թանկացել (համարյա 35 տոկոսով), որ սպառողները նախընտրում են մարգարին օգտագործել: Ռուսաստանում սննդամթերքի զգալի թանկացում է դիտվում: Մասնավորապես, առավել էականորեն աճել են արևածաղկի ձեթի (13,5 տոկոսով), պաստերացված կաթի (9,4 տոկոսով), կաթնաթթվային մթերքի (7,9 տոկոսով), տարբեր յուղայնության կաթնաշոռի (7,5 տոկոսով) գները:
Չիկագոյի բորսայում հացահատիկի բուշելի գինը նոր գյուղատնտեսական տարվա սկզբին (2010 թ. հուլիս) կտրուկ բարձրացավ` հասնելով 2008 թ. մինչճգնաժամային մակարդակին և շարունակեց մնալ 8-9 ԱՄՆ դոլարի շուրջ: Նմանատիպ զարգացումներ, որոնք հետևանք են գյուղմթերքների առաջարկի կրճատման, անբարենպաստ եղանակային պայմանների և բարձր գնաճի, դրսևորվում են նաև շաքարավազի և բրնձի միջազգային շուկաներում, որտեղ շաքարավազի գները Նյու Յորքի ապրանքահումքային բորսայում հասել են 12 ԱՄՆ ցենտի` ֆունտի դիմաց, իսկ բրնձի գները Չիկագոյում 21 ԱՄՆ դոլարի շուրջ` 100 ֆունտի դիմաց: Կենդանական յուղի գները միջազգային շուկայում շարունակում են դանդաղ աճել: