Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ

ՀԻՍՈՒՍԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄՈՒՏՔԸ ԵՐՈՒՍԱՂԵՄ
15.04.2011 | 00:00

Ծաղկազարդ է կոչվում Մեծ պահքի վերջին կիրակին, այսինքն` Ծաղկազարդի շաբաթը քառասունօրյա պահեցողության վերջին շաբաթն է: Ծաղկազարդը հիշատակությունն է Հիսուս Քրիստոսի` իբրև Մեսիայի, Երուսաղեմ հանդիսավոր մուտքի, որ պատմվում է սուրբ Ավետարանի (Մատթ., ԻԱ, 1-11, Մարկոս, ԺԱ, 1-11, Ղուկ., ԺԹ, 28-40, Հովհ., ԺԲ, 12-19) գլուխներում:
Քրիստոսի Երուսաղեմ հանդիսավոր մուտքը փառավոր էր արդեն նախօրոք Նրա կատարած գործերով: Ի ծնե կույրերը Փրկչի ձեռքով սկսել էին տեսնել, ի ծնե կաղերը` քայլել, դիվահարները` ազատագրվել դևերի կապանքներից։ Առհասարակ Նա բժշկում էր ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդություններն ու ախտերը: Իսկ Երուսաղեմ մուտքից քիչ օրեր առաջ, Քրիստոսը, գերեզմանից դուրս բերել տալով, կենդանացրեց չորս օրվա մեռելին` Ղազարոսին, և Տիրոջը թե՛ ընդունողները, թե՛ չընդունողները հավաքվում էին տեսնելու թե՛ կենդանացած մեռելին, թե՛ Կենդանացնողին, Նրա դեմ մի նոր որոգայթ հյուսելու համար: Ղազարոսի մասին «Սրբերի վարքերում» կարդում ենք, թե նա կենդանություն ստանալուց հետո ապրեց ևս տասնհինգ տարի ու առաքյալներից եպիսկոպոս ձեռնադրվելով` Քրիստոսին քարոզեց Կիպրոսի Կիտավան քաղաքում: Վկայվում է, որ մեռելներից կենդանանալուց հետո Ղազարոսը երբևէ չծիծաղեց:
Այսպես, Քրիստոսը մտնում էր Երուսաղեմ արդեն ժողովրդի մեծ զանգվածների մեջ իր գործերով ճանաչված լինելով։ Ընդ որում, այնպիսի գործեր, որոնք միայն Մեսիան կարող էր անել, միայն Աստված կամ Նրա խոստացած Առաքյալը, Որդին, ՈՒմ հրեաները գրքերից գիտեին, թե գալու է, բայց ահա, երբ եկավ, նյութապաշտության ծառա դարձած ու նախանձով լցված բարձրաստիճան հրեաները ոչ միայն չճանաչեցին, այլև շարունակ հալածեցին, չարչարեցին ու, ի վերջո, սպանեցին Նրան, ինչպես գրված էր, թե` այդպե՛ս պիտի վարվեին:
Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ եղավ էշի վրա նստած, իսկ քուռակն էլ հետևից էր վազում: Այս մասին դեռևս Ծննդոց գրքում է ծանուցվում, երբ Հակոբ նահապետը, հավաքելով իր որդիներին, մարգարեանալով` ասում է. «Հավաքվեցե՛ք, որ ձեզ հայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ հետագայում։ Հուդայից իշխան չի պակասելու, ոչ էլ առաջնորդ՝ նրա կողերից, մինչև որ գա Նա, ՈՒմ պատկանում են հանդերձյալները: Նրա՛ն են սպասում ժողովուրդները: Իր ավանակին կկապի որթից, իսկ որթի ոստից՝ էշի քուռակին: Իր պատմուճանը կլվա գինով և իր հագուստը՝ խաղողի արյամբ: Գինուց զվարթ են աչքերը նրա, իսկ ատամներն սպիտակ՝ կաթից ավելի» (Ծննդ., ԽԹ):
Նաև Զաքարիայի մարգարեությունում Երուսաղեմ կատարած Հիսուսի հաղթական մուտքի մասին նույն նախաձայնությունն ենք կարդում. «ՈՒրախացի՛ր խնդությամբ, դո՛ւստրդ Սիոնի, կանչի՛ր ցնծությամբ, դո՛ւստրդ Երուսաղեմի, ահա գալիս է քո Թագավորը քեզ մոտ, քո արդար, փրկագործ ու խոնարհ Թագավորը՝ հեծած էշի, էշի քուռակի վրա»:
Սրանք մարգարեություններ էին, նախաձայնություններ, որոնք ժամանակներ անց բառացիորեն իրականացան, և ահա մեզնից երկուհազար տարի և ավելի առաջ Մեսիան, Որի վրա ժողովուրդները հույս դնելով` կարող են այժմ էլ վստահորեն փրկվել, աշխարհում էր ու մոտենում էր Երուսաղեմին` մարդկության համար Փրկագործության, հավիտյան կյանքի ճանապարհը բացելու բոլոր նրանց համար, ովքեր Իրեն հավատան: Այստեղ` Երուսաղեմում, պիտի հոգիների Տերն ու Թագավորը օրենքի կատարումն ավարտեր` Իր կատարման թագ ու պսակով` Խաչելությամբ, որպեսզի իրականություն դառնար ամենքի Փրկչի կենդանի այս վկայումը.
«Կինը նրան ասաց. «Տեր, ինձ թվում է, թե դու մարգարե ես: Մեր հայրերը այս լերան վրա երկրպագություն արեցին, իսկ դուք ասում եք, թե միայն Երուսաղեմն է այն տեղը, ուր արժան է երկրպագել»: Հիսուս նրան ասաց. «Ո՛վ կին, հավատա՛ ինձ, որ կգա ժամանակը, երբ ո՛չ այս լերան վրա և ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեն Հորը: Այլ ճշմարիտ երկրպագուները կերկրպագեն Հորը հոգով և ճշմարտությամբ, քանի որ Հայրն էլ իրեն այդպիսի երկրպագուներ է ուզում: Հոգի է Աստված, և նրա երկրպագուները պետք է հոգով և ճշմարտությամբ երկրպագեն»:
Կինն ասաց նրան. «Գիտեմ, որ Մեսիան՝ Քրիստոս կոչվածը, կգա. երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»: Հիսուս նրան ասաց. «Այդ ե՛ս եմ, որ խոսում եմ քեզ հետ» (Հովհաննեսի Ավետարան, գլուխ 4):
Այսօր էլ, դեռ շատերը կան, որ Երուսաղեմ քաղաքը կուռքի պես են դիտել տալիս, թե այնտեղ ով դեռ չի երկրպագել Աստծուն, ավելի արհամարհելի է իրենց համեմատ: Սակայն Հիսուս Երուսաղեմում կատարած Իր խաչելությամբ` քանդեց օրենքի այդ դրույթը` հոգևոր Երուսաղեմի վերածելով բոլոր ճշմարիտ եկեղեցիներն ու հոգով և ճշմարտությամբ երկնային Հորը երկրպագողներին: «Հարության» տաղի մեջ նույնն է ասում մեծ Գրիգոր Նարեկացին` Հայոց Մայր Աթոռը դիտել տալով որպես հոգևոր Երուսաղեմ.
«...Գիլ գալիս էր գլգլալեն սայլիկն ի գիլ,
գալիս էր աջ կողմից Մասյաց...
ու մտնում էր ճռնչալով` Երուսաղեմ,
իսկ որդիները Սիոնի` երգում էին այս ասելով`
փա՜ռք Քրիստոսի ամենազոր հարության»:
Իսկ ամենքի Տերն ու Փրկիչը Երուսաղեմ դիտել տվեց մեր հոգիներն ու մեր սրտերը, երբ «Հոգով ու ճշմարտությամբ ենք երկրպագում երկնային Հորը», որտեղ և կամ ինչ կարգավիճակում էլ որ լինենք և` ո՛չ միայն Երուսաղեմում:
Եվ Երուսաղեմ Տիրոջ հաղթական մուտքն այսպես սկսվեց, ըստ արդեն եղած մարգարեությունների.
«Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե, Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուսն իր աշակերտներից Պետրոսին և Հովհաննեսին ուղարկեց ու նրանց ասաց. «Գնացե՛ք այդ գյուղը, որ ձեր դիմացն է. և հենց որ այնտեղ մտնեք, կգտնեք մի կապված ավանակ, որի վրա ոչ մի մարդ արարած չի նստել. արձակեցե՛ք այն և բերե՛ք: Եվ եթե մեկը ձեզ ասի. «Այդ ավանակը ինչո՞ւ եք արձակում», կասեք. «Տիրոջը պետք է», և նա իսկույն դրան այստեղ կուղարկի»: Գնացին և գտան ավանակը՝ կապված դռան մոտ, դրսում, փողոցի մեջ, և այն արձակեցին: Եվ այնտեղ կանգնածներից ոմանք ասացին նրանց. «Ի՞նչ եք անում, ինչո՞ւ եք այդ ավանակին արձակում»: Եվ նրանք նրանց ասացին, ինչպես Հիսուսն ասել էր. ու նրանց թույլ տվին: Ավանակը բերեցին Հիսուսի մոտ. և դրա վրա զգեստներ գցեցին, և Հիսուսը նստեց դրա վրա»:
Դեպի Երուսաղեմ ճանապարհին Հիսուսի առջևից և հետևից բազում ժողովուրդ էր գնում: Որովհետև Զատիկը մոտ էր, և ինչպես ամեն տարի, ժողովուրդը տարբեր բնակավայրերից շարժվում էր դեպի Երուսաղեմ` մեծ տոնից առաջ մաքրվելով նախապատրաստվելու: Հիսուսի` դեպի Երուսաղեմ ընթացքով սկսվում են մարդկային ամեն ըմբռնումից վեր` փրկության նախախնամական գործընթացները: Հիսուսն էշի վրա նստած գալիս է դեպի Երուսաղեմ: Մարդիկ, որ իրենց մեջ Փրկչի ներքին, հոգևոր Գալուստն արդեն ունեին, նրանք, որ հոգով ու գործերով ճանաչեցին Աստծո ուղարկած Մեսիային, ՈՒմ մասին մարգարեություններով արդեն խոստումը կար, նախախնամական երկյուղածությամբ ուղեկցում էին Աստծո Միածին Որդուն, Աստծո խոստացած Նոր Զատիկին, Շնորհներով կյանքի ճանապարհը Իրենով իսկ Հաստատողին, Երկնային Հոր Կամքը Կատարողին: Եվ մարդկանց ընտրյալ այդ մասը հոգևոր պայծառատեսության մեջ հայտնվելով ու ասես ներքին մի հրամանով` ամեն կողմից հավաքվում և իրենց զգեստներն էին նետում ճանապարհին` անցնող Հիսուսի առաջ, ասես որպես գորգ, և ծառերից ճյուղեր կտրում ու նետում էին ճանապարհի վրա, որ այդ բողբոջած, ծաղկած ճյուղերի վրայով ամենքի Տերը և Ազատողը անցներ, և նրան օրհնում ու ընդունում էին որպես աշխարհ եկած Աստծուն` Միակին ու Մեսիային: Այս հասարակ մարդկանց հավատն ընտիր ու բացառիկ էր.
«Եվ շատեր իրենց զգեստները փռում էին ճանապարհին. և ուրիշներ ծառերից ճյուղեր էին կտրում ու գցում ճանապարհի վրա: Եվ նրանք, որ առաջից ու հետևից էին գնում, աղաղակում էին և ասում. «Ովսաննա՜ Բարձրյալին, օրհնյա՜լ լինի նա, որ գալիս է Տիրոջ անունով. օրհնյա՜լ լինի մեր հոր՝ Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղությո՜ւն՝ երկնքում և փա՜ռք՝ բարձունքներում»:
Սրան ավելացրած, երբ քաղաքում լուր տարածվեց, թե Հիսուսը Երուսաղեմ է գալիս, Հովհաննես Ավետարանիչը պատմում է, որ ժողովուրդը, որ տարբեր տեղերից էր եկել-հավաքվել, լսելով Հիսուսի գալուստի մասին, ելավ նրան ընդառաջ. «Հաջորդ օրը ժողովրդի բազմությունը, որ Զատկի տոնին էր եկել, երբ լսեց, թե Հիսուս Երուսաղեմ է գալիս, արմավենիների ճյուղեր վերցրեց և Հիսուսին ընդառաջ ելավ: Աղաղակում էին ու ասում. «Ովսաննա՜, օրհնյա՜լ լինես դու, որ գալիս ես Տիրոջ անունով, ո՛վ Թագավոր Իսրայելի»:
Հիսուսի համար Աստծուն ու բարձունքները փառաբանողները, թվում է, երկու տարբեր ժողովրդական զանգվածներ էին, մեկը Երուսաղեմի ճանապարհին մեր Տիրոջ ու Նրա աշակերտներին էր միացել, և մյուս զանգվածը արդեն քաղաք հասած ժողովուրդն էր, որը լսելով, թե Հիսուսը գալիս է, ելել էր Նրան ընդառաջ, այդ ավելի է ստուգաբանվում Ղուկասի Ավետարանի 19-րդ գլխում.
«Եվ երբ Նա մոտեցավ Ձիթենյաց լերան զառիվայրին, աշակերտների ամբողջ բազմությունը ուրախությամբ և բարձրաձայն սկսեց օրհնել Աստծուն՝ կատարված բոլոր զորությունների համար, որ տեսան: Եվ ասում էին. «Օրհնեա՜լ է այդ Թագավորը, որ գալիս է Տիրոջ անունով. խաղաղությո՜ւն երկնքում և փա՜ռք բարձունքներում»:
Իսկ փարիսեցիներից ոմանք ամբոխի միջից ասացին նրան. «Վարդապե՛տ, սաստի՛ր քո աշակերտներին»: Նա պատասխանեց և ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթե դրանք լռեն էլ, ապա քարերը կսկսեն աղաղակել»:
Սա մինչև Երուսաղեմ հասնելը, քանի որ սուրբ քաղաքը չճանաչեց իր Տիրոջը, և Հիսուսը, քաղաք մտնելուց առաջ, նայելով քաղաքին՝ լաց եղավ, որ քաղաքն իր այցելությունը չի ճանաչելու.
«Եվ երբ մոտեցավ, տեսնելով քաղաքը՝ լաց եղավ նրա վրա և ասաց. «Գոնե այս օրերին գիտենայի՜ր դու քո խաղաղությունը. բայց այժմ ծածկվեց քո տեսողությունից. որովհետև օրեր պիտի գան վրադ, երբ թշնամիներդ քո շուրջը պատնեշ պիտի կանգնեն և պիտի պաշարեն քեզ, պիտի նեղեն քեզ բոլոր կողմերից ու հիմնահատակ պիտի անեն քեզ և սպանեն քո մեջ քո որդիներին. և քարը քարի վրա բնավ չպիտի թողնեն, քանի որ քո այցելության ժամանակը չճանաչեցիր»:
Այսօր նույնը չէ՞ միթե: Մի՞թե Հիսուս հոգևոր Իր հաղթական մուտքից առաջ լաց չի լինում` նայելով մեր երկրի որոշակի այլանդակ ու անհանդուրժելի խնդիրներին, երբ յուրաքանչյուր ժողովուրդ, խմբավորում, ընկերություն, իշխանություն, եկեղեցական համայնք, Հիսուսի հաղթությամբ «Երուսաղեմ» լինելու խորհուրդն ունի, սակայն Նրա արդարությունը չընդունելով, թույլ ենք տալիս մեր երկրում քրիստոնեությանն անհանդուրժելի, հակաբնական բաներ:
Ծաղկազարդի օրերն են Նոյ արդարի հայրենիքում` Հայաստանում, ուր դրսի հակամշակույթիչների ստրատեգ ծրագրերով սատանան հանգիստ զվարճանում է` գիշերային ակումբներով, խաղատներով, մարմնավաճառներով, միասեռականներով, աղանդների բիզնեսախառն մոլորեցումներով, ընկերն ընկերոջը խարդավելով, Քրիստոսի խրատներին նայելու փոխարեն` դրսի խաբողների կողմը հայացքն ուղղած, հաճախ էլ դեմոկրատիայի կեղծիքից դեռ մոլորվող կուսակցություններով, ամուր ընտանիք ու երկիր ունենալուն անհարիր, և դեռ ո՛չ քիչ թիվ կազմող հեռուստատեսային ամոթալի, անհեթեթ ու անիմաստ հաղորդումներով: Իսկ Եկեղեցին էլ առավել քարոզության մեջ, քան կարող է, ցավոք, տկար է դեռ, և մեր հոգևոր դասն էլ քառակի սակավաթիվ է, քան անհրաժեշտ է, որ լիներ: Արդյոք ոչինչ անել չե՞նք կարող, թե՞ չենք կամենում տեսնել` որն է բարին մեզ ու մեր երկրի համար: Լավ բաներ չունե՞նք, ինչո՞ւ ոչ, ունե՛նք, փա՜ռք Աստծո, բայց խոսքս ամեն օր մեզ խայթող խայտառակ բացերի մասին է:
Թեկուզ և այդ ծանր խնդիրներից մահացու խայթ ունեցող, սակայն լուծելի մի հարցի անդրադառնանք: Համակարգչի մասնագետ մի ծանոթ ունեմ, որը ցույց տվեց մատաղ սերնդին համացանցով անառաքինության որոգայթը գցելու դրսի սատանորդիների ճարպիկ որսախաղը: Եթե որևէ անհրաժեշտ կարիքի մի բան ես համացանցով որոնում, փնտրածիցդ դուրս, էկրանի եզրերից պոռնոնկարներ են մեքենայորեն անցնում, հրապուրելով, որ դրանց պրոպագանդող կայքեր մտնես ու թակարդն ընկնես: Մեկ օր, երկու օր, մեկ ամիս, երկու ամիս և մեր փոքր երկրի վաղվա հույսերից, մանուկներից քանիսն են գայթակղվում ու ընկնում անառաքինության զարհուրելի ու հոգի ամայացնող այդ պիղծ ցանցը, ախտ ու ցավերի և մոլի խառնակման մեջ: Երբ Հիսուսն ասում է. «Վա՜յ պիտի լինի նրան, ով այս մանուկներից մեկն ու մեկին գայթակղի»:
-Այդ պոռնոսայթերի դեմ մի շարք հատուկ ծրագրեր կան, որ փակում են, չեն թողնում ի հայտ գան,- ասում է ընկերս: -Ես տանը, նաև աշխատավայրում այդ ծրագրերից մեկով փակել եմ դրանք, գաղտնագիրն էլ` աչքերս փակ հավաքելով, որ ինքս էլ վերաբացել չկարողանամ: Տանը, որ երեխաներս գայթակղությունից ազատ լինեն, իսկ աշխատավայրում էլ, որ այդ զզվելի ախտից աչքերս ու միտքս չարատավորեմ, չապականեմ:
-Լա՛վ,- մանրամասնում եմ,- իշխանություններն ասում են, թե ժողովրդի և երկրի հոգածու պապան են, այսինքն` «հայրիկը», որից է և «Հայրենիք» նվիրական խոսքը, չե՞ն կարող քեզ նման վարվել, հատուկ ծրագրերով փակելով պոռնոսայթերի մուտքը Հայոց երկիր` վիճակով իրենց ձեռքն ընկած իրենց մանուկներին, իրենց զավակներին այդ գայթակղություններից այդպե՛ս ազատելով:
-Իշխանությունը, եթե կամենա, բնականաբար, կարող է,- պատասխանում է ընկերս:
-Պիտի ասի` սա ի՛մ երկիրն է, ի՛մ հայրենիքը, ես իմ մանուկներին չե՛մ կամենում որս դարձնել դրսի անամոթ բարքեր քարոզող գազանին: Նժդեհն ասում է. «Առաքինությունը հզորություն է», հակառակն այն կլինի, որ անառաքինությունն էլ իր հերթին անզորություն է բերում, ուրեմն համացանցով նման բան թույլ տվողները միթե չեն արհամարհում հզորությունը, երբ մանավանդ փոքր երկրին առավել է անհրաժեշտ հզոր լինել, իսկ Քրիստոսի ասած «վային» էլ, այն, որ դատաստան կա` գայթակղություններ դնողներին` շատերը, ցավոք, գուցե դեռ հասու էլ չեն, որ այդ խոսքերը գեղարվեստի համար չեն ասված, այլ Տերունական են, Թագավորական և ամենքի համար: Եվ թագավորների Թագավորը երբ գա, մի՞թե չի հարցնելու` ինչո՞ւ բազմաթիվ հոգեպահապան բաներ չարեցիք, երբ կարող էիք:
-Լավ է ասել Նժդեհը, որ առաքինությունը հզորություն է,- համաձայնում է ընկերս,- չէ՛, միայն իշխանությունը կարող է մեր ողջ երկրի համար այդ պոռնոսայթերը փակել, եթե կամենա: Անհատը կարող է միայն իր համակարգչում դրանց մուտքն արգելել:
Աստվա՛ծ տա, իշխանությունը կամենա: Եվ տա՛ Աստված, որ Հայաստանում երկրավոր քաղաքականությունը փոխվի երկնավոր քաղաքականության: Ա՛յդ է դեղը ճշմարիտ: Այդ և նման խնդիրների համար ենք ամեն օր աղոթում` առաքինի Հայաստանի, հոգևոր Հայաստանի, ախտերից մաքրված, գայթակղություններից ազատագրված Հայաստանի, ապաշխարող Հայաստանի, Աստվածահաճո Հայաստանի համար, ու խնդրում ձեզ էլ, որ ամեն օր 20-ից 20.30-ին շատերդ միանաք մեր աղոթքներին, և մեր աղոթքների իմաստն ու նպատակն է` մեր երկրի համար խնդրել, ըստ հոգիների Արքայի պատվերի. «Նախ` խնդրեցեք Աստծու արքայությունը և նրա արդարությունը»: Որովհետև իմաստուն խոսք է, թե առանց երկրում Աստծո առաքինության քաղցը տեսնելու, առանց այդ առաքինության հաստատման` սոցիալական խնդիրներ չեն լուծվում, որովհետև Տերունական խրատ և իմաստուն վարքի կանոն է այս.
«....թերահավատնե՛ր: Այսուհետև հոգ մի՛ արեք ու մի՛ ասեք՝ ի՛նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք, որովհետև հեթանոսներն են այդ բոլորը որոնում. քանի որ ձեր երկնավոր Հայրը գիտե, թե այդ բոլորը ձեզ պետք է: Նախ` խնդրեք Աստծու արքայությունը և նրա արդարությունը, և այդ բոլորը Աստված ձեզ ավելիով կտա: Այսուհետև հոգ մի՛ արեք վաղվա մասին, որովհետև վաղվա օրը իր մասին կհոգա. օրվա հոգսը բավ է օրվա համար»:
Տիեզերքի Տերն էր մտնում Երուսաղեմ, ամեն ինչ Նրանով էր եղել և ամեն ինչ Նրանն էր, Նա Արքան էր բոլոր հոգիների, Երկնային Հոր Կամքը Կատարողն էր, և ամեն արժեք և ամեն բան էր Նրանով ու Նրանը, սակայն, ինչպես արքաներին է պատշաճ, ո՛չ թե հրաշալի մի ձի նստելով, այլ էշի վրա նստած է հաղթանակած Հիսուսը մտնում Երուսաղեմ` ամենահետիններին իսկ այդպես ավելի մոտ լինելու համար, որպեսզի հրաշալի ձիերով արքաները, բոլոր ունևոր մեծամեծները ճշմարիտ Մեծի կարևորությունն ու կատարելությունը հետո ճանաչեին, խոնարհվեին Տիրոջ առաջ և չմեծամտանային: Որովհետև հանուն Իրենների, Հիսուս Երուսաղեմ էր մտնում` այնտեղ Խաչվելու, Զոհագործվելու, դառնալու Նոր ու փրկարար Զատիկ` ողջ մարդկության հավատացյալ մասի համար:
«Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն՝ բարձունքներում»,- աղաղակում էր Հիսուսի առջևից ու հետևից գնացող ժողովուրդը:
«Եվ երբ նա մտավ Երուսաղեմ, ամբողջ քաղաքը դղրդաց, և ասում էին՝ ո՞վ է սա: Իսկ ժողովրդի բազմությունն ասում էր. «Սա Հիսուս մարգարեն է, որ Գալիլիայի Նազարեթ քաղաքից է...»:
Քրիստոսին օրհնում էին նաև երեխաները: Այդ մարդկանց և երեխաներին ոչ մեկը չէր սովորեցրել, այլ Աստծո Սուրբ Հոգին նախախնամական ներազդող զորությամբ այդ երանելի մարդկանց միջոցով օրհնություն էր աղաղակում Նրան, Ով գալիս էր Տիրոջ անունով:
Ըստ այդմ, պատահական չէ, որ վերջին տարիներին առաքելական մեր եկեղեցում Ծաղկազարդի տոնը հայտարարվել է նաև որպես Երեխաների օրհնության օր:
Ըստ Ծաղկազարդի, երիցս օրհնյալ կենդանի տոնի, նախախնամականով է, որ մեր հավատավոր ժողովուրդը դարեր ի վեր Ծաղկազարդի օրը ուռենու թարմ ճյուղեր է կտրում, տանում, օրհնել տալիս եկեղեցու քահանաներին, մեր բնակավայրերը ևս դրանցով զարդարելով, այդպես, մասնակիցը դառնալով Քրիստոսի համար ուրախացողների: Այժմ արդեն Հիսուսին օրհնող ժողովրդի և օրհներգող մանուկների նման ներքին, հոգևոր ուրախությամբ խորհրդանշելով Հիսուսի հոգևոր հաղթական մուտքը մեր եկեղեցիները, մեր երկիրը, մեր բնակարանները, մեր հոգիների և սրտերի մեջ: Երանի՜ ընդունողներին, ասենք միասին: Հազա՜ր և անսահմա՜ն երանի:
Այս օրը ամեն ամենքով օրհնենք մեր Տիրոջն ու Փրկչին` Նրան ի սրտե դիմավորողների դասին միացած ու նրանց խոսքերով.
«-Օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն՝ բարձունքներում»:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 4573

Մեկնաբանություններ