Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ

ԵԶԴԻՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՐՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԸ
05.04.2011 | 00:00

Եզդիների թիվն աշխարհում անցնում է երեք միլիոնից։ Հայաստանում նրանք, Եզդիների ազգային միության տվյալներով, 61 հազար են, պաշտոնական տվյալներով` այդ թիվը 41 հազարի սահմաններում է, մեզ հետ զրույցում տեղեկացրեց «Էզդիխանա» թերթի խմբագիր, Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի երիտասարդական հարցերի գծով տեղակալ ԽԴՐ ՀԱՋՈՅԱՆԸ։ Այս տարբերությունը Խ. Հաջոյանը պայմանավորում է շատ եզդիների քրդացման հանգամանքով. «Մենք հաշվում ենք արմատներով եզդիներին, իսկ պետական վիճակագրությունը հիմնվում է ազգային պատկանելության մասին այդ մարդկանց հայտարարությունների վրա։ Կան եզդիներ, որոնք Հայաստանում շեղվել են ճանապարհից և քրդացել են, այսինքն՝ մուսուլմանացել»,- ասում է «Էզդիխանա» թերթի խմբագիրը։ Ըստ Խ. Հաջոյանի` եզդիները փոխում են ազգությունը՝ գայթակղվելով գումարով. «Քրդական բանվորական կուսակցությունը հատուկ քաղաքականություն է իրականացնում՝ քրդացման նպատակով հսկայական գումարներ հատկացնելով եզդիներին։ Եզդիներն ունեն հին պատմություն, դարեր ի վեր նրանք բնակվել են Հյուսիսային Իրաքում։ Քրդացնելով եզդիներին՝ քրդերը ցանկանում են աշխարհին ներկայանալ որպես այդ տարածքների բնիկներ և պետություն պահանջել աշխարհից»։
Խդր Հաջոյանը նշում է, որ 2007 թ. օգոստոսի 14-15-ին քրդերը շուրջ 1000 եզդիներ կոտորեցին, եզդիական երկու գյուղ հրի մատնվեց. «Եզդիական համայնքն այդ ամենը դատապարտող ցույցեր անցկացրեց Հայաստանում։ Սակայն մի ցավոտ խնդիր կա. եզդիները միահամուռ չեն, ամեն մեկն իր խնդիրներով է զբաղված, ազգային հարցերի շուրջ միաբանվելու, Եզդիստան պետություն ստեղծելու մասին չեն մտածում»։
Բնականաբար, եզդիները պայքարում են քրդացման դեմ, և պայքարի ձևերից մեկն էլ, ըստ Խ. Հաջոյանի, եզդիների կրթվելը, սեփական պատմությունը, գիր-գրականությունն ուսումնասիրելն է։ Նախկինում նրանք կրթությունը մեղք են համարել։ Դարեր առաջ արաբները ցանկացել են մուսուլմանացնել եզդիներին, և եզդի ցեղապետերից մեկը որոշում է ընդունել եզդիներին կրթության չտալ՝ ձուլվելուց խուսափելու համար։ Կրթություն էին ստանում միայն շեխերը։
Եզդիների ազգային միության նախագահ Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, ՀՀ կառավարության աջակցությամբ, ինչպես նաև Հասան Թամոյանի օգնությամբ վերջերս տպագրվել են եզդիերեն դասագրքեր։ Հայաստանի 30 հայկական դպրոցների 1-7-րդ դասարաններում դասավանդվում է եզդիերեն։ Այժմ աշխատանքներ են տարվում բարձր դասարանների համար նախատեսված դասագրքեր հրատարակելու ուղղությամբ։ Հայաստանում եզդիերենի մասնագետները մշտապես վերապատրաստվում են։ Կրթական խնդիրներն ուշադրության կենտրոնում են, քանի որ եզդիները քաջ գիտակցում են, որ անհրաժեշտ են բարձրակարգ կադրեր՝ իրենց մշակույթը, կրթությունը պահպանելու ու զարգացնելու համար։
«Հայաստանի Հանրապետությունում եզդիներն ազգային մշակույթի պահպանման հարցում մեծ առավելություններ ունեն։ Հայաստանը մենք համարում ենք մեր մշակութային կենտրոնը, քանի որ այստեղ ունենք ազգային թերթ, ռադիոհաղորդում, Ազիզ Թամոյանի անվան պարային անսամբլ, կազմակերպվում են ազգային փոքրամասնություններին նվիրված բազմաթիվ միջոցառումներ, որտեղ ներկայացվում է եզդիական մշակույթը»,- ասում է «Էզդիխանա» թերթի խմբագիրը։
Եզդիները ոչ միայն ապրում են իրենց համայնքում և իրենց խնդիրներով, այլև ներգրավված են հայաստանյան հասարակական-քաղաքական կյանքում։ Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել արցախյան պատերազմում։ Ավելի քան 500 եզդի, Ազիզ Թամոյանի ղեկավարությամբ, հայերի հետ կողք կողքի մասնակցել է ազատագրական այդ պայքարին, մոտ 30-ը զոհվել է հանուն Արցախի ազատագրման։
Հայաստանում եզդիները հիմնականում բնակվում են Արագածոտնի մարզում, այստեղ կան գյուղեր, որոնք բնակեցված են միայն եզդիներով։ Հիմնական զբաղմունքն անասնապահությունն ու հողագործությունն է։ Հայաստանցի եզդիների շրջանում արտագաղթ նույնպես կա, պատճառը, ինչպես և հայերի մոտ, սոցիալական է։ Ձուլման վտանգը եզդիների մոտ շատ մեծ է, հատկապես Ռուսաստանում։
Խառն ամուսնությունները չեն թույլատրվում։ Այստեղ մեծ մեղք է ոչ միայն այլազգիների հետ, այլև եզդիական կաստաների միջև ամուսնությունը։ Ասել է՝ չի թույլատրվում, որ մրիդը (աշխարհիկ) ամուսնանա փիրի (հոգևոր դասի ներկայացուցիչ) հետ և հակառակը` մրիդը ամուսնանա շեխի (նույնպես հոգևոր դասի ներկայացուցիչ) կամ շեխը` փիրի հետ։
Ըստ Խ. Հաջոյանի, եզդիներն աշխարհի հնագույն ժողովուրդներից են, կրոնը` Շարֆադին, արմատները Հնդկաստանի Բոմբեյ քաղաքից են։ Ընդ որում, եզդիական բանահյուսության մեջ նույնպես այդ մասին բազմիցս նշվում է։ Եզդիներն ունեն երկու սուրբ գիրք՝ Սև մատյան և Գիրք հայտնության, որը 1000-ական թվականներին գրել է Շիխադին։ Նրա գրչին է պատկանում նաև եզդիների կրոնական սահմանադրությունը (Հադսադ)։ Նրա շնորհիվ պահպանվել են եզդիների ավանդույթները, կրոնական օրենքները, աղոթքները Սուրբ գրքի մեջ, որն այսօր Իրաքի հյուսիսային մասում է՝ եզդիների գլխավոր սրբավայր Լալըշում։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 2433

Մեկնաբանություններ